close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անբարոյական է հաշվել մահացածների փողերը. Արծրուն Հովհաննիսյան

Հարցազրույց

7 Հուլիսի 2014, 17:07
 Անբարոյական է հաշվել մահացածների փողերը. Արծրուն Հովհաննիսյան

Վերջին շրջանում, հատկապես` մամուլում,  քննարկվում, շահարկվում էր ՊՆ-ի կողմից  զինծառայողների մահացության դեպքերը, նաեւ ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքներին տրվող ֆինանսական օգնության չափերը թաքցնելու թեման: Yerkir.am-ը դիմեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին' անհրաժեշտ պարզաբանում ստանալու ակնկալիքով:

 

-Պարո'ն Հովհաննիսյան, այս տարի էլ, ցավոք, շարունակում ենք բանակից մահվան ելքով միջադեպերի, զոհերի մասին գույժեր ստանալ: Խոսք կա նաեւ ՊՆ-ի կողմից մահվան դեպքերի քողարկման մասին, ինչի՞ մասին է խոսքը:

- Մենք հերթական անգամ ականատես եղանք, որ զորակոչ է սկսվել, ու հերթական անգամ ոչ միայն սահմանի վրա է լարված վիճակ, այլեւ հասարակության մեջ է փորձ արվում լարվածություն մտցնել, այսինքն' թե' ներքին թշնամին, թե' արտաքին թշնամին սկսում է ակտիվանալ:

 

Հասկանում եմ' լարված է սահմանին, եւ, ի դեպ, այս տարի մենք հակառակորդի կրակից շատ ավելի շատ զոհ ունենք, քան անցյալ տարի: Բայց դրան հակառակ մենք այս տարի 2-3 անգամ շատ ավելի քիչ զոհ ունենք' հանցագործությունների ու ոչ կանոնադրային հարաբերությունների առումով: Եթե մակերեսորեն չնայենք իրավիճակին, դա նշանակում է, որ մենք այսօր, անգամ` այս լարված իրավիճակում, երբ միայն այս տարի հակառակորդի գնդակներից արդեն 10 հոգուց ավելի զոհ ենք տվել, միեւնույն է, բանակի բարեփոխումների մակարդակով էլի բարձրացել ենք: Այն, որ հակառակորդը կրակի հաճախականությունը բարձրացնում է, դա բանակի վատ հատկանիշների մասին չի խոսում, այլ իրավիճակի լարման: Բայց որ անգամ այս լարված իրավիճակում, համեմատած անցյալ տարվա հետ, ոչ կանոնադրային հարաբերությունների, դիտավորյալ սպանությունների կամ ինքնասպանությունների առումով կրկնակի-եռակի կարողանում ես կրճատել զոհերի թիվը, դա խոսում է որակի բարձրացման մասին:

 

Անցյալ տարի, այս նույն ժամկանակահատվածի համեմատությամբ, մենք արդեն ունեինք 6 դեպք, որից 4-ը' մահացու: Այս տարի ապացուցված դեպքերը 2-ն են: Եվ այս պարագայում դա օգտագործելը, մատի փաթաթան դարձնելը, թե` բանակն այսպես, բանակն այնպես, անբարոյական է:

 

-Բայց մարդիկ, կարծես, տրամաբանական հարց էին բարձրացնում, երբ նշում էին, թե` գումար է դուրս գրվում, ուրեմն` մահվան դեպքեր են թաքցվում:

-Տեսնում ենք, որ գոնե վերջին 6 տարում նույնիսկ 1 դեպք չի թաքցվում: Անցյալ տարի մի դեպք եղավ, որ ԼՂՀ ՊԲ-ն ընդամենը 2 օր ուշացրել էր մահվան դեպքի մասին հայտնել` օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, ու դա համարեցին մահվան դեպքի քողարկում: Այսինքն' տեսնում ենք, որ բոլոր նման դեպքերը հրապարակվել են: Եվ նման պայմաններում կանգնում ու գրում ես' ՊՆ-ն չի ուզում մահացածների հարազատներին տրված ընդհանուր գումարների չափերն ասել, որպեսզի մահացածների քանակը քողարկի՞...

 

Ես ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ' անբարոյական է փորձել ստուգել, թե ամեն մահացածի համար ինչքան փող են տալիս: Շատ նուրբ ու անշնորհակալ դաշտ եք մտնում' զգացական, որտեղ մարդկանց խառնում եք իրար: Ինչքան փող էլ տան մահացածի ընտանիքի անդամներին, մահացածի կյանքը հետ չես բերի, իսկ փողի մասին խոսելիս միմիայն կվիրավորես մահացածի հարազատներին ու կբորբոքես կորստի վիշտը' նա իր կյանքի ամենաթանկ բանը կորցրել է... Հետո' չի կարելի մահացածի փողերը հաշվել: Եվ, վերջապես, ՊՆ-ն երբեք չի ասում, թե մահացած որ մի զինվորի, սպայի կամ պայմանագրային զինծառայողի համար որքան գումար են ստանում նրա ընտանիքը, դա բարձրաձայն ու հպարտորեն ասելու համար չէ, այդ գումարները փոխհատուցում չեն, այլ ընդամենը աջակցություն: Ամեն դեպքում, կրկնում եմ, մտնել այդ դաշտ, հաշվել գումարները, որ տրվել են մահացած զինծառայողների ընտանիքներին, դրան գումարած, իբր մաթեմատիկա անելով, թե` տարեկան այսքան դրամ փող է դուրս գրվել, ուրեմն այսքան մարդ է մահացել, դա անբարոյականության գագաթնակետն է, հատկապես` եթե չունես դեպք, որ մենք թեկուզ 1 հոգու մահ թաքցրել ենք:

 

Ամեն անգամ հենց զորակոչը սկսվում է, հակառակորդը սահմանին իր հերթին է սկսում սադրիչ, արկածախնդիր քայլեր ձեռնարկել, կամ սպառազինությունների ձեռքբերումը հայտարարում են զորակոչից առաջ' հայերի մոտ վախ առաջացնելու նպատակով, սահմանին կրակում են, որ ծնողները խուսափեն իրենց զավակներին բանակ ուղարկել, ո՞ր մի ծնողը կուզի իր որդուն ուղարկել մի բանակ, որտեղ ամեն օր սահմանից նոր զոհերի մասին լուրեր են հաղորդվում: Այս ամենը  թշնամու կողմից մանրամասն մտածված, պլանավորված տեղեկատվություն է:

 

Բայց առավել վատ է, երբ այդ ժամանակ քո բանակի դեմ, կարծես միտումնավոր, ներսից են արշավ սկսում' ամեն կերպ փորձելով բարոյազրկել բանակը, զինվորներին, սպաներին' նշելով, թե իբր բանակում ոչ կանոնադրական հարաբերություններ են իշխում, իբր սա, իբր նա եւ այլն: Կամ' ինչքա՞ն կարելի է' հենց զորակոչը սկսվի, սկսեն գրել' Սեյրան Օհանյանի տունը, ամառանոցը, մեքենան եւ այլն: 7 տարվա մեջ չե՞ք հասկացել, որ Սեյրան Օհանյանի վրա մի «կարգին կեղտ» չեք կարող գտնել, այդպիսին չկա: Բայց նորից փորձում եք...

 

Գ.Ա.

 

Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանի ասածին, որ մահացած զինվորների ընտանիքի անդամներին կամ հարազատներին տրված գումարային աջակցության մասին բարձրաձայն խոսելը նախ կվիրավորի վերջիններիս, մնում է միայն ավելացնել մի ուշագրավ միջադեպի նկարագրություն, որ տեղի ունեցավ հունիսի 26-ին կառավարության շենքի առջեւ, երբ բանակում մահացած զինծառայողների' արդեն տեւական ժամանակ կառավարության շենքի առջեւ բողոքող ծնողներին մոտեցավ ինչ-որ կին ու ասաց, թե նրանք մահացած զավակների համար փող են ստացել, ինչո՞ւ են բողոքում: Այդ կնոջը ոստիկանները հազիվ հասցրեցին հեռացնել մահացած զինվորների ծնողներից, իսկ ծնողների արձագանքը չենք փորձի անգամ ներկայացնել բառերով, այլ միայն խորհուրդ կտանք նայել փոքրիկ տեսանյութը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica