close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորացած մարմնի սրտի հատվածը

Անտեսված ձայներ

26 Հունիսի 2014, 01:10
 Կորացած մարմնի սրտի հատվածը

«Դարդս այս ստի ա, քե մատաղ»,- հառաչում է Հերիք բաբոն` շատ ուժեղ խփելով  կորացած մարմնի սրտի հատվածին: Վերջին` չհնացող վիշտը  թոռան` Կարոյի մահն էր` զոհվեց հայրենի Կիրանցը պաշտպանելիս:   Հենց իր  տան դիմաց` այգում պայթած «թոփը» տատիկի  համար արդեն լուրջ չէր, թեպետ  «իրես–միրեսս  սաղ էրեց»:

 

Կիրանցի ամենատարեց  բնակչուհին է Հերիք բաբոն՝ Հերիք Ավալյանը:  Քանի՞ տարեկան է, ճշգրտումները դեռ շարունակվում են. անձնագրում նշված է՝ ծնվել է 1919թ.  և ամիս-ամսաթվի փոխարեն՝   չորս հատ 0 է շարված:  Հերիք բաբոն ինքը վստահ է, որ ոչ թե 95, այլ  101 տարեկան է. «Ես տենըմ եմ, վեր մեծ եմ էլի, իմ նիստուկացիցն եմ տենըմ»:

 

Տատիկը  մինչև այսօր էլ կռիվ է տալիս երեք պատերազմների ուրվականների հետ` երբեմն խառնելով հերթականությունը:  Դեռ խանձարուրի մեջ էր, երբ հանդում  «ղաչաղի պլետը» պետք է որ  իջներ իր վրա, եթե հայրը  չխորամանկեր. «Ընդի հանդըմը վեր տրածի,  ասեցին էս ինչ ա, հերս ասեց՝ հաց ա, ճամփիս հացն ա, տանըմ եմ,  որ  ուտեմ»: Բաբոն ղաչաղներից փրկվել, Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմներից  հասել  է մինչև հայ-ադրբեջանական պատերազմ:  Կռվի թեժ օրերին շատ կարճ ժամանակով  Կիրանցից տեղափոխվել է ավելի ապահով Իջևան կամ Ենոքավան, հետո շատ արագ վերադարձել հայրենի Կիրանց՝ առանց իր այգու, ընդհանրապես, առանց աշխատանքի  տատիկը ապրել չի կարողանում: Հիմա էլ, խիստ մոտավոր տվյալով, 100  տարեկան է, բայց այգուց չի հեռանում,  բահը միշտ ձեռքին է: Ատում է ծույլերին  և այն կարծիքին է, որ ծույլ են աշխարհի բոլոր տղամարդիկ: Ահա, թե ինչու, երբ  հիսուն տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը մահացավ, ոչ մի այլ տղամարդու երեսի չնայեց:  Դժգոհում է. «Հիմիկվա մարդն ում ա պետք, կյոլ չկա... աշխատող չեն, աշխատող»: Ասում է ու  աչքը գցում նորատունկ սածիլներին, որ երևի կփարթամանան:

 

Տատիկը   սածիլներին էլ, մարդկանց էլ   միայն լավ աչքով է նայում: Նույնիսկ  թոշակից դժգոհ չէ՝ հերիքում է, որ մի քանի շերտ շորերի բոլոր ծակուծուկերը լցնի փոքրիկ կոնֆետներով: «Ջիբ չկա, էնա ամեն ծակում մի քիչ կանֆետ  կա»` բոլոր թոռների, թոռան թոռների համար: Իսկ նրանք շատ են:  Հաշվառում միայն թուղթուգրիչով ստացվեց:  Արդյունքը  Հերիք Բաբոյի համար էլ էր անակնկալ` ունի  16 թոռ,  27 ծոռ և  7  թոռան թոռ: Բաբոն ամփոփում է. «Ամեն մինը բռռալա ապրըմ են»:  Տատիկի ու նրա գրպանի կոնֆետների շուրջ ամենաշատը Սվետան է պտտվում` Նվերիկ թոռան  փոքրիկ աղջիկը: Երբեմն հաջողեցնում է տատիկից փող էլ պոկել:  Հերիք բաբոն դրանից էլ չի սրտնեղում, բայց հաճախ է հիշեցնում. «Սիրտս էրված ա, հին պյաներ շատ կան, ամեն պյան էլ տեհել եմ»:  Ազատամարտիկ թոռան կորստից  է խոսում,  խնդրում խաղաղություն այսօրվա ու վաղվա համար. «Մենք միամիտ անդերնի ենք, մի մեծ ա պետք մեզ  հաշտեցնի»: Այս հույսով էլ սահմանամերձ գյուղի տատիկը շարունակում է ծերանալ  հայ-ադրբեջանական սահմանից մեկուկես կիլոմետրի վրա`  ասել-խոսելով,  ծիծաղով,  երբեմն շատ ուժեղ խփելով կորացած մարմնի սրտի հատվածին:

 

 

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica