close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմից երկու քայլ ետ

Անտեսված ձայներ

13 Հունիսի 2014, 11:02
 Պատերազմից երկու քայլ ետ

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւմտյան հատվածում` Արարատի մարզի Երասխ գյուղի մերձակայքում, հակառակորդը դիպուկահար կրակ բացեց Երասխ գյուղի ուղղությամբ: Հայկական կողմից 2 զոհ ունեցանք:

 

Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի այս հատվածն ամենահանգիստն էր անցած 20 տարիների ընթացքում: Եվ 2 զինվորականների զոհվելու փաստը լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Այստեղից հնչած` դիպուկահարների կրակոցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ պատերազմն օր առաջ մոտեցնելու նախանշաններ: Եվ, հավանաբար, դա էր պատճառը, որ դեպքից անմիջապես հետո հայաստանյան մեդիադաշտն ուղղակի հեղեղվեց տարբեր ու տարաբնույթ` հաճախ չճշտված տեղեկություններով, թե իբր Երասխ գյուղից մարդկանց տարհանում են, թե համատարած խուճապ է, գյուղացիները փախչում են եւ այլն:

 

 «Ինձ Եղեգնաձորից էլ են զանգել, հարցնում էին` ճիշտ է, որ Երասխից ժողովրդին տարհանում են, ասում էի` չէ, բոլորս էլ տեղում ենք»,- պատմում է երասխցի երիտասարդ Արազ Սահակյանը:

 

Այդ օրը Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանին էլ են շատ զանգել ու հետաքրքրվել, թե ինչ իրավիճակ է գյուղում: Բոլոր նման հարցերին, որպես սպառիչ պատասխան, գյուղապետը  ցույց է տալիս իր տունը. գյուղապետի տունը գյուղի ամենածայրին է` Նախիջեւանի հատվածում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի անմիջական հարեւանությամբ եւ հակառակորդի մարտական հենակետերին ամենամոտը: Գյուղապետի տան պատուհանն էլ նայում է հենց հակառակորդի գյուղին, գերեզմանոցին ու մարտական դիրքերին, որոնց հեռավորությունը տնից 2-3 հարյուր մետր է:

 

 «Սովորական երեւույթ է` մեկ-երկու կրակոց միշտ էլ լինում է, բայց այս անգամ երկար տեւեց, եւ, ցավոք, երիտասարդներ զոհվեցին»,- նշում է Ռադիկ Օղիկյանն ու վստահեցնում` իր ղեկավարած համայնքից ոչ ոք չի տարհանվել, չի փախչել: Իսկ համագյուղացիների շարժը եղել է մի ուղղությամբ` ոչ թե սահմաններից դեպի ներս, այլ հակառակը` գյուղի խորքից դեպի սահմանները:

 

Համագյուղացիներն էլ են զարմացած, ասում են. «Առաջին դեպքն էր, որ հակառակորդը նշանառու կրակ էր բացում` մարդ սպանելու դիտավորությամբ, ու այս անգամ կրակի տեւողությունն էր երկար»: Բայց նաեւ հավաստիացնում են` իրենք վախեցողներից կամ, առավել եւս, փախչողներից չեն ու մինչեւ վերջ մնալու են իրենց գյուղում:

 

«Եթե վախենայինք` ինչո՞ւ պետք է այսպես կանգնեինք, թող իրենք վախենան: Պետք լինի, բահով էլ կկռվենք»,- ասում է Երասխի բնակիչ Արմեն Իշխանյանը` ցույց տալով ձեռքի բահը, որով դիրքերից ընդամենը 2-3 հարյուր մետր հեռու գտնվող այգում գործ էր անում:

 

 Գյուղացիները գյուղի` դեպի հակառակորդի դիրքերն ընկած հատվածում ինքնուրույն խրամատներ ու դիրքեր են սարքել` սեփական նախաձեռնությամբ, որտեղից էլ հետեւել են սահմանի այն կողմում իրականացվող շարժին:

 

Գյուղացիները տեսել են, թե ինչպես հայկական դիրքերից մոտ 300-350 մետր հեռու սեւ ամենագնաց է կայանված: Նկատել են նաեւ, որ հակառակորդի դիրքերի տարբեր հենակետերից դեպի ամենագնացն են շտապում դիպուկահարներ` 6-7 հոգի: Այդ դիպուկահարները, հավաստիացնում էին երասխցիները, եղել են այնպիսի համազգեստներով, որ թե’ իրենք եւ թե’ սահմանապահ ուժերը  չեն տեսել այդ վայրերում: Հենց դրանից էլ ենթադրվում էր, որ վիճակը սրելու նպատակով ադրբեջանցիների հատուկ նշանակության զինծառայողներ են գործուղվել Երասխի դիրքերի ուղղությամբ:

 

 «Դե, վախ թեթեւակի կար` որը լացում էր, որը ճչալով փախչում էր: Երեխաներն էին ավելի վախեցած»,- պատմեց Երասխի բնակիչ Շիրազը:

 

Երասխցի փոքրիկ Արմանն ու Տիգրանն էլ են կրակոցների ձայները լսել: Փորձում են իրենց մեծի պես պահել: Ասում են` չենք վախեցել: Արմանն ավելացնում է. «Տուն եմ մտել, պառկել ու հանգիստ քնել եմ»: Չակերտավոր ասած` առանց վախի նշանի:

 

 «Քնել էինք` ես դուրսն էի, Արմանը քնում էր: Ես պախկվել էի մեր գարաժի հետեւը»,- մանկական անհոգ ժպիտով մեզ պատմեց երեխաներից Տիգրանը:

 

Արարատյան դաշտում իրական հողագործության սեզոն է: Գյուղացին զբաղված է իր գործերով: Սովորել են ապրել եւ աշխատել հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ` հույսով եւ հավատով, որ մի օր կհաստատվի երկար սպասված խաղաղությունն, ու իրենք էլ կվայելեն իսկական խաղաղության բերկրանքը, իսկ մինչ այդ նրանք ստիպված են կազմ ու պատրաստ լինել` սեփական օջախը պաշտպանելու համար: Ասում են` պատրաստ ենք, չենք վախենում, խուճապի էլ չենք տրվելու, եւ ցույց են տալիս գյուղապետ Ռադիկ Օղիկյանի աշխատասենյակում տեղադրված` տագնապ բարձրացնող սարքավորումները, որոնք այդ օրը շարունակեցին լռել հենց իրենց` գյուղացիների միջնորդության արդյունքում:

 

Գեւորգ Ավչյան

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica