close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խնամախոս Ասորին

Թուղթուգիր

4 Հունիսի 2014, 15:58
 Խնամախոս Ասորին

 

Նվիրվում է ավագ ընկերոջս`

Վազգեն Մկրտիչյանի հիշատակին

 

 

Ղամիշլիում լիներ, թե Հալեպում ամեն տարի Մայիս 28-ին Վազգենը փակում էր խանութը` գործատեղին: Ձեռքի տակ աշխատող արաբներին, քրդերին, ասորիներին օրավարձից մի բան էլ ավելին վճարելով արձակում աշխատանքից՝ ասելով. «Գացե՛ք, քեֆ ըրեք…»:

 

Վազգենի ձեռքի տակ աշխատող արաբն էլ, քուրդն էլ, ասորին էլ գիտեին Մայիս 28-ի խորհուրդը, և ամեն տարվա այդ օրը նրանց համար տոն էր ու կիրակի...

 

Հայաստան փոխադրվելուց հետո էլ Վազգենը ավանդույթը չխախտեց. ամեն տարվա Մայիս 28-ին իր առանձնատան փոքրիկ այգում խորովածի կրակ էր վառում: Արևելքի յուրահատուկ համեմունքներով պատրաստված նախուտեստի մի փոքրիկ սեղան էր միշտ լինում կրակի հարևանությամբ: Առանց շտապելու, քանի դեռ թեժ էր կրակը, Վազգենը հանգիստ, հատ-հատ շամփուրներին էր շարում միսը՝ հետն էլ հիշելով Մայիս 28-ի հետ կապված մի հին պատմություն, այնքան հին, որ մինչև Արա Գեղեցիկի ու Շամիրամի օրերն էին հասնում...

 

«Ղամիշլի ասորի մի գործըկեր ունեի,- հիշում էր Վազգենը,- Աշուր էր անունը: Մեր խանութները դեմ-դիմաց էին. օր կար ես էի անոր քով՝ սուրճի, օր էլ կար ան քովս կուգար՝ զրույցի... Այսօրվան պես կհիշեմ, մայիս 27-ն էր, քովս եկավ, բարև, Աստծո բարին ըսինք... Նստեցինք, սուրճ ապսպրեցի...»:

 

Այս պատմության ընթացքում որոշեցի օգնել Վազգենին ու ձեռքս տարա դատարկ շամփուրին: Նկատեց.

 

-  Ձգե, ձգե, դուն պատմությանը մտիկ ըրե,-ասաց Վազգենն ու շարունակեց. «Վաղը խանութը պիտ գոցե՞ս,- հարցուց Աշուրը»:

 

«Անպայման»:

 

«Չե՞ս վախնար»:

 

«Ումի՞ց, ինչի՞ց: Ես, իմ խանութը, որո՞ւ գործն է»:

 

«Ինձմե,- ժպիտով ըսավ Աշուրն ու ավելցուց,- չե՞ս վախնար, որ հաճախորդներուդ գողնամ»:

 

«Անոնք արդեն սորվել են, գիտեն, որ Մայիս 28-ին գոց եմ»:

 

Պահ մը լռեց ասորի գործընկերս: Հետո լուրջ, խորհրդավոր հարցուց. «Մայիս 28-ը ի՞նչ օր է: Հայերուն Զատի՞կն է...»:

 

«Զատիկեն ալ թանկ օր է. Հայաստանի հարության, անկախության օրն է...»:

 

«Աա՜,...-բազմիմաստ բացականչեց Աշուրն ու սխալմունք գտած մարդու պես հարցուց».

 

«Քովիդ խանութի տերը հայ չէ՞...»:

 

«Հայ է»,- պատասխանեցի:

 

«Է՞,- զարմացավ ասորին,-անոր համար Մայիս 28-ը զատիկ չէ՞, հարության, անկախության օր չէ՞...»:

 

«Քովիս հարևանը համայնավար հայ է, անոնց համար Մայիս 28-ը Զատիկ չէ, սովորական, պարապ օր է...»:

 

Աշուրը գլուխը տմբտմբացրեց, հետո սուրճի վերջին կումն առավ, բաժակը դրեց, հետ հրեց, ու թվում էր պիտի ոտքի ելներ ու հրաժեշտ տար, բայց նստած տեղեն չշարժվեց. ըսելիք ուներ.

 

«Ձեր թագավորը,-հատուկ շեշտելով՝ Ձեր թագավորը,-մեր Շամիրամին թե առներ, աշխարհն հիմա ուրիշ կլիներ...»:

 

«Շամիրամի՞ն...»:

 

Զարմանքս Աշուրին դուր չեկավ...

 

«Անառա՞կ էր, բո՞զ էր մեր Շամիրամը... Ձեր թագավորն էլ...»:

 

Գիտեի ըսելիքի վերջավորությունը, կանխեցի՝ ըսելով. «Մերին երեսն էլ չեմ լվար»:

 

«Երանի՜ Շամիրամին առներ...»:

 

«Երանի՜....երկրորդեցի ափսոսանքը»:

 

Քանի հազար տարի էր անցել, բայց Վազգենի ասորի գործընկերը չէր ներում Շամիրամին մերժած մեր միասեր թագավորին...

Անառակ թագուհիներ մենք չե՞նք ունեցել, որոնց մոտ Շամիրամը հրեշտակ ու կույս կթվար...Բայց մերն է ըսելով՝ լռել ենք...

 

«Երանի՜ առներ Շամիրամին ձեր թագավորը»,- ավելի խոր ափսոսանքով ըսավ Աշուրն ու ոտքի կեցավ...

 

«Ի՞նչ պիտի փոխվեր...»:

 

«Մենք ալ Մայիս 28 կունենայինք, քի՞չ է...»:

 

Փառք Տիրոջ, մեզի ալ նախանձող եղավ,- մտքիս մեջ ըսի ես, բայց Աշուրը կարծես կարդաց միտքս.

«Շիտակն ըսեմ, կնախանձեմ, որ երկիր ունես ու Հայաստան կկոչվի...Կտոր մը հող չկա այս արևուն տակ, որ Ասորեստան կոչվեր, իսկ մի ժամանակ...»:

 

«Մի ժամանակ մենք էլ ծովե-ծով էինք..»:

 

Այդպես է կարգը աշխարհի` մեծերը կպստիկնան, պստիկները՝ կմեծնան...

«Մենք չպստիկցանք,  մենք փոշիացանք, պարտված մարդու պես ըսավ Աշուրն ու ավելցուց,- մեղավորը ձեր թագավորն էր, որ մեր Շամիրամին մերժեց...»:

 

«Ալ բավ է, եղածը եղած է, լմնցավ, խնամախոսի՞ եկած ես, ինչ է...»:

 

«Ոչ, պատմությունը շտկելու եկած եմ...»:

 

«Դե շտկիր, նայիմ...»:

 

Այս խոսքիս վրա, դուրս ելնելե առաջ գիտե՞ս ինչ ըսավ.

 

«Վաղը՝ Մայիս 28-ին, ես ալ պիտի գոցեմ խանութս, ինձ համար ալ Զատիկ է...»

 

 

Սպարտակ Ղարաբաղցյան

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica