close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այստեղ երբևէ լավ է եղել…

Անտեսված ձայներ

3 Հունիսի 2014, 20:23
 Այստեղ  երբևէ լավ է եղել…

Սահմանամերձ Բերքաբերում Վերջին զանգն անցավ` ըստ նախապես մշակված սցենարի: Ավարտական դասարանում ընդամենը երեք աշակերտ էր: Նրանց գործը շատ բարդ էր` յուրաքանչյուրը` մոտ քսան բանաստեղծություն: Տոնն ավարտվեց, բարդությունները շարունակվում են: Դավիթը ֆուտբոլիստ է, Հայաստանի առաջնությանն է մասնակցել, իսկ Բերքաբերում ի՞նչ ֆուտբոլԵրևան գնալու մասին  չի էլ երազում. «Համ ուշ ա, համ էլ ֆինանս չկա»:

 

Լիզան մասնագիտության ընտրության հարցում ավելի ճարպիկ է եղել. «Դիզայներական եմ սովորելու Իջևանում»: Մտքինն այն է, որ էլ գյուղ չվերադառնա...

 

Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրենը շրջանավարտներից մի քիչ է մեծ, հասկանում է նրանց: «Պատերազմական իրավիճակ ա, չես կարա ոչ մեկին մեղադրես»,- ասում է տնօրեն Վոլոդյա Բալասյանը:

 

Նորոգված, գեղեցիկ դպրոցն ընդամենը 37 աշակերտ ունի: Այս տարի գյուղում 11 երեխա է ծնվել, բայց տնօրենը մեծ հույսեր չունի, թե նորածինները կթեքեն գյուղի դեմոգրաֆիական աղետը: 

 

Հրադադարը քսան տարեկան է, բայց պատերազմի ձայները Բերքաբերում չեն լռում: Դպրոցից մինչև ադրբեջանցիների խրամատներ ուղիղ գծով 800 մետր է: Բերքաբերում անվտանգ անկյուն չկա, հրետակոծությունից չտուժած տուն չկա, նշանառության տակ ամբողջ գյուղն է: Դպրոցի երիտասարդ տնօրենը դժվարանում է պատկերացնել, որ այս գյուղում երբևէ լավ է եղել:

 

«Իսկ Բերքաբերը կարող էր Փարիզ դառնալ, եթե պատերազմ չլիներ»,- գյուղապետ Արթուր Մադաթյանը չի կասկածում: Առատ ու բերրի հողեր, հարուստ կոլխոզ ու Ջողազի ջրամաբարը, որ հանգստի գոտու էր վերածվում: Ջողազն այժմ թշնամանքի սառը խորհրդանիշ է: Իսկական ջրբաժան Բերքաբերի ու Ադրբեջանի միջև. մի ափը հայերն են տնօրինում, մյուսը` ադրբեջանցիները: Բերքաբերցիները չեն ուզում մոռանալ, որ Ջողազը հանգստավայր էր: Գյուղապետը վստահեցնում է ՝ շուտով` «զագառի» սեզոնին, Ջողազի ափին բերքաբերցիները արևայրուք կվայելեն՝ «դուխները տեղը»:

 

Հասկանալի է` էքստրեմալ հանգստի  այս ուղղությունը զբոսաշրջիկների համար չէ: Պատերազմական գյուղի գյուղապետը խնդիրներն է շարում. «Ճանապարհ չունենք, գազ չունենք, հող չունենք, էն ա շունչ ենք` ստեղ կանգնած»: Գյուղը փոքրիկ տնամերձների հույսին է:

 

 

900 հեկտար խաղողի ու պտղատու այգիներ հակառակորդի վերահսկողության տակ են: Գյուղապետ Մադաթյանը կարծես չի չափազանցնում. «Նայըմ ենք, մինչև առավոտ լացըմ, թե մեր հողերն ով ա մշակըմ»: Տնամերձից բացի, ով էլ հող ունի` սահմանի բերանին է: Անվնաս վերադարձողը հաղթանակը նշում է գյուղի կենտրոնի «բեսեդկայում»` նարդիով:

 

Միշա Խուդավերդյանը խաղից կտրվում, ձեռքի ափերն է ցույց տալիս. «Փշերը դեռ միջին ա, նայի, էս կողմը ես եմ գործ անում, մյուսը՝ իրանք, փառք Աստծո, էսօր սաղ-սալամաթ եկել եմ»:


 

Բերքաբերցիները նախևառաջ խաղաղություն են ուզում, բայցև առաջարկում դրան չսպասել` լուծել, ջրի, գազի, ճանապարհի հարցը: Սահմանամերձ գյուղը հողի հարկից, ճիշտ է, ազատված է: «Բայց դա մեզ ինչ օգուտ, եթե հող չունենք»,- ասում է բերքաբերցի Ալբերտ Մադաթյանը: Բնակիչների 90 տոկոսը վարկի տակ է: Գյուղի ամենամեծ խանութը մի խրճիթ է, որտեղ ամենաթանկ ապրանքը անհայտ ֆիրմայի երկու հազար դրամանոց շոկոլադն է: Ի՞նչ են ամենաշատը գնում: Վաճառողն առանց դարակներին նայելու է կարճ ցուցակը ներկայացնում. «Պեսոկ, ձեթ, փոշի»:

 

82-ամյա Ասյա Արզումանյանի ուզածը աշխատանքն է, ընդ որում` ոչ միայն գյուղից հեռացող ջահելների, այլև իր համար. «Մենք սավոր ենք, քանի-քանի մեդալ ունենք»: Ասյա տատիկը այգում դեռ պահում է իր տունը ավերակ դարձրած, «ապրուստը վարի տված» «Գրադ»-ի կտորները: Հարևան Մազամլու, Ղզըլհաջի գյուղերի ադրբեջանցիների հետ հարևանություն արել է, աշխատել են միասին, ասում է. «Մեր շոֆերները, կթվորները սաղ թուրք են լել, մերոնք լայաղ չին անում կթվոր ու տավարած ըլեն»:

 

Խաղաղություն էլ հաստատվի` նրանց կամ նրանց երեխաների հետ պատրաստ չէ շփվել: «Տեհել ենք էէէ, գրադով, ավտոմատով մաղըմ ին»,- տատիկը հրետակոծությունների ինտենսիվությունն էլ, տեսականին էլ լավ է հիշում:

 

Ասյա տատիկի տունն ավերած «Գրադ»-ի տատանումներից հարևանուհու բոլոր պատուհանները փշրվել-թափվել են: Լեյլի տատիկի տունն էլ է դանդաղ քանդվում: Հարազատ եղբորը ադրբեջանցիները սպանեցին, երբ դաշտում խաղաղ աշխատում էր: Լեյլի Պապյանը նրան էլ է հիշում, ընկերուհիներին էլ` Նաբաթին, Շենգյուլին. «Չիմ մոտիկ են լել ինձ հետ: Ես լավն եմ լել նրանց հետ, թամուզ կորան»:

 

Լեյլի տատիկը ադրբեջանական հեռուստաալիքներ վաղուց չի նայում, բայց գիտի` ինչ են ցույց տալիս. «Գյուլլեն դիպչի տհանց, պար են կյալի էլի»:

 

Բերքաբերցի Գարուշ Քոչարյանը, գյուղի բերանին կանգնած, դիմավորում է իրենցով հետաքրքրվողներին: Նա աշխարհաքաղաքական եզրահանգումներ է անում, մեղադրում աշխարհի մեծերին. «Ջոջերն են, ջոջերը, սաղ տհանք են անըմ»:

 

Գարուշ Քոչարյանը ոչ մի կասկած չունի` ուզած պահին Բերքաբերի հողերը կարող են վերադարձնել, միայն թե էլի նրանք` աշխարհի մեծերը, խանգարում են. «Նե ռազրեշաետցա, վսյո, զակոնչենո»:

 

Մեկ տարի  առաջ գյուղում կառուցվեց Ս. Գևորգ եկեղեցին: Դռներն առայժմ փակ են` մինչև քահանայի համար տուն կառուցեն, ու մշտական հոգևորական նշանակվի: 80-ամյա ծերունին չի մկրտվել, չի էլ պատրաստվում: Աչքը իր կորցրած հողերի վրա է, Ջողազն է ուզում` բոլոր ափերով, ճոխ ժայռը` Գավարզին:


Երկնքին վերաբերող հարցերը, ասում է, հետո կլուծի` տեղում. «Ես արդեն քյնըմ եմ, ընդի կկնքվեմ, էլի»:


Կ. Մելքոնյան

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica