close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գնացել էին` հազար դրամ գտնելու

Անտեսված ձայներ

20 Հունիսի 2014, 12:33
 Գնացել էին` հազար դրամ գտնելու

Անասնաֆերմայում դուստրն է ու քլունգը՝ գրեթե 6 կիլոգրամանոց: Թթուջուրցի նախկին անասնապահ Վաչագան Լազարյանը դպրոցական աղջկա օգնությամբ փորձում է խելքի բերել ֆերման բոլոր այլ աշխատանքները կատարելուց հետո՝ հարեւանների համար փայտ է հավաքել, թափել է այդ փայտը, հող է փորել ուրիշների ու իր տան համար: Եվ այդ ամենը՝ ծխախոտի ու վերմիշելի համար: Նախկինում սովխոզ է եղել, աշխատել են, «հացը իրար արել»: Ծխախոտը բերանին 60-65 տարեկանի ձգող այս մարդը (իրականում 51 տարեկան է -Ս.Հ.) ողբում է. «Հիմա հնար չկա, կես մարդ եմ դառել, գրիժից ապերացիա եմ եղել»:

Կարինեն տան միակ երեխան չէ, ունի քույր, որն ամուսնացել է գյուղից հեռու, ունի նաեւ իրենից մեծ երկու եղբայր: Մեկը բանակից նոր է վերադարձել, մյուսը շուտով կգնա:


Այսօր անասնաֆերման աշխատեցնելը հեղափոխական որոշում է: Անասունները դեռ չկան, թեյ ու փլավ եփելու աթարը կա, տվել են: Գյուղում ոչ ոք նրանից չի կարող փող ուզել. «Այ ցավդ տանեմ, 10 դրամ էլ չեմ կարա տամ»: Դպրոցական դուստրն այդքան էլ վարժ չէ մոտ 6 կիլոգրամանոց քլունգն աշխատեցնելու մեջ: Հոր թիկունքում նա լսում է հետեւյալ բառերը՝ հարեւաններով իրար օգնում ենք, որ հազար դրամ ճարենք, «յա երկու մակարոն առնենք, յա էդ օրը սոված կքնենք»: Դուստրը՝ Կարինեն, պահի ջանասիրությամբ գերազանցում է նույնիսկ հորը: Քլունգը մի կողմ է թողնում, որպեսզի ուսերը թափ տա այն հարցի վրա, թե ինչպես է պատկերացնում իր ապագան. «Դպրոց, դպրոցից տուն՝ վալեյբոլ խաղալու»: Գյուղում մնալը, սակայն, նրա ծրագրերում չկա, ուզում է Երեւան գնալ` որեւէ ուսումնարանում վարսավիրություն սովորելու համար:

 

Կարինեն նման չէ սոված աղջկա, սակայն ճաշացանկը հարուստ չէ. «Եթե մակարոն ա լինում, փլավ եմ անում, ուտում եմ»: Աղջիկը չի ամաչում ասել, որ երազում է քաղցրավենիք ու թխվածք ուտել, վաղուց նման բան չի կերել. «Փող չկա, ինչո՞վ ուտենք»: Եվ ժպտում է: Ամեն ինչ չէ, որ պատրաստ ես հարցնել այս միամիտ եւ հյուծիչ ժպիտով աղջկան: Քաղաքում եղել է, ընկերուհիներ ձեռք է բերել, այնքան տարբերվում են ցեխ ու կեղտի մեջ մեծացած աղջիկներից: Բոլորին կորցրել է: Բայց նրանց տեղը գիտի՝ հիմա նրանք ինտերնետում են: Այս աղջկա աչքերն ինտերնետ էլ են տեսել: Մի ժամանակ մտնում էր, հիմա հայրը թույլ չի տալիս: «Սիրում չեմ,- իր արարքը բացատրում է հայրը,- խուժանական մեջին բաներ կան»: Նույն կերպ հայրը վարվում է, երբ հեռուստացույց են միացնում. «Այլանդակ կինոներ են ցույց տալիս, հեռուստացույցը անջատում ենք, չենք թողնում միացնեն»: Կարինեին ինտերնետը պետք է` ընկերուհիներին գտնելու համար:

Աղջիկը գյուղացի շատ երեխաներից տարբերվում է նրանով, որ ավելի քան երեք ամիս առաջ մեկ ամսով եղել է Հոլանդիայում: «Լավ սնվեց, լավ էլ եկավ»,- Հոլանդիայից իր «անձնական» ձեռքբերումներն այսպես է ներկայացնում Վաչագան Լազարյանը: Աղջկան բոլոր բարքերի այդ երկրում դուր են եկել «քաղաքները, կարուսելները, շրջակա միջավայրը»: Այնտեղ աթար չկա, քլունգ էլ չկա: Տպավորությունները պատմելուց հետո աղջիկը, որը գեթ մեկ անգամ չի զբաղվել իրենով, վերցնում է բահը եւ շարունակում «արարել» հոր երազանքների անասնաֆերման: «Մի քիչ փող եղնի, սարքենք, երեխեքն ամուսնանալի են, ամուսնանան»,- հրաժեշտին հասցնում է ասել հայրը:

 

Ի դեպ, ո՞ւր էին նրա եղբայրները. «Գնացել են` հազար դրամ ճարելու»:


Սեյրան Հանոյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica