close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տե'ս` եռագույնն ինչ սիրուն է ծածանվում

Հարթակ

29 Մայիսի 2014, 16:58
 Տե'ս` եռագույնն ինչ սիրուն է ծածանվում

Տոնական օրերին կենտրոնում տոնի, եռագույնի շուրջն են համախմբվում ոչ միայն անհոգ զբոսնողները, այլ նաև սևացած, կնճռոտված ու երակները ցցված ձեռքերով, կոշտ ու անհարթ եղունգներով, մազերն անփույթ հավաքած, ցամաքած դեմքերով կանայք, ովքեր արևածաղիկ, փուչիկ ու բամբակ են վաճառում:

 

Սովորաբար հենց կանայք են այդ օրերին դուրս գալիս ինչ-որ բան վաճառելու: Չգիտեմ` ի՞նչ են անում տղամարդիկ այդ օրերին:

 

Տոնակատարությունը սկսվում է երեկոյան, բայց կանայք արթնանում են առավոտ շուտ, երբ դեռ աքլորն էլ է քնած լինում: Դուրս են գալիս, գնում արդեն ծանոթ բամբակ պատրաստողի մոտ ու 20-30 բամբակ գնում` նայած` ինչ տոն է: Գնում են 100 դրամով, վաճառում` 150-ով: Մեծ, մեծ արկղ են գնում, որ խնամքով մեջը դասավորեն, քանի որ բամբակը շփումից կամ ծանրությունից փոքրանում, մի բուռ է դառնում, իսկ երեխաները հատկապես մեծ բամբակներն են սիրում:

 

Հետո դրանք պետք է հասցնել Օպերա կամ հրապարակ. քանի որ արկղը մեծ է` հասարակական տրանսպորտից օգտվելը դառնում է գրեթե անհնարին: Ահա, ավտոբուս եկավ, հիմա մի տեղ կտեղավորվի: Բարձրանում է ավտոբուս, արկղը տեղավորում ինչ-որ տեղ, նստարանների արանքում` հնարավորինս նեղություն չտալու համար: Մեղավոր հայացքով ժպտում է, հետո էլ, թե` ճար չկա, աշխատածս հո տաքսիին չեմ տալու: Սովորաբար նման կանանց ոչ ոք չի զիջում իր տեղը, անգամ` եթե նրանք սպիտակամազ են լինում: Նրանք չեն էլ փորձում նստել ու խուսափում են նայել այդ օրերին պարտադիր եռագույն ինչ-որ բան կրող մարդկանց աչքերին` մեղավոր են` արկղով են բարձրացել տրանսպորտ: Իջնելիս արդեն գիտեն` վարորդը փնթփնթալու է, 100 դրամը ցուցադրաբար ու շրխկոցով նետելու մյուս 100-անոցների գիրկը` ցույց տալու համար, թե` մարդիկ, ես էլ գոհ չեմ, որ նա նստել է, բայց ի՞նչ անեմ` հասարակական տրանսպորտ է:

 

Հետո պետք է կենտրոնի սրճարաններից կամ խանութներից մեկի մենեջերի հետ լեզու գտնել, որ թողնեն մինչև կեսօր արկղդ մնա իրենց մոտ: Սովորաբար ասում են` կներեք, բայց տեղ չունենք, հետո, երբ հանկարծ սկսում են լսել, թե ինչ կյանքով է ապրում կինն ու իր ընտանիքը` համաձայնում են` մենեջերներն այնքան էլ տեր չեն:

 

Հետո նորից տուն են վազում, այս անգամ եթե կրկին նույն ավտոբուսն էլ նստեն` բոլորովին ուրիշ կերպ են նայում նրանց, անգամ երիտասարդները կարող են զիջել իրենց տեղը:

 

Հաջորդ քայլն արևածաղիկ գնելն է ու բովելը: Որքան էլ որ շտապելիս լինեն, արևածաղիկ բովելիս երբեք ժամին չեն նայում` կարևորը չվառվի: Հետո սկսվում է տուրուդմբոցը, որովհետև երեխաների տետրերը պետք է դառնան կուլյոկներ: «Մա'մ, էդ տետրս ինձ պետք ա», «մա'մ, էդ տետրն իմը չի, դասարանցունս ա», «մա'մ, էդ գործնական աշխատանքիս տետրն ա»... Չէ, պատճառաբանությունները չեն օգնում, այդ օրը բոլոր տետրերի մեջտեղի էջերն էլ պոկվում են:

 

Հետո արդեն մեծ տոպրակով շտապում են կենտրոն, որովհետև ամենադժվարն առջևում է` տեղի ընտրությունը` այնպիսի մի տեղ է պետք, որ ոստիկանները չասեն` խանգարում ես անցուդարձին, իսկ մարդիկ նկատեն քեզ ու քեզնից առաջ կանգնած բամբակ, արևածաղիկ ու փուչիկ ծախող գրեթե չլինի: Տեղի համար միշտ էլ կռիվ է լինում` նախ` ոստիկանների հետ, հետո` մյուս մանրածախների: Երեսդ պետք է պինդ լինի, ասես` հա, հեսա տեղս կփոխեմ, բայց մնաս քո տեղում: Տեղն ընտրելուն պես փուչիկներն են փչվում, շատ-շատ փուչիկ է պետք, որովհետև եթե երեխան տեսնի մեկ փուչիկ` միգուցե և նրան համոզելը հեշտ լինի, որ մաման փող չունի, իսկ եթե փուչիկները շատ են` փնջով, հավանականությունը դրանցով տարվելու ու լացելու, լացի միջոցով դրանցից մեկը գնել տալու մեծ է, մեկը չունենալուն հեշտ է համակերպվել, բայց 10-15-ից մե՞կն էլ չունենաս:

 

Հետո՞… Հետո պետք է ժպիտով տանես ծնողների մուննաթով դեմքերը, «էստի համեցեք» անես, գովես ապրանքդ, ասես, որ էժան է: Այդ օրը մանրածախները նայում են միայն թուշիկները եռագույն ներկած երեխաների աչքերի մեջ. հայացքը որսալուն պես գույնզգույն փուչիկներն ու բամբակն են ցույց տալիս, հետո նոր միայն` ծնողին առաջարկում դրանք գնել: Այդ օրը միլիոններ չեն վաստակում այդ կանայք, իսկ վաստակածով էլ «նիսյայի տետրից» ինչ-որ բան է ջնջվում…

 

***

7-8 տարեկան մի տղա, հրապարակի ցայտաղբյուրի մոտ նստած, բամբակ է վաճառում:

 

-Մենա՞կ ես:

 

-Չէ: Մաման մի քիչ հեռու նստած ա:

 

-Չե՞ս խաբում /հարցին զուգահեռ` գլուխն եմ շոյում, որ չվախենա հարցերիցս, դուր է գալիս նրան` ոգևորվում է/:

 

-Չէ, տես ինձ մոտ 5 հատ ա: Մաման ասաց` հենց էս հինգը ծախեմ, մի բամբակ կտա, որ ես ուտեմ… Վայ, տե'ս` եռագույնն ինչ սիրուն ա ծածանվում: Քամո՞ւց ա:

 

Կարինե Հարությունյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica