close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիկկայանը չէր խանգարի

Հարթակ

5 Մայիսի 2014, 12:00
 Լիկկայանը չէր խանգարի

1920-30-ական թվականներին Խորհրդային միությունով մեկ ստեղծվեցին անգրագիտության վերացման կայաններ` լիկկայաններ, որտեղ տարրական կրթություն կամ գրաճանաչություն էին ստանում միլիոնավոր մարդիկ: Լիկկայանները ստեղծվում էին մի գերագույն նպատակով` մարդը պետք է գոնե տառաճանաչ լիներ, որպեսզի կարողանար ինքնուրույն կարդալ-ծանոթանալ մարքս-լենինյան ուսմունքի հիմնադիրների աշխատանքներին, «ընկեր» Ստալինի, Բերիայի և մյուսների հոդվածներին ու գրքերին:

 

Հայաստանում վերադարձել են նախկին լիկկայանական ժամանակները: Իշխանությունները, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումից սկսած,  կուրս են վերցրել հասարակ մարդկանց բացատրել այն բազմաթիվ բարեփոխումների էությունը, որ տիտանական աշխատանքով ինքնազոհաբար իրականացնում է կառավարությունը, բայց որոնք, ցավոք, հանրության դրվատանքին ու գոհունակ վերաբերմունքին արժանանալու փոխարեն արժանանում են նրա ընդվզումին ու քամահրանքին: Պատճառը, իշխանությունների համոզմամբ, մեկն է` հանրությունը չի ըմբռնում, չի կարողանում հասկանալ կառավարության վունդերկինդների բարեփոխական գյուտերն ու հանճարեղ ծրագրերը, հետևաբար` յուրաքանչյուր նախարարություն պարտավոր է իր կատարած բարեփոխումների դերն ու նշանակությունը «հասցնել մասսաներին»:

 

Ուրեմն` անհրաժեշտ են կառավարության բարեփոխումների առումով առկա հանրային անգրագիտությունը վերացնող կայաններ` լիկկայաններ: Եվ բացառված չէ, որ շուտով նախարարություններում կբացվեն այդպիսի կենտրոններ, մանավանդ որ բարեփոխումների խրթին` սոսկ հեղինակներին ու իշխանական գլուխներին հասու էությունը «մասսաներին հասցնելու» մասին է պարբերաբար խոսում երկրի նախագահը գերատեսչություններ կատարած իր այցելությունների ժամանակ` մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների պատճառով ծայր առած ընդվզումն ու հանրային մերժողականությունը բացատրելով հենց բացատրական աշխատանքների անլիարժեքությամբ ու անկատարությամբ:

 

Նույնն է կրկնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով եւս «շատ է կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում»: Ու եթե Հովիկ Աբրահամյանն է ընկալել բարեփոխումների էությունը, ուրեմն, «իսկապես», որքան «ախմախ» է հասարակությունը: Լիկկայանները չէին խանգարի:

 

Բ. Գասպարյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica