close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին. Հուսիկ Արա

Թուղթուգիր

24 Ապրիլի 2014, 12:13
 Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին. Հուսիկ Արա

Հուսիկ Արա

Հատված «Առավոտ» պոեմից

 

Ափիս մեջ է Վանի մեր տան բանալին

 

Ոտքերիս տակ շիրիմներն են իմ նախնիների, 
իսկ երկնքում թևածում են իմ սերնդի երազները:
Իմ տոհմածառի արմատները խորն են խրվել այս հողում,
իսկ ճյուղերը երկնքի արևն են շոշափել:
Ես ժամանակն եմ հողի ու արևի միջև.
իմ ոտքերը անցյալում են սահմանված, 
իսկ աչքերս գալիքի լույսն են հսկում:

 

Իմ պարթևահասակ պապը իր հետ է վերցրել Վանի տան բանալին.
1915-ին դուռը կողպել և վերադարձի հայացքն Արարատին'
բռնագաղթի մոլորված ճանապարհն է բռնել: 
Որպես մասունք ու թալիսման, 
Սուրբ գրքի հետ, տապանակում է պահել բանալին,
իսկ մահից առաջ, պապս, իր դստերը' մորս է հանձնել 
և մահացել բաց աչքերով' հայացքը Արարատի ճերմակ գագաթին:
Երբ մեռնում էր մայրս, իմ ափի մեջ դրեց Վանի մեր տան բանալին:

 

Ծիրանագույն դաշտն է իմ առջև.
հայացքիս մեջ կապտալույս լեռներ, եկեղեցիներ 
ու բերդեր են, քաղաքներ' զինանշանով արքայական,
որ Պատմական հայրենիք է նշված քարտեզի վրա:
Իմ անցյալն է այստեղ,
որ երկրային շիտակ ու մոլոր ժամանակներով է չափվում,
պատմությունը, որ նախ քարին է փորվել,
հետո դարձել մելանագիր մագաղաթ,
նաև հոսել է արյուն թուղթ ու թանաքի արանքով:

 

Մտնում եմ Վանի դարպասներից ներս
ու վաղնջական քաղաքի փողոցներով քայլում.
այստեղ ժամանակները շեղջի նման շերտ առ շերտ են դարսվել
հիշողության մեջ ու հայացքի տակ' առեղծվածից մինչև շոշափելին:
Տունն եմ փնտրում բաց դռներով ու փակ տների մեջ...
ու կանգնել եմ Վանի մեր տան դիմաց.
կողպած են դռները,
իսկ բանալին ափիս մեջ եմ սեղմել...

 

Վանա ծովի անուրջներում ուրվապատկերն է Սուրբ Խաչի'
շրջված տեսքը ջրերի մեջ արտացոլված. 
խաչակնքում եմ ու նայում գմբեթին' երկնքում լույսի հետ նույնացած:
«Հա՞յ ես»: Շրջվում եմ: Քուրդ Ասլոն է' շիկակարմիր ձի հեծած:
Հաց է կիսում ինձ հետ ու կաթ հյուրասիրում ընտանեկան սեղանի շուրջը:

 

«Սա քո նախնիների տունն է: Երբ գնացին, մենք ենք ապրում այդ օրից»:
Քայլում է Ասլոն խորքի սենյակը ու ձեռքին բերում է մի հին գիրք:
«Ձեր լեզվով ու ձեր Աստծու պատկերով է. այստեղ ենք գտել»:
Կաշեպատ կազմով Աստվածաշունչն է' իմ նախնիների գրչով գրված 
և էջ առ էջ ծաղկած. «Ու թե մի օր դառնաք' ձեր տունն է ու ձեր գիրքը»:

 

Ասլոն ներս է քաշում դառնությունը ծխամորճի ու ձեռքը դնում հացին. 
«Մերոնք օգնել են ձեզ, թաքցրել' վտանգելով կյանքը, 
հետո գիշերով հանել են ճանապարհ, որ անվնաս փախչեք»: 
քուրդը նայում է պատուհանից երևացող արևախանձ դաշտին 
և ասում. «Թուրքերի մեջ էլ եղան, որ օգնեցին. 
շատերն էին ուզում, բայց վախենում էին»: 
Ես հիշեցի Նոր Մալաթիացի 82-ամյա Գրիգորին, 
ով ամառնամուտի մի երեկո Երևանում ինձ պատմեց. 
«Գիտե՞ս, հորս փրկել է թուրքը և մի քանի տարի պահել իր տանը: 
Իսկ տարիներ առաջ մի զբոսաշրջիկ ինձ գտավ' տալով հորս անունը: 
Այդ նույն թուրքի տղան էր: Հիմա նամակներ ենք գրում իրար»:
Ասլոն նայում է հացի սեղանին ընկած արևի շողին 
և դարի չափ երկարած օրվա ժամը որոշում. 
«Հարևանս թուրք է, քո տարիքին: 
Գնամ' կանչեմ. դուք պետք է խոսեք»:

 

աշխարհամարտ տեղահանություն բնաջնջում մեծ եղեռն 1. 500 000 կորուսյալ հայրենիք մշակույթ քաղաքակրթություն տնտեսություն 1915-1923 ավերում ամայացում 100-ամյա օտարում ավետյաց երկիր բիայնիլի ուրարտու տուշպա քաղաքն շամիրամա երվանդավան մեծ հայք տոսպ վան վասպուրական ապրիլի 24 ծպտված հայեր դավանափոխություն ինքնուրացում մայրենիի մոռացում վերադարձ մերձեցում արմատներ արյունակիցներ պապենական տուն վերընձյուղում

 

Կանգնել ենք՝ մարդն ու անցյալը' 
միմյանց հայացքի մեջ լցված.
երկնքում է իմ երազը, իսկ ես 
երկրի խոռոչներին եմ խոնարհվել:
Չգիտեմ, թե ի՞նչ հնարով փակեմ 
վերջին էջը քաղաքի պատմության,
և մատյանը առհասարակ:

 

Ոտքս վստահ եմ դնում հողին,
որ իմ նախնիների քրտինքով, 
լույսով ու երազով է շաղախված,
և Անթեի պես հողից եմ առնում իմ ուժը:
Վերադարձի լույսը արևի պես է կոպերիս տակ.
թիկունքով եմ կանգնել Արարատին,
բայց ափիս մեջ բանալին է:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica