close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ծարավ ենք, երեխանե´ր…

Թուղթուգիր

15 Ապրիլի 2014, 14:31
 Մենք ծարավ ենք, երեխանե´ր…

Ժամանակը, որ մեր աչքի առաջ է միշտ, ես հիմա անվանելու եմ կիրառական, ի տարբերություն մյուս՝ հավերժական ժամանակի, որին հիշում, որը տեսնում են բանաստեղծությանն առնչվելիս միայն, որովհետեւ նա ներկայանալու, հենց լինելու այլ եղանակ չունի էլ: Բանաստեղծություններն, իրենց հերթին, շատ չեն լինում, բայց նրանք, որոնք լինում են, պայմանավորում են որեւէ կիրառական ժամանակի գոյության հնարավորությունն իսկ (ամենակարճ գոյությունը նույնիսկ  կարելի է միայն հավերժի մեջ): Այսպես է, որ դեռեւս շարունակություն կա:


Ելնելով ասվածից՝ ասեմ նաեւ, որ «գրելու տարեթիվ-ժամանակ», «գրական պրոցես» եւ նման այլ հասկացություններն այստեղ սովորական եղանակով չեն աշխատի: Որովհետեւ Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը ոչ հին է, ոչ նոր, այլ… չեմ հիշում նման բնորոշում, ուստի՝ արարչա-վաղնջական…

 

Վաղնջականը գոնե փորձեմ բացատրել: Այսպես. Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը հազվադեպ պատահողներից է: Ունենք նաեւ այն իմացումը, թե բանաստեղծը մի քանի ուրիշ բանաստեղծների ջանքի «արդյունքն» է: Ժառանգորդությունը՝ ժառանգորդություն, բայց բառ առ բառ, տող առ տող ղողանջող մի «աննմանություն» անընդհատ հուշում է, որ այն աղբյուրը, որից ջուր են խմել այս տաղերը, Կաթնաղբյուր է եղել. տվյալ դեպքում դա ոչ թե արդեն բանաստեղծված, այլ դեռեւս աշխարհի անվանումով զբաղ՝ աշխարհը փաղաքշող Լեզուն է. արարման ջանքի գոլորշին չափազանց է զգալի…

 

Խոսքիս վերնագիրը Ա. Վարդանյանի «Հայոց այբուբեն» բանաստեղծությունից է:

Կրկնում եմ՝ Մենք ծարավ ենք, երեխաներ… 


Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

«Ելք երկրից» ժողովածուն Աղվան Վարդանյանի մոտ 20 տարի տևած բանաստեղծական բացակայությունը կրկին վերածում էբանաստեղծական ներկայության: Ընդ որում` անհրաժեշտ ներկայության: Նրա` զվարթ հայերենի, խաղաղ ռիթմերի մեջ պրկված նյարդային-ազդեցիկ խոսքը մեր դժվար ժամանակների ճշգրիտ արտացոլումն է: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Խմբագիր`Հակոբ Մովսես: Ձևավորումը`Սամվել Փարթամյանի: Գրքում օգտագործված են դրվագներ Էդուարդ Խարազյանի «Ձորաղբյուր» կտավից:

Ներկայացնում ենք մի քանի բանաստեղծություն գրքից:                                                

 

ԱՍՅԱ ՀՈՐԱՔՈՒՅՐԸ

(Ախալքալաք: Մաջադիա)

 

Նա դուռը բացեց ու հեծկլտաց,

Նա ընկերոջս վզովն ընկավ,

Խոսեց-հարցըրեց-գնաց-եկավ,

Նայեց մեզ, ուրախ-տխուր ժպտաց:

 

Սեղանը առատ` կաթ ու մածուն,

Պանիր ու կարագ ու մեղրահաց,

Մենք ուտում էինք կամաց-կամաց`

Փառք տալով հողին, ամենեցուն:

 

Կերանք, խմեցինք, կողքի ընկանք,

Ծխեցինք երկար, ծույլ լռեցինք,

Ասացինք` էս օրն ավարտեցինք,

Ելնենք-պառկենք, որ ծեգին գնանք:

 

Նա մեզ ջուր բերեց, գիշեր բարի

Մաղթեց, դուրս ելավ կեսգիշերով,

Ու մենք քնեցինք անուշ քնով`

Կարոտելով մեր սիրածներին:

 

Արթնացանք, իրար քիչ ձեռ առանք,

Դուրս թռանք, փութով լվացվեցինք...

Նա տուն էր դառնում ժամը վեցին`

Ցեխոտված բահը ուսին առած:

 

- Արտը ջրեցի գիշերն,- ասաց,-

Էս երեք օր է` աչք չեմ փակել,

Ախր, էս ո՞ւր եք հագել-կապել,

Ախր, շատ շուտ եք գնում,- ասաց:

 

Ու սեղան բացեց: Հեռու կանգնել,

Նա մեզ էր նայում լուռ գոհությամբ:

Հետո համբուրեց, ճանապարհեց`

Աղավնիների ուղեկցությամբ:

 

 ԴԻԼԻՋԱՆ-85

 Գարուն: Առավոտ: Օդն` անմահական:

Եվ թռչունների հանճարեղ համերգ:

Ծանր գլուխս սեղանին հակած`

Ընկած եմ ծարավ, աչքերիս դեմ` մեգ:

 

Որ մանրանկար համերգ է դրսում,

Չեմ զգում` գիտեմ դեռ մանկությունից,

Իմ սափորի մեջ ավեր է ու սուգ,

Այս առավոտը չի մոտենում ինձ:

 

Երեկվա մեջ եմ, դժվար մի ճիգով

Ջանում եմ մաքուր երազս հիշել,

Սակայն շարվում են դառը զուգերգով

Հայացքիս առաջ դատարկված շշեր:

 

Մեկը իջնում է ուռած աչքերով,

Ուզում է կորչել դաշնամուրի մեջ,

Տարուբերվում է պատկերը մերոց`

Թռչող ափսեներ, մաղձ, կռիվ ու վեճ:

 

Մեկը ուզում է հեռանալ-գնալ,

Անտառի խորքում փոխարկվել խոտի,

Սակայն ասում է` քիչ էլ դիմանամ,

Քիչ էլ դիմանամ, կըելնեմ ոտի:

 

Թափված սեղանին և սեղանի տակ

Զինվորներ, փղեր, թագուհի, արքա,

Եվ ես ըմբռնում, տեսնում եմ հստակ,

Որ արդեն չունեմ ոչ մի կարգին քայլ:

 

Ախ, իմ թռչուններ, գարուն, առավոտ,

Ինձ համար համերգն այս չկայացավ`

Դարձյալ ընկած եմ ծարավ ահավոր,

Անառակ, անբան, անզգայացած:

 

 

ԱՅՆ ԱՓ

 Երկիրն է այս: Էլ բան չկա`

Մռայլուրախ, պարզամթար`

Վերջին քայլով բացակայեմ

Էջմիածնի պատերի տակ:

 

Նախիջևան - Էջմիածին

Ընթացքից վերջ լույսս խավար

Ճեղքված քարից ակունք կտա,

Կդառնա սյուն վառ ու խաղաղ:

 

Ինչ երկար էր այս կարճ ճամփան

Սերերի ու կորուստների,

Նախիջևան կյանքն ինձ խփեց

Էջմիածին մահ քարերին:

 

Մի շնչելի տարածություն,

Անջնջելի մի կարճ միջոց

Ինձնից զատված բառը անցավ

Իմ ու այլոց սրտի միջով:

 

Ինձնից զատված: Այլոց միջով:

Աչքերս` խուփ, քունքիս` նշան,

Մի զվարթուն ճամփա բացեց`

Այլուրերում նախանշած:

 

Էլ բան չկա: Երկիրն է այս`

Ծնունդին ու մահին մոտիկ.

Էջմիածին սկիզբն` ի մեջ

Նախիջևան խնկահոտի:

 

 ԶԱՐՄԱՆՔ

 Իմ կոկորդը, կուրծքը, ձեռքը` թղթին դրված,

Ժամանակի շունչը անշնչելի,

Այս Հայաստան վախը` թռչունների

Առավոտյան երգին համադրված:

 

Ու դեռ` խաղաղվելու ձգտում անզսպանակ,

Ու դեռ` ղողանջելու հույսեր գունեղ...

Բայց որտե՞ղ է մահը` քառասուն հեղ

Նախորդ քառատողում ինձ ըսպանած:

 

 

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 Ո՞ւր է քո եղբայրը, Աղվա՛ն:

 

 20 ՏԱՐԻ ԱՆՑ

Պարզ բաներ միայն` խնձոր ու քար,

Աղ, թռչուն, ամառ, արյուն ու կին`

Մինչև լինելիքն ականակիր

Քեզ են վկայում անակնկալ:

 

Օդ, կրակ, ջուր, հող, երկիր ու խոսք,

Որ ասվեց-չասվեց, բայց կտևի,

Իմ վերջին քայլին կհետևի,

Երբ ես քո դուռը բախեմ վախով,

 

Բաբախեմ զվարթ, որ ինձ մնաց`

Ինչ գրել էիր իմ բիբերում,

Ես ինձ` քո շունչը, քեզ եմ բերում`

Այլևս դարձած գինի ու հաց:

 

 

 ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

 «Ասյա հորաքույրը»  - այս գործը «բերել եմ» Ախալքալաք հերթական ճամփորդությունից:

 

 «Դիլիջան-85» - գրեթե վավերագրություն է` երիտասարդ ստեղծագործողների 80-ական-ների դիլիջանյան բոհեմական հավաքներից: Չորրորդ քառատողում Հրաչյա Բեյլերյանն է, հինգերորդում` Հրաչյա Թամրազյանը, շախմատային չերևացող հակառակորդս` Վասակ Դարբինյանը: Չեն երևում, բայց կան Վրեժ Իսրայելյանը, Ռոլանդ Շառոյանը, Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արտակ Վարդազարյանը:

 

«Այն ափ» - Սանահին վանքի տապանաքարերից մեկի միակ գրությունն է:

 

«Վրեժ Իսրայելյան», «20 տարի անց» - երկարատև դադարից հետո գրված գործեր են: 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica