close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր իշխանությունը յոգայով է զբաղվում

Հարթակ

31 Մարտի 2014, 21:23
 Մեր իշխանությունը յոգայով է զբաղվում

Ըստ երեւույթին` մեր իշխանությունը յոգայով է զբաղվում: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում Սերժ Սարգսյանի արած հայտարարություններն ավելի կսազեին մի երկրի ղեկավարին, որը բուդդիստական հակումներ ունի: Նա ասել է, որ «ընդունված որոշման մասին մենք պետք է կարողանանք գրագետ ու ժամանակին բացատրություններ տալ, որպեսզի մարդիկ հասկանան որոշման կարեւորությունը»: Հասկացա՞ք: Միայն իշխանությունում են հավաքված մարդիկ, որոնք գիտեն, թե ինչ են անում: Ու շարունակում է. «Որեւէ մեկը չի խոսում գազի գնի մասին, որովհետեւ այն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որեւէ երկրի»:

 

Հիմա պատկերացրեք, թե ինչպես է Ռուսաստանը բանակցել մեր իշխանությունների հետ: Բանակցությունների ամբողջ ընթացքում եւ առ այսօր կա'մ անջատել է ամբողջ ինտերնետը, եւ մեր իշխանությունները չգիտեն, որ այդպես չէ, կա'մ մեր հետ բանակցել են «Գազպրոմ»-ի բուդդիստները: Նրանք ոչ թե բանակցել են, այլ ամեն հանդիպման ժամանակ միայն կրկնել են. «Ձեր գազի գինն ամենացածրն է»: Ու մերոնք լուսավորվել են:

 

Մի տարբերակ էլ կա՝ ստրուկը չի վիճարկում տիրոջ ասածները: Բայց, ըստ իս, մազոխիզմ է այդպես մտածելը, ինչպե՞ս կարող են իշխանությունում ստրուկներ աշխատել: Յոգան ու ստրկությունն իրար հետ չեն խոսում: Կամ՝ ստրուկը յոգայով զբաղվելու ժամանակ չունի: Ստրուկը չի վիճարկում, բայց հո աշխատո՞ւմ է: Դուք գիտե՞ք մեր իշխանությունում աշխատող կես մարդու: Ես չգիտեմ: Հետեւաբար, մնում է միայն յոգայով զբաղվելը: Այլապես, ո՞ր մի խոտի մտքով է անցել, թե կարելի է 40-45 տարով փող վերցնել սեփական քաղաքացուց ու մտածել, որ դա լավ է:

 

Երբ Աստված արարում էր երկիրը, մտածում էր, «որ լավ է»: Մարդուն ստեղծելիս էլ, ոչ միայն մտածեց, այլեւ տեսավ, «որ լավ է»: Աստված չվիճարկեց, որ էդ լավի մեջ կարող են լինել մեր իշխանությունները: Ինքը գիտեր, որ մարդը լավ է: Էդ թող մարդիկ վիճարկեն՝ լա՞վ է, երբ քեզ ասում են, որ Հայաստանի գազի գինն ամենացածրն է, ու դու գլուխդ ես տմբտմբացնում: Աստված որեւէ մեկի հետ չէր բանակցում մարդուն ստեղծելիս, որովհետեւ գիտեր, «որ լավ է», եւ վերջ: Չկար մեկը, ըստ Աստվածաշնչի, ում հետ Աստված կարող էր վիճարկել մարդու լավ կամ վատ լինելը: Ինքը մարդ էր ստեղծել, որը կարող է վիճարկել, որովհետեւ Աստված չէ: Այստեղ ծագում է մյուս հարցը, եւ այս մասին թող մեր եկեղեցին մտածի՝ իսկ ո՞վ է ստեղծել մեր իշխանություններին: Ասում էին, չէ՞, 5 տարի գազը չի թանկանա: Կես տարի էլ չկա, որ ասում էին: Կես տարին չի լրացել, լսում ենք, որ «գազը կթանկանա տարեկան մինչեւ 5 տոկոս»:

 

Ինչպես, հավանաբար, հասկացաք, այս երկրում ցանկացած հայտարարություն իշխանությունն անում է այն տրամաբանությամբ, որ այդ պահին բոլորն արդեն հարբած են Ամանորի շրջանակներում կամ «բան է՝ ասում ենք»: Կամ իրենք են խմած բանակցությունների ընթացքում: Ընթացքում կամ մեզ իրավիճակը ներկայացնելիս: Կարեւոր չէ՝ այս իշխանությունը ժողովուրդ չունի, երկիր չունի: Որովհետեւ ընտրված չէ: Այստեղ ամեն ինչ տեղն է ընկնում: Եթե ընտրված չէ, ինքն իր խոսքերի համար պատասխանատու չէ, եւ այստեղ կապ չունի ո'չ յոգան, ո'չ օղին, ո'չ էլ քրեական անպատասխանատվությունը: Մեր իշխանության մենթալիտետն է քրեական: Նրանց յուրաքանչյուր օրը նախ հակակրթական է՝ հաջորդ բոլոր իշխանությունները կարող են մտածել, որ երկրի հանդեպ անտերության զգացումն անպատժելի է: Իսկ արտագաղթի «փիլիսոփայության» մեջ իրականում ի՞նչն է ընկած: Հենց սա՝ գնանք այնտեղ, որտեղ մենք չենք նվաստանա իշխանության անպատժելիությամբ, որովհետեւ դա մեր իշխանությունը չէ: Մարդիկ այստեղ չեն ուզում «վայելել» իրենց անզորությունը, գնում են այնտեղ, որտեղ «օրինաչափ» է հայ չլինելը, որտեղ Հայաստան չկա: Գնացող մարդը սրանց անմահ է պատկերացնում: Ահա, թե ինչն է ընկած արտագաղթի հիմքում: Գնացող մարդը սրանց «յոգայի» զահլեն չունի: Նրանց մեջ խարխլվել է իրենց քվեի ու իշխանության միջեւ կապը, դրանք այլեւս նույն բանը չեն, քանի որ երբեք էլ նույն բանը չեն եղել: Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս է ոչնչանում Հայաստանը՝ մարդու եւ իր քվեի անկապությունից: Գնում են այնտեղ, որտեղ քվե չկա:


Սեյրան Հանոյան


Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica