close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրիկ քվեի վերջը

Հարթակ

15 Մարտի 2014, 13:15
 Ջրիկ քվեի վերջը

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչներն ասում են, որ 98 տոկոս քվե են տվել Սերժ Սարգսյանին, բայց նա իրենց բանի տեղ չի դնում: Գյուղացիներն ուզում են ասել, որ իրենք քաղաքացի են, կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, գյուղում քվե չի կեղծվել: Եվ հիմա, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, գյուղի մոտերքում ՀԷԿ են կառուցում, որպեսզի «դժվարացնեն գյուղի հողատարածքների ոռոգումը»:

 

Գյուղացիներն, իհարկե, չգիտեն, որ 98 տոկոս քվեն լեգիտիմության հենց այն աստիճանն է, որը հնարավոր է մաշել գրեթե ցանկացած ապօրինությամբ, և չեն կարող իմանալ, որ 98 տոկոս քվեն հենց նրա լեգիտիմության բացակայությունը մատնող քվեն է: Որովհետեւ 98 տոկոս քվե հավաքում է ոչ թե նախագահը, այլ բռնապետը: Եթե մի ամբողջ գյուղի գրեթե 100 տոկոսն իր ներսում քաղաքական բազմակարծություն չունի, քաղաքական քննարկումների հարթակ չունի, Սերժ Սարգսյանն այնտեղ 150 տոկոս քվե էլ կարող է հավաքել ու չսխալվել: Այսինքն` տարօրինակ ոչ մի բան չլինի դրա մեջ:

 

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները փաստում են ոչ թե այն, որ իշխանությունը հիմքից է ապօրինի, այլ այն, որ իշխանությունը ձեւավորվել է օրինական հիմքերով ու հիմա օրինական քայլեր չի անում: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները գյուղացու բարեսրտությամբ իրենց թույլ չեն տալիս հաշիվ պահանջել ապօրինի իշխանությունից, նրանք այդ իշխանությանը դարձնում են օրինական, որպեսզի իրենց պահանջը լսելի դառնա: Նրանք, հավանաբար, ազդվել են Թեղուտի կամ 100 դրամ ուղեվարձի հաջողություններով: Կարբեցիները չեն էլ ենթադրում, որ եթե իշխանությունն իսկապես իրենց գյուղում ստացած լիներ 98 տոկոս քվե, ուրեմն Երեւանում մինիմում 55-60 տոկոս քվե կունենար: Ու եթե իշխանությունն իսկապես ստացած լիներ այդքան քվե, ոչ մի քաղաքացիական շարժում Թեղուտում եւ 150 դրամ ուղեվարձի դեմ պայքարում մեկ լումայի արժեք ունեցող հաջողության հասած չէր լինի: Կարբեցիներին գոնե մեկն ասած կլիներ` լեգիտիմությունը հենց այն բանի համար է, որպեսզի դուք ձեր գյուղում նստեք, իսկ իշխանությունն անի այն, ինչի համար քվե է ստացել:

 

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում այդ ՀԷԿ-ի մասին խոսք չկա, թեպետ, ընդհանուր առմամբ, խոսք կա ՀԷԿ-երի մասին: Եթե դուք սրան 98 տոկոս քվե եք տվել, ինչո՞ւ չեք ենթադրում, որ դուք քվեարկել եք հենց ձեր գյուղի հողատարածքների ոռոգման ջրից զրկվելու օգտին: Ո՞վ ասաց, որ, ՀԷԿ-երի ավելացում ասելով, Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Արաքս կամ Քուռ գետերի վրա կառուցվելիք ՀԷԿ-երը: Ըստ իս` Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրից մեկ միլիմետր շեղում չի անում, նա իսկապես ՀԷԿ-երի շինարարությամբ է զբաղվում, ինչպես խոստացել է իր նախընտրական ծրագրում, հարցն այն է, թե ինքն ինչ է նկատի ունեցել` ՀԷԿ-երի շինարարություն ասելով: Հարցն այն է, թե ինչո՞ւ ոչ այնքան ջրառատ Հայաստանում ոչ մի գյուղացի նրան չի հարցրել, թե ո՞ր գետերի հաշվին է նա ուզում զարկ տալ ՀԷԿ-երի շինարարությանը: Եվ ինքն էլ գուցե ասեր Արաքս եւ Քուռ գետերի կամ Վիկտորիա ու Նիագարա ջրվեժների հաշվին ու հանգիստ ստանար իր 98 տոկոս քվեն: Բայց դուք նրա նախընտրական ծրագիրը չեք բացել, հարցեր չեք ունեցել ու հիմա դժգոհում եք, որ ձեզանից 98 տոկոս քվե ստացածը ձեզ մարդատեղ չի դնում: Ոչ ոք նրան չի ասել, որ նախագահ է կարգվում մարդուն մարդատեղ դնելու համար, մարդատեղ դնում են մերձավորին, դուք մերձավոր չեք, ինքը ձեր աչքերի մեջ չի նայում, ինքը ձեր աչքերի մեջ փող չի շոշափում, իսկ ՀԷԿ-երի շինարարությամբ այդ փողը շոշափվում է: Հետեւաբար` ձեր հարցերը լուծելու եք, անկասկած, քաղաքացիական կամ քաղաքական շարժումների միջոցով, բայց ոչ` Սերժ Սարգսյանին ապավինելով:

 

Բայց հաջորդ անգամ ուշադիր եղեք` ձեր պատկերով եւ նմանությամբ մեկը չի կարող 98 տոկոս քվե հավաքել, ով էլ որ նա լինի: Որովհետեւ 98 տոկոսը ջրիկ քվե է, եւ ջրիկ քվեի վերջը ձեր տեսակետը եւ հողատարածքները շրջանցող ՀԷԿ-երի շինարարությունն է:

 

Սեյրան Հանոյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica