close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավոտ շուտ, լույսին բարեւ չտված, բողոքելը մեղք է

Հարթակ

26 Փետրվարի 2014, 13:38
 Առավոտ շուտ, լույսին բարեւ չտված, բողոքելը մեղք է

Առավոտ շուտ, լույսին բարեւ չտված, արդեն փչացնում ենք օրը: Հասարակական տրանսպորտից առանց ականջակալների առավոտյան օգտվելը դեպրեսիայի բուն է: Մտնում ես տրանսպորտ ու… ու սկսվեց` բողոքում են` իրենց խոսքը գետնին տվող հարսներից, փնթփնթան սկեսուրներից, տանը մնացած տալերից, պարապ-սարապ, իրենց հաշվին ապրող տեգրերից, իրենց մեջքին չկանգնած ընկերոջից, իր ծնունդին չգնացած ու գնացած, բայց անկապ նվեր տարած ընկերուհիներից, իրենցից լավ ապրող հարեւաններից, բարեկամներից` անվերջ լացող, ու Աստծուց, որ բախտ բաժանելուց մոռացել է թակել իրենց դուռը:

 

Պապս առավոտները չէր խոսում, ասում էր` լույսի դեմ բառեր մի շպրտեք: Գնում էի, նստում գիրկն ու սկսում «ինչո՞ւ»-ներից տարափն այնքան ժամանակ մինչեւ հոգնում էի ու պապիս հետ լռում: Պապս զարթնում էր թե չէ` գնում էր պարտեզ` լույսին բարի լույս ասելու, մինչեւ լույսին շնորհակալություն չհայտներ, որ այդ օրն էլ իր համար բացվեց, օրը չէր սկսում:

 

Առավոտ շուտ, լույսը նոր տեսած, բողոքելը մեղք է: Բողոքելը մեղք է նաեւ կեսօրին, երբ օրը որոշում է շարունակվել, այլ ոչ թե մնալ առավոտվա մեջ, իսկ գիշերը, գիշերվա լռության մեջ, երբ ձեզ բախտ վիճակվեց ապրել մեկ ամբողջ օր` բողոքելն ուղղակի հանցագործություն է: Առավոտ շուտ բողոքելը մեղք է, կրկնակի, եռակի մեղք /առավոտը, որը կեսօր եւ գիշեր է ծնելու/. առավոտը որքան շարունակություն, այնքան էլ սկիզբ է, միգուցե սկիզբը բողոքով որ չսկսենք, շարունակությունը խաղա՞ղ կանցնի: Միգուցե երեկվանը թողնենք երեկի տիրույթում ու այս օրը, այս օրվա լույսն ընկալենք որպես սկիզբ:

 

Գրողը տանի, չէ՞ որ ձեր աղջիկը, տղան, մայրը, հայրը հարս, սկեսուր, տալ, տեգր, հարեւան ու բարեկամն են ինչ-որ մեկի. այդ ինչպես ստացվեց, որ ձեր աղջիկը լավ հարս է /փոխարենը նրա սկեսուրն է վատը/, իսկ ձեր հարսը վատն է /փոխարենը ձեզ նման ոսկե սկեսուր ունի/:

 

Առավոտը, լույսը բողոքով սկսելը քաղաքականության, տնտեսական ու սոցիալական վիճակի հետ, կներեք, բայց ամենեւին էլ կապ չունի: Ու ոչ էլ կներեք, որովհետեւ առավոտը բողոքով սկսելու ու իմ օրը փչացնելու իրավունք չունեք: Առավոտը բողոքով սկսելու միակ մեղավորը դուք եք, ես` բողոքողներս: Այն, որ հարս ու սկեսուր, ընկեր-ընկերուհի իրար հետ լեզու չեն գտնում եւ օրվա մեծ մասն անցկացնում են բողոքելով ու բամբասելով, պետական այրերը մեղավոր չեն, եւ ձեր երազած եվրոպաներում էլ մարդիկ երջանիկ են ոչ այն պատճառով, որ հարուստ են. յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով, թեթեւ են ապրում, նրանց չի հետաքրքրում` տեսնես հարեւանն ի՞նչ կմտածի, եթե ես ուշ ժամին եւ տաքսիով տուն գնամ:

 

Բողոքում ենք բոլորից. վաճառողները, մատուցողները, բժիշկները, վարորդները` բոլորը, բոլորը վատ են աշխատում` ասում ենք ու մոռանում, որ իրենք էլ մեզնից մեկն են, իրենք էլ են օրը սկսում բողոքով, իրենք էլ այցելուից են դժգոհ:

 

Ես` քաղաքի ձայները /այո, թեկուզ` անմարդկային աղմուկը, բարձր ազդանշանը, հարայ-հրոցը, երեխաների լացը/ սիրողս, վերջերս սկսել եմ ականջակալների հավաքածու ունենալ, որովհետեւ, հավատացեք, ինչ այնքան էլ հետաքրքիր չէ, թե երեկ ձեր հարսը երեխային լողացնելիս երկար, թե կարճ սրբիչով է սրբել, ձեր սկեսուրը ճաշի մեջ սեւ, թե կարմիր պղպեղ է լցրել, ձեր տեգրը «Հարազատ թշնամի՞ն», թե՞ «Անցյալի ստվերներն» է նախընտրում նայել, ձեր հարեւանի աղջիկը Արտուշի՞, թե՞ Արտաշի հետ է ընկերություն անում, ձեր բարեկամը կե՞ս միլիոն, թե՞ մեկ միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, եւ, վերջապես, դուք երե՞կ, թե՞ կես տարի առաջ գնած զգեստն եք հագել. ինձ ձեր լռությունն է հետաքրքրում:

 

Կարինե Հարությունյան

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica