close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենասիրության վերջին հանգրվանը…

Միտք

10 Փետրվարի 2014, 16:16
 Հայրենասիրության վերջին հանգրվանը…

Ի՞նչ է հայրենասիրությունը, և որտե՞ղից այն կարելի է ձեռք բերել: Կամ' ինչո՞ւ են հաճախ «հայրենասիրություն»  բառը օգտագործում մարդիկ, ովքեր ավելի շատ անհայրենիք են, չունեն հայրենիքի ընկալման բանաձևը:

 

Լուսահոգի Մովսես Գեորգիսյանը մերժում էր «հայրենասեր» ձևակերպումը: Նա հաճախ էր շեշտում, որ ինքը հայրենապաշտ է, այլ ոչ թե հայրենասեր: 

 

Հայրենապաշտությունը վախեցնող բնորոշում է, իսկ «հայրենասերը»  անսեռ մի բան է: Հիմա ում հարցնես, կասի'  հայրենասեր եմ, առանց հասկանալու, թե ինչ է հայրենասիրությունը:  Իշխանավորն էլ է հայրենասեր, գողն ու ավազակն էլ: Թուրքիա չմեկնող և Երևանյան լճի կամրջին գիշերը կանգնող մարմնավաճառն էլ է հայրենասեր, օրեցօր սնկի պես աճող մոթելների տերերն ու այնտեղ գրանցված գիշերային թիթեռնիկներն էլ: Անկասկած, Գալուստ Սահակյանն էլ է հայրենասեր, Էդիկ  Շարմազանովն էլ: Այն պաշտոնյան, ով  իր ծննդկան կնոջը տեղափոխում է ԱՄՆ  կամ եվրոպական որևէ երկիր, ևս հայրենասեր է: Բոլոր հայրենասերները հավասարվել են: ՕԵԿ-ն էլ  հայրենասերների կառույց է, ՀՀԿ-ն էլ: Եվ չնայած առաջինի դեպքում գաղափարախոսը Արթուր Բաղդասարյանն է, իսկ երկրորդինը' Նժդեհը, միևնույն է, երկուսն էլ հավասարապես հայրենասեր են: Իրենք են պնդում' ոչ մի տարբերություն: Իսկ արդյո՞ք հայրենասեր էր Նժդեհը: Կամ ո՞վ էր ավելի հայրենասեր' Նժդե՞հը,  թե՞, ասենք, Կասյանը: Նրանց հայրենասիրության չափանիշներն ինչո՞վ էին իրարից տարբերվում: Ինչո՞ւ գուսան Աշոտի, Ջիվանու, Շերամի, Բաբաջանյանի և մյուսների գրած երգերը հայրենասիրական չեն,  իսկ, ասենք,  «Պատրոնդաշը»  համարվում է հայրենասիրական-կատակ երգ:  Ինչո՞ւ  և ո՞ւմ թեթև ձեռքով ազատագրական -հեղափոխական երգը վերանվանվեց հայրենասիրականի, և վերջապես, ովքե՞ր են հայրենասերները:

 

Ես, օրինակ, հայրենասեր չեմ: Ես չեմ հասկանում' ինչ ասել է հայրենասեր:  Patriot-ը հասկանում եմ, ընդունում, բայց հայրենասերը' ոչ, որովհետև դրանք տարբեր բաներ են: Ռուսի  կամ եվրոպացու  «patriot»-ը հայի  «հայրենասերը»  չէ  և չի կարող լինել: Հայի «հայրենասերը»  ուզում է դառնալ   պատգամավոր, մարզպետ, թաղապետ, նախարար ոչ նրա համար, որ ծառայի  ժողովրդին, այլ, որ «քամի»  ժողովրդին: Եվ հիմնականում նման մարդիկ են հայրենասիրությունից խոսում, ձմռանը' խաշի սեղանի շուրջ , ամռանը' որտեղ պատահի: Հիմա հայրենասեր լինելը մոդա է, և ոչ ոք չի մտածում հայրենապաշտության մասին: Որովհետև «հայրենասերը»  չպարտավորեցնող տերմին է, իսկ «հայրենապաշտ» լինելու դեպքում ստիպված ես պաշտել, արարել, կռվել, պայքարել և, ամենատհաճը, մեռնել` հանուն հայրենիքի:

 

Ահա, թե ինչու են շատացել հայրենասերները, ովքեր, այդ բառի տակ տապ արած, ոչնչացնում են հայրենապաշտությունը' այն վերածելով հայրենասիրության, իսկ, ինչպես ասում են, «սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է»

 

Ի դեպ, Նժդեհը հայրենապաշտ էր: Տեսնես մերօրյա հայրենասերները գիտե՞ն...

 

Հարություն Հարությունյան


yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica