close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Անտաշյանի նոր՝ ″Ծիլի-Ծով″ գրքի շնորհանդեսը

Թուղթուգիր

8 Փետրվարի 2014, 12:21
 Կարեն Անտաշյանի նոր՝ ″Ծիլի-Ծով″ գրքի շնորհանդեսը

«Անտարես» հրատարակչությունը հրավիրում է մասնակցելու հայ ժամանակակից բանաստեղծ Կարեն Անտաշյանի նոր՝ «Ծիլի-Ծով» գրքի շնորհանդեսին, որը կկայանա փետրվարի 15-ին` ժամը 16-ին, «Ականաթ» մշակութային ակումբում (Կողբացի 28): Միջոցառման ֆեյսբուքյան խմբին կարելի է միանալ այս հղումով:

 

Հեղինակի նախորդ երկու գրքերի պես «Ծիլի-Ծովը» նույնպես ներկայանում է մեկ ընդհանրական գաղափարական հղացմամբ: Լեզվական տարբեր փորձարարություններով ստեղծագործող Կարեն Անտաշյանն իր հայեցակարգը մեկնաբանում է հետևյալ բնաբանով. «Ծիլի-Ծովը կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Ծիլի-Ծով մետաֆորը սահմանում եմ իբրև մեռելների լուծվող հիշողությունն ու ապրողների շարունակելի-ընդհատական վարքը ջրածին կենսոլորտի ամբողջության մեջ: Կյանքի ինքնարարումը ջրից՝ նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը՝ իրականություն հրահրող հմայություն»:

 

Գիրքը ներառում է որոշակի հաջորդականությամբ դասավորված բանաստեղծություններ, երազահաններ և հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական բանաձևերի (հմայիլ, աղոթք, կապ, պահապան, թուղթ ու գիր և այլն) և ժողովրդական խաղիկների ոճավորումով: 

 

Վաճառքում կլինի գրքի միայն 365 անվանական օրինակ՝ յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Հեղինակի կայքում գործող առցանց օրացույցից կարող եք ընտրել ձեր ուզած օրվա անվանական օրինակը և նախապես ամրագրել այն՝ շնորհանդեսի օրը համապատասխան անվանական էջանիշով ստանալու պայմանով: Շնորհանդեսի օրը գիրքը կարելի է ձեռք բերել 2000 դրամով՝ սովորական 3000-ի փոխարեն:

 

Հեղինակի մասին՝
Կարեն Անտաշյանը ծնվել է 1983թ. փետրվարի 3-ին Վանաձորում: 2009 թվականին գրող և գրաքննադատ ընկերների հետ սկսել է «Գրանիշ» գրական նախագիծը, որի գլխավոր նպատակը արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է (granish.org):
Նախորդ գրքերը՝ «Վերջից հետո - Սկզբից առաջ», 2004թ., «Անտաշատ», 2009թ.:

***

Ես մնում եմ, Երկիր

 

Սահմաններ չկան:

Սահմաններ իրո՛ք չկան,

բայց համակ օտար տարածության

մասնավոր այդ դեպքը՝

ցավացող

մարմնագույն քարերի եզերքը,

արյունատար համակարգիս է սերտաճել:

 

Մարմնիս շարունակությունն է

Երկիրը:

 

*

Ես տղավարի ուզում եմ,

որ դու մեռնես իմ տակ

անմահության հաճույքից,

հեշտանքից բառաչելով,

ջահել, ծոցդ լիքը ծաղիկ -

արնակարմիր աստղածաղիկ...

 

...անթառամների խաբկանք՝

սև քար կտրած երկիր,

ուրիշին բացվելու փոխարեն

ջահել մեռնելու վերջին առիթը

ե՞րբ բաց թողիր:

 

*

Համովս, համով հող... դամբուլի համով,

հիմա շատերն են սպառնում հեռանալ՝

զավակներդ, որ մեծացան քեզ ուտելով:

 

Դու փոքրացար, փոքրացար, գորշացար,

ծծերդ ցամաքեցին,

համովս... լեռան ժանգի համով:

 

Սովը մտածելու ժամանակ չի տալիս -

գիշերո՛վ կգնան.

չտեսնելու կտաս, մնացածին կգրկես,

տաք կպահես՝ կանցնի:

 

Հետո նամակ կգրեն ուրիշ բաների մասին

կամ փող կուղարկեն տխուր առիթներով:

 

Համովս... անմահամով:

 

*

Երկիրը գույնի գերակշռությունն է.

նվազագույնը՝ ցամաք հաց,

առավելագույնը՝ պորտը ծակ ծովատ քար -

կախի՛ր վզիցդ այլածին դևերի դեմ:

 

Բա ուրիշ ի՞նչ անես:

 

*

Ջրհեղեղները կհեղեն արյանդ ազնիվը,

արտերիդ պարարտությունը կտանեն

ուրիշ գետերի միանալ շտապող առվակներդ -

ինքնագլուխ ու բիթի,

շանթերը կխայթեն քաչալ գլուխդ,

կարկուտը կծեծի էլի էն նախածեծած տեղերդ,

միջանցիկ քամիները թռչունակ սերմերդ կքամեն

հյուսիսից հարավ շաղելով և արևելքից արևմուտք -

քեզ կմնան միայն դոդերն ու քարթուներն ինձ պես,

ում լեզվին դառն ու ժամանակավրեպ կնստի

արևապաշտ մեռելներիդ այլևս անընթեռնելի գիրը...

 

Ոտատակի մաշված քարի կենսափորձով,

«ի հեճուկս» ապրելու կամքով պնդաճակատ,

քեզ կազմողների նստակյաց էգ ու որձով -

վհա՛տ, վհա՛տ, վհա՛տ...

 

լավ, ե՞րբ է գալու քո կանաչ եղանակը:

 

*

Սրբազան մեռելների երկիր,

խնամքով մեռելապատված սարալանջերի,

մեռլակոխ այգեստանների երկիր, 

մեռելապաշտ ջահելների ու ահելների,

մեռլատնային ծիսակարգը հսկողների,

մեռելահացի ճոխը գնատատող երկիր,

մեռելոց հանգույն ապրողաց երկիր -

Մեռելաստան,

մեռնելու տեղ...

 

ապրելու տե՛ղ դարձիր:

 

 

*

Գնալ:

Գնալ՝ մնալ:

Գնալ, մնալ՝ հետ գալ:

Գնալ - գալ:

Այցելել:

 

Երկիրը

ոչ թե կենսապայման է, այլ

անպայման,

ինչպես ինձ նախընթած ամեն ինչը:

 

Ես մնո՛ւմ եմ:

Լքելն ազատվել չէ

անգամ

քարուքաքոտ երկրից:

 

Ես մնում եմ

ինձ հետ

նոր օրից:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica