close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

″Գերեզմանիա″` Հովհաննես Գրիգորյանի նոր գրքի շնորհանդեսը` վաղը

Թուղթուգիր

6 Փետրվարի 2014, 18:40
 ″Գերեզմանիա″` Հովհաննես Գրիգորյանի նոր գրքի շնորհանդեսը` վաղը

Փետրվարի 7-ին «Հայ գիրք» գրախանութ (Իսահակյան 16/ա)` Հովհաննես Գրիգորյանի մահվան տարելիցի օրը, տեղի կունենա նրա՝ հետմահու լույս տեսած գրքերի` «Գերեզմանիա» եւ «Նոր տողից»,  շնորհանդեսը:  Ընդ որում՝ «Գերեզմանիա» վիպակը լույս է տեսնում առաջին անգամ:
Միայն այդ օրը գրքերը կվաճառվեն 20 տոկոս զեղչով:

 

Գերեզմանիա

Առավել վաղ ժամանակներ

***

Առաջին տպավորությամբ հանգուցյալը 80-ից անց էր: Հետագա համառոտ զննությունից գալիս էիր այն եզրակացության, որ նա 90-ից էլ էր թերևս անց: Առավել ուշադիր ուսումնասիրությունը բերում էր այն համոզման, որ վերջինս անց էր հնարավոր բոլոր երկանիշ, եռանիշ և այլ թվերից, և ի հավելումն այդ ամենի՝ վերոհիշյալ հետազոտությունները ստիպում էին այդ ոչ առանձնապես արգասավոր գործով զբաղվողին, եթե նա նույնիսկ ամենաեռանդունն է նվիրյալ աթեիստների առաջապահ գնդում, անվերապահորեն ընդունել Աստծու գոյությունը, այլապես ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ նա կարող էր գործի գցել այդքան երկար տարիներ չգիտես թե ինչ նյութերից և ինչ օրենքներով ի մի բերված այս անհեթեթ կառուցվածքը: Հուղարկավորների ջանասեր խումբը, որը հիմնականում կազմված էր ջլապինդ, հաստ վզերով, կուշտուկուռ փորերով, անորոշ տարիքի տղամարդկանցից, շրջան գծեց արտակարգ խորը փորված փոսի եզերքով, որի կողքին գոյացած հողի պատկառելի բլրի գագաթին բազմած դագաղում հանգուցյալն այնպիսի դիրք էր ընդունել, որ կարծես թե ուր որ է ցատկելու է փոսը, եթե նրան չխանգարեր ամբողջ մարմնի երկայնքով, ծաղիկների վրա ի ցույց դրված վիթխարի թուրը, որի ծայրը դուրս էր ցցվել հանգուցյալից անհամեմատ խոշոր դագաղի ստորոտից՝ ոչ այնքան քիչ, որ հնարավոր լիներ քողարկել, բայց և բավականաչափ՝ խիստ կասկածի տակ դնելու հերոսական անցյալ վկայող միակ իրեղեն ապացույցը հանգուցյալի վտիտ մարմնին և առավել քան չարագուշակ կենսագրությանը պատկանելու փաստը:

 

«Կթռնի՞, թե՞ չի թռնի»,- երկմտում էր Ենոքը՝ շրթունքները վերջին անգամ լպստելուց հետո կլարնետը տանելով բերանը, և հենց այդ պահին տղամարդկանցից մեկը անսպասելիորեն փլվեց դագաղի վրա և վիթխարածավալ մարմնով լիովին առնելով այն իր տակ՝ մի այնպիսի աղեկտուր ու զարհուրելի բառաչով ցնցեց գերեզմանոցի գերեզմանային լռությունը, որ պատերազմի բովով անցած Ենոքը քիչ էր մնում հին զինվորի բնազդով նետվեր փոսի մեջ՝ փրկվելու ֆուգասային ռումբի վերահաս պայթյունից: Ու թեև պահն իր ձայնային նկարագրով չափազանց մոտ էր պատերազմական իրադրությանը, այնուհանդերձ պայթյուն չհաջորդեց, հետևաբար աղետ և զոհեր չեղան, եթե նկատի չունենանք մի փոքրիկ մանրամասն՝ աննախադեպ սարսափից գլուխը կորցրած Ենոքը, ամենևին չկարողանալով կառավարել իր գործողությունները, մի այնպիսի ուժով փչեց կլարնետը, որ հանգուցյալին տակն առածի բառաչն անմիջապես ընդհատվեց, և անակնկալի եկած ողբացյալը դանդաղ ոտի ելավ, հուղարկավորների շշմած և ինչ-որ կարևոր իրադարձության սպասումով լի հայացքների տակ մոտեցավ Ենոքին, հանդիսավոր շարժումով բարձրացրեց նրա գլխարկը, մի տասանոց շրմփացրեց վերջինիս արդեն ճաղատացող գլխին, ապա նույն հանդիսավոր դանդաղությամբ գլխարկը քաշեց Ենոքի մինչև քթարմատը, ողբերգա-դրամատիկ տոնով ասաց.

- Ապրես, լավ էր, տեղին ու հաջող էր, թող աշխարհն իմանա, թող այս մեռելներն իմանան, որ անբախտ հայրս հավերժի ճամփորդ է: Իսկ հիմա մի տխուր բան նվագիր, որ այսպես, տղերքով լաց լինենք, սրտներս թեթևանա, մինչև տեսնենք, թե վերջն ինչ է լինելու:

 

«Գիտե՞, թե՞ չգիտե»,- տանջվում էր Ենոքը և շրթունքները լպստելով, շփոթմունքից թե ինչից մոռանալով գլխարկը վեր քաշել աչքերից՝ նվագեց, ինչպես երբեք չէր նվագել՝ իր ցավը, կասկածները, վախը միացնելով ներկա սգավոր իրադրությանը: Դափը վեր տնկելով, համարյա լիովին ծածկելով իր ծաղկատար երեսը՝ ամեն ինչից անտեղյակ Սիրուն Գևորը երգեց.

 

Ուր ես գնում հայրիկ,

Ինձ էլ հետդ տար,

Անտեր մի թող որդուդ

Աշխարհում օտար...          

 

Հանգուցյալի անմխիթար որդին, արցունքն աչքերին, Սիրուն Գևորի ետևից ռեչետատիվով տող առ տող կրկնում էր երգը և ամեն տողի ավարտին խոցված դինոզավրի անհոդաբաշխ թնդյունով ախ էր քաշում և որպես անսահման վշտի արտահայտման ևս մի անբեկանելի նշան՝ բռունցքի կատաղի հարվածով մրճահարում էր երևի թե հենց այդ նպատակի համար կողքին պատրաստակամ կանգնած քոթուկի պես կարճ ու հաստ արարածի գլխին, որի դեմքին քսմսված երանելի ժպիտը վկայում էր, որ այս պահին նա վայելում է իր կյանքի մեծագույն, գուցե և միակ հաճույքը:

 

Ապա հաջորդեցին սրտառուչ, սգավոր ելույթները: Ենոքը հայացքը չէր կտրում Սև Արտուշի դեմքից. «Գիտե՞, թե՞ չգիտե»... Երբ բռի մեջ հազալով հանգուցյալի գլխավերևում հայտնվեց քաղաքացիական սև կոստյումով միլպետը, Ենոքը պարզորոշ տեսավ, որ Սև Արտուշի դեմքը ավելի սևացավ: «Գնա,- ատամների միջից ֆշշացրեց Սև Արտուշը:- Գնա, մի քսվիր հորս»: Քաղաքագլուխը կիպ մոտեցավ Սև Արտուշին, թեքվեց ականջին և երկար ինչ-որ բան էր փսփսում. Սև Արտուշը գլուխը կախ լսում էր: Այդ ընթացքում միլպետը քթի տակ ցավակցական կցկտուր բառեր նետեց և արագ հեռացավ: Քաղաքային օրաթերթի խմբագրի երկար ու ճոռոմ և ինչպես միշտ անհասկանալի ճառից հետո սգո հանդեսը եզրափակվեց: Հետո ամեն ինչ ընթացավ սովորական հունով, և նույն այդ ամեն ինչից երևում էր, որ այլևս ոչինչ չէր կարող խաթարել հետագա գործողությունների կուռ, մեկընդմիշտ որոշված ընթացքը: Ու օդում մարեց Սիրուն Գևորի երգի վերջին քառյակը.

 

Թանխանձում եմ քեզ,

Հայրիկ, մի գնա,

Անտեր որբի պես

Մենակ կմնամ...

 

Հայրիկը, որի դեմքից երևում էր, որ մեծագույն հաճույքով է լսում Գևորին, այնուհանդերձ որոշեց գնալ՝ ըստ երևույթին համոզիչ չգտնելով նրա առաջ քաշած փաստարկները: Ի՞նչ իմանաս, միգուցե առավել հիմնավոր պատճառներ ուներ... Երբ արդեն վրա էին տալիս դագաղի կափարիչը, Ենոքը հանկարծ նկատեց, որ հանգուցյալի հերոսական անցյալի վկայությունը՝ ահռելի թուրը, հանգուցյալի կողքից թե վրայից անհետացել է: «Պարզ է,- մտածեց Ենոքը,- Սև Արտուշը որոշել է ինքն այդ թրով գնալ այն աշխարհ»: Հետագայում Ենոքը մի քանի անգամ առիթ ունեցավ տեսնելու այդ թուրը Սև Արտուշի առանձնասենյակում՝ պատի գորգի ամբողջ երկայնքով կախված:

 

Հուղարկավորները շրջան գծելով հերթով անցնում էին Սև Արտուշի, նրա բազում եղբայրների, հորեղբայրների, քեռիների և այլ մոտ ու հեռու ազգականների կուռ շարասյան կողքով՝ հանդիսավորությամբ սեղմելով նրանց ձեռքերը և ապա օղու բաժակներից մի փոքրիկ կում անելով՝ մնացածը ցողում էին թարմ, ծաղկապատ շիրմաթմբին, և երբ այս արարողությունից հետո սգավոր թափորը սկսեց դանդաղաքայլ հեռանալ, Ենոքը, որի թոքերը դեռևս ցավում էին անսպասելի փորձությունից, իսկ ծնկների մանրիկ դողը չէր կտրվում, գործընկերներին խնդրեց, որ իրեն մեքենայում սպասեն, իսկ ինքը նստեց մի գերեզմանաքարի և կլարնետը դնելով ծնկներին՝ մշուշված հայացքը հառեց հեռացողների զանգվածեղ թիկունքներին, որոնց բոլորին էլ լավ ճանաչում էր. քաղաքը փոքր էր, և նա բոլորի տներում եղել էր՝ ուրախ և շատ ավելի հաճախ տխուր առիթներով: Կյանքում առաջին անգամ Ենոքը սարսափով մտածեց իր մենակության մասին՝ նրա ականջների մեջ, ավելի ճիշտ' ամբողջ մարմնի մեջ դեռևս թնդում էր հանգուցյալի որդու վիրավոր գազանի աղեկտուր թառանչը, որից արյան ու մահվան հոտ էր գալիս: Ինչ-որ անհասցե, կույր սպառնալիք կար այդ ոռնոցի մեջ, մեղքի ու հանցանքի, ցավի ու տառապանքի, իրար բացասող, չհամակերպվող, պատառոտող ու հոշոտող զարհուրելի խառնուրդ... Հանկարծ ինչ-որ բան հիշելով' Ենոքը ձեռքը արագորեն տարավ գլխարկին, վեր քաշեց ճակատից, զգուշորեն ու աննկատ հանեց տասանոցը և խնամքով ծալելով՝ խրեց գուլպայի մեջ՝ գործընկերների հայացքից, ավելի ճիշտ՝ մատներից հեռու: Այսօր ձրի էին նվագում, ինչպես բոլոր այն դեպքերում, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Սև Արտուշին: Իսկ այս տասանոցը հեչ, նվեր էր, հաշվի մեջ չէր մտնում: Շնից մազ պոկելու պես բան. մտածեց Ենոքը՝ շփելով ճակատը' կարծես Արտուշի մատներից սև հետքը սրբելու համար... Ո՞ւմ է պետք ինքը, դանդաղորեն մխմխում էր Ենոքը' չկարողանալով տեղից շարժվել և ընդհանրապես, ինքն ո՞ւմ է պետք: Այս օրերին, չգիտես ինչու, նա սկսել էր ավելի հաճախակի մտածել իրենից հետոյի մասին. ո՞ւմ էր մնալու Խիբարնոցում Սև Արտուշի տան նմանողությամբ սարքած վիթխարի տունը՝ ներքնահարկով, մառանով, ավտոտնակով, պարսպապատ բակով, հապա գերեզմանոցի՞նը, որը նույնպես տուն էր, համարյա թե իսկական տան չափ, բայց այն սովորական տուն չէ, հոգու տուն է, հիշատակի տուն...

 

Մշուշված հայացքով նայում էր հեռացողների թիկունքներին. Սև Արտուշի թիկունքն արդեն չկար նրանց մեջ. մերձավորների հետ նա վաղուց էր հեռացել. Նոր քաղաքի տանը հիմա նրան սպասում են քաղաքի նշանավոր մարդիկ, ուրիշ տեղերից էլ անպայման հյուրեր կլինեն, խորը հառաչեց Ենոքը, այստեղ մանր-մունրներն են մնացել, թիկունքներն ուսումնասիրելով՝ եզրակացրեց նա: Մեռելահացը տալիս է մոր գերեզմանի վրա կառուցած տանը, իսկ հորը չգիտես ինչու թաղեց այս քաղաքային պանթեոն կոչված անտերանոցում, վիթխարի դագաղով... Դե պարզ է, Սև Արտուշին վերաբերող ամեն ինչը պիտի վիթխարի լինի՝ տունը, կահ-կարասին, ասում են՝ տանը փոշոտվող դաշնամուրը ամենամեծն է հանրապետությունում, էլ չեմ խոսում շան մասին՝ հորթի չափ...

 

Երևի բարձեր էին շարել դագաղի հատակին, որպեսզի հայրը երևար, ծաղիկներով էլ քողարկել էին, լավ էին քողարկել... Տարօրինակ է, ճակատը նորից շփեց Ենոքը, ոչ մեկը Զուլումի անունը չտվեց, նույնիսկ չհայհոյեցին, բայց չէ՞ որ ամբողջ քաղաքը գիտե, շատերն են իրենց աչքով տեսել, բոլորն են խոսում, որ Զուլումն է սպանել... Հանկարծ զգաց, որ գերեզմանաքարերի արանքում թիկունքներն անշարժացան, բարձրաձայն ու անկանոն կանչեր հասան ականջին, թիկունքները խոնարհվել էին, երևի գետնին են նայում: «Փող են գտել»,- իրեն տանջող տագնապները մոռացած՝ ափսոսանքով ու նախանձով ենթադրեց Ենոքը, ոտի թռավ ու գրեթե վազքով մոտեցավ խմբին: Չկարողանալով պարզել, թե ինչ են ուսումնասիրում գետնին հակված տղամարդիկ՝ նա, զգուշորեն բոթբոթելով նրանց, քիչ-քիչ մոտեցավ իրադարձությունների կենտրոնին և ինչ-որ բարալիկ նվնվոց լսելով' հիասթափվեց՝ կատվի ձագ է: Չէ, կատվի ձագի վրա այդպես չէին հավաքվի, քաղաքում ինչն է շատ՝ կատուն... Հետաքրքրված՝ ավելի մոտեցավ. նախ նկատեց կոշիկի տուփը՝ չեխական է, առաջին իսկ հայացքով արձանագրեց նա, իսկ նվնվոցը տուփից էր գալիս: Հետո տեսավ կափարիչի կողքերից դուրս ցցված երեխայի դողդողացող, չափազանց փոքրիկ, բայց իսկական մարդկային ձեռք' բարալիկ, սպիտակ, ջղաձգորեն չռված մատիկներով... Տղամարդկանցից ամենահետաքրքասերը գետնից զգուշորեն բարձրացրեց տուփը, դրեց մոտիկ գերեզմանաքարին և դանդաղ, գրեթե երկյուղած հանդիսավորությամբ բարձրացրեց կափարիչը՝ առաջինը տեսնելով գունագեղ գոգնոցի մեջ կուլուլված, կնճռոտ ու չափազանց շարժունակ մի արարածի, որն օժտված էր նորածին կոչվելու բոլոր տվյալներով... Իսկ նորածինը, որ իսկապես չեխական կոշիկի տուփի մեջ կռնակին պառկած, վեր ցցած ձեռքերն ու ոտիկները շարժում էր ամենաանսպասելի ուղղություններով, ինչը գիտության մեջ ընդունված է բրոունյան շարժում կոչել, կարծես ժամեր շարունակ անհամբեր այս պահին էր սպասել՝ զարմանալի ճշգրիտ նշանառությամբ ու բարձր, նորածնին անվայել զորեղ շիթով միզահարեց մոտիկից զարմանքով ու տարակուսանքով իրեն ուսումնասիրող տղամարդու աչքը՝ մեծ խանդավառություն առաջ բերելով գնալով ստվարացող բազմության մեջ, և տուժածի «վախ աչքս, ես քո անտեր մայրիկը.. ոռնոցը խլացավ իրադարձությունը բարձր գնահատած անձանց՝ տվյալ վայրին անհարիր հռհռոցի զվարթ թնդյունի մեջ:

- Տղա է...

- Տղա է, բայց անտեր է...

- Անտեր է, բայց աշխույժ է...

 

«Տղա» բառի վրա Ենոքի մարմինը լարվեց, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես չանթեց տուփն ու ճեղքելով անակնկալի եկած բազմությունը՝ սլացավ գերեզմանոցից դուրս... Տեսնելով ինչ-որ տուփ գրկած, խուճապահար ու խելակորույս դեպի մեքենան սուրացող Ենոքին՝ գալիքից երբևէ լավ բան չսպասող և անցյալում որևէ լավ բան չտեսած Սիրուն Գևորն ու Փուչ Անդոն տագնապով դուրս թռան մեքենայից և դավաճանաբար անհետացան տարբեր ուղղություններով... Ենոքն իրեն նետեց «Մոսկվիչի» մեջ, դողացող ձեռքով բանալին մի կերպ խցկեց անցքը և տուփը գրկից բաց չթողնելով՝ գործի գցեց մեքենան ու սլացավ տան կողմը՝ գրեթե աղոթքի պես շշնջալով ամբողջ ճանապարհին. «Ես անտեր, դու անտեր, Աստված մեզ տեր...»:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica