close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրապետության հիմնադիրը

Թեմա

29 Հունվարի 2014, 08:55
 Հանրապետության հիմնադիրը

1919թ. հունվարի 29-ին վախճանվեց հայ ժողովրդի մեծանուն զավակներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը (Սարգիս Հարությունի Հովհաննիսյան): 1879թ. մարտի 19-ին Ղարաբաղի Շուշի քաղաքում ծնված Արամը 1890-ական թթ. երկրորդ կեսին անդամագրվելով հայ ազատամարտի առաջատար ուժ ՀՅ դաշնակցությանը՝ իր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեց հայ ժողովրդի ազատության և անկախ պետականության վերականգնման վեհ  գործին:

 

Ազատագրական շարժման մեջ իր գործունեության առաջին իսկ օրերից նա աչքի ընկավ մեծ եռանդով, քաղաքական հասունությամբ, կազմակերպչական բացառիկ տաղանդով: Արդեն Կարսում (1903-1904թթ.) իր այդ որակների շնորհիվ նա ձեռք բերեց մեծ հեղինակություն, իսկ 1905թ. նրան վստահվեց ՀՅԴ Վանի նահանգի կառույցի և ազատագրական գործի ղեկավարությունը: Նրա հայացքներն ազատագրական շարժման վերաբերյալ, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերն աչքի ընկան նպատակասլացությամբ, հետևողականությամբ ու հիմնավորվածությամբ: Արամի համոզմունքն էր. ազատագրական պայքարի դրոշ բարձրացրած հայ ժողովուրդը պետք է ապավինի սեփական ուժերին:

 

Արամի որդեգրած ուղեգիծն իր առաջին խոշոր արդյունքները տվեց արդեն 1914-1915թթ., երբ թուրքական պետությունը ձեռնամուխ էր եղել արևմտահայության ցեղասպանությանը: Սկզբնապես Արամը փորձեց թուրքական իշխանությունների հետ բանակցությունների միջոցով Վանի հայությանը փրկել ջարդերից, սակայն, երբ տեսավ, որ խաղաղ ճանապարհով դա անհնար է, կազմակերպեց և իր իսկ առաջարկությամբ ստեղծված բազմակուսակցական Հայ Ինքնապաշտպանության Զինվորական Մարմնի հետ ղեկավարեց Վանի 1915թ. ապրիլյան ինքնապաշտպանությունը: Վանի ինքնապաշտպանությունն ավարտվեց հաղթանակով, ինչի  շնորհիվ ավելի քան 150 հազար վասպուրականցիներ փրկվեցին անխուսափելի կոտորածներից:

 

Ինքնապաշտպանության հաղթանակից հետո Արամ Մանուկյանը նշանակվեց Վանի նահանգապետ: Սկսվեց նրա պետական գործունեությունը: Նահանգապետի պաշտոնում նա վեր հանեց իր կազմակերպչական տաղանդը, ազգային-պետական մտածելակերպն ու անխտրական ոգին: Արամի գլխավորությամբ Վասպուրականի հայությունը ձեռնամուխ եղավ թուրք-քրդական ավազակախմբերից նահանգի անվտանգության ապահովման, քայքայված տնտեսության վերականգնման, գաղթականության խնամքի, օրինականության և կարգ ու կանոնի ապահովման և այլ խնդիրների լուծմանը: Հաջողություններն այնքան ակնհայտ էին, որ առանց չափազանցության կարող ենք 72 օր գոյատևած Վանի նահանգապետությունն անվանել հայոց պետականության նախատիպ:

 

1917թ. վերջին ռուսական Կովկասյան ռազմաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը: Այդ  իրավիճակում՝ 1917թ. դեկտեմբերին, Թիֆլիսի Հայոց Կենտրոնական Ազգային և Հայ զինվո-րական խորհուրդների կողմից Արամը իբրև լիազոր գործուղվեց Երևանի նահանգ: Ժամանելով Երևան՝ Արամ Մանուկյանը գերմարդկային ճիգեր գործադրեց հայությանը սպառնացող նոր ողբերգությունը կանխելու համար: Նա առաջադրեց հայ ժողովրդի պաշտպանությանն ու ազատությանը միտված՝ տվյալ պայմաններում  միակ հնարավոր քաղաքական ուղեգիծը: Նա գտնում էր, որ հայությունը միայնակ է, որ ոչ ոք նրան օգնելու մտադրություն չունի, և նա պետք է հենվի իր ուժերի վրա՝ թե° թուրքական հարձակումից պաշտպանվելու և թե° երկրում կարգուկանոն հաստատելու համար:

 

Ամիսներ շարունակ Արամի նախանշած գաղափարական ու գործնական կոնկրետ ու հետևողական քայլերը, մայիսյան ճակատագրական օրերին նրա վճռական, առարկություն չընդունող դիրքորոշումը հօգուտ թշնամուն վճռական ճակատամարտ տալու և Երևանը պաշտպանելու, սթափեցրին սարսափելի վտանգից անորոշության մատնված ժողովրդին և տևական պարտություններից հուսալքված զորքին, քաղաքական ու ռազմական գործիչներին: Արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

 

Անկախության հռչակումից հետո Արամն անսպառ եռանդով լծվեց հանրապետության պետականաշինության գործին: Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն Արամը կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

 

Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների, հատկապես ՆԳ նախարարության ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններում՝ այդ կերպ մեծապես նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:

 

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև պետականաշինության գործընթացում ունեցած առաջնակարգ և վիթխարի ներդրման համար է, որ Արամ Մանուկյանն արժանացել է Հանրապետության հիմնադրի պատվանվանը:

 

Յուրաքանչյուր հայի, առաջին հերթին քաղաքական և պետական այրերի համար ուղենշային պետք է լինի Արամի գործունեությունը: Մենք պարզապես պարտավոր ենք մտապահել Նիկոլ Աղբալյանի հետևյալ խոսքերը, և համապատասխան հետևություններ կատարել. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը...»: Միայն այդ կերպ մտածելով ու գործելով կարելի է ներկայիս հանրապետությունը վերածել մեր ողջ ժողովրդի համար ընդունելի և պաշտելի պետության, և հասնել նրա ամրապնդմանն ու հզորացմանը:

 

Արմեն Ասրյան

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica