…Չորրորդ, թե հինգերորդ օրը անհույս  հիվանդը  հանկարծ խոսեց, թույլ, հազիվ լսելի ձայնով ասաց. «Ինձ գյուղ տարեք…»:

" />
close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գտած Արահետ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

11 Հունվարի 2014, 13:40
 Գտած Արահետ. Սպարտակ Ղարաբաղցյան

Քաղաքի ամենաբարձրակարգ հիվանդանոցում արտառոց եռուզեռ էր:  Հաստատություն էր այցելելու ԳԼԽԱՎՈՐԸ:  Ե՞րբ էր ժամանելու՝ ոչ-ոք չգիտեր, ինչպես չգիտենք ՀԻՍՈՒՍԻ երկրորդ գալստյան օրն ու ժամը, բայց, որ գալու էր՝ հաստատ էր… Գալու էր ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԻՆ տեսության. ցուլի պես պինդ ու առողջ այդ մարդը արևի տակ հալվող սառցաբեկորի պես օր-օրի հալվում, մաշվում էր: ԳԼԽԱՎՈՐԻ մերձավորներից էր ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԸ, էն կարգի մերձավորներից, որ հոգատարության նման վերաբերմունքի էր արժանացել ու նաև    նման այցելության:

 

Հիվանդանոցում տիրող եռուզեռը հանկարծ շփոթի վերածվեց, երբ մի քանի խոժոռադեմ մարդիկ  հայտնվեցին, որոնք ավելի շատ այլմոլորակայինների էին հիշեցնում՝ ականջակալներով, ձեռքներին  մարմրող լույսերով սարքեր: Մանրամասն տնտղեցին, ստուգեցին,   զննեցին ամեն ինչ՝ չխնայելով  նույնիսկ  հավաքարար  ՀԱՅԱՍՏԱՆ   մայրիկի  աննշան խորդանոցը, ուր մի քանի մաշված ավելներից ու հատակները փայլեցնող փալաս-փուլուսից զատ ոչինչ չկար…

 

     Հետո ցուցակով ճշտեցին, թե հիվանդանոցի բուժանձնակազմից  ում է թույլատրվում դիմավորելու  ԳԼԽԱՎՈՐԻՆ: Դե , իհարկե, հավաքարար  ՀԱՅԱՍՏԱՆ  մայրիկը այդ ցանկում լինել չէր կարող.  մեկ էլ տեսար՝ լեզվից մի բան թռցրեց, դե արի ու տակից դուրս արի:

    Խորհրդավոր ստուգումն ու զննումը անցկացնելուց հետո, խոժոռադեմ, այլ մոլորակայիններ հիշեցնողները ինչ-որ տեղ կապվեցին, զեկուցեցին ու ձիգ, անթարթ, արձանների պես ամեն մեկը մի տեղ քարացան..

 

     Բարձրակարգ հիվանդանոցի  բուժանձնակազմից ջոկած  ընտրյալներին վերջապես թույլատրվեց  դիմավորել ԳԼԽԱՎՈՐԻՆ: ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԻՆ բուժող բժշկուհին   ճեփ-ճերմակ, թափանցիկ խալաթ էր հագել, այնքան թափանցիկ, որ պարզ երևում էին ծուլ-ծուլ լինող մսագնդերն ու դրանց հազիվ զսպող կրծկալը…  Հուզված, դողացող ձայնով նա ԳԼԽԱՎՈՐԻՆ զեկուցեց կարևորագույն հիվանդի մասին ու  փորձեց արդարանալ՝ ասելով.  «Հնարավորն ու  անհնարինը արինք,  բայց…»:

 

«Արտասահման... ո՞ր երկիրը խորհուրդ կտաք»,-պաղ, հատու կտրեց ԳԼԽԱՎՈՐԸ»:

 

«Այս վիճակով նրան  չի կարելի ճամփորդել»,- հուզմունքն արդեն  հաղթահարած՝ ասաց բժշկուհին:

 

«Պարզ է, Աստծուն ապավինենք»,- բազմանշանակ ասաց ԳԼԽԱՎՈՐՆ ու  հառաչեց…:

 

     Գլխավորներն էլ հառաչել գիտեն ու մեկ-մեկ էլ ԱՍՏԾՈՒՆ են հիշում…

 

          …Նույն օրը երեկոյան ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԻՆ տեղափոխեցին քաղաքի ամենաշքեղ  առանձնատունը, որ նա կառուցել էր տվել քաղաքի ամենաաչքի ընկնող տեղում : Ոտնամուտին ամենաթանկ հյուրը ԳԼԽԱՎՈՐՆ էր ու նաև   գլխավոր ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆԸ: ՍԱՀԱԿԻՉԻ շքեղ առանձնատան տեղում նախկինում քաղաքի ամենահին շենքերից մեկն էր տիրաբար իշխել…Այն՝ որպես մատիտի մի անվարժ գիծ, որպես սխալմունք, սրբվեց քաղաքի դեմքից…

 

   …Չորրորդ, թե հինգերորդ օրը անհույս  հիվանդը  հանկարծ խոսեց, թույլ, հազիվ լսելի ձայնով ասաց.«Ինձ գյուղ տարեք…»:

 

Հարազատները հլու-հնազանդ, որպես ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՉԻ վերջին կամք՝ գյուղ գնալու պատրաստություն տեսան: Ե՞րբ էին վերջին անգամ գյուղ գնացել՝ ոչ-ոք չէր հիշում: Կորցրած հիշողության պես փնտրեցին   ու  մի կերպ գտան գյուղի տան բանալիների  խուրցը՝ ժանգոտած:  Քաղաքի շքեղ առանձնատունը ստիպել էր մոռանալ գյուղի պարզ ու հասարակ տունը, որի փակ ու սմքած դռները սարդոստայնի փառով էին  պատվել արդեն ու կքվել, խեղճացել անտարբերության, մոռացումի  բեռի տակ:

 

   ՍԱՀԱԿԻՉԻՆ ուղեկցողներից ոչ մեկը չէր հիշում գյուղի ճանապարհը, գյուղի տան ժանգոտած բանալիների  պես նրանց հիշողությունն էլ մոռացումի ժանգն էր կերել:  Երկար կգնային, թե ճանապարհին  չհանդիպեին պարկն ուսած, ոտքով գյուղ  վերադարձող 12 ամյա տղեկին. «Էս կողմերում ի՞նչ ես անում»,- մեքենայից գլուխը հանելով՝ հարցրեց  ՍԱՀԱԿԻՉԻ վարորդը:

 

«Ուրց եմ հավաքում»,-գյուղական զրնգուն ու առողջ ձայնով  պատասխանեց նա:

 

Կորսված գյուղի ճանապարհը հարցրին:

 

«Ես էլ եմ էդ գյուղից, ինձ էլ կտանե՞ք»,- շիտակ, միամիտ  պարզությամբ  հարցրեց նա:

 

 «ԱՍՏՎԱԾ ուղարկեց սրան, թո՛ղ... թո՛ղ նստի, թե չէ կկորչենք …»-ուղեկցողներից  մեկն էր ասողը:

 

       Պարզվեց, որ ճանապարհից ահագին շեղվել էին, ու թե չլիներ ուրց հավաքող տղեկը, ու՞ր կլինեին հիմա, ԱՍՏՎԱԾ գիտի…

 

…Մոռացված ու արհամարված թանկ գանձատուփի պես՝ վերջապես բացվեցին գյուղի տան դռները:   ՍԱՀԱԿ   ՍԱՀԱԿԻՉԻՆ գյուղ   գյուղ հասցրած   հարազատների և ուղեկցողների առջև մի տխուր, հոգեմաշ տեսարան փռվեց: Առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ  տեղում է, ամեն ինչ կա… Թվում էր՝ ինչպես պաշտոնական տեղեկագրում է թվում: Հոգատար ձեռքի ու մարդկային տաք շնչի կարոտից տունը  մահարձանի էր նմանվել…

 

      Խորհրդավոր, անտես մի զրույց սկիզբ առավ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԻ ու ՏԱՆ միջև, զրույց, որը  հարազատներից և ուղեկցողներից ոչ-ոք ընդունակ չէր լսելու, տեսնելու .

 

«Բարև….»,- տան ականջին շշնջաց ՍԱՀԱԿԻՉԸ:

 

«Բարով ես եկել» ,- մի քիչ նեղացած պատասխանեց  անտեսանելի մի ձայն, որ այնքան նման էր տանտիրոջ  ՍԱՀԱԿԻՉԻ հոր ձայնին...

 

   Հացատան վեհաշուք կաղնեփայտ սեղանին  փռված դեղնած ու խունացած  թերթերին ուրցի չորացած փոքրիկ բլուրներ էին, որոնց բույրը տնով մեկ տարածվել էր: Հիվանդը ափի մեջ առավ չորացած ուրցի մի փոքրիկ բաժին, տրորեց, հետո զգույշ հոտոտեց... Դեղահաբերից  հոգնած  մարդու ներսը  տակնուվրա եղավ: Կարոտած, քաղցի մատնված մարդու պես՝ այս անգամ ամբողջ ափը մոտեցրեց ռունգերին ու ագահաբար ներս քաշեց… Ինչ-որ բան խլրտաց ներսում, կենդանացավ… Ուրցի բույրը նրան ոտաբոբիկ մանկության օրերը տարան, ձյունաթագ լեռներից իջնող անապակ աղբյուրների անուշ սառնությունը հիշեցրին…

 

     Ուղեկցողներից մեկը, որ վառարանն էր վառել ու թաց, խոնավ փայտերը չորացնելու      համար խնամքով շարում էր կաս-կարմիր կտրած վառարանի տակ՝ տեսնելով ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿԻՉԻ  անհավատալի կայտառությունը, ապշահար  հարցրեց. «Էդ ի՞նչ է   ՍԱՀԱԿԻՉ…»:

 

«Ուրց...», -հետո ընդգծված  ավելացրեց,- «Սարի ուրց..»: ՍԱՀԱԿԻՉԻ ձայնը  ապրող մարդու ձայն էր:

 

   Հացատանը, կաղնեփայտ սեղանի  հարևանությամբ, մոռացումի փոշին ուսած՝ հնաոճ կոմոդ էլ կար: Դարակներին փորագրած նախշերը նրա պապի՝ վարպետ Սահակից մնացած ժառանգությունն էր: Մեջտեղի դարակը դուրս քաշելիս՝ ՍԱՀԱԿԻՉՆ ասես լսեց պապի խռպոտ ձայնն ու տեսավ նրա տաքուկ ներողամիտ ժպիտը:


Դարս-դարս շորերի արանքում Սահակիչն ինչ-որ բան էր փնտրում. գտավ՝ թավշե կարմիր լաթի մեջ  խնամքով բարուրած  ԱՂՈԹԱԳԻՐՔ էր: Ոչ մի անգամ ձեռքը չէր առել, չէր թերթել, միայն հիշում էր, որ երեխա ժամանակ մայրը այն գլխի տակ էր դնում, որ գեշ երազներ չտեսներ, չհիվանդանար…  Սահակիչը ափով հուշիկ մաքրեց կոմոդի փոշոտ հայելին:  Ծանոթ  դեմք էր հայելու մեջ, այնքան  ծանոթ ու հարազատ, որ  նա մի պահ շփոթվեց ու  ինքնաբերաբար հարցրեց. «Ո՞վ ես...»:

 

«ՔՈ Հիշողությունն եմ»,-պատասխանեց հայելուց նայողը:

 

«Անունդ ի՞նչ է»,-շշուկով հարցրեց ՍաՀակիչը:

 

«ՍԱՀԱԿ»,-ժպտալով պատասխանեց արտացոլանքն ու սարի ուրցով լցված պարկն ուսած հալվեց, անէացավ այն կողմում:

 

….Հայելու մեջինը  կեսօրին   հանդիպած  պատանու ճիշտ  նմանակն էր, որ ճանապարհը կորցրած ՍԱՀԱԿԻՉԻՆ ուղեկցող թափորին գյուղ հասցրեց, ու թե չլիներ ուրց հավաքող տղեկը, ԱՍՏՎԱԾ գիտի, թե ուր կլինեին հիմա նրանք…

 

 

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica