close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել. Հրանտ Մարգարյան

Հարցազրույց

26 Դեկտեմբերի 2013, 13:25
 Ժողովրդի համար  նախ ապրելու պայմաններ պետք է ստեղծել. Հրանտ Մարգարյան

-Պարո'ն Մարգարյան, ավարտվում է 2013 թվականը: Որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ' ամփոփելով անցնող տարին, ինչպե՞ս կգնահատեք' ինչպիսի՞ն էր այն Դաշնակցության համար:

-Գիտեք, հարցին կարելի է զանազան ձևերով պատասխանել, բայց  ամենքս էլ մարդ ենք, և չես կարող կտրվել քո շրջապատից, երկրի մթնոլորտից, որպեսզի փորձես դրական գնահատականներ հնչեցնել: Մեր երկիրը հիմա մի վիճակում է, երբ համատարած աղքատություն է, անգործություն և արտագաղթ: Հատկապես դա շատ նկատելի է դառնում  տոնական օրերին, երբ տեսնում ես, թե ինչքան կարիքավոր մարդ կա շրջապատումդ, ինչքան  ընտանիքներ կան, որ հայտնվել են լուրջ կարիքի մեջ, ինչքան կիսված ընտանիքներ կան, որ արտերկրում են, և այլն: Եվ սա, բնականաբար, ազդում է դատողություններիդ, հայացքներիդ վրա: Մարդը պետք է իր մեջ ուժ գտնի, զերծ մնա այս խնդիրներից, որպեսզի կարողանա մեկ այլ հայացքով գնահատել անցած  տարվա անցուդարձը: Ինչ վերաբերում է երկրին և ժողովրդին, պետք է ասեմ, որ լավ տարի չէր, որովհետև ոչ միայն մեր բազում խնդիրներն  ուսոցիալ-տնտեսական հարցերը չեն լուծվել, այլ ընդհակառակը' ավելի վատացել է: Լավատես լինելու համար պետք է բավական ճիգ թափես, որ կարողանաս լավատեսական գնահատականներ տալ, մի բան, որ անհրաժեշտ է, բայց այդքան էլ դյուրին չէ:

 

Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, նշեմ, որ հակառակ բոլոր դժվարություններին, ընտրությունների արդյունքում ունեցած ձախողություններին, որոնք բնականորեն վատ էին ազդել մեր կազմակերպության վրա, կարծեմ' բոլոր քաղաքական ուժերի վրա ևս, համատարած ճնշող մթնոլորտը,  որ բոլորին անկարողության մատնեց, թույլ չտալով ունենալ արդար ընտրություններ, որտեղ կպարզվեր ժողովրդի իրական կարծիքը, տեսակետը, իրական համոզմունքները, հակակրանքներն ու համակրանքները, մեզ համար արդեն անցած հանգրվան է,  և  այս  տարվա ընթացքում կարողացանք այդ փուլն անցնել:

 

Այժմ փորձում ենք մեր մեջքն ուղղել և նոր պայքարի, նոր հանգրվանի, նոր աշխատանքների ենք տրամադրված:  Այս առումով տարին սկսեցինք փակել դրական առումով, այսինքն' երկրորդ կիսամյակը մեզ համար արդյունավետ էր:

 

Հայ Դատի, մեր քաղաքական աշխատանքների առումով, կարծում եմ, դրական ձեռքբերում էր երկու կաթողիկոսների ապրիլքսանչորսյան ուղերձը, որով, փաստորեն, Հայ Դատի պայքարի մեջ բացվեց մի նոր հանգրվան, որով մենք Հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությունով սկսում ենք մեր պահանջատիրական նոր ժամանակաշրջանը: Թուրքիայում մնացած հայության բեկորների բավական լուրջ  ձգտումները  դեպի արմատները ևս մեզ համար շատ կարևոր էին: Իսկ ամենակարևորը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն էր, որ տեղի ունեցավ մեր' Հայ Դատի հանձնախմբերի տարած աշխատանքների շնորհիվ: Փաստորեն, մենք այս տարի սկսեցինք այդ աշխատանքները և արդեն առաջին դրական արդյունքները ունենք: Կարողացանք նաև Արցախի Հանրապետությունը միջազգային և տարբեր պետությունների խորհրդարանական հարթակներում որպես պաշտոնական կողմ ներկայացնել, հավասար մակարդակի հանդիպումներ կազմակերպել, որը նույնպես առաջընթաց էր: Չնայած ղարաբաղյան բանակցություններում տեղի չունեցավ որևէ առաջընթաց, բայց դրան զուգահեռ զարգացավ թե' Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը և թե' Արցախն ուղղակի կարողացավ ներկայություն դառնալ և պետական մակարդակում  առաջին քայլերն արեց միջազգային ասպարեզում: Սա, անշուշտ, մեծ ձեռքբերում էր և սկիզբն էր այն մեծ աշխատանքի, որ առաջիկայում դեռ պետք է կատարենք:


-Դուք ասում եք, որ տարին  սոցիալական, տնտեսական  առումով վատն էր, բայց իշխանության ներկայացուցիչները հակառակն են պնդում և նման գնահատականների հետ համաձայն չեն:

-Ես հեռու եմ այն մարդը լինելուց, որ կուզենամ վատը տեսնել, հակառակը' եթե լավ մի բան լինի, ես ճիգ կթափեմ, որ այն տեսնեմ: Իմ տեսակն այդ տեսակն է: Ես կարող եմ զարմանալ, եթե մեկը կարծում է, թե ինչ-որ լավ բան կա: Ես հարցի մասին խոսեցի ավելի շատ  զգացական կողմից, բայց երկրում այսօր որևէ նոր արտադրություն չի բացվել, նոր աշխատատեղեր չեն հիմնվել, տնտեսությունը կոլապսային վիճակում է: Ներդրումների առումով էլ ձեռքբերումներ չկան: Ֆինանսական կենտրոնացում կա, ինչ-որ մի շերտի մոտ երկրի ամբողջ հարստությունը կենտրոնացնելու ծրագրված աշխատանք կա, և սա ոչ թե տնտեսություն զարգացնելու, ոչ թե տնտեսական ծրագիր հաջողելու  նպատակով է, այլ ինչ որ մի արտոնյալ շերտի մոտ ողջ ֆինանսական կարողությունը կենտրոնացնելու ճիգ է: Հավանաբար, այդ շերտն է, որ լավն է տեսնում, բայց այդ շերտը այնքան փոքրաթիվ է, այնքան փոքր տոկոս է կազմում, որ հասարակական շերտ չի կարող լինել: Դա ինչ-որ խումբ է, որ համատարած բոլոր բնագավառներում սկսում է տիրակալ դառնալ, մոնոպոլիայի շնորհիվ ֆինանսական կենտրոնացում է տեղի ունենում, վերանում է միջին խավը,  և երկրի սոցիալ-տնտեսական վիճակը դառնում է հույժ վտանգավոր: Ով այլ կարծիքի է, թող մտնի ժողովրդի մեջ, գյուղ գնա, ուղիղ հարաբերվի ժողովրդի հետ... Այնքան բացահայտ է դա, որ եթե մարդ չուզենա էլ տեսնել, աչքը կմտնի, այսինքն' ուղղակի հնարավոր չէ դա չնկատել: Իսկ ամենացավալին այն է, որ որևէ ծրագիր նկատելի չէ, որ կարող է հույս ներշնչել, իսկ առանց հույսի դժվար է ապրել: Մեր կառավարությունը այնպիսի վիճակ է ստեղծել, որ այդ հույսն է վերանում, և կարծում եմ, որ առաջին հերթին պետք է սթափվեն իրենք: Չեմ ուզում հարցին տալ քաղաքական պայքարի բնույթ: Առաջին հերթին ակնկալիքս այն է, որ հենց իրենք պետք է վերանայեն իրենց մոտեցումները: Տնտեսական քաղաքականությունը պետք է փոխվի: Իրենք պետք է զգան, որ այս ժողովուրդը պետք է կարողանա ապրել այս երկրում, այլ ոչ թե մտածեն' եթե մարդիկ արտագաղթում են, ուրեմն մարդկանց հետ պրոբլեմն էլ է արտագաղթում: Արտագաղթն արդեն այն մակարդակի է հասել, որ ազգային անվտանգության խնդրի է վերածվել:

 

-Ի՞նչ պետք անել, որ նրանք դա զգան: Մարդիկ անհաղորդ են, չեն զգում, չեն ընդունում, որ վիճակը վատ է:

-Չեմ կարծում, որ չեն զգում, գուցե չեն խոստովանում: Ես կարծում եմ, որ փաստերն ամեն վայրկյան ամեն մարդու աչք մտնելու չափ ցցուն են: Չեն խոստովանում: Ինչո՞ւ: Որովհետև այլ ծրագիր չունեն, ինչն ամենավտանգավորն է:

 

- ՀՅԴ-ն այս տարի  «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծավալուն ծրագրով հանդես եկավ:  Ծրագիրը, փաստորեն, գալիս էր օժանդակելու, օգնելու իշխանությանը' այս վիճակից համատեղ ջանքերով լուծում գտնելու և դուրս գալու համար: Ի՞նչ  փուլում է ծրագիրը և ի՞նչ հետևանքներ ունեցավ:

-Այդ առումով աշխատանքները դեռ շարունակվում են; Աշխատանք, որն ինչ-որ առումով և' պայքար է, և' աշխատանք: Բնականաբար, դրա շուրջ պետք է կարողանանք համախմբում ստեղծել, քննարկում սկսել իշխանության հետ: Մենք ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր հարց իր լուծումն ունի. արտագաղթը հնարավոր է կասեցնել' արտագաղթին տոն տվող  պատճառները վերացնելով: Եվ եթե այս իշխանությունն ի վիճակի չէ ծրագիր ստեղծելու, մենք այդ ծրագիրն ենք  ներկայացնում: Մենք ներկայացնում ենք ծրագիր, թե ինչպես արտագաղթը քաջալերող պատճառները վերացնել, որպեսզի նախ թափը կոտրվի, և երկրորդ' հույս ունենանք, որ առնվազն վերջին ժամանակաշրջանում արտագաղթածները տուն վերադառնան: Երկրում ապրելու ցանկությունը բավարար չէ, մարդիկ պետք է կարողանան ապրել, այսինքն' աշխատանք պետք է ունենան, և այդ հնարավորությունը իշխանությունը պետք է տրամադրի: Իշխանությունը պարտավոր է դա անել: Եթե դու դրանից զրկում ես քո ժողովրդին, դու չես կարող լինել այդ ժողովրդի իշխանությունը, իրավունք չունես կառավարել այդ ժողովրդին: Ես չեմ ուզում ենթադրել, թե վերևներում, իշխանության մեջ  չկան մարդիկ, որ կարողանան գիտակցել սրա կարևորությունը: Վերջապես պետական անձ դառնալը փեշակ չէ, դա հարստանալու միջոց  չէ, դա պետք է լինի առաքելություն: Եվ այդ առաքելությունը երկրին ու ժողովրդին ծառայելն է: Ժողովրդի համար  նախ ապրելու պայմաններ պետք է  ստեղծել, ապա նաև' զարգացման: Եթե այս երկու պայմանները չեն ստեղծում, նշանակում է իրենք իրենց տեղում չեն, արժանի չեն ղեկավարելու այս ժողովրդին:

 

-Ուզենք, թե չուզենք, պետք արձանագրենք, որ երկրում  ծայրահեղ հուսահատական մթնոլորտ է տիրում, և ընդդիմությունն էլ, կարծես, համախմբված չէ: Մի դեպքում' հանձինս ՀՅԴ-ի ծրագրեր են մշակվում, ներկայացվում, որպեսզի երկիրը դուրս գա այս վիճակից, մեկ այլ դեպքում ընդդիմադիր զանգվածներն ավելի ծայրահեղական են տրամադրված, ընդդիմադիր այլ կուսակցություններ այլ ճանապարհ են առաջարկում, հեղափոխական կոչեր են հնչեցնում բայց  դրանք էլ  շարունակություն չեն  գտնում: Ինչո՞ւ չի ձևավորվում այնպիսի ընդդիմություն, որ կարողանա միասնական ճակատով, ծրագրով, կազմակերպված պահանջներ ներկայացնել:

-Ինձ թվում է' քաղաքական շատ ուժեր, անկարողությունից, անճարակությունից մղված, հասնում են ծայրահեղության: Երբ տեսնում են,  որ չեն կարողանում վիճակը փոխել, ծայրահեղացնում են քայլերը, բայց իրականության մեջ ծայրահեղականությունը միշտ դատապարտված է ձախողման: Քաղաքական կուսակցությունների, դրանց թվում նաև  մեր  հիմնական պրոբլեմը, ժողովրդային լայն կազմակերպվածություն չունենալն է: Այսինքն' ոչ թե պետք է սպասել, որ պոռթկում տեղի ունենա, ալիք բարձրանա, և քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից շտապեն այդ ալիքի գլուխը կանգնել, այլ պետք է կարողանան գիտակից զանգված համախմբել, կազմակերպված գիտակից զանգված ունենալ իրենց շուրջ: Միայն այդ ժամանակ է հնարավոր էական փոփոխությունների հասնել: Եթե նույնիսկ այնպես ստացվի, որ հայտնվես ալիքի վրա, և այդ ալիքը իշխանափոխության պատճառ դառնա, եթե չկա ծրագիրը, չկա ժողովրդի իրական համակրանքը, չկա անելիքի պատկերացումը, մեկ ամիս հետո այդ նույն ալիքը կբարձրանա այդ նույն իշխանության դեմ: Սա է իրականությունը: Իսկ մեր ուղղությունը, որ փորձում ենք ծրագրերով գալ, նախ ուզում ենք ցույց տալ, ասել, որ ելք կա, և միայն ատելության վրա հենված ալիքը չէ, որ կարող է իշխանություն փոխել: Պետք է ծրագիրը, գաղափարը գիտակից պայքար շղթայագծի: Ես ծայրահեղականությունը մերժողը չեմ, բայց այդ ճանապարհը կարող է չորս ամսվա կյանք ունենալ, երեք ամսվա կյանք ունենալ: Չի կարող տարիներ շարունակ երկարել: Դա է պատճառը որ շատ քաղաքական ուժեր արագ սպառվում են, անհետանում են, որ կարծես չեն էլ եղել, գոյություն էլ չեն ունեցել: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց վերջին տարիներին քանի քանիսն են այդ ալիքի վրա հայտնվել, կանգնել և հետո անհետացել: Կարևորն այն է, որ կարողանաս երկարատև կայուն ընթացք ստեղծել, որ քո ծրագրերի շուրջ կազմակերպված ժողովուրդ ունենաս: Սա դժվարին, տքնաջան աշխատանք է, մյուսը հեշտ է: Մարդը ուժ է տալիս խոսքին, կարծում է' որքան ուժեղ հայհոյի, որքան բարձր հայհոյի,  այնքան հավատ կստեղծի և իր շուրջը ժողովուրդ կհամախմբի: Բայց դա դյուրին ձևն է և շատ կարճ կյանք է ունենում:

 

-Սոցիալական ծանր վիճակում հայտնված, արտագաղթի ճանապարհը բռնած ժողովուրդը պատրա՞ստ է երկարատև պայքարի:

- «Երկարատև»-ը համեմատական հասկացություն է: Ես հավատում եմ, որ առնվազն որևէ կուսակցություն, եթե ուզում է իր ժողովրդի ճակատագրում որևէ փոփոխություն բերի, պետք է ի վիճակի լինի այդ ժողովրդի գեթ մեկ տոկոսին գիտակից կերպով կազմակերպել, կազմակերպած ուժի վերածել:  Մենք ինչո՞ւ ենք ճիգ թափում, ծրագիր ստեղծում, փորձում համախմբել մեր շուրջը գիտակից մասսաների: Վերջապես կարելի է, չէ՞, ոչինչ էլ չանել բայց եթե մենք, որպես ընդդիմություն, տեսնում ենք, որ վիճակը վատ է, և երկիրը պետք է այս վիճակից դուրս հանել, ուրեմն պետք է փնտրենք ճանապարհներ, պայքարենք: Պայքար, որը պետք է նաև իր ընթացքով կարողանա վիճակ փոխել: Եթե ես տեսնում եմ, որ այս պահին այդ վերջին հարվածը տալու հնարավորություն չունեմ, ես իրավունք չունեմ միայն բացասականով ներկայություն դառնալ այս երկրում: Ես պետք է կարողանամ իմ ուժից շատ ազդել, որպեսզի փոփոխություններ բերեմ երկրին: Վերջին հաշվով մեր պայքարի նպատակը անպայման մեզանով իշխանություն ձևավորելը չէ, չնայած դա էլ կա, բայց այդ ամբողջը այս երկրի և այս ժողովրդի համար է: Սա չի նշանակում, որ ես առկա  վիճակի հետ հաշտ եմ, ո'չ, ես ընդամենը իմ ուժին համապատասխան եմ աշխատում և միշտ հիշում եմ, որ իմ գոյությունն այս ժողովրդի համար է: Այնպես չէ, որ պետք է իշխանություն լինեմ, որ այս ժողովրդի համար աշխատեմ, ես կարող եմ, նաև ընդդիմություն լինելով, այս ժողովրդի համար աշխատել: Վերջին հաշվով ես վիճակը' թե' ներքին և թե' արտաքին մասով, այնքան մտահոգիչ եմ տեսնում, որ կարծում եմ' իշխանությունն ու ընդդիմությունը, նույնիսկ իրար չընդունելով, պարտավոր են միասնաբար ելք փնտրել' այս վիճակից դուրս գալու համար: Այսօր այն պահը չէ, որ իրար դեմ կենաց-մահու կռվի դուրս գանք: Եթե դա հնարավոր լիներ,  ես դրանից խուսափողը չեմ, բայց եթե հնարավոր չէ, մենք հանուն այս երկրի, հանուն այս ժողովրդի այլ ելքեր էլ պետք է ունենանք:

 

-ՀՅԴ-ն իր տեսակետը հստակ արտահայտել է' Մաքսային միության հետ կապված: Ի՞նչ կարող է տալ մեզ Մաքսային միությունը, և ի՞նչ չէր կարող տալ ԵՄ-ն, և ընդհանրապես' այս եռանկյունու մեջ որտե՞ղ կարող է հայտնվել Լեռնային Ղարաբաղը:

- Երեք հիմնական հարց կա, որ որևէ ինտեգրման ժամանակ մենք պետք է նկատի ունենանք: Այս պետության ինքնիշխանությունը պետք է տարածվի Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Եվ այդ իշխանությունը պետք է լինի իրական ինքնիշխանություն: Երկրորդ հարցը մեր անվտանգության հարցն է: Մեր ֆիզիկական անվտանգության պարագան պետք է լուծում ունենա այդ հարցի տարբերակի ընդունման մեջ: Եվ երրորդը էներգետիկ հարցն է, որ այս երկիրն այդ խնդիրն ունի: Այս երեք հարցերը, ինձ թվում է, հնարավոր է ապահովել ՄՄ-ին միանալու դեպքում: Թեպետ ասեմ' ասում են' սատանան մանրուքների մեջ է: Ինձ համար իսկապես զարմանալի է գազի պայմանագրի հարցը, թե ինչպե՞ս է այդ պայմանագիրը ստորագրվել: Թե ինչպե՞ս է մարդու ձեռքը գնացել, որ այդպիսի պայմանագիր ստորագրի, և ի՞նչ ենք մենք ժառանգություն թողնում մեր հաջորդ սերնդին: Այստեղ է,  որ մենք ուշի ուշով պետք է ամեն քայլի հետևենք, որ այս երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահպանվի: Ազգային ինքնիշխանության և անվտանգության հարցը բոլոր մանրուքների մեջ պետք հարգված լինի, և մեր սկզբունքային դիրքորոշումը չպետք է պատճառ դառնա, որ, ձեռքներս վեր բարձրացրած, բոլոր քայլերը մեր կողմից ընդունելի համարենք:

 

-Հնարավոր  համարում ե՞ք, որ մի օր էլ նման մի պայմանագիր, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, բերեն խորհրդարան' հաստատման:

-Կարծում եմ' ամեն ինչ հնարավոր է (ծիծաղում է), բայց ես հավատում եմ, որ նման բան չի լինի: Ժողովուրդը նման բան կուլ չի տա: Դա անընդունելի կլինի: Դա կլինի վերջը: Այս ժողովուրդը վերջին 23 տարիների ընթացքում մի իրական ձեռքբերում է ունեցել, դա Արցախն է: Դա սրբություն սրբոցն է, և եթե նման բան լինի, ժողովուրդը ոչ մեկիս չի ների:

 

-2014 թվականից ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Ներկա վիճակն այնքան ճնշող է, որ չես կարող կտրվել իրականությունից և օդում սավառնել: Բնականաբար, միշտ հույսն է պահում մարդուն, և հույսս, հավատքս այն է, որ պետք է ելք գտնենք  այս վիճակից, վիճակը բարելավենք,  արտագաղթի թափը կոտրենք, արտագաղթը պետք է կարողանանք վերածել ներգաղթի, պետք է կարողանանք երիտասարդության համար այս երկրում ապրելու, զարգանալու հնարավորությունններ ստեղծել: Մենք պարտավոր ենք դա անել: Ես «մենք»- ով եմ խոսում, որովհետև հավատում եմ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը, այս պետականության մասն է կազմում: Յուրաքանչյուրս ունենք պարտավորություններ մեր կարելին անելու, որպեսզի վիճակը փոխենք: Ես հավատում եմ, որ վերջապես ամեն ինչ իր վերջն ունի, և այս անկման ընթացքը, հույս ունեմ, կվերջանա այս տարվա հետ միասին: Եթե հարցնեք' դրա համար ծրագրեր կա՞ն, չկան: Բաց կա այս ուղղությամբ վիճակ փոխելու վճռականություն, և, որ ամենակարևորն է, կա թե' պայքարելու, թե' հասկացվելու և թե' հաղթելու տրամադրություն: Որովետև, կարծում եմ, վերջ պետք է ունենա այս ամենը,  և պետք է կարողանանք  այս անկման ընթացքին  վերջակետ դնել և հաջողությունների սկիզբ ազդարարել:

 

Հարցազրույցը' Հ. Հարությունյանի  


Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica