«մտավորականության» երկիրը այսպիսին պետք է լինի:" />
close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճահճից դուրս գալու համար առողջ մտավորականություն է պետք ունենալ

Հարցազրույց

10 Դեկտեմբերի 2013, 14:34
 Ճահճից դուրս գալու համար առողջ մտավորականություն է պետք  ունենալ

 Արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանի հետ  yerkir.am -ի հարցազրույցը  մեր երկրի, հայ մարդու  այսօրվա և վաղվա հոգսերի, անելիքների և սպասումների մասին է:

 

-Պարո'ն Ղարաբաղցյան,  ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2013 թվականը:

- Նախ ասեմ, որ հաճախ 13 թիվը շրջանցում ենք, բայց այս դեպքում չենք կարող շրջանցել, որովհետև ապրել ենք 2013 թվականը: Ես չեմ ուզում տարին լավատեսորեն գնահատել, ասենք` տարեմուտի` ավանդական դարձած հերթապահ նախադասություններ ասեմ, որովետև եթե մեկ բառով բնորոշեմ, կասեմ` գորշ: Այո, գորշ տարի էր:

 

-Այն, ինչ կատարվում է Հայաստանում, որպես մտավորական, գրող,  մանկավարժ, ինչպե՞ս կգնահատեք:  Ինչո՞ւ մտավորականության ձայնը չի լսվում, ինչո՞ւ են լուռ:

- Ես, գորշ ասելով, նաև հենց դա նկատի ունեմ: Ինձ համար կարևորը իմ երկիրն է, որ  էս ճահճից կարողանանք դուրս հանենք: Ես այդ ճանապարհն եմ ուզում տեսնել` երկիրը ճահճից դուրս հանելու ճանապարհը: Ուզում եմ անպայման դուրս գանք էս փոսից, էս գորշությունից:

 

-Ճահճից դուրս գալու համար առողջ մտավորականություն է պետք, առողջ հասարակություն:

-Այո, հենց այս ճահճային վիճակը առաջին հերթին մտավորականության բացակայության արդյունքն է: Եթե չկա սրտացավ մտավորականություն, եթե մտավորականությունը հերթի է կանգնում կոչումներ, մեդալներ ստանալու համար, բնականաբար, նման «մտավորականության» երկիրը այսպիսին պետք է լինի:


-Բայց նաև եղավ դեպք, երբ հայտնի մտավորականը հրաժարվեց մեդալից:

-Նման մտավորականների այսօր մատների վրա էլ չես հաշվի: Գիտե՞ս, խորհրդային տարիներին նման մտավորականներին երկրից աքսորում էին, հիմա ձևը փոխվել է բայց էությունը մնացել է նույնը` լուսանցքում են պահում, անունը չեն տալիս: Դա ավելի վատ աքսոր է:

 

-Որքան էլ իշխանական քաղաքական գործիչները, ուժերը պնդում են, թե Հայաստանում հրաշալի վիճակ է` բարձրանում ենք, զարգանում ենք` տնտեսապես, սոցիալապես և այլն, միևնույն է, դա պատուհանի ապակուց նայող տեսակի կարծիք է: Պատուհանից այն կողմ անկումային տրամադրություն է:

-Էդ ցուցափեղկային, ցուցադրական, ցուցամոլական ելույթները, հատկապես` իմ սերնդին շատ ծանոթ են խորհրդային տարիներից, երբ մենք էինք երկիր ներկայացնում, կամ մեզ էին  ներկայացնում: Բայց ցուցափեղկից այն կողմ, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում, և դու էլ դրա մեջ ես, դրա մասնակիցն ես, անկախ քեզանից մեղքի զգացում ես ապրում : Դուք ասում եք` քաղաքական գործիչներ: Ցույց տվեք ինձ մի քաղաքական գործչի, ով այս վիճակի համար մեղքի զգացում է ապրում: Գիտե՞ք, երբ քաղաքական գործիչը դառնում է պարզ օրենքների ընդոնւման  դակող գործիք, նա դադարում է քաղաքական գործիչ լինելուց: Նաև դադարում է հասարակության մեջ առողջ միջավայր ստեղծելուց: Քաղաքական գործիչ լինելը տարողունակ բան է, քաղաքական գործիչ կարող է լինել գրողը, նկարիչը, լրագրողը, արվեստագետը… Ցույց տուր ինձ մի քաղաքական գործչի, որ այսօր գրում է, գրող է:

 

-Վահան Հովհաննիսյան:

-Վահան Հովհաննիսյանը քաղաքականությամբ զբաղվելուց դեռ շատ առաջ մտավորական էր: Ինքը մտավորականից դարձավ քաղաքական գործիչ իսկ կիսագրագետ քաղաքական գործիչները չեն կարող մտավորական դառնալ, որովհետև նրանց ի վերուստ այդ շնորհը տրված չէ:

 

-Այդ կիսագրագետներին ժողովուրդն է ընտրել:

-Ժողովրդի մեջ մի շատ տարածված խոսք կա` «Անգրագետ մարդու ցավն էլ տանեմ, գրագետինն էլ: Աստված հեռու պահի կիսագրագետից»: Էս ժողովուրդն է ասում: Հիմա, որ ասում ես` ժողովուրդն է ընտրել, այդպես չէ: Ժողովուրդն ու զանգվածը տարբեր բաներ են: Ես էլ եմ ժողովրդի մասնիկ, դու էլ: Թե' ինձ և թե' քեզ ոչ ոք չի կարող պարտադրել, որ մեր կամքին հակառակ ընտրենք: Այդպես չէ՞:

 

-Այսինքն` ժողովուրդը զանգվածի գերի՞ն է դարձել:

- Գերին վատ բան չէ, գերու մեջ տառապող բան կա: Ավելի ճիշտ ստրուկ է դարձել: Ստրուկի հոգեբանությունն ահավոր է: Մեր ժողովուրդը ի սկզբանե ստրուկ չի եղել, բայց մի ստրկամիտ զանգված կա, որի մեջ շատեր են մտնում` և' գրողը կա , և' երաժիշտ, և' գիտնական կա, ամեն տեսակն էլ կա: Այդ ստրկամիտ զանգվածի մեջ մտնում են քծնող մտավորականները, չակերտավոր մեդալակիր արվեստագետները: Հիմա կասես` անընդհատ շեշտում եմ էդ մեդալակիրներին, բայց ծիծաղելի է: Գիտես, համաշխարհային մակարդակում ամենաբարձր պարգևը Նոբելյան մրցանակն է, բայց  այսքան մեդալակիրներին եթե հավաքես, մեկ քառորդ Նոբելյան մրցանակակրի միտք չունեն:

 

Ի՞նչից է, որ 21-րդ դարում Թուրքիան Նոբելյան մրցանակակիր է ունենում և դեռ շարունակում է ներկայացնել, իսկ մենք դեռ մեդալի կռիվ ենք տալիս ու նույնիսկ մեկ հազարերորդ Նոբելյան մրցանակակիր չունենք, էդ ինչի՞ց է գալիս: Ինչի՞ց է, որ մենք մեզ միշտ ներկայացրել ենք որպես գիր ու գրականության ազգ, բայց այսօր խառնվել ենք իրար, թե, տեսեք-տեսեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն  հարիսան ճանաչել է թուրքական ուտեստ: Այնքան ճղճիմ բաների համար ենք կռիվ տալիս, բայց այնքան մեծ կորուստներ ենք ունեցել, որ ոչ մի անգամ դրա մասին ձայն չենք բարձրացրել: Լսում ես ու ծիծաղդ գալիս է: Տեսեք` ինչի վրա ենք մենք վիճում` հարիսայի (ծիծաղում է), կերակուրների համար: Տե'ս, այս խաշային գովազդարշավը` էս ռեստորանում համով խաշ, էն ռեստորանում աննման խաշ, մեր ռեստորանում` լավագույն խաշ, խաշ խաշ… Աղքատության եզրին հասած ժողովրդին ռեստորան են հրավիրում` խաշ ուտելու, Ամանոր նշելու, բայց  ոչ ոք չի ասում, թե Ամանորը իրականում ինչպե՞ս պետք է նշի հայ ընտանիքը, ի՞նչ տոն է, ու ոնց պետք է ընտանիքիդ հետ հայեցի նշես: Բաց հակառակը` խնդրեմ, եկեք ռեստորանում նշենք, Անթալիայում նշենք, Դուբայում նշենք… Թող գնան նշեն, ես բան չունեմ ասելու, բայց խնդիր կա, ազգային ինքնասիրությանդ հետ են խաղում:

 

-Ազգային ինքնասիրության համատեքստում ինչպե՞ս կգնահատեիք Պուտինի այցը,  նաև նրա ընդունելությունը:

-  Պուտինի այցը ինձ հիշեցրեց խորհրդային տարիները, երբ ՍՄԿԿ առաջի քարտուղարը շնորհ էր անում այցելել խորհրդային որևէ երկիր: Զավեշտի հասնող բան կար, բայց ես Պուտինին չեմ մեղադրում և ոչ էլ ռուսական քաղաքականությունը: Դու ինքդ քեզ պետք է մեղադրես: Ես, օրինակ, կուզենայի` մենք այնքան ինքնասիրություն ունենայինք, որ գոնե Պուտինի այցից հետո այդքան էժանագին բաներ չանեինք` էդ եղևնիների հանելը, կանաչ գորգը տանելը և այլն:

 

-Բայց այդ այցը նաև դրական ազդեցություն ունեցավ: Չէ՞ որ վերջին տարիներին երբեք այդ ծավալի ասֆալտապատում Գյումրիում չէր եղել և չէր լինի, եթե Պուտինը Գյումրի չգար:

-Դե, ուրեմն աղոթենք, որ մի քանի անգամ էլ Գյումրի գա, որ տնանկ մարդիկ էլ չունենանք:

 

-Բայց այն, ինչ կատարվեց վերջին մի քանի ամիսների ընթացքում` Եվրամիություն, Մաքսային միություն, սեպտեմբերի 3, հետո Պուտինի այց և այլն, կարծես մտավորականությանը այնքան էլ չի մտահոգում: Երկրի ուղենիշի հարց է որոշվում, բայց մտավորականությունը անհաղորդ է կատարվող իրադարձություններին: Անհասկանալի է`  կո՞ղմ են, դե՞մ են …

- Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ մենք այս տարածաշրջանում ոչ թե ինչ-որ մեկի թևի տակ վիրավոր թռչունի պես պետք է ապրենք, այլ մեր դարավոր կեսափորձով, մշակույթով հավասարի պես մեզ պետք է պահենք: Եթե այսօր Ռուսաստանը ցանկանում է նորից կայսրությունը վերականգնել ու մեզ էլ ստիպում է դառնալ այդ կայսրության մի մասը, ես չեմ ուզում դառնալ այդ մասնիկը, ես ուզում եմ որպես միավոր ընդգրկվել քաղաքակիրթ կառույցի մեջ, բայց ոչ երբեք` որպես մասնիկ: Եթե մենք դառնում ենք Մաքսային միության անդամ, չպահելով մեր արժանապատվությունը, մեր «ես»-ը, մեր ինքնուրույնությունը նշանակում է դառնում ենք կցված մի գավառ: Այսինքն` մենք, որ աշխարհին ներկայացել ենք քարե ժանյակի պես, այսօր դառնում ենք կարկատան:

 

-Ռուսահայ գործարարներից մեկը` Արա Աբրահամյանը, այս էլ որերորդ անգամ մատնանշում է Ռուսաստանում բնակվող հայերի թիվն ու զգուշացնում, որ` եթե դուք ՄՄ չմտնեք, պատկերացնում ե՞ք ` ինչ կլինի Ռուսաստանում ապրող հայերի հետ:

-Այդ նույն արտահայտությունը ժամանակին` 1988 թվականին հնչեց Գորբաչովի կողմից երբ մենք ոտքի էինք կանգնել` Արցախի խնդրի լուծման համար: Հիշո՞ւմ եք` ասաց. «Չեք մտածո՞ւմ, որ Բաքվում 200 000 հայ է ապրում»: Այդ հայտարարությունից մեկ շաբաթ հետո Սումգայիթը եղավ: Այսինքն` եթե մենք այդ մտածողության «փողի քսակներ» ունենք, դա խոսում է մեր ողորմելիության մասին: Ես վախենում եմ այդ «փողի քսակ»-ներին նույնիսկ բարեգործ անվանել, քանզի ինձ համար փողատերի չափանիշը Մանթաշովն է: Հիմա էս բոլոր «փողի քսակներին» միացնես իրար, մեկ հազարերորդ Մանթաշով դուրս չի գա սրանցից:

 

-Ուզենք, թե չուզենք, պետք է խոստովանենք, որ Հայաստանում ահագնացել է արտագաղթը, և արտագաղթողների գերակշիռ հատվածը գնում է դեպի այդ «փողի քսակները»:

-Բայց նույն այդ արտագաղթողների հաշվի են այդ «փողի քսակները» տռզում:

 

-Ինչո՞ւ  մենք չկարողացանք 21 տարի հետո անկախ հայրենիք ձևավորել, չկարողացանք իրականացնել հայահավաք, պետության մեջքը գնալով ավելի թուլացավ, և այսօր, ում հետ զրուցում ես, մտքին մի բան է միայն` արտագաղթել: Ինչո՞ այնպես եղավ, որ հայաստանցի հայը չի սիրում իր իշխանություններին, չի սիրում  իր պետությունը:  

-Իշխանությունն ու պետությունը տարբեր բաներ են: Կարելի է իշխանավորին չսիրել, բայց պետության, պետականության վրա պետք է դողաս: Հիմա այնպիսի վիճակ է, որ մարդիկ գնում են, հեռանում են: Մեկը այս երևույթն անվանել էր «պասիվ բողոքի ակցիա»: Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ: Տե'ս, Պուտինի այցի ժամանակ ընդվզում եղավ, երիտասարդներն ընդվզեցին: Եթե մենք նորմալ իշխանավորներ ունենայինք, ապա այդ ընդվզումը հենց նրանց էր պետք, սա նաև երկրի իմիջի խնդիրն էր: Բայց, ցավոք, տեսաք` ինչ եղավ: Այստեղ պետությունը կամ պետականությունը չի պատճառը, որ այդպես եղավ  այլ իշխանավորները.. Էդ ոստիկանների պահվածքը, կեցվածքը... Ի՞նչ էր եղել` մարդիկ դուրս էին եկել իրենց երկրի պատվի համար, առողջ ընդվզում էր, բայց այն, ինչ կատարվեց, դա ուրիշ տեղ է տանելու: Այդպես է ատելության բաժակը լցվում: Հայ մարդն իր էությամբ բարի է, բայց երբ նրա մեջ ատելությունն է արթնանում, ահավոր բան է դառնում  հայ մարդը: Անհատի համար մի պտղունց ատելությունը պետք է, որ այս աշխարհում կարողանա ապրել, բայց  երբ անվստահությունը կաթիլ-կաթիլ կուտակվում և դառնում է համատարած ատելություն, դա արդեն վատ է: Ատելությունը մեր մեջ այսօր այնքան է շատացել, որ մենք, մեր թշնամուն թողած, սկսել ենք ինքներս մեզ ատել: Մենք հիմա թմբիրի մեջ ենք և միայն մի բան ենք կարողանում անել` իրար ատել:  Ուրիշ բան ասեմ` վերջերս ռուսական մամուլում մի հոդված կարդացի, որում լրագրողը գրել էր, թե Մաքսային միությունում ամենաողորմելին Հայաստանն է: Հասկանո՞ւմ ես, այ սրան մենք հասանք` իրար ատելու, մեր թմրած վիճակի արդյունքում, և երբ որոշ զանգված ցանկանում է թմբիրից դուրս գալ, մեջքը շտկել, օրորոցում խեղդում են, չեն հասկանում, որ թմբիրը վատ տեղ է հասցնելու ազգին, պետությանը:

 

-Ի՞նչ անենք, որ այդ ատելությունը վերանա, նորից դառնա մի պտղունց:

- Պետք է բարիանանք, իսկ դրա համար հոգևոր վերածնունդ է պետք:

 

-Ո՞վ կամ ովքե՞ր են այդ հոգևոր վերածնունդն առաջնորդելու:

-Երբ իշխանության ղեկին խաշ ուտողներն ու հարիսայի համար կռիվ տվողները չեն լինի, այդ ժամանակ մի բան անպայման կփոխվի: Ես վստահ եմ, որ այդ օրը կգա: Վերջապես, արևի հետ ծագած, արևի հետ մայրամուտ ապրող ժողովուրդ ենք:

 

-Մի առիթով վարչապետն ասել էր  թող գնան, որ մնան, հեղափոխություն կանեն:

-Դե, գիտես, մեկն ասում է` գնա, մյուսն ասում է` արի տուն... Մեկը թաքուն կարգախոս է, մյուսը` բացահայտ: Բայց ասեմ` կարգախոսները տխուր բաներ են, կարգախոսը օրվա հետ ծնվում, օրվա հետ մեռնում է: Հրեաները մեկ կարգախոս ունեին` հաջորդ հանդիպումը Երուսաղեմում, մեկ կարգախոս… 3000 տարի հետո հանդիպեցին:

 

-Բայց երբ Դուք մշակույթի նախարարությունում էիք աշխատում, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսն ունեիք:

- Դա հնարած կարգախոս չէր, և հետո` այդ կարգախոսը աշխատեց:

 

-Իսկ հիմա աշխատո՞ւմ է այդ կարգախոսը:

-Բայց հետո այդ կարգախոսի գլխին ովքե՞ր կանգնեցին: «Օրինաց երկիր» կուսակցության անփառունակ նախարարներ, հետո` ուրիշ կուսակցությունից… Հոգևոր դաշտում երբ կուսակցական գործիչներ են գալիս, նշանակում է դաշտն  ապականված է:

 

-Բայց Դուք էլ էիք կուսակցական:

-Բայց մեր կուսակցությունն ի սկզբանե որդեգրել էր, որ եթե անցնում ես պետական աշխատանքի, դադարեցնում ես կուսակցական գործունեությունդ: Ես, երբ բանակում էի, Սպայի տան տնօրենն էի, ես դադարեցրել էի իմ կուսակցական գործունեությունը: Մենք ոչ թե հենց այնպես` վերցնում ու կասեցնում ենք, այլ դա երկաթյա կանոնադրությամբ է հաստատված: Նույնը եղել է մշակույթի նախարարությունում աշխատածս տարիներին: Թող բերեն, ցույց տան, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ»  ծրագրի վրա բյուջեից որքան գումար է ծախսվել մեր ժամանակ և թող ցույց տան մյուսների ժամանակ ինչ գումարներ են ծախսվել: Մեր ժամանակ բյուջեից կոպեկ անգամ չի ծախսվել իսկ հետո այդ գաղափարը ապականվեց, դարձավ ոմանց համար բիզնես:

 

-Ներկայիս նախարարը ` Հասմիկ Պողոսյանը, կուսակցական պատկանելություն չունի:

-Ես չգիտեմ` ինքը ընդհանրապես ինչ պատկանելություն ունի: Այդ նույն Հասմիկ Պողոսյանը իր աշխատասենյակում թուրքական պատվիրակությանը գիշերը ընդունել էր և նվերներով ճանապարհել, որ հանկարծ չբողոքեն «Ջուղայի խաչքարերը» ֆիլմի ցուցադրության համար: Նրան կուսակցություն պետք չէ, բայց ինչ-որ մի ուժ կա, որ նրան ուղորդում է, չէ՞, որ հանկարծ թուրքերին չնեղացնեն, հիմա էլ` ռուսներին չնեղացնեն:

 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից:

-Ես ի՞նչ ակնկալիք պետք է ունենամ:  Ուզում եմ` թոռանս  հետ քայլել: Ոչ թե Լոս Անջելեսի, այլ Երևանի փողոցներով քայլեմ:  Ուզում եմ, որ ինքը իր պապերի երկիրը ճանաչի, զգա, տեսնի, սիրի: Հայաստանում չկա մի ընտանիք, որ կիսված չլինի: Կես մարդը կես հայրենիք է, կես պետություն է,  կես երկիր է:

 

-Կես երկիրները կարո՞ղ են գոյատևել:

-Կես պետությունը, եթե առողջ կես ունի դրսում, ուրեմն պետություն դառնում է: Մենք, փառք Աստծո, այդ առողջ հատվածը դեռ ունենք: Ցավոք, այս պահին երևի թե միակ մխիթարանքը և սպասելիքը 2014 թվականից:

 

Հարցազրույցը`  Yerkir.am-ի

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica