close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է վառվես բեմում. Վահագն Պապյան

Հարցազրույց

29 Նոյեմբերի 2013, 17:58
 Պետք է վառվես բեմում. Վահագն Պապյան

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ անվանի հայ դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանի եւ ռուս ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգը: Համերգը տեղի ունեցավ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Yerkir.am-ի զրուցակիցն է դիրիժոր եւ դաշնակահար Վահագն Պապյանը:

 

-Ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ Ձեր համագործակցությունը շուրջ 20 տարվա պատմություն ունի, սակայն երկուսով երբեք հայ հանդիսատեսի առջեւ ելույթ չեք ունեցել: Պարտավորեցնո՞ղ էր այս ելույթը Ձեզ համար:

-Այո, մենք շատ ենք համագործակցել այս կամ այն համերգներում, սակայն առաջին անգամ ենք երկուսով Հայաստանում հանդես գալիս: Ինչ խոսք, շատ հուզիչ իրադարձություն էր` հասկանալով, որ սա հաճախ չի կրկնվելու, առանձնակի նշանակություն ունի ինձ համար այս համերգը: Երեք տարի առաջ Վենգերովը Հայաստան եկավ եւ երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ, իսկ երեկ մենք մենահամեգով հանդես եկանք: Վենգերովի հետ Հայաստանում համերգ ունենալն ուրիշ էր, անկասկած, հարազատ հանդիսատեսից եկող էներգիան էլ է ուրիշ: Սակայն, մյուս կողմից, ոչ թե դահլիճն է այդ մթնոլորտը ստեղծում, այլ արտիստը: Ես բազմիցս վկա եմ եղել, որ փոքր բեմերում եղել են «մեծ» համերգներ: Մեզ մոտ հանդիսատեսներից շատերին արդեն դեմքով գիտեմ, ճանաչում եմ, այդ առումով էլ` հատուկ զգացողություն եմ ունենում բեմի վրա: Ճիշտ է, առանձնապես տարբերություն չկա հանդիսատեսների միջեւ, եւ դու պետք է լինես ազնիվ եւ վառվես բեմում: Այդ ժամանակ յուրաքանչյուր հանդիսատես քեզ հետ կվառվի ու կընկալի քո կատարած ստեղծագործությունը:

 

-Վենգերովը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ երկուսով պատրաստվում եք ձայնասկավառակ թողարկել, ի՞նչ ձայնասկավառակի մասին է խոսքը:

-Գիտեք, մենք մի շարք ընդհանուր պլաններ ունենք, որոնք դեռ քննարկման փուլում են, մի շարք հարցեր կարիք ունեն հղկվելու եւ ճշտվելու: Այո, դա մեր երկուսի ցանկությունն է: Ինչ խոսք, Վենգերովն ունի բազմաթիվ ձայնասկավառակներ, ես` շատ ավելի քիչ: Անկեղծ ասած` այս պահին դա անակնկալ էր ինձ համար: Մեծ հաճույքով ես կընկերակցեմ իրեն, եթե հրավիրի ձայնասկավառակ ձայնագրել:

 

-Դրսից եկած երաժիշտները միշտ ակնածանքով են խոսում մեր նվագախմբերի մասին, անգամ` զարմանքով, թե` հրաշալի է, որ Հայաստանը նման նվագախումբ ունի: Եթե նայեք «ներսի» երաժշտի հայացքով, աճ տեսնո՞ւմ եք մեր նվագախմբերում:

- Այո, նվագախմբերում որոշակի աճ եմ տեսնում: Շատ լավ վիճակում են ֆիլհարմոնիկ, երիտասարդական նվագախմբերը: Ինչ վերաբերում է դրսից եկած արտիստներին, որոնց անսպասելիորեն ցնցում է մեր նվագախմբերի երաժշտական մակարդակը, զարմանալի չէ` կա ճշմատություն դրա մեջ, քանի որ անկախության տարիների սկզբից տպավորություն կար, թե մեր երկրները շատ վատ վիճակում են գտնվում: Եվ նրանք անկեղծ զարմանում են, որ որոշակի արժեքներ կան նախկին ԽՍՀՄ երկրներում: Մենք դա պետք է քննադատաբար ընդունենք, ընդունենք սթափ եւ ձգտենք, որ ոչ թե մեր մասին խոսեն, թե ունենք լավ նվագախումբ, այլ մրցենք լավագույնների հետ, այդ դեպքում մենք կհասնենք լավ արդյունքների:

 

-Դրսում շատ եք համերգներով հանդես գալիս: Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով որքանո՞վ են հետաքրքրված դրսում:

-Դե, վստահաբար կարող եմ ասել, որ Արամ Խաչատրյան են կատարում, միգուցե ոչ այն մասշտաբով, ինչ խորհրդային տարիներին, բայց Խաչատրյանով հետաքրքրվում են: Դրսում մեր դասական կոմպոզիտորներին հնարավոր է կատարել, իսկ ժամանակակից կոմպոզիտորներին` ավելի դժվար: Ժամանակակիցների գործերը հնչում են միայն այնտեղ, ուր ժամանակակից երաժշտությունը «սպառվում» է, սա հատուկ հանդիսատես է պահանջում, քանի որ մարդիկ ավելի հակված են ծանոթ երաժշտություն լսելու:

 

-Դրսից եկած երաժիշտների հետ համագործակցությունը, բացի փորձի փոխանակումից, ինչքանո՞վ է կարեւոր մեր երաժիշտների համար:

-Շատ կարեւոր է այն առումով, որ մարդիկ, ինչպես նշեցիք, փոխանակվում են ոչ միայն իրենց անձնական փորձով, այլ նաեւ ամբողջ իրենց մշակութային ժառանգական փորձով: Նրանք իրենց հետ բերում են իրենց մշակույթի մի մասը, համաշխարհային մշակույթից ինչ-որ տարր: Ֆիլհարմոնիկ նվագախմբում ես տեսնում եմ, որ կան երկու արտասահմանցիներ, ինչը շատ է օգնում մեր երաժիշտներին ոչ թե այն առումով, որ արտասահմանցիներից կոնկրետ բաներ պետք է սովորեն, այլ նրանք մի քիչ առնչվում են ուրիշ միջավայրի հետ, ուրիշ մշակույթի, սովորույթների հետ, իսկ դա կարեւոր է արվեստի հետ առնչվող մարդու համար:

 

-Վահագն Պապյանին առաջիկայում, բացի Հայաստանից, որտե՞ղ կարելի է լսել:

-Շուտով մեկնելու եմ Թբիլիսի, որից հետո` Ռոստով, որով էլ կավարտեմ այս տարվա հյուրախաղերս: Իսկ ահա հունվարի սկզբին կհյուրընկալվեմ Իսրայելում, հետո արդեն Բրատիսլավիայում, Մոսկվայում եւ Մինսկում հանդես կգամ համերգներով:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica