close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՌԸ ԼՈՒՅՍ. Ռոլանդ Շառոյան

Թուղթուգիր

21 Նոյեմբերի 2013, 13:26
 ՍԱՌԸ ԼՈՒՅՍ. Ռոլանդ Շառոյան

Ուր-ուր, բայց Աշնակում գիշեր էր: Լուսնալույսի մի շող կեռասենու ճյուղերի արանքից սողոսկել էր Սերոբի տան պատուհանից  ներս ու խաղում էր: Սերոբը վաթսունն անց մարդ էր, թեև հոգնել չուներ: Աշնակի կանայք ամուսիններին գործի լծելիս հասցնում էին մի երկու բերան փնթփնթալ, թե' տնաշենի մարդ, վիզդ ծռի ու ցանկորմից նայի Սերոբին, գիշեր ցերեկ մրջյունի պես կրում բերում է, ոչ քուն ունի, ոչ դադար: Չգիտեմ որտեղ ինչպես, բայց Աշնակի գիշերը, կարծես, Սերոբի համար էր ծնվել: Լուսնալույսը խաղաց Սերոբի դեմքին թե չէ, նա շրջվեց կողքի և աչքերը բացեց: Քունն էլ, խառնիճաղանջ մտքերն էլ փախան նրանից, թե՞ ինքը տարավ էդ ամենն ու թափթփեց  Տալվորի ձորով հոսող որոտընդոստ սելավի ջրերի մեջ:

 

Գեթ մի միտք մնաց, ամենակարևորը, որ եթե էսօր չանի, հաջորդ օրը ուշ կլինի: Էգուց կոլխոզի նախագահը ձեռքերը մեջքին խաչած, աչքերը չորս արած կանցնի հնձած ծաղկառվույտի դաշտի մոտով ու կտեսնի երեք-չորս խրձաչափ չհնձած տեղը, ուր գերանդին չէր բանել, և կկարգադրի մանգաղով քաղել: Ախր դու ի՞նչ տղամարդ ես, Սերոբ, երբ, էսքան բանն իմանալով հանդերձ, անկողնում պառկել ես, քիչ է, դեռ կողքի էլ թեքվել ես և բաց, չռած աչքերով կնոջդ ես նայում: Ժամանակ կոչվածի բախտը մի պահ բանեց, որ Սերոբն էսքան անօգուտ մտածեց: Պահ էր, ինքն էլ մարդ, մտածեց, էլի, թեև, երբ նույն բանը սկզբից մինչև վերջ մտքով անցկացրեց, արդեն շորերը հագել էր, մարագի միջնասյան վրայի մեխն ի կախ մանգաղը վերցրել, ապահովության համար փորը փոս ընկած քարտիկը մի քանի անգամ տարուբերել  լաստի երկայնքով ու գնում էր ծաղկառվույտը  քաղելու, և աչքի առաջ այն պահն էր, երբ ձմեռը, երեք-չորս խրձից մեկը անութատակը խոթած, մարագից տանում էր Սորեին, Մորոյին, ճերմակ ճակատին և մատաղացու գառանը'  ինչ անուշ է ձմռանը չոր ծաղկառվույտի հոտը:

 

Եվ ահա, լուսնալույսով ողողված գիշերվա մեջ, աստղերի աչքի առաջ աշնակցի մի մարդ' Սերոբ անունով, առվույտի դաշտում  ծնկաչոք մանգաղաքաղ է անում: Առաջին հնձած փունջ-խոտի հետ վախն անցել էր: «Բա ի՛նչ, թողնեմ փչանա՞, չոր, անուշ խոտ է, ցողունն սկսել է դեղնել, էլ ուրիշ ազատ ժամանակ չունեմ, ախր ուրիշ օր էլ ե՞րբ անեմ, ցերեկն էլ եմ, չէ՞, խոտ հնձում: Է՛, ականջը կանչի իմ ողորմած հոր, ասում էր' տղա Սերոբ, ոնց  ուզում ես հնձի, ուզում ես պառկած, կուզես քնած' մենակ հնձի: Ա՜յ մա՜րդ, թե սրա ի՞նչն է գողություն, գողացած բանը պիտի ջանիդ վրա մարսես, էն ժամանակ, նախագահ ջան, քո ցավը տանեմ, հասկացա, բան չունեմ ասելու' գողություն եմ արել: Բայց ախր սա էն դեպքը չի... Դե որ հենց էն դեպքն է, տար ու էս անմեղ աստծու գառներին տուգանի, չէ, չէ, արի ու տար տուգանի: Չէ՜, չէ՜, չտանես, զոռով կբերեմ գրասենյակ' տուգանի, տուգանի, ու ինձ էլ լրացուցիչ հողամաս տուր: Հող չունեմ... Ինչի չունես, շատ էլ հող ունես, էնքա՛ն շատ: Թե ուզում ես իմանալ, քեզ էլ պիտի տուգանես: Ինչի համա՞ր, նրա համար, որ հողերին սրտացավ տեր չես լինում, էդ էլ կասեմ, հա, հողերին տեր չես լինում, կյանքի հերն էլ անիծած»:  Հնձում էր ու էսքան բանն էլ հետը մտածում էր Սերոբը: Վախը թքել-խառնել էր հնձածին, գողություն ասած բանի երկու ծայրից բռնել էր ու գերանակապ սեպով մեխել կոլխոզի գրասենյակի օրավուր փոխվող մատիտագիր աշխօրերի ցուցատախտակին: Էնքան վարժ էր առվույտը քաղում, որ նայողին կթվար, թե ձախ ձեռքում փնջած առվույտին ամեն անգամ մինչև մանգաղի բերան հանձնելը ասում էր. «Խոտ ջան, չկարծես, թե քեզ գողանում եմ' քաղում եմ»,- ու միանգամից, հրա՛շք էր, ի՛նչ էր, մարդ ու խոտ իրար հասկանում էին, հավատում: Թեև առվույտն ամբողջովին նվիրվել էր Սերոբին' գառներին, բայց ինքը շարունակում էր նրան համոզել:

 

«Հիշում ես,- մտքում ասաց ու ձախ ծնկին հենվելով' թմբած աջը երկարեց,- Դավթաշենի ձորում ընկած գերանը սելավը քշել-բերել էր Տալվորի ձոր: Նախրապան Արտաշը գտել էր: Գողություն համարեցին. ինչո՞ւ, որովհետև գերանն անտեր ընկած էր եղել, մարդը տեր էր կանգնել' ոչ ավել, ոչ պակաս' գողածուի ապրանք է, ինչո՞ւ, կարո՞ղ է իր փորի համար էր բերել: Չէ: Էնքան ժողովներում ասին, մինչև որ գոմի տանիքը կապելիս գերանը զարկեց Արտաշին: Էսօր էլ հաշմանդամ է դարձել ու ընկել տունը»:            

 

Ինչ էլ որ աներ Սերոբը, ծանր լուծ էլ որ քաշեր' քրտնել չուներ, նա նստած տեղն էր քրտնում, թեև այս անգամ լայն ճակատը խոնավացել էր: Վերջապես մանգաղաքաղից  պրծավ և անմիջապես անցավ խրձելուն: Արագ ափթփում էր առվույտն ու դարսում ալյումինե փափուկ երկաթալարին, և երբ մի խրձաչափ էր դառնում, երկու ծայրից  բռնում էր, ծնկում խոտին, ուժ տալիս, պինդ ոլորակապում: Հայտնի խրձող էր Սերոբը, Աշնակում անվանի: Եղած-չեղածը երեք խուրձ դուրս եկավ, ու դրանից նրա տրամադրությունն ընկավ: Վերջին խուրձը կապելիս չկարողացավ թաքցնել իր դժգոհությունը' մանգաղը խրեց խրձի կողը. թեև դա խրձողի դարերով հաստատված արարք է, բայց նա նեղացած խրեց, որպես թե' աշխատածս էսքա՞ն արժեր, գիշերս, արթուն մնալս, հինգ երեխա պահելս, երեքը' ուսանող, էսքա՞ն արժեր, խոտ ախպեր, ապրուստ  ախպեր, բա ե՞ս, որ քուն ու դադար չունեմ, որ երազում, թե արթմնի մտածում եմ հաշտ ու խաղաղ լինեմ կյանքի հետ, հաշտ ու խաղաղ ապրեմ... Է՞ս է հատուցածդ... Մի աքլորացուի խամ կանչ այս անգամ ցրեց Սերոբի դժգոհ մտքերը,  և  նա հասկացավ, որ շուտով ադամալույս կլինի: Գոտկատեղից պարանը հանեց, երկու խուրձը շալակեց, երրորդն առավ թևատակն ու առվեզրով բարձրացավ: Հենց մասուրի թփի մոտի նեղ կամրջով անցնելիս գլուխը փոքր-ինչ վեր հանեց, գլուղի բաժին երկնակամարը ողողվեց սառը լույսով, և Սերոբը տեսավ, որ աշնակցի Ին¬չոր¬մեկը նստած է Արտաշի սան-դերքին:

 

- Թու,- գրեթե լսելի բողոքեց Սերոբը, մտավ մասուրի թփի ետև և խրձերն իջեցրեց առվի մեջ,- եղածը մի բան չի, բայց վրաս մի տոննա կպարտագրեն:

 

Ինչ աներ: Թքեր երեք խրձի վրա, մանգաղն ու պարանը առներ, ուղղված մեջքով տո՞ւն գնար: Բա ձմեռը, բա գառները, բա գյուղացին նման բան մտքով կանցկացնի՞: Եվ որոշեց սպասել: Երկար մի կետի նայելիս, Ինչոր մեկի քունը տանում էր' սկսում էր ննջել, ու երբ նինջը վերածվում էր քնի' գլուխը թափով կախ էր գցում'  արթնանում էր: Ինչորմեկը  աչքերը փակեց, և օրը մթնեց, թեև սառը լուսաբաց էր:

 

Սերոբը բռնեց այդ պահը: Անաղմուկ շալակեց խրձերը և հուշիկ քայլերով առաջացավ' աչքը չկտրելով Ինչորմեկից: Գայլի սիրտ կերած անցավ նրա առաջով և, էն է, թեքվում էր ծուռվիզ փողոցով, որ մտներ իր տնամերձը, հանկարծ  Ինչորմեկը սթափվեց Սերոբի կանչից:

 

-Խայթե՞ց:

 

Շալակի խրձերը դեսուդեն էին ընկել, թևատակինը' դիմացը, և խրձին պինդ կապած իժ օձը փորձում էր դուրս պրծնել'  իզուր:

 

- Լուսաչքով տանեիր, տնաշեն,- ասաց Ինչորմեկը Սերոբի շալվարն իջեցնելով,- բախտդ բերեց, փափուկ տեղին է խփել:

 

Օձը խայթի Սերոբին և Աշնակը չիմանա՞ իր գյուղացուն, իր հարազատին, իր նմանին, իր մարդուն: Էլ ո՞վ պիտի տեր կանգներ Սերոբին, եթե ոչ Աշնակը: Հենց նա էլ տարավ Սերոբին Թալինի շրջանային հիվանդանոց, հակաթույն սրսկեց ու երեք օրից ոտքի կանգնեցրեց: Երեք օրից Սերոբը ողջ ու առողջ դարձավ գյուղ: Նորից  սառը լուսաբաց էր: Մինչև Կաթնաղբյուրի խաչմերուկը շղարշիկցի վարսավիր Սիմոնը բերեց:  Էնտեղից էլ չհամբերեց, չսպասեց կաթը գործարան տանող-բերող Վաղիկի  բեռնատարին'  ոտքով եկավ: Ամբողջ ճանապարհին երեք խուրձ խոտն էր աչքի առաջ ու ձմեռն էր: Սորեն, Մորոն, ճերմակճակատը և մատաղացուն մայում էին և դնչերը քսմսում գոմի քրտնած պատերին: Սերոբը երեք խուրձ ծաղկառվույտը գտավ ընկած տեղերը: Խրձած օձը շոգից խենթացել էր ու կիսամեռ հևում էր: Նա մտավ մարագ, երկար պարանը բերեց, որ երեքն էլ մի շալակ անի, նորից տեսավ Ինչորմեկին սանդերքին նստած, մոռացավ եղածը և նորից թաքնվեց'  էս անգամ հսկա, վիթխարի ընկուզենու հաստ բունը գրկելով' ձուլվեց  ծառին:


Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica