close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե հոգեկան հիվանդը Շանթն է, ուրեմն այս երկրում առողջ մարդ չկա

Հարթակ

21 Նոյեմբերի 2013, 13:00
 Եթե հոգեկան հիվանդը Շանթն է, ուրեմն այս երկրում առողջ մարդ չկա

Եմելյան Պուգաչովից այս կողմ դեռ ոչ ոք նորից բահ ու եղանի հեղափոխություն չէր արել: Եթե խիղճներս կորցնենք ու պնդենք, որ Շանթի արածը հեղափոխություն էր, ապա պիտի արձանագրենք նաև, որ Շանթը Պուգաչովի գործի շարունակողը եղավ: Ծիծաղելի՞ է: Ուրեմն` եկեք չպնդենք, որ Շանթը հեղափոխություն արեց:

 

Իրականում հեղափոխությունն ավելի լուրջ բան է և չի արվում մեկ մարդու միջոցով: Մարդը` անհատը, հայտնվում է հեղափոխության գլխին և ղեկավարում այն` հասկանալով այն խնդիրները, որոնք հասունացրել էին հեղափոխությունը և որոնցով էլ պայմանավորված են տվյալ հեղափոխության նպատակները: Շանթի պարագայում, թվում է, ամեն ինչ կա` պատճառներ, նախաբունտային իրադրություն, նպատակներ, բայց չկար ամենակարևոր բանը թերևս` խելագարված ամբոխը, որ Շանթին պիտի հասցներ նախագահական նստավայր` նրա շուրթերով իր պահանջները իշխանություններին ներկայացնելու և լուծումներ պահանջելու համար: Ոմանք փիլիսոփայում են` չէր ասվի, թե ինչ կլիներ, եթե Շանթին թույլ տային հասնել մինչև նախագահական: Իսկ ի՞նչ էր լինելու: Մարդիկ պետք է միանայի՞ն: Ամբոխները հեղափոխությանը չեն միանում: Ամբոխները հեղափոխությունն սկսում են, հարգելինե'րս: Կարող եք չկասկածել, որ եթե Շանթը, բահի կոթն ուսած, Բաղրամյանով բարձրանար դեպի նախագահական, ձեր ասած ամբոխները ավտոբուսների ու գազելների պատուհաններից ապուշի հայացքով նայելու էին Շանթին, նրա դիմակավոր մի քանի կողմնակիցներին ու շարունակեին իրենց ճանապարհը:

 

Եվ ուրեմն ի՞նչ էր Շանթի արածը: Ամենաճշմարտանման պատասխանն է, թերևս, որ Շանթն իրականության մեջ արեց այն, ինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամեն օր անում է, բայց մտքում, ամեն օր ուզում է, բայց մտքում… Մտքում հայհոյում է, մտքում` ապակիներ կոտրում, մեքենաներ այրում, ցանկապատեր կործանում, պաշտոնյա ծեծում, քշում: Բայց հենց որ Շանթն սկսեց մեր մտածածը իրագործել (շնորհակալություն ոստիկանությանը, որ գոնե այդքանը թույլ տվեց), բոլորը, չգիտես` ինչու, ավելի լավ տեղավորվելով անցնող ավտոբուսների աթոռների մեջ, սկսեցին մտածել, որ իրենք դա այդպես չէին անի, որ իրենք դա ավելի լավ կանեին: Ահա և իրավիճակի ողջ կոմիզմը: Բոլորը հոգեկան հիվանդի վարք են դրսևորում, բայց հոգեբուժարան են տանում միայն Շանթին, որովհետև Շանթը մեջներիցս այն եզակին դուրս եկավ, ով իրեն հոշոտող առյուծի ճիրաններում չժպտաց, մտքում չպահեց իր բողոքը և մյուսների նման չկծկվեց 100 դրամանոց ավտոբուսի նստարանին:

 

Շանթին ոչ թե հոգեբուժարան պետք է տանել, այլ որպես եզակի էքսպոնատ պետք է պահել այս հասարակության մեջ` որպես ապացույց այն բանի, որ Հայաստանում բոլորը չէ, որ հոգեկան հիվանդ են: Այլապես «Ֆեյսբուքում» մի հոգեկան հիվանդ արդեն գրել էր` Շանթին հոգեբուժարան տանելու դեմ մի' բողոքեք, որովհետև, հոգեբուժարան չտանելու դեպքում, նրան կդատեն ու մի քանի տարի կնստեցնեն: Այ սա ենք մենք` մտքով բոլորս Շանթ ենք, բայց հանձնում ենք Շանթին, որ կարողանանք հանգիստ շարունակել մեր ուղեղներում բուն դրած «հեղափոխությունը», որ կարողանանք համակերպվել ու «հեղափոխական» մտքեր որոճալ` համակարգչի առաջ, գործի տեղում, քեֆերի ժամանակ, բեսեդկաներում կամ էլ «ԳԱԶելի» մեջ` կզած:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica