close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Rertro ընթերցանություն. Նկարագրի պահպանումը

Միտք

9 Նոյեմբերի 2013, 12:15
 Rertro ընթերցանություն. Նկարագրի պահպանումը

Օ~ , Երևանը առասպելական քաղաք է, խանութներում ոչինչ չկա, բայց ժողովուրդը ամեն ինչ ունի: Սա մի անհասկանալի հրաշք է: Հայերը այնքան են հարմարվել վարչակարգին, որ անկախության կորստի հետ ուրիշ ոչ մեկ բան չեն կորցրել:

(Հերթական զբոսաշրջիկի հասարակագիտական վերլուծությունից)

 

Խորհրդային Միությունում արգելված գրականության ծավալուն ցուցակի մեջ կա նաև Յաշինի «Լծակներ» ստեղծագործությունը, որը հրատարակվեց խրուշչովյան ազատությունների ժամանակ: Նրա բովանդակությունը հետևյալն է: Գյուղացիները հավաքվում են համայնական տնտեսության ժողովի: Ժողովը սկսվելու է 15-20 րոպե հետո, և այս 15-20 րոպեներում գյուղացիները իսկական գյուղացիներ են: Նրանք խոսում են բերքից, դժվարություններից, դպրոցի ծռված տանիքից, հարևան գյուղում տեղի ունեցած հարսանիքից և տերտերից, որը Աստծուն չի հավատում: Բայց հնչում է նախագահի զանգը, և այս բնականոն մարդիկ անբնականանում են: Մենք տեսնում ենք, որ նրանք ժողովի ժամանակ բոլորովին ուրիշ մարդիկ են: Սրանք այլևս գյուղացիներ չեն, սրանք բոլորը, ինչպես նաև նախագահը, լծակներ են, որոնք շարժում են մի ինչ-որ անհասկանալի մեքենա և որը շարժում են բոլորովին անհասկանալի ուղղությամբ: Սրանք մարդիկ չեն, սրանք մեքենայի մասեր են: Եվ հեղինակը զարմանք է հայտնում, թե ո՞վ և ինչպե՞ս այսքան այլանդակեց պարզ ռուս գյուղացուն: Ու հասկանալի է, որ նրանք, որոնց ուսերի վրա է ընկնում միամիտ ռուս գյուղացու «վերադաստիարակման» մեղքը, արգելեցին Յաշինի գիրքը:

 

Ես հիշեցի այս մասին, երբ Երևանից վերադարձած հերթական մասնագետը պատմում էր Հայաստանում տիրող համազգային ճարպկության մասին և պնդում էր, թե կորցնելու բան չունենք: Հարմարվել ենք, ճարպկացել ենք կողքից ու տակից ճարում ենք, գողանում ենք և, օ~ երջանկություն, ապրում ենք առանց որևէ բան կորցնելու: Ապրում ենք, այո, և վատ չենք ապրում, բայց կորցնում ենք ամենաարժեքավոր բանը` ՄԵՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ: Այս կորուստը շատ ավելի անվերադարձ է և շատ ավելի վտանգավոր, քան այն ամենը, ինչ կորցրեցինք մինչև այսօր:

 

Այսօր հասարակագետները, պատմաբանները և քաղաքագետները աշխատություններ են գրում ու վերլուծություններ կատարում, թե ինչու հրեաներին հալածել են ամենուր և բոլոր ժամանակներում: Ես անձամբ կարծում եմ, որ ամեն ինչ նրանց նկարագրից է բխում: Հազարամյակների ընթացքում ճարպկանալով և խորամանալով, խաբելով ու շահագործելով` նրանք ձեռք բերեցին մի հատկություն, որի շնորհիվ կարողացան ստանալ ավելին, քան արժանի էին: Եվ հենց այս անարդարությունն է, որ ամենուր առաջացնում է ատելություն նրանց նկատմամբ:

 

Երբեք չէի ուզի, որ հայ ժողովուրդը ձեռք բերեր ատելություն առաջացնող նկարագիր: Միացյալ և Անկախ Հայաստանում պիտի ապրի հայի նկարագիր ունեցող հայը, այլ ոչ թե պայքարի ճամփին այլասերված, ազգային արժեքներից հրաժարված, ազգային ոգին և հավատքը կորցրած, խորամանկացած և ճարպկացած «լծակը»: Չեմ կարծում, որ ազգ կարող է համարվել այն ժողովուրդը, որի քաղաքական գործիչները, փիլիսոփաները ստիպված են ստել: Ստել ամբիոններից, ստել գրքերում, ստել կենցաղում, ստել ամեն օր, ամեն տեղ, ստել`ապրելու համար: Նման պայմաններում ինչպե՞ս կարող է հայը պահպանել իր նկարագիրը:

 

Իսկ պե՞տք է այդ արդյոք: Այդքան լա՞վն է մեր նկարագիրը: Եվ ո՞րն է մեր նկարագիրը: Այս հարցերի պատասխանը չափազանց կարևոր է, ոչ միայն ուրիշներին ցույց տալու համար, թե որքան լավն ենք մենք և որքան անարդարացիորեն մեզ ջարդեցին, այլ հենց մեր ազգային ինքնագիտակցության համար: Դեռևս ոչ ոք հայ ժողովրդի պատմությունը չի գրել հայի նկարագրի տեսանկյունից ու վերլուծության չի ենթարկել այն հարցը, թե ի՞նչ դեր է կատարել հայ ժողովրդի նկարագիրը այս կամ այն ճակատագրական պահին, այս կամ այն պատմական իրադարձության մեջ: Կարծում եմ, որ մենք միշտ կսխալվենք, եթե տարբեր երևույթներ բացատրելիս փորձենք օգտագործել միայն պատմական առարկայական պայմանները` առանց հաշվի նստելու ժողովրդի նկարագրի հետ: Որքա~ն սխալ պիտի լիներ Ավարայրի ճակատամարտը բացատրել քաղաքական պայմաններով և զինվորական կամ դիվանագիտական չափանիշներով: Պատահական չէ, որ նման վերլուծություններ կատարողները «առարկայորեն» փորձում են արդարացնել Վասակին:

 

Բայց ո՞վ է դատավորը այնտեղ, որտեղ մարդը կամ ազգը գործում է իր ներքին մղումների համաձայն: Առանց հաշվի առնելու ազգային նկարագիրը`անկարելի է բացատրել ոչ Ռուսաստանի հեղափոխությունը, որը տեղի ունեցավ հակառակ Մարքսի գուշակումների, ոչ Պարսկաստանի հեղափոխությունը և ոչ էլ այն, ինչ այսօր կատարվում է Լեհաստանում:

 

Սակայն միայն եղածը բացատրելու համար չէ, որ անհրաժեշտ է մեր նկարագրի ուսումնասիրությունը: Այդ նկարագրի հետ մենք պիտի հաշվի նստենք նաև մեր ապագա ծրագրերը կազմելիս: Արդյո՞ք համապատասխանում են այդ ծրագրերը մեր ժողովրդի էությանը: Սա է հարցի հարցը: Եթե չեն համապատասխանում, ապա մեզ չեն օգնի ոչ հերոսները, ոչ դրամը և ոչ էլ գիտությունը: Անհավատ եպիսկոպոսը կարող է երեխա կնքել ու պատարագ մատուցել, բայց անհավատ մարդուն դարձի բերել` երբեք: Եվ անհավատ եպիսկոպոսներից կազմված եկեղեցին, որքան էլ որ շքեղ լինի նրա շենքը և որքան էլ գեղեցիկ ձայնով մատուցի պատարագը, եկեղեցի չէ, այլ թատրոն, որը ոչ ոքի պետք չէ: Եվ եթե ընկերվարության մասին գեղեցիկ ճառեր արտասանող ու գեղեցիկ տողեր գրողները չունեն ընկերվարականի նկարագիր, ոչ մեկ արժեք ունի նրանց «տրամաբանական ընկերվարությունը»: Անկարելի է ընկերվարական վարչակարգ ստեղծել ոչ ընկերվարական նկարագիր ունեցող մարդկանցից: Եվ պիտի հաշիվ տանք մենք մեզ, որ մեր նկարագիրը մեր պատմությունն է, որը դարերի խորքից տանում է մեզ դեպի ապագան: Եթե այդ ճանապարհի վրա մենք կորցնենք մեր նկարագիրը, մենք կկորցնենք անցյալի հետ մեր կապը ու շատ անորոշ կդառնա ապագան, քանզի մենք մեզ կկորցնենք: Ահա, թե ինչու մենք պարտավոր ենք մեզ ճանաչել:

 

Այստեղ կարելի է վերջացնել` առաջարկելով հասարակագետներին, պատմաբաններին ու արվեստագետներին` ուսումնասիրել հայ ժողովրդի նկարագիրը: Բայց քանի որ խոսում եմ այս հարցի մասին, նշեմ իմ անձնական կարծիքը մեր նկարագրի վերաբերյալ: Ես կարծում եմ, որ մեր նկարագրի մեջ կա երկու հիմնական գիծ, որոնք մեզ հետ են եղել մեր երկարատև պատմության ընթացքին և որոնք մեծ դեր են կատարել այս կամ այն պատմական իրադարձության մեջ: Այս երկու գծերից մեկը` ինքնապահպանման ուժեղ բնազդն է և համառությունը: Մյուսը` անիշխանությունն է, այսինքն` անտարբերությունը օրենքի նկատմամբ և երկրպագությունը արդարության սեփական չափանիշներին, արդարության ներքին զգացմունքի առջև: Օրենքի և խղճի միջև ընտրություն կատարելիս, ի տարբերություն եվրոպացու, հայը ընտրել է խիղճը: Հայի ինքնապահպանման համառությունը մինչև այսօր շշմեցնում է օտարներին: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչպես 100-150 հոգի, իսկ երբեմն էլ 10-20 հոգի աշխարհի ամենաքաղաքակիրթ վայրում ցրտահար եղած կենդանիների նման իրար են կպչում ակումբներում ու եկեղեցիներում` իրենց հայությունը պահպանելու միակ նպատակով: Աշխարհի ոչ մեկ քրիստոնյա եկեղեցի մարդ չի այցելում, եթե Աստծո հավատք չունի: Իսկ մեր ժողովուրդը, որի 90 տոկոսը շատ հեռու է հավատքից, կանոնավոր այցելում է եկեղեցի և գրեթե երկու ժամ ոտքի կեցած պատարագ է լսում` կատարելով իր ազգային պարտականությունը: Մեր ժամանակներում, երբ հավատացյալ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին մանրադիտակով պետք է որոնել, եկեղեցիներում պատարագ լսող մեր ժողովուրդը իսկապես որ հերոս պիտի նկատվի:

 

Մեր հին պատմության մեջ կա համառության մեկ ուրիշ օրինակ, որի մասին քիչ է խոսվում: Սա Տիգրան Մեծի ժամանակներից Տուշպայում բնակված հրեաների ձուլման օրինակն է: Հայերը աշխարհի առաջին և դեռևս միակ ժողովուրդն են, որ կարողացել են հրեաներին ազգաձուլել: Ուրիշ ոչ մեկը չի կարողացել դավանափոխել հրեաներին: Ճիշտ է, մենք էլ ունենք Լեհաստանի վատ օրինակը, այս բանի մեղքը ամբողջովին ընկնում է Էջմիածնի վրա, որը պատճառ դարձավ Լեհաստանի հայերի կաթոլիկ դառնալուն:

 

Մեր նորագույն պատմության շրջանում, մեր ինքնապահպանման համառությունը ի հայտ է գալիս թե' ցեղասպանության պահին, թե' Սարդարապատում, թե' պետական կառույցի օրերին, թե' փետրվարյան ապստամբության ժամանակ և թե' Խորհրդային Հայաստանի պատմության ընթացքին: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի համառությամբ հայ ժողովուրդը ստալինյան զարհուրելի օրերին դիմադրեց ու չընդունեց դիակներ հրկիզելու կարգը: Նա թաղեց իր մեռելներին հողի մեջ` պահելով ավանդական յոթնօրհնեքը, քառասունքը, հոգեճաշը և այլն: Այս կարգին ենթարկվեցին նույնիսկ կառավարության անդամները և կենտկոմի քարտուղարները:

 

Չկա Խ. Միությունում մեկ ուրիշ հանրապետություն, որը այդքան ներծծված լինի ազգային ոգով: Այս իմաստով Հայաստանին զիջում են նույնիսկ մահմեդական հանրապետությունները, որոնց պահպանողականությունը հայտնի է: Հայաստան այցելած օտարները նշում են, որ սա բոլորովին ուրիշ երկիր է: Երբեմն մեզ մեղադրում են, թե մեր պահպանողականությունը հետամնացություն է առաջացնում և խանգարում է մեզ քայլել արդի ժամանակների հետ: Կարծում եմ, որ նման մեղադրանքները ուշադրության արժանի չեն, որովհետև այս հարցում գնահատական տվողը պատմությունն է: Այսօր Ռուսաստանի մեծագույն գրող Ալեքսանդր Սոլժենիցինը անիծում է այն պահը, երբ Պետրոս Առաջին կայսրը արդիականացման անունով սափրեց ռուս կալվածատերի մորուսը և եվրոպականացրեց ռուսին: Դրանից հետո միայն հնարավոր դարձավ բոլշևիկյան հեղափոխությունը Ռուսաստանում: Այնպես որ` դեռևս վիճելի է, թե ենթակա՞ է արդյոք ազգային նկարագիրը արդիականացման:

 

Մեր անիշխանությունն էլ կարևոր դեր է կատարել մեր ճակատագրում: Գրեթե միշտ ուրիշի օրենքի տակ գտնվող մեր ժողովուրդը մշակել է արդարության սեփական չափանիշներ և կամավոր կարգով ենթարկվել է գրավոր օրենքին: Հայերի վերաբերմունքը օրենքի նկատմամբ հիշեցնում է Ավետարանի… «տւեք կայսրինը` կայսեր և Աստծուն` Աստծոյ» դրույթը: Կարծես թե հետևելով այս պատգամին` հայը ամեն տեղ վճարում է իր օրինական տուրքը, բայց նրա ոչ ձևական վարքագծի միակ մղիչ ուժը սեփական խիղճն է: Պատահական չէ, որ հայ կաշառակերին, հայ պոռնիկին և հայ ավազակին «խղճով սրիկա» են անվանում:

 

Մի ռուս մարդ, որը երեք տարի Երևանում գործարանի տնօրենի պաշտոն էր վարում, մի առիթով բողոքում էր ինձ. «Այս ինչ զարմանալի ժողովուրդ եք դուք: Գործարանիս դռնապանից պահանջում եմ, որ գործարան մտնող բոլոր աշխատողների անձնագրերը ստուգի, իսկ նա ինձ պատասխանում է, թե` «ես բոլորին էլ ճանաչում եմ, էլ ինչո՞ւ ստուգեմ»: «Ոչ, պիտի ստուգես,- բարկանում եմ ես, - իմն էլ պիտի ստուգես, որովհետև օրենք է»: Իսկ նա ինձ պատասխանում է. «Շատ հիմար օրենք է: Դու գործարանի տնօրենն ես, սա էլ իմ հարևան Սեթոն է, էլ ես ձեր ի՞նչը ստուգեմ»: Ճիշտն ասած, ես էլ չէի հասկանում, թե ինչու պիտի պահակը ստուգեր նրանց փաստաթղթերը, որոնց շատ լավ էր ճանաչում: Ու երբ այժմ տեսա գերմանացիների ցնորքի հասնող օրինապաշտությունը, ինչ մեղքս թաքցնեմ, շատ ավելի սիրեցի մեր հայ պահակներին, ոստիկաններին և նույնիսկ ԿԳԲ-ի աշխատողներին, որոնց համար օրենքը այդքան մեծ տեղ չի գրավում որոշումներ կայացնելու համար: Կասեն, թե անիշխանություն է քարոզում և ուզում է արդարացնել հայերի անկարգապահությունը: Ոչ, այդ անել չեմ ուզում, պարզապես այդպես եմ տեսնում մեր ժողովուրդը, իսկ գնահատականը թող պատմությունը տա: Գուցե պարզվի, որ հենց այս անիշխանական նկարագրի բերումով է, որ մենք կենդանի ենք մինչև այսօր:

 

Իսկ ինչո՞ւ անպայման հարմարվել եվրոպացուն, եթե եվրոպացու նկարագիր չունենք: Եվ ի՞նչ մեծ պարծանք կա եվրոպացի լինելու մեջ: Ապա փորձեք իտալացուն կամ հույնին մեղադրել նրանում, թե բարձր են խոսում և խոսելիս ձեռքի շարժումների օգնությանն են դիմում: Արգելեք նրանց այդպես արտահայտվել` պատճառաբանելով, թե Անգլիայում, օրինակ, նման ձևը ընդունված չէ և որպես դաստիարակության պակաս է նկատվում: Կարծում եմ, որ ո'չ հույնը և ո'չ էլ իտալացին ուշադրություն չի դարձնի մեր դիտողությանը և կխոսի այնպես, ինչպես խոսել են նրա պապերը: Իսկ եթե ոմանք էլ ամոթխած ենթարկվեն անգլիացու պահանջին, ապա վստահ եղեք, նրանք այլևս չեն կարող արտահայտվել այնպես, ինչը կարելի էր արտահայտել միայն յուրահատուկ ձևով:

 

Նկարագրի կորուստը մեծ կորուստ է, գուցե ամենակարևոր կորուստը: Եվ մենք շատ զգույշ պիտի լինենք բոլոր «վերադաստիարակման» փորձերի նկատմամբ, որոնք արվում են արդիականացման կամ առաջադիմության անունից:

 

Էդուարդ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Դրօշակ», 1981թ.

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica