close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավագ Եփրեմյան. ″Վարք. սեւագրություն″

Թուղթուգիր

8 Նոյեմբերի 2013, 13:42
 Ավագ Եփրեմյան. ″Վարք. սեւագրություն″

Նոյեմբերի 9-ին «Հայ գիրք» /Իսահակյան 16/ա հասցեում/ գրախանութում  /ժամը 16-18-ին/ տեղի կունենա Ավագ Եփրեմյանի «Վարք. սեւագրություն» գրքի շնորհանդեսը: Նույն օրը համատեղ կլինի նաեւ նաեւ Վաչե Եփրեմյանի «Բնագիր եւ մեկնություն» գրքի շնորհանդեսը:

 

Ավագ Եփրեմյան

 

ՀՍԿՈՂ ԿԱՄՔ

Արձակվեցի իմ մանկությունից,

 

Փաթաթվեցի իմ տարիներով -

Աստծունը՝ աստծուն,

Եւ իմը' ինձ.

Ես պիտի ապրեմ իմ բառերով։ -

Նրանց մեջ փառքն իմ արվարձանի

Ու կամքը պիտի հսկող հնչի,

Նրանց խորհուրդը թող վերծանի

Ջղաձիգ սերը դարավերջի։

Ես սկիզբն եմ սիրում - կատարյալ բառ.

Եւ մոգաբարո ժպիտը սեւ...

Այս խորունկ երկրի գաղտնիքը վառ

Իմ արշավանքը դարձնում է սեր։

Սեր, որին միայն սպասես պիտի,

Իբրեւ շունչ-ոգի մեծ լռության,

Իբրեւ տառապանք՝ նրա որդի,

Եւ՝ կավե տքնանք լինելության։ -

Մինչեւ սպասման կրակն անշեջ

Չվառի  մարդու աչքերը մար,

Իմ արվարձանում, իմ դարի մեջ

Ես սկիզբ կլինեմ - կատարյալ բառ։

***

ԿՌԻՆՉ

Աշուն է։ Տխուր է աշնանը։

 

Անուններ։ Ավանդներ։ Սերեր։

Գուցե թե փոխես Նշանդ,

Որ սովորույթն է բերել։

 

Աշուն է։ Հույզերի հեղեղ։

Խոր աշուն, ագռավներ, քաղաք։

Արժե՞ այս ֆոնին սրտակեղեք,

Քնքուշ մեր սերերը խաղանք։ -

 

Միշտ  խորքերում են, աչքից հեռու. -

Պոեզիա, խազեր, նկար։ -

Քաղաքը մեզ ոչինչ չի տալու,

Քաղաքը, որ երբեք չկար։

 

Բայց դռները կան։ Կա ժամը։

Եւ պիտի գնանք բացելու...

Երկնքում փոխված Նշանն է

Որպես օտար հյուր այցելում։

***

ՏՈՆ - ՄԱՌԱԽՈՒՂ

Դեպի մառախուղ - դեպի ոչինչ...

 

Ու պատկերների դռները՝ փակ,

Եւ առավոտվա մշուշի տակ

Փոքրիկ տղայի աչքերը ջինջ...

«Սա տոն է, որը քեզ հետ է միշտ»:

 

Սա հարություն է՝ մեղքով լեցուն,

Սա գոյությունն է փոքրիկ նավի,

Գինին թափվում է դառը գավից,

Որ դառնա միակ տարածություն -

Առօրյա, անհուն։ - Եւ փրկություն։

 

Անձրևն  այս - անվերջ թափվող նվագ,

Քաղաքն - ապակե փշրվող լիճ,

Փոքրիկ տղայի աչքերը ջինջ

Ահա շնչում են անձրևի տակ...

Եւ պատկերների դռները՝ փակ։

 

Սա տոն է, ահա զանգերը քո -

Հեռավոր - մոտիկ,

Մոտիկ - անհուն, -

Հագած հրաշքներ

(Ու անանուն)

Եւ գուշակողի սպիտակ քող -

Տո՛ւր ինձ թռչունը իմ մեջ երգող։

***

ԸՆԴ ՄԵՋ

 

Քաղաքը (վեհերոտ) բանաստեղծության

 

մահն է կամ մահը (վեհերոտ)՝ քաղաքի

բանաստեղծությունն աստղժխոր.

 

Աստված ինձ այստեղ մոռացել է

կամ ես այստեղ արդեն մեռել եմ -

ընդ մեջ Մնացյալ Լռության.

 

աչքս փակում եմ ու տեսնում, որ կույր է

բաց աչքը եւ ամենն, ինչ բացվել է

շնչավորների աղաղակներով.

 

Երկիր,

վերջին իմ մարգարիտ,

քո խեցին եմ դառնալու.

 

անունդ այստեղ չեմ հնչի այլեւս -

ջնջում եմ «խորհող եղեգնը»՝

փոխարենը գրելով «խոսող ցավ».

 

Մնացյալ Լռությունը

պատռում է ունկերս

աստղերի ոռնոցով։

***

Մարդուն սկսում է թվալ, թե աչքերը կալնող խավարն անտանելի-ծանր է, որովհետեւ հասել է աստեղային չափերի... Ուրեմն' պիտի փոխի չափումը: Եւ որովհետեւ բոլոր չափումներն իր մեջ են, եւ որովհետեւ խավարն ու աստղերը համատեղելի են միմիայն հիշողության ոլորտում, մարդը դարձյալ դառնալու է հիշողություն. ինքն իր եւ իր նմանների միակ հիշողությունը:

Անձը' բացառյալ:  

 

***

Այս աշխարհում ամեն ինչ կարիքից է սերում։ Բանաստեղծությունը՝ նույնպես։ Ոմանք կարողանում են համոզել, որ դա այդպես է, ոմանք էլ չեն նկատում, որ կարիքը շատուշատ հետո ծնված կարոտներից ու տենչերից էլ տարիքով է։

Արարումից հետո ազատության, ասել՝ մարդեղեն թափառումին հանձնված աշխարհի բեկորների, աշխարհի գույների ու գծերի, աշխարհի շնչառության՝ նորից միասին լինելու կարիքը նրանց միշտ դեպի բանաստեղծություն է բերելու։ 

***

ԿՌԱՎԱԾ ԿՌԱՀՈՒՄ

Նոր Նորք, 6-րդ զանգված. ջնջված հորիզոն,

 

պղտոր համայնապատկեր. դարձյալ այստեղ եմ։

...մեզ ոչ թե պատմել են, կարծես, այլ զրպարտել...

Դիտարժան են միայն թռչունները,

ասենք, քաղաքայինները՝ ագռավն ու աղավնին,

ճնճղուկներն էլ, եթե նկատում եք նրանց,

չէ՞ որ, թռչունները ենթակա չեն

ճակատագրին, իրենց էլ ճակատագիրը

ենթակա չէ, ուստի՝ դուրս են գրքից

զրպարտության... բայց նրանք էլ ահա

կռավում-ղունղունում-ճռվողում են

վատթարը՝ պոեզիայի ավարտը,

մարդկային հոգին՝ առօրյա-

պատմական-ձուլածո սաղավարտը, 

ճեղքելու փոխարեն... Բայց ես

դարձյալ այստեղ եմ... «Ինքնին աշխարհ»

չկա, ու ես մեկ առ մեկ տեսնում եմ

տեսածներս, որոնք ավելին են,

քան եղածը. տես՝

ագռավների կռավածը,

չկռահածը աղավնիների,

եւ ճնճղուկներն՝ իրենք...

 

***

Ես ապրում եմ

մի քաղաքում,

որտեղ ոչ ոք

չի ապրում:

 

***

Ձմեռը մտնում է քաղաք

 

մարդկային սրտերի միջով,

մարդկային սրտերի միջից

ձմեռը մտնում է քաղաք,

եւ որքան սրտերը՝ արջնած,

այնքան ցրտերը՝ դաժան,

այնքան բառերն՝ անպարզ,

այնքան արեգակը՝ թեք,

եւ հոգիները՝ միայնակ,

ու առավել քան իրական,

եւ ավագ հանգրվանն՝ հեռու,

եւ մեղքը՝ հսկա լեռնապար,

եւ վշտի դաշտերը՝ բերրի,

եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,

եւ ամեն անակնկալ վարդ -

ասես գերեզմանոցում աճի...

եւ երգի ձայներ չկան,

բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝

հատելով դատարկ փողոցները,

մարդկային սրտերը, գործերը,

քաղաքը - ինչպես քամին,

որից, այդ քամուց, սարսռում են

բառերը, մեղքերը, վարդերը՝

հար անակնկալ հայտնված...

մարգարե-գուշակի նման՝

ակնկալելի հայտնությամբ

կամ որպես հերթական նշան,

ձմեռը մտնում է քաղաք։

***

ԺԱՆԳԱՌՔ

Վերեւի հարկի

հարեւանուհիս

գորգն է թափ տալիս

բաց պատշգամբում։-

 

Ասես հիվանդ հրեշտակն է

թափահարում

ծանրացած թեւերը։

***

ՄԱՐԴԸ

Գլուխը վզի մեջ,

 

վիզը՝ ուսերի մեջ,

ուսերը ձեռքերի մեջ,

ձեռքերը՝ կրծքի մեջ,

կուրծքը՝ փորի մեջ,

փորը՝ ոտքերի մեջ,

ոտքերը՝ հողի մեջ...

եւ հողը՝ օդում։

***

ՄԱՐԴԸ ՄՏՆՈՒՄ է

ուրիշների սրտերը,

 

կոշիկներն է հանում այնտեղ

կամ չի հանում,

թեյ է խմում այնտեղ

կամ չի խմում,

ոտքերը դնում է սեղանին

կամ չի դնում,

աղմկում է այնտեղ

կամ չի աղմկում,

սիրում է, հուսահատվում, ատում

կամ՝ բոլորովին - ոչ,

տիրում է ուրիշների սրտերին

կամ չի տիրում,

բայց իսպառ մոռանում է իր սրտի մասին

եւ իր սիրտը թողնում է անտեր։

***

ԵՐԳ

Ծառերի համար

 

մաքուր հովիտներ

չեն մնացել,

 

գետերի համար

մաքուր հուներ

չեն մնացել...

 

սարերի համար

մաքուր երկինքներ

չեն մնացել...

 

Ամենուր մարդիկ են։

***

ՈՂՋՈՒՅՆ

Սա

 

Սա ինչ

Սա ինչ պոեզիա է, որ

Սա ինչ պոեզիա Է, որ վեհ

Սա ինչ պոեզիա Է, որ վեհ զգացմունքներ

 

Չի ներշնչում:

Ու՞մ...

 

 ***

Երեկ Ադամը կերավ Եվայի

տվածը: Քաղցր: Քաղցն առաքած էր.

տրվեց տրվածը: Եղավ գրվածը,

 

ուր երեկ կառքից արարիչ բայի

ոստնած գոյակը հողին փռված է,

հողում խրված է, աչքը չռած է

 

դեպի տեսիլքը վաղվա - հմայիլ՝

որ հմայվողից - ասես սա քաղց է -

հրաժարված է - հանապազ հաց է

 

ասես թե ինքը եւ ոչ՝ ամայի

մի տնակ, որի ծպեղը ցածր

կիսափլված է, առիքը բաց է.

 

եթե ուզում ես՝ երկնքին նայիր -

խորքերն ընդաղոտ հար պապանձված են.

եւ այս մուժի մեջ ամենքն աստված են:

 

Դարձիր, ինքդ քեզ ընդդիմակայիր.

լույսը ցրված ու դատապարտված է,

տախտակամածը - որին կանգնած ես - 

 

վերաց-արկած է, սարքած է կա-ի

չկայությունից. լեզվավարկած է

անվերջ կրկնվող: -Չմարող քաղց է.

 

տրվածը կտա, մինչեւ քայքայի

վերջին հաց-կասկած-բանաստեղծվածը...

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica