close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արեգ Ազատյանի ″Թռչող աֆրիկացին″ նոր վեպը` շուտով

Թուղթուգիր

22 Հոկտեմբերի 2013, 15:05
 Արեգ Ազատյանի ″Թռչող աֆրիկացին″ նոր վեպը` շուտով

Հոկտեմբերի 26-ին «Անդերգրաունդ» փաբում /Նալբանդյան 48, ժամը`16-18-ին/ տեղի կունենա Արեգ Ազատյանի «Թռչող աֆրիկացին» գրքի շնորհանդեսը:

Ի դեպ, միայն այդ օրը գիրքը կվաճառվի 3000 դրամով: 

***

Այժմ նստած մտածում եմ, թե ինչ է լինելու: Արդյո՞ք ճիշտ էր իմ այս որոշումը: Հնարավոր է, որ կեսից հիասթափվեմ, չդիմանամ ու ետդարձի ճանապարհը փնտրեմ: Դեռ չգիտեմ, թե ինչու եմ գնում եւ ինչ եմ այնտեղ տեսնելու: Թեեւ ենթադրում եմ, որ ամեն ինչ այնքան ուրախ ու ջերմ չի լինելու, որքան նախապես կարող է թվալ: Ես Աֆրիկան պատկերացնում եմ գունավոր ու տարօրինակ, կախարդական ու աննկարագրելի, բայց իրականում չգիտեմ, թե ինչպիսին է այն: Ես դեռ «աֆրիկացի» չեմ ու չգիտեմ, երբեւէ ինձ կհաջողվի՞ դառնալ, թե` ոչ: Ամեն դեպքում, ուզում եմ տեսնել այդ հսկա մայրցամաքը, որն ասես թռչնի մի թեւ լինի: Ուզում եմ տեսնել ու խոսել նրա բնակիչների հետ, լսել նրանց եւ սիրահարվել: Տեսնել նրանց կյանքն ու առօրյան, գրել նրանց մասին այնպես, ինչպիսին նրանք կան: Հիսուներեք երկիր: Իրականում այս թիվը շատ քիչ է, որպեսզի կարողանամ տեսնել այն ամենը, ինչ ցանկանում եմ, քանի որ հնարավորություն ունեմ յուրաքանչյուր երկրում գտնվել մեկ օր եւ ոչ ավելին ու ցանկություն չունեմ խախտելու այդ օրակարգը: Հիսուներեք օր անց պետք է վերադառնամ: Գիրքը, որը պատրաստվում եմ գրել, պետք է լինի վեպ՝ կազմված, հավանաբար, հիսուներեք գլուխներից (օրերից). յուրաքանչյուրում կպատմվի այն ամենը, ինչ կպատահի ինձ հետ այնտեղ: Գիրքը չպետք է ունենա քաղաքական ենթատեքստ, այն կլինի գեղարվեստական եւ կնկարագրի իրականությունն իմ աչքերով: Ես դրա համար ունեմ արդեն մի հերոս, որի անունը չեմ գրել: Թող լինի Ինչ-որ մեկը: Նա չպետք է խառնվի ուրիշների կյանքին եւ տեղեկություններ հայթայթի, քանի որ չեմ ուզում, որ հերոսս լրագրողի տպավորություն ստեղծի: Պարզապես թող գնա Աֆրիկա ու տեսնի այն, ինչպես փոքրիկ թութակը, ում ժամանակ առ ժամանակ բաց են թողնում վանդակից, որպեսզի շրջի ու ետ վերադառնա:

 

Ես մտավախություն ունեմ, որ ետ չեմ վերադառնա, չգիտեմ ինչու. մարդիկ տարբեր են եւ դժվար է ասել, թե իմ ճակատագիրն ինչպես կորոշվի: Թեեւ այն իմ ձեռքերում է, քանի որ ես եմ որոշել գնալ այնտեղ, եւ ոչ ուրիշ մեկը: Հույս ունեմ, որ հիսուներեք օրերի ընթացքում աննկարագրելի բաներ կտեսնեմ, որոնց մասին պատկերացում չունեմ, եւ, այնուամենայնիվ, կվերադառնամ  տուն, ուր ինձ կսպասեն: Դեռ չեմ որոշել' ընթացքու՞մ գրել գիրքը, թե՞ ճանապարհորդության ավարտից հետո. ամեն դեպքում ես եւ իմ հերոսը' Ինչ-որ մեկը, պատրաստ ենք:

 

- Դամասկո՞ս եք թռչում,- ասում է կողքիս նստած արաբը, որն այս ընթացքում թերթ էր կարդում: Մոռացա նշել, որ օդանավակայանում եմ, եւ շուտով ինքնաթիռը կթռչի:

- Այո՛:

- Մի բարեկամ ունեմ այնտեղ: Մի քանի տարի է' չենք հանդիպել:

- Ես Աֆրիկա եմ գնում:

- Աֆրիկա՞:

- Այո՛:

- Ասացիք Դամասկո՞ս:

- Այո՛, իմ ճամփորդությունը հեռվից է սկսվում, միանգամից չեմ կարող հայտնվել Աֆրիկայում: Դամասկոսից էլ Ամման եմ թռչելու:

- Այդքան պետք է գնա՞ք:

- Այո՛:

- Աֆրիկայում շատ պետություններ կան, կոնկրետ ու՞ր եք գնում:

- Չգիտեմ: Հերթով, բոլորը:

- Ինչպե՞ս, բոլորը՞:

- Այո՛, արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ:

- Ինչո՞ւ:

- Աֆրիկայի մասին գիրք եմ գրում:

- Հետո ի՞նչ:

- Պետք է տեսնեմ:

- Առանց տեսնելու չե՞ք գրի:

- Ո՛չ:

- Ես գիտեմ' այնտեղ ինչպես է, պատմե՞մ:

- Ինչպե՞ս է:

- Մարդիկ սովից մահանում են, հիվանդ են, ու բոլորը թքած ունեն: Դա է Ձեր Աֆրիկան:

- Դա Ձեր Աֆրիկան է:

- Այդպես չէ՞:

- Չգիտեմ:

- Ես համոզված եմ, որ այդպես է: Աֆրիկան վտանգավոր տեղ է, Ձեզ պե՞տք է, որ այդ մասին գիրք եք գրում: Եվրոպայի մասին գրե՛ք:

- Շնորհակալ եմ խորհրդի համար:

- Լուրջ եմ ասում, այնտեղ գնալը շատ վտանգավոր է. բոլորը հիվանդ են, ջուրը խմելու չէ, օդը մաքուր չէ, աջ ու ձախ մալարիայով հիվանդներ են, ՁԻԱՀ-ով ու խոլերայով: Քանի շուտ է, մի՛ գնացեք: Հեռուստացույցով ողջ օրը վատ բաներ եմ լսում Աֆրիկայի մասին:

- Հեռուստացույ­ցով ողջ­ օրը Մերձավոր Արեւելքում ռմբակոծություններ են ցույց տալիս, ինչո՞ւ եք գնում Դամասկոս:

- Բայց այնտեղ այդպես չէ: Մերձավոր Արեւելքը հսկայական տարածք է, իսկ Սիրիան' ընդամենը մի պետություն:

- Աֆրիկան էլ է մեծ:­

- Բայց Դամասկոսն իմ հայրենիքն է, չեմ կարող չգնալ:

- Պարզ է (շատ կցանկանայի ասել' Աֆրիկան էլ իմ հայրենիքն է):

- Ընտանիքս եկավ, միանամ նրանց:

- Այո՛, իհարկե:

- Ձեզ բարի ճանապարհ,- ծիծաղում է,- չնայած միասին ենք թռչելու:

 

Արաբը մոտենում է իր կնոջն ու համբուրում, կողքին երկու երեխաներն են: Նրանք ուրախ են եւ երջանիկ: Այնպես ոգեւորված են բռնել արաբի կոնքերից, ասես տարիներով չէին հանդիպել, թեեւ հինգ րոպե առաջ կինը երեխաների հետ խանութ էր մտել եւ ասել էր, որ շուտով կգա: Բայց կարեւորը, որ նրանք ուրախ են:

 

Ես ուզում եմ, որ ճանապարհորդությանը ներկա գտնվեն բոլոր «աֆրիկացիները», գիտեմ, որ այս օրերի ընթացքում չեմ հասցնի տեսնել բոլորին, շփվել նրանց հետ, եւ միգուցե գրքում շատերին չնշեմ, բայց նրանք պետք է վստահ լինեն, որ իմ հերոսն են ու ես բոլորին հարգում եմ' բոլոր ցեղախմբերին, ազգերին ու էթնիկական խմբերին, բոլոր լեզուներով խոսողներին, բոլոր դավանանքի տերերին: Ճանապարհորդության ընթացքում դժվար է տեսնել ամեն ինչ, եւ դա ոչ ոք ի զորու չէ անել, բայց հույս ունեմ, որ ինձ գոնե  կհաջողվի գրել գիրքս: Ինձ անհանգստացնում է նաեւ մի հարց, թե ի՞նչ լեզվով եմ խոսելու նրանց հետ: Աֆրիկայում բազմաթիվ լեզուներ եւ բարբառներ կան, եւ, բնականաբար, ես դրանց չեմ տիրապետում: Լավ կլինի, որ շատերն անգլերեն հասկանան: Իսկ գրքի մեջ, հավանաբար, որոշ ուղղումներ կմտցվեն եւ կխմբագրվեն հերոսների խոսքերը' իհարկե, չփոխելով դրանց իմաստը: Ես չեմ բացառում բացթողումներ ու սխալներ, կարծում եմ, որ գեղարվեստական գրքում առաջնայինը գաղափարն է եւ իմաստը, բայց, իհարկե, այն պետք է հնարավորինս հավաստի հիմքեր եւ արմատներ ունենա: Բայց նախապես բոլոր «աֆրիկացիներից» ներողություն եմ խնդրում հերոսի սխալների համար: Թեեւ վստահ եմ, որ դրանք շատ քիչ կլինեն:

 

- Դամասկո՞ս եք գնում,- լսվում է մի ձայն, որը ետեւիցս է գալիս:

- Այո՛:

Կողքս է նստում մի մարդ, նա թուխ մաշկ ունի, դժվար է ենթադրել ազգությունը:

- Այնտե՞ղ եք ապրում:

- Ո՛չ: Այնտեղից Ամման եմ մեկնելու, հետո' Աֆրիկա:

- Աֆրիկա,- բացականչում է:

- Այո՛:

- Հրաշալի տեղ է:

- Այո՞:

- Ես եղել եմ այնտեղ: Դա վաղուց էր, բայց Աֆրիկան լավ եմ հիշում: Ես երիտասարդ էի: Գնացել էի' օդաչու աշխատելու:

- Գեղեցի՞կ է Աֆրիկան:

- Չքնաղ: Ես, ճիշտ է, վերեւից եմ տեսել, բայց ամեն ինչ երեւում է: Ասես ողջ հսկայական մայրցամաքն աչքերիդ առջեւ լինի:

- Երկա՞ր եք մնացել այնտեղ:

- Մի քանի տարի: Ինչո՞ւ եք գնում, մոռացա հարցնել:

- Գիրք եմ գրելու:

- Աֆրիկայի մասի՞ն:

- Այո՛:

- Շատ լավ է,- նրա աչքերում գնալով արցունքներն ավելանում են, սրբում է,- հրաշալի է, ե՞րբ եք գրելու:

- Չգիտեմ:

- Գրե՛ք, անպայման գրե՛ք: Դա ամենագեղեցիկ ժամանակն էր իմ կյանքի, իմ սիրո եւ երիտասարդության: Անմոռանալի էր, ցավոք, ամեն ինչ ետ չես բերի: Բարի՛ ճանապարհ,- վեր է կենում, ոտքերը դողում են, մոտենում է իր ճամպրուկին: Տեսադաշտիցս դուրս է գալիս:

- Ուշադրությու՛ն, Դամասկոս մեկնող ուղեւորները հրավիրվում են թռիչքի: Շնորհակալությու՛ն:

  Մեկնելու ժամանակն է: Քիչ անց կլսվի ինքնաթիռի շարժիչի ձայնը, եւ կսկսվի ճանապարհորդությունը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica