close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրողի թաղմանը գնալն էլ են քարոզարշավ համարում

Հարցազրույց

19 Հոկտեմբերի 2013, 13:45
 Գրողի թաղմանը գնալն էլ են քարոզարշավ համարում

Հոկտեմբերի 20-ին` Հայաստանի գրողների միության համագումարի օրը, կընտրվի ՀԳՄ նախագահը: ՀԳՄ նախագահի թեկնածուները երեքն են` Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան եւ Դավիթ Սարգսյան: yerkir.am-ի զրուցակիցն է ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը:

 

-Պարո'ն Միլիտոնյան, երեկ «Գրական թերթում» հրապարակվեց Ձեր ծրագրային դրույթները: Այնտեղ, սակայն ՀԳՄ անդամության մասին չտեսա ոչ մի դրույթ: Այդ հարցն ինչպե՞ս է լուծվելու:

-Անդամության հարցը ՀԳՄ կանոնադրությամբ է լուծվում: Կանոնադրությունն ամեն հնարավորություն տալիս է նորմալ ընտրելու: Եթե մարդիկ ճաշակով չեն ընտրում, կանոնադրությունն ի՞նչ մեղք ունի: Ամենալավ օրենքը կարելի է այնպես իրագործել, որ ծաղր ու ծանակի ենթարկվի: Իմ կարծիքով` չափանիշները պետք է խստացվեն, ամենաարժանիները գտնվեն, խրախուսվեն եւ ընդունվեն:

 

-Երեկ Հովիկ Հովեյանն ասաց, որ քարոզարշավ եք սկսել Արցախում, Լոռիում. կա՞ նման բան:

-Այո, ես սկսել եմ այդ արշավը, սակայն այն սկսել եմ դեռ 15 տարեկանից: Այդ արշավը 1967-ից եմ սկսել` տպագրվելով «Գարուն» ամսագրում, երբ 7-րդ դասարան էի: Այս տարիների ընթացքում անվերջ արշավում եմ տարբեր ուղղություններով, հանդիպում եմ գրողների, խնդրում, որ ինձ ՀԳՄ նախագահ ընտրեն, աղաչում եմ Հովեյանին, որ ինձ համար գրողների մոտ բարեխոսի, թե ինձ ձայն տան: Այդպիսի շատ բաներ եմ անում, եւ Հովեյանը, այո', իմ քարոզարշավի մասին ժողովրդին տեղեկացնում է, որ զգույշ մնան ինձնից, թե չէ` որտեղ տեսնեմ` կբռնեմ ու կքարոզեմ: Ես հեռուստատեսությամբ այս ամենն իր երեսին կասեմ, որ ինքը, եթե ամոթ ունենա, մի քիչ լռի: Քարոզարշավ, երբ որեւէ մեկը չի առաջադրվել, հնարավոր չէ սկսել: Եթե դու գրողի ես հանդիպում եւ նրան բարեւում, դա քարոզարշավ չէ: Հովեյանը սա համարում է քարոզարշավ... Աստված իր հետ: Եթե ես գնում եմ ինչ-որ գրողի թաղմանը, նա կրկին քարոզարշավ է համարում: Գուցե գրողը մահանու՞մ է, որ մասնակցի իմ քարոզարշավին, չգիտեմ: Հովեյանի տրամաբանությունը որեւէ ցանկություն չունեմ վերլուծելու, իմ ուժերը չեն ներում: Մեր կանոնադրության մեջ որեւէ կետ չկա, որ ՀԳՄ նախագահի պաշտոնակատարը չհանդիպի գրողներին: Եթե նա չպետք է հանդիպի գրողներին, ո՞ւմ պետք է հանդիպի: Եթե ես պետք է Արցախ գնամ, իսկ ինքն արգելի ու քարոզարշավ համարի, բա ո՞ւր գնամ` Աջարիա, Աբխազիա. այնտեղ էլ կգնամ, այնտեղ էլ գրողներ ունենք: Այս ծաղր ու ծանակը, ինչո՞ւ չեք հարցնում` պարոն Հովեյան, այդ ո՞ր կանոնադրության, կանոնադրության ո՞ր կետով է արգելվում այցելել գրողներին: Ինքն էլ է գնացել Վանաձոր, ինչ-որ բաներ արել: Ինքն ամիս ու կես է` առավոտից երեկո ընտրություններից է խոսում, հիմա դա քարոզարշա՞վ է, թե` չէ: Ես այդ մասին չեմ խոսում, քանի որ ինչքան նա խոսում է, այնքան իրեն է վնասում:

 

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

-Իմ հնարավորությունները ընտրության օրը դուք կտեսնեք: Ես ասեմ, այդ մարդն էլ լսի ու հանկարծ վա՞տ կզգա իրեն: Բոլորին համբերություն եմ մաղթում: Համագումարի օրը` քվերակությունից հետո, մեր հանդեպ գրողների վերաբերմունքը կերեւա:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica