close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր խաղի ժամանակը. Ս. Ղարաբաղցյան

Թուղթուգիր

15 Հոկտեմբերի 2013, 12:46
 Մեր  խաղի ժամանակը. Ս. Ղարաբաղցյան

...2012 թվական, ամառ… Սիրիայում օր օրի վիճակը ծանրանում է, զոհված ու առևանգված հայերի թիվը՝ գնալով աճում: Երևանի փողոցներում հաճախ են հանդիպում սիրիահայեր՝ շվարած, շփոթված կատարվածից:
Հարցումների, զրույցների թեման գրեթե ամեն օր նույնն է. ի՞նչ կա Հալեպից, հայկական թաղամասերին հո բան չի՞ պատահել...Մխիթարվում ենք, որ զոհված, առևանգված հայերի թիվը չի ավելացել... Բայց հո լավ գիտենք, որ մխիթարանքը անցողիկ է, ժամանակավոր...

 

Քսան տարի առաջ Հալեպից եկած ու Երևանում մշտապես հաստատված ընկերոջս՝ Վազգենի խանութը դարձել է հալեպահայերի հավաքատեղին..
Այդ օրը ընկերոջս հյուրը պատկառելի տարիքով, խնամված արտաքինով մի հալեպցի էր: Կռահեցի, որ հին գործընկերներ են եղել: Որոշեցի նրանց առանձին թողնել, նույնիսկ ներողություն խնդրեցի զրույցը ընդհատելու համար, բայց Վազգենը կանխեց.

- Նստիր, չես խանգարում, ընդհակառակը, գուցե մի խորհուրդ էլ դու տաս:

- Խորհուրդ տվողները հիմա շա՜տ են:

-Նայած՝ ով...

 

Երբ նորից ծայր առավ զրույցը՝ Սիրիայի դեպքերի, հայերի, թուրքերի նենգ պահվածքի և մյուս –մյուս բաների մասին, ընկերոջս հյուրը փորձեց գլխավոր մեղավորներին ուրիշ տեղ փնտրել.

- Այս ամենը հրեայի խաղն է,- ասաց:

- Է՜, հրեաները քեզ ըսին՝ նստիր, սպասիր, մինչև դանակը ոսկորի՞ն հասնի…Մոռցա՞ր՝ ինչ ձևով անոնք դուրս եկան Սուրիայեն պատերազմեն առաջ,- Վազգենը նկատի ուներ անցյալ դարի արաբ –իսրայելական պատերազմը ու շարունակեց, - մի գիշերվա մեջ, անաղմուկ, դատարկ գրպաններով:

- Դատա՞րկ,- զարմացած հարցրի ես:

- Անոնք իրենց ունեցածը վաղուց ոսկեղենի, գոհարեղենի, անտիկի կապել էին ու ղրկել ուր որ հարկն է…Հրեան այս խաղը հինգ հազար տարի առաջ է սկսել ու մինչև հիմա կխաղա…

- Ամեն ազգ իր խաղն ունի,- եզրակացրեց հյուրը:

- Մեր խաղը ո՞րն է Հակոբ (հյուրի անունը Հակոբ էր), կրնա՞ս բացատրել...Մեր խաղը ուրիշներուն շենացնե՞լն է, մեր խաղը ուրիշներին հավատարիմ ծառայե՞լն է, մեր խաղը ուրիշների օրենքները հարգե՞լն է, ուրիշների ոտքերու տակ գորգի պես փռվե՞լն է մեր խաղը...Հրեայի խաղն է կըսես. համաձայն եմ, թող հրեայի խաղը ըլլա, մե՞զ ինչ... Մե՜ր, մեր խաղալու ժամանակը չեկա՞վ…,- Վազգենի ձայնի մեջ վիրավորանք կար, բարկություն, ցավ, ափսոսանք…Հետո անսպասելի դիմեց Հակոբին.

- Որքա՞ն վճարեցիր Հալեպ – Երևան տոմսակին:

- Մի հարցուր, թալան է,- դժգոհեց հյուրը:

- Հրեա՞ն ըսավ՝ թալանիր: Քեզի համար, որ թալան է, հաբա կոշկակար Պողո՞սը ինչ ըսե, սրճեփ Ասատուրը, վարժարանի օրիորդ Շաղիկը, գրագետ Հակոբը... կուզե՞ս անունները շարունակեմ... Հրեա՜ն...Հրեան իր կոշկակար Աբրահամին, սրճեփ Աբրահամին, օրիորդ Սառային համար տոմսակները առաջնահերթ, անաղմուկ արդեն գնած կլիներ...

 

Հյուրը լսում ու ոչնչով չէր առարկում: Ես ինքնախարազանման պես մի բան էի ապրում. ծանր, օրհասական պահերին մենք միշտ փնտրում ենք մեզ` փողոցից – փողոց, հիասթափվում մեր սնանկ վիճակից, բարեգործական երթուղիների տերերից...
Դրա փոխարեն` Հալեպ –Երևան մի – մի տոմս գնեիք՝ սուսուփուս, անաղմուկ...Այդ ճանապարհը, ախր, երկնքով է անցնում՝ Աստծուն մոտ...

 

Այս մտքերով տարված՝ մի պահ չէի նկատել, թե ինչպես էր սուրճի երեք գավաթ դրվել սեղանին ու Հալեպի անուշաբույր սուրճի հոտը բռնել էր սենյակը:

-Հալեպից է, Կարոյի քովեն առի,- ժպտալով ասաց հյուրը՝ հասկացնելով, որ ինքն է բերել:

-Նշխարքի պես վայելենք ուրեմն,- բազմանշանակ ասաց Վազգենը ու ծխախոտը վառեց:
Առանձնահատուկ բույր ունի Հալեպի սուրճը՝ կարոտի, հիշողության բույր: Մտքով հասա Կարոյի խանութ, կողքինը՝ անուշավաճառ Պողոսի խանութն է, հետո սանդվիչ Կարոն է...Ոսկերիչ Մանոն, լումայափոխ Նշանը, իսկ հենց փողոցի անկյունադարձին՝ Հակոբի մանկական հագուստի խանութը...Փողոց ասածն այստեղ նեղլիկ մի բան է, որի մի մայթն անցնելու համար մի քայլն էլ բավական էր...Տաքո՜ւկ, մեղվի փեթակ հիշեցնող բարի մի թաղամաս՝ մի պճեղ Հայաստան…
Թեև լուռ, կում – կում վայելում էինք Հալեպի անուշաբույր սուրճը, բայց ամեն մեկս մեր մեջ զրույցը շարունակելու ելք էինք փնտրում: Վազգենը բանալին գտավ՝ հարցնելով Հակոբին.

-Ներսի շուկայի Ահմեդին կհիշե՞ս:

-Շատ լավ, - վստահ պատասխանեց հյուրը:

-Ի՞նչ ազգ էր, գիտեի՞ր..

-Արաբ չէ՞ր..

-Ընկերս խորամանկ ժպտաց.

-Ի՜նչ արաբ, ի՜նչ չերքեզ, ի՜նչ թուրք… Հրեա էր, հրեա՜...

Դեռ Ղամիշլիից գիտեի...Տասնչորս երեխա ուներ, բոլորին մեկ-մեկ Հրեաստան ղրկեց՝ բեռով, բարձով...Ինքը տեղափոխվեց Հալեպ. Ներսի շուկայում անտիկի գործ կըներ...

 

Վազգենը մի պահ լռեց, հետո շարունակեց խորհրդավոր հրեայի պատմությունը.

- Չեմ հիշեր, քսան և ավելի տարի առաջ էր, գործով Ներսի շուկա ելա.. Հենց մուտքի մոտ տեսնեմ ո՞վ՝  Ահմեդը, ապրանք կծախեր…Աչքերուս չհավատացի: Քիչ կանգնելուց, զննելուց հետո, համեզվելով, որ ինքն է՝ անունը տվի… Գործը թողեց, եկավ. փաթթվանք, համբուրվեցանք, հիշեցինք Ղամիշլին, զավակներին… Կարճ տևեց մեր զրույցը: Ահմադը գործի մարդ էր…Քամի էր, մարդ չէր…Դրամը անոր ետևեն կվազեր, իսկ հայը դրամին ետևեն կվազե...Բռնիր`  նայիմ, կբռնվի՞... Չեմ մոռնար հրաժեշտին ըսած անոր խոսքը.

-Ձեր ելնելու ժամանակն էլ մոտ է,- ասաց:

 

Ասել կուզե՝ մեր խաղի ժամանակն է:
 
 
Սպարտակ Ղարաբաղցյան

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica