close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը շահեց

Հարցազրույց

8 Հոկտեմբերի 2013, 17:00
 Սերժ Սարգսյանը շահեց

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:

 

- Պարո'ն Ռուստամյան, ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցի վերաբերյալ, որը մինչ օրս մամուլում քննարկման առարկա է:

- Գիտեք, խնդիրն այն է, որ երեւի մեկ այլ լսարանում այդ հարցը կունենար այլ հնչեղություն, բայց այն լսարանը, որը ԵԽԽՎ-ն է, վստահ եմ, նաեւ հետո իմ շփումներում հաստատվեց իմ այն տպավորությունը, որ դրանից ավելի շահեկան վիճակում հայտնվեց հենց Սերժ Սարգսյանը: Այո, այդ լսարանի համար հարցը բոլորովին այլ ընկալում առաջացրեց, եւ Սերժ Սարգսյանն ավելի շահեկան վիճակում հայտնվեց: Երբ խոսում են ավտորիտար ռեժիմի մասին, ապա ԵԽԽՎ-ում տեսել են, թե ավտորիտար ռեժիմ ունեցող երկրների պատվիրակությունները մեջ ինչպիսի ներկայություն ունի ընդհանրապես ընդդիմություն ասվածը, օրինակ` նույն Ադրբեջանի պատվիրակության մեջ երբեւէ չենք տեսել, որ մեկն իրենց երկրի նախագահին ասի` աչքիդ վերեւը ունք կա կամ տարբեր ձեւակերպումներով իր ընդդիմադիր կեցվածքները փորձի դրսեւորել: Պարզ է, որ երբ նման հարց է տրվում նախագահին, նույն նախագահը եւ իշխանությունները կարող են այս փաստարկը բերել` եթե այդքան ճնշվում է ընդդիմությունը, այդ աստիճանի ավտորիտար ռեժիմ է, ինչպե՞ս կարող է թույլ տրվի, որ նման մեկը հայտնվի պատվիրակության մեջ եւ կարողանա ազատ հարցադրումներ անել:

 

Երկրորդ` հարցի երկրորդ մասը, մասնավորապես` 70 մլն դոլար տանուլ տալու մասը, բոլորի կողմից ընկալվեց որպես ակնհայտ կեղծիք, անհիմն հարցադրման տպավորություն թողեց, որը նշանակում է, որ ինչ-որ տեղ ընդդիմությունը կարող է չհիմնավորված փաստերով դիրքորոշում հայտնել: Այս ամենը գումարելով` ես նկատի ունեմ, որ Սերժ Սարգսյանն այդ լսարանի առջեւ ավելի շահեկան վիճակում հայտնեց: Նամանավանդ, որ ինքն էլ հարցին հնարավորինս զուսպ պատասխանեց:

 

- Տեսեք, Դուք ասում եք, որ այս ամենից Սերժ Սարգսյանն ավելի շատ շահեց, իսկ հնարավո՞ր է այս ամենը կազմակերպած է. այդ վարկածն էլ կա, մանավանդ, որ շատ շահարկվեց այն փաստը, որ ՀՀԿ-ական պատգամավորներն են իրենց` հարց տալու իրավունքը զիջել Զարուհուն:

-Իրականությանը չի համապատասխանում այդ` իբր ներքին պայմանավորվածությունը: Մեր պատվիրակության մեջ միշտ եղել է այն պրակտիկան, որ ոչ միայն պատվիրակության 4 հիմնական ներկայացուցիչները ելույթներ ունենան եւ հարցեր ուղղեն, այլեւ այդ հնարավորությունը տրվի պատվիրակության կազմի 4 փոխարինողներին: Այս ավանդույթը միշտ պահպանվել է: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սահմանափակումներ էլ կան` մեկ պատգամավորը 3-ից ավելի ելույթ չի կարող ունենալ մեկ նստաշրջանի ընթացքում: Այսինքն` 5 օրերը ավելի լիարժեք օգտագործելու համար փոխարինող կազմի հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտություն է առաջանում: Ի վերջո, մենք գնում ենք որպես մեկ թիմ, ներկայացնում ենք Հայաստանը, եւ ճիշտ կլինի, որ մեր ներուժը, որն առանց այն էլ շատ չէ, լավագույնս օգտագործենք: Ձայն զիջելը բխել է անցած փորձից, չեմ կարծում, որ պետք է հատուկ դավադրություն ման գալ:

 

- Այստեղ Փոստանջյանին քննադատողները հիմնականում իրենց քննադատությունը պայմանավորում էին այն բանով, որ պետք չէ կեղտոտ սպիտակեղենը դրսում ցույց տալ: Դուք համաձա՞յն եք այս մտքին:

-Ծայրահեղ մոտեցում է: Ի՞նչ է նշանակում կեղտոտ սպիտակեղեն, եթե մենք մոնիտորինգի տակ ենք, պարտավորություններ ենք ստանձնել: Այն գլխավոր արժեքները, որի համար մենք անդամակցել ենք ԵԽԽՎ-ին, դրանց կատարման ընթացքը գնահատելը իր մեջ քննադատություն է պարունակում, դա չպետք է դիտվի կեղտոտ ստիտակեղենի դուրս հանում, լվանալ, այլ` բնականոն ընթացք: Ի վերջո, նույն իշխանության գործն է երկրի վիճակն ավելի դրական լույսի տակ ներկայացնելը, ընդդիմության գործը` վեր հանել այն, ինչ իշխանությունը չի ասում, ԵԽԽՎ-ի զեկուցողների գործն էլ այն է, որ դրա հիման վրա, արբիտրի դերում լինելով, կարողանան գնահատատել` որն է ճիշտ, որը` սխալ: Եթե մենք խոսում ենք բազմակարծության մասին, դրա մեջ տեղավորվում է այդ քննադատությունը: Եթե ասենք, որ չպետք է քննադատվի, որովհետեւ կեղտոտ սպիտակեղենն է դուրս հանվում, դա ուղղակի տաղտուկ եւ անիմաստ կդարձնի այնտեղի քննարկումները: Այս ծայրահեղության մեջ էլ չպետք է ընկնել, այլ բան է, որ պետք է դրա չափը, ձեւը, ոճը իմանալ, որ դա անում ես` քո երկրի համար սրտացավությունից ելնելով, ոչ թե երկիրը նվաստացնելու տրամաբանությամբ:

 

-Դուք ինչո՞ւ նման հարց չէիք տա Սերժ Սարգսյանին:

-Նախ չէի տա, որովհետեւ հայտարարություն անելուց առաջ պետք է ստուգել ցանկացած ինֆորմացիա: Ես երբեք չեմ առաջնորդվում տարբեր ասեկոսեներով եւ բամբասանքներով եւ, դրանց վրա հիմնվելով, հարցադրումներ չեմ անում: Ցանկացած հարցադրումից առաջ մի քանի անգամ ստուգում եմ, որ հիմքերը ամուր լինեն, նամանավանդ, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից ես հարցը տալիս: Այդ ամբիոնը պարտավորեցնում է, որ դու տասն անգամ չափես, մեկը կտրես: Իհարկե, այդ ամբիոնի նշանակությունը մեծ է, բայց մեծ է նաեւ պատասխանատվությունը` ասել բաներ, որոնք հիմնավորված են, նպատակային են եւ ծառայում են մեր խնդիրները լուծելուն: Ես կտայի շատ ավելի լուրջ հարցեր` պարտավորությունների կատարման հետ կապված, նախագահի ելույթի հետ կապված եւս, երբ երկրի ներքին վիճակը շատ ավելի դրական գույներով էր ներկայացնում, որի հետ ես համաձայն չեմ:

 

Ելույթի` ԼՂՀ-ի մասն ուղղակի հրաշալի էր, վաղուց այդպես հայեցակարգված Հայաստանը իր մոտեցումները չէր ներկայացրել ԵԽԽՎ-ում, որն, իհարկե, շատ դրական էր, ինչ ադրբեջանցիների համար շատ անհարմար վիճակ ստեղծեց: ԵԽԽՎ-ում տեսան կոշտ, բայց հայեցակարգված մոտեցում: Սրա վրա ես չէի փորձի ստվեր գցել: Ավելին` պետք էր այդ տպավորությունն ուժեղացնել, որովհետեւ դրանից շահում ենք բոլորս:

 

-Պարո'ն Ռուստամյան, ինչպիսի՞ն էր եվրոպացիների արձագանքը Փոստանջյանի հարցից հետո:

-Բացի նրանցից, ովքեր թուրք-ադրբեջանական լոբբինգից են սնվում եւ որոնք քիչ տոկոս են կազմում, մնացած 80-90 տոկոսը, ում հետ շփվել եմ, բոլորը համարում էին, որ հարցն ավելի շահեկան վիճակում դրեց Սերժ Սարգսյանին: Այն նպատակը, որ դրել էր իր առջեւ Զարուհին, իրենց համար անընդունելի էր:

 

- Եվ վերջին հարցս. տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է փոփոխություններ կատարել հայկական պատվիրակության կազմում, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

- Ֆորմալ առումով Հովիկ Աբրահամյանը դա կարող է անել, որովհետեւ ինքն է պատվիրակությունը ձեւավորում, եւ հունվարին կարող է վերանայել, բայց, բնականաբար, պետք է պահպանի ԵԽԽՎ-ի կանոնակարգը: Երկու հիմնական հարց կա, որ պետք է նկատի ունենա: Առաջին` պատվիրակությունը պետք է հնարավորինս ամբողջական ներկայացնի ԱԺ խմբակցությունների հարաբերակցությունը. սա կատարվել է մինչեւ հիմա: Հիմա եթե փոխվում է, հարց է առաջանում` ինչո՞ւ փոխվեց: Երկրորդ` խնդիր կա` պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված. ԵԽԽՎ-ն հստակ ասում է, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր հայտարարությունների եւ ելույթների համար, այսինքն` իր գործունեության համար, դա չի վերաբերում այն դեպքերին, երբ կա ակնհայտ զրպարտություն, ազգային խտրականություն: Այսինքն` լուրջ հիմնավորումներով պետք է փոփոխությունը կատարվի, հակառակ դեպքում` իսկապես կարող է քննվեն ԵԽԽՎ-ում եւ չընդունվեն պատվիրակության փոփոխության պարզաբանումները:

 

Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica