close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻ ՎԸՏՆԱՆԻ, ՄԻ ԿԸԼԽԱՆԻՆ...Արևի բնակավայրը

Թուղթուգիր

23 Օգոստոսի 2013, 13:20
 ՄԻ ՎԸՏՆԱՆԻ, ՄԻ ԿԸԼԽԱՆԻՆ...Արևի բնակավայրը

«....ՀԱՂԹԱՆԱԿԻ 15 ԱՄՅԱԿԻՆ՝ 1960 –Ի ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ, ԼԵՒԱՆԻ ԱՐԴԵՆ ՓՏԱԽՏՈՎ ՀԻՎԱՆԴ  ՈՏՔԸԵՐԵՒԱՆՈՒՄ ԿՏՐԵՑԻՆ ՈՒ ՆԱ ԳՅՈՒՂ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀԵՆԱԿՆԵՐՈՎ՝ ՄԻ ՈՏԱՆԻ...» 

 

...Մեր գյուղում մի ոտանի երկու մարդ կար արդեն՝ Գաղթո ամին ու Լեւան հորեղբայրս: Պատերազմի ավարտից 15 տարի անց Սաթենիկ տատս կրկին անիծեց.

 «Փրթիկ-փրթիկ ըլես, Հիտլեր...»

 

Հարյուր, հազար տարի էլ անցնի այս անունը առանց անեծքի չի հիշվելու... Ի՞նչ օգուտ, սակայն, աշխարհը նոր հիտլերներ, նոր թալեաթներ է ծնում...Անեծքն էլ, Աղոթքն էլ նույն բաներն են. երկուսն էլ երկինք են բարձրանում, տեղ են հասնում, բայց մեկը՝ միշտ ուշացած՝ կամ անեծքը, կամ աղոթքը...Մեր գյուղում մինչեւ հիմա էլ հիշում են կոմսոմոլ Բայանդուրի կազմակերպած արյունոտ շաբաթօրյակը: Գողտրիկ եկեղեցի ուներ գյուղը: Կոմսոմոլ Բայանդուրը որոշում է քանդել ու եկեղեցու սրբատաշ քարերով գյուղացիների համար բաղնիք սարքել.. Զուռնա-դհոլով են սկսում շաբաթօրյակը,քարը քարին չեն թողնում հրոսակները: Այդ արյունոտ օրը գյուղի տարեց կանանցից մեկը մրմնջալով անիծում է. «Կռներդ հըղըհան ըլեն, Բայանդո՛ւր...»: Օրեր են անցնում... Բայանդուրին գտնում են շաշված՝ խելքը թռցրած...Գյուղն էլ, ափսոս, մնում է առանց զուռնաչու... Կոմսոմոլի՝ քանդած եկեղեցու սրբատաշ քարերից շինած բաղնիքում ո՛չ ջուր, ո՛չ էլ լողացող եղավ... Նրա պատերին թաքուն մոմեր են վառել ու աղոթք մրմնջացել... Պատերազմի տարիներին էլ բաղնիքի սրբատաշ քարերին շատերը գրել էին իրենց հարազատների անունները՝ ապավինելով սրբատաշ խաչակիրների զորությանը... Պատերազմը մարդկության հորինած ամենադաժան խաղն է, խաղաղությունն էլ հորինած բառ է ու էլի խաղ, կարճատեւ դադար, հանգիստ՝ նոր սպանդին նախապատրաստվելու համար... Հարյուր տարի, հազար տարի էլ անցնի , թալեաթների ու հիտլերների անունները անեծքով են հիշվելու, բայց ի՞նչ օգուտ, գալու են նորերը... Ու միայն Լեւան հորեղբորս թոռան՝ Լեւոնիկի համար է պատերազմը մնալու հանելուկի գտնված ամենաճիշտ պատասխանը: Մարոն մեր գյուղի մանկապարտեզի ամենասիրված դաստիարակչուհին էր: Ով իր երեխային մանկապարտեզ էր տանում, ուզում էր, որ Մարոյի խմբում գրեին... Մաքրամաքուր, միամիտ ու պարզ երեխաների խաղընկերն էր ընկեր Մարոն: Այդ օրը Մարոն խաղ-հանելուկով է որոշել արթնացնել, շարժել գյուղացի պարզ ու շիտակ, միամիտ մանուկների երեւակայությունը... Մարոն հերթական խաղ-հանելուկը ասելուց առաջ, նրանց ոգեւորելու համար խոստացել է. «Ով ճիշտ ասի` կամփետ դեմ տալ. «էն ի՞նչն ա, էն ի՞նչը»,- խորհրդավոր ասել է Մարոն,- «մի վըտնանի, մի կըլխանի»:

 

Դեռ խոսքը բերանում՝ Լեւան հորեղբորս թոռը՝ Լեւոնիկը, պատասխանել է. «Իմ Լեւան պապն ա, ընկեր Մարո...դե կամփետս տու...»: 

Ընկեր Մարոն մի կերպ զսպել է ծիծաղն ու ասել.

«Չէ՛, Լեւոնիկ ջան, լավ մտածի...»,- ու նորից հատ –հատ կրկնել է առաջադրանքը. «էն ի~նչն ա...էն ի~նչը...մի վըտնանի, մի կըլխանի»: Գյուղացի մաքրամաքո~ւր, անմեղ ու կարմրաթուշ մանուկները Լեւոնիկի ոչ ճիշտ պատասխանից հետո նոր՝ ճիշտ պատասխան են փնտրում... Կամփետին տիրանալու գայթակղությունը մեծ էր... Ու լռության մեջպայթյունի պես հնչում է նոր պատասխանը.  «Դե վեր Լեւան ամին չի, էն ա Գաղթո ամին ա էլի~...»: Մանկապարտեզի դաստիարակչուհին տխրեց: Մի պահ աչքերի մեջ առավ գույնզգույն հագնված, կարմրաթուշ սանիկներին ու մտածեց՝ գուցե հենս սա՞ է ճիշտը... Ընկեր Մարոն լուռ էր: Մանուկները վստահ էին, որ ճիշտ են կռահել պատասխանը: Ընկեր Մարոն մտքով ընկած` մոռացել էր խոստացածը, ու հանկարծ այդ կարմրաթուշ, գյուղացի, պարզ ու շիտակ մանուկներից ամենահամառը հիշեցրեց.

«ԲԱ ԿԱՄՓԵ՞ՏԸ, ԸՆԿԵՐ ՄԱՐՈ... ԿԱՄՓԵ~ՏԸ...»...

 

ՄԵԾ ԲԱՆ ՉԷՐ... Արևի բնակավայրը

 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՑ 15 ՏԱՐԻ ԱՆՑ  ՍԱԹԵՆԻԿ  ՏԱՏՍ ԿՐԿԻՆ ԱՆԻԾԵՑ.

 «ՓՐԹԻԿ-ՓՐԹԻԿ ԸԼԵՍ ՀԻՏԼԵՐ...»»

...Տարին մեկ՝  Լեւան հորեղբայրս ու Գաղթո ամին հրավիրվում էին շրջկենտրոն՝ բուժզննման: Գնում էին, բայց ոչինչ չէր փոխվում. ոչ ավելանում, ոչ էլ պակասում էր պետության նշանակած թոշակը: Մի լավ բան կար, սակայն, բուժզննումը, կամ ինչպես Սաթենիկ տատս էր ասում՝ «Կամիսիան անցնելուց հետո», մինչեւ գյուղ վերադարձող ավտոբուսը կերեւար, Ադիկի ճաշարանում մի կուշտ գարեջուր էին խմում, հետը քաբաբ կամ խորոված էլ պատվիրում...Գարեջրի ու խորովածի փողը՝ չորս տակ ծալած մի հինգանոց, Լեւան հորեղբայրս պահում էր շալվարի փոքրիկ գրպանում՝ պիստոնչիկում: Դրա տեղը մենակ ինքը գիտեր... 

 

Գաղթո ամին է լհոգապահուստ ուներ, նա էլ էր թոշակից հետ գցում՝ նեղ օրվա համար... 

 

Վերադարձին Լեւանի չորս տակ ծալած հինգանոցից բան չէր մնում: Գաղթոն «նեղ օրվա» հոգապահուստը ոնց տանում, այդպես էլ հետ էր բերում՝ առանց մի կոպեկ ծախսելու... 

 

Մի անգամ Լեւանը շատ նեղ շրջանակում, վստահ, որ Գաղթոյին չի հասնի, հենց այնպես, տնավարի ասում է, որ Գաղթոն փող չի ծախսում,ժլատ ա... Լեւանին հիշեցնում են.

 

«Մոռացե՞լ ես, ախր Գաղթոն վանեցի ա...»:

Այսքանն է եղել հորեղբորս միակ «դժգոհությունը» Գաղթոյից:

 

 ...Այս անգամ Գաղթոն, չգիտես՝ ինչու, լավատես էր ու ճանապարհին Լեւանին ասում է.

 

«Էս մհետը հլեյ թոշակնին պըրցըցնիլ դեն»:

«Կը պըրցըցնեն, պար կյկյաս»,- պատասխանում է Լեւանը:

 

Հորեղբայրս ավելի շատ Ադիկի ճաշարան՝ գարեջուր խմելու էր գնում, քան՝ բուժզննման:

 

Բայց չէ~, Գաղթոյի սիրտը, իրոք, ճիշտ էր կռահել՝ այս անգամվա բուժզննումը տարբեր էր. հիվանդանոցից տեղափոխվել էին դպրոցի սպորտ դահլիճ: Ներս մտնելով՝ Գաղթոն աչքերին չի հավատում, զարմանում է միոտանիների առատությունից՝ էնքան շատ, որ մի մասը կանգնած էր մնացել, աթոռները զբաղված էին:

 

«Պա՛հ, տունդ քանդվի աշխարհ, էս ինչքան մի վըտնանի մարդ կա, էն էլ էս մի թիքա տեղը»:

 

Լեւան հորեղբայրս էլ չեր թաքցրել զարմանքը.

«Էս որ ստի ա էսքան, բա Երեւանում, Թիֆլիսում ինչքան կըլի»:

 

«Լեւա՛ն, որ էս մի վըտնանիներին կուշտ-կշտի շարեն,Ղազախ կհասնի՞...»:

 

«Ղազախը հրես, քթիդ տակին չի՞... Ղազախն ի՞նչ ա, Բեռլին կհասնի...»:

 

Գնացող-եկող ճերմակ խալաթավորների մեջ անծանոթ դեմքերն այս անգամ շատ էին: Նրաց մեջ տեսնելով ծանոթ բժիշկ Վասիլին՝ Լեւան հորեղբայրս սրտապնդվում է ու համարձակ մոտենում նրան.

 

«Էս ի՞նչ խաբար ա, Վասիլ ջան...»:

 

«Մոսկվայից մարդ կա, Լեւան ամի»,- շշնջալով պատասխանեց Վասիլն ու այնպիսի դեմք ընդունեց, կարծես պետական գաղտնիք հաղորդեց Լեւանին...

 

   Սպորտ դահլիճի մի փոքրիկ հատված սպիտակ սավաններով առանձնացվել էր, ու ճերմակ, թափանցիկ պատերից այնկողմ պարզ երեւում էին զննողների ու զննվողների ուրվագծերը: Զինվորական համազգեստի վրայից ճերմակ խալաթ հագածը, հաստատ, Մոսկվայից եկածներից էր:  Սա ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս սպիտակ սավաններովառանձնացված հատվածից, կարդում հերթական անուն, ազգանուն, հայրանունը ու ներս հրավիրում:Մի ոտնանիների թիվը գնալով նվազում էր:

«Մարտիրոսյան Գաղթական Արթինի»,- կարդաց ճերմակ խալաթավորը ու հայացքով փնտրում էր արտառոց անվան տիրոջը...

Ինչ-որ մեկն էլ զարմացավ.

 

«Այ քեզ անըմ...Ո՞վ ա տրել՝  Գաղթական..»:

 

Գաղթոն ներս գնաց: Մի ոտնանիների թիվը դահլիճում մեկով էլ պակասեց. մնացել   էին Լեւան հորեղբայրս ու էլի մի քանիսը... 

Երբ գնալով քչացավ ու նվազեց պատերազմի իսկական մասնակից-վիրավորների թիվը, անկարելի էր չնկատել երկու առողջ ոտք ունեցող մեկին, որը նաեւ խնամված արտաքին ուներ, ու թանկարժեք կոստյումին այնքան շքանշան ու մեդալներ կային, որ եթե շատ ուշադիր նայեիր, գուցե «հերոսուհի մայր» շքանշանն էլ գտնեիր...

 

Մինչ Գաղթոն բուժզննում էր անցնում, Լեւանը մի խեթ, խուզարկու հայացք գցեց նրա վրա: Սա իսկույն հայացքը փախցրեց:

 

«Մեջ կերած, ղրաղ ման եկածներից ա»,- որոշեց Լեւանը:

 

Այդպես էին ասում թիկունքում գլուխ պահած «մասնակիցների» համար, որոնք պատերազմից հետո էլ ամեն ինչից օգտվում ու օգտվում էին...

 

Գաղթոն դուրս եկավ: Ճերմակ խալաթավորը կարդաց.

«Ղարաբաղցյան Լեւան Թովմասի»:

 

Անուն, ազգանունը լսելով՝ Լեւանը զինվորականի պես արձագանքեց.

«Ես եմ»:

Ներս մտավ, բայց միտքը դեռ այնտեղ էր՝ թիկունքում հերոսաբար կռված երկու ոտանու կողմը: 

 

Մեջը կռիվ էր սկսվել, վիրավորանքը՝ գլուխ բարձրացրել, ու դժգոհությունը հանձնաժողովի վրա թափեց՝ ասելով.

 

«Մինա , տարին տասներկու հետ էլ կանչեք, հու էս անդերը»,-ձեռքով իրար հետեւից հարվածեց շալվարի դատարկ փողկին,- «հու էս անդերը ծիլ չդի տալ»:

 

«Կարգն է այդպես»,- չոր, անտարբեր պատասխանեց Մոսկվայից եկածն ու շարունակեց թերթել Լեւանի «հիվանդության պատմության» թղթածրարը...

 

Բուժզննումը կարճ տեւեց, համոզվեցին, որ Լեւան հորեղբորս ոտքը, իրոք, կտրել էին 1960 թվականի մայիսի 9-ին:

 

...Երբ արդեն վերջացել էր ամեն ինչ ու Լեւանն ու Գաղթոն Ադիկի ճաշարանի ճամփեն էին բռնել, բժիշկ Վասիլը ձայն տվեց.

 «Լեւան ամի, վետըդ կախ քցի...»:

 Լեւանը սպասեց: Վասիլը հասավ նրանց  ու էլի, պետական գաղտնիք բացելու պես ասաց.

 

«Զապարոժեց դեն տալ, քըզ էլ, Գաղթոյին էլ»,- ու ավելի ցածր ձայնով շարունակեց,- «դրանց (նկատի ուներ Մոսկվայից եկածներին) հափուռը (բուռը) մի զատ դենք տնիլ»: 

 

Հետո ավելի պարզ ասաց, որ իրենց երկու ամսվա թոշակից Գաղթոն էլ, Լեւանն էլ, որպես մաղարիչ, պետք է ձեռ քաշեն:

Համաձայնեցին:

«Հաշվենք, թե էտ էրկու ամիսն էլ...»,- Գաղթոյի խոսքը կիսատ մնաց. Լեւանը Վասիլին խայթելու պես նետեց.

«Էն մեջ կերած, ղրաղը ման եկածի՞ն էլ դեն տալ»,- նկատի ուներ երկու ոտանի շքանշանախեղդ թիկունքայինին:

«Ի՞նչ»:

«Զապարոժեց»:

«Չէ՛, Լեւան ամի, նրանը՝ Ժիգուլի ա...»

Բժիշկ Վասիլը չէր կատակում:

 

...Ադիկի ճաշարանը, ինչպես միշտ, լեփ-լեցուն էր: Քիչ էր լինում,որ Ադիկը այնտեղ լիներ, բայց այսօր ճաշարանում էր ու տեսնելով հորեղբորս՝ հեռվից բարձրաձայնեց.

«Աչքդ լիս, Լեւան ամի...»:

«Ի՞նչ կա, Ադիկ ջան»,- զարմացած արձագանքել է Լեւանը:

«Պա~հ, մըթամ գիտըմ չես...»:

«Էն խաչը, Ադիկ ջան...»:

«Զապարոժե~ցը, զապարոժե~ցը...»...

«Պա~հ, քու տունը քանդվի վեչ, Ադիկ տղա, էդ կատուն թիս չարած,հոտն արդեն քթիդ ա՞ դիպել .:

 

Ադիկը ամեն ինչից տեղյակ մարդ էր: Գիտեր՝ ով ում հետ է, ով ինչ տվեց, ինչ առավ, ինչ արժե էս կամ էն պաշտոնը... Մի խոսքով, Ադիկի աչքից բան չէր վրիպի...Ինքն էլ էր տալիս՝ ո՞ւմ, ի՞նչ՝ ինքը գիտեր...

  Ադիկը Գաղթոյի ու Լեւանի համար սեղան գցեց.

«Էսօր իմ հաշվին ա, Լեւան ամի, մաղարիչը ես դեմ անիլ...»:

«Էտ ի՞նչ մաղարիչ ա»,- հարցրեց Ադիկի ծանոթներից մեկը:

«Լեւան ամինին Զապարոժեց են տվել...»:

«Գաղթոյինէլ են տվել », - հուշեց Լևանը:

«Մալադեց պետութուն, էլ ի՞նչ եք ուզում»:

«Պետության խաթրին ո՞վ ա դիպել»:

Ադիկը, որ ամեն ինչից տեղյակ էր, Լեւանին թաքուն հարցրեց.

« Ինչքա՞ն ուզեցին»:

«Ի՞նչ»:

«Մաղարիչ»:

«Մի զատ էլ ա...»:

«Է~, Լեւան ամի, սրանք ձրի պան չեն տալ... բա էդ մի ամսվա թոշակդ ո՞ւմ դես տալ...ի՞~նձ..:

Ադիկը էդ էլ գիտեր, բայց Վասիլը խի՞ էրկու ամսվա ուզեց... ինք նիր մեջ տվեց-առավ Լեւանը ու լռեց...

«Վեր մի տաս տարի էլ ձգեք, պետությունը Ժիգուլի էլ կտա»,- ասաց Ադիկն ու լցրեց գարեջրի բաժակները:

«Ինչներո՞ւս ա պետք, ի՞նչ դենք անիլ»,- պատասխանեց Լեւանը:

«Պետք չի՞,...ինձ կտաս, Լեւան ամի...»:

Ժիգուլի…  երկու ոտանի շքանախեղդ  թիկունքային... մի պահ Լեւանի մեջ էլի վիրավորանք զարթնեց, ու նա  դառնացած  ասաց.

 

«Ժիգուլին ի՞նչ ա, Ադիկ ջան, Վոլգա էլ կտան, մենակ էս անդերը,-ցույց տվեց շալվարի դատարկ փողքը,- սըղանա...»:

 

Ճաշարանի մի անկյունում փափախավոր թուրքեր էլ կային, թեյ էին խմում: Գաղթոն նրանց տեսնելով՝ մտաբերեց  ֆրոնտավիկ ընկերոջը՝ Սաֆարին, ու դիմեց Լեւանին.

«Սաֆարին էլ կտան, չէ~՞...»:

«Բա ի՞նչ կանեն... հաստատ կտան»:

Հետո Գաղթոյին հարցրեց.

«Նա էլ չէ՞ միվըտնանի   ա~...»:

«Հա...»:

Մինչ Գաղթոն հիշել էր Ղազախի թուրք ֆրոնտավիկ ընկերոջը, Լեւանը բժիշկ Վասիլի երկու ամսվա թոշակ-մաղարիչի մասին էր մտմտում...Հետո   ինքն իրեն մխիթարելով՝ մտքում որոշեց.

«...Մեր Վասիլն ա... Երեւի շփոթել ա»:

 

Կերուխոմով ընկան, գյուղ վերադարձող ավտոբուսը բաց թողին:

 Ադիկը Լեւանին ու Գաղթոյին սեփական Ժիգուլիով հասցրեց գյուղ...

 Մեծ բան չէր… 

 

Սպարտակ Ղարաբաղցյան


 

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica