close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկոյան ժամերգություն

Թուղթուգիր

12 Օգոստոսի 2013, 11:30
 Երեկոյան ժամերգություն

                                                                                                                       Երբ կըկանգնես մամռոտ քարին,          

Սաղմոս կասես ծաղիկներին... 


                                                                    Հ. Թումանյան

 

 

     

   Երբ մի անգամ անգաղափար ու լուսասպառ կանգնել էի' Վերջին պատին հենված, հին ծանոթ մի կին հարբած եկավ գտավ ինձ' կանգնել էի, ինչպես Նապոլեոնը Վաթերլոոյի ճակատամարտից առաջ կամ հետո, հույսի այն պատառը, որ մնացել էր ինձ աստծուց, չէր երևում, բայց ես պահում-պահպանում էի Լուսարփի Գնունի անունով հրաշալի աղջկա կոմպլեքսախեղդ ու մաքրամաքուր հմայքը, կամ,որ ավելի ճշմարիտ է' իմ անպաշտպան սերը. Լուսարփի Գնունին անիրական էր, ինչպես հեռավոր զմրուխտ մարգագետին'սառը, ցուրտ քամիների ու ձյուների աշխարհում. հանուն նրա ես պատրաստ էի հոգիս նետել ցեխերի մեջ ու կոխկրտել, պատրաստ էի թունավորել կամ վզքաշ անել իմ քաղաքը փրկող բոլոր սագերին, պատրաստ էի մոռանալ այն պոռնիկի նկատմամբ իմ անմահ կարոտն ու կսկիծը բրդյա:


Հարբած կինը պատմեց իր կյանքի մասին, ու ինչքան էլ Դոստոևսկի խառնվեր նրա Վարքին, ի՛մ արև, նրանը սպառված բոզի վայնասուն էր, հալումաշ էգի կաղկանձ` նա խոսում էր, իսկ ես փորձում էի հասկանալ, թե ոնց եմ Լուսարփի Գնունու համար ոսկե շղթա առնելու, քանի շաբաթ է' խոստացել եմ, այն գրոշները, որ ամեն օր վերադարձնում եմ այս պետությանը, այնքան քիչ են, որ ոսկե շղթա կամ տանկ կամ երջանկություն գնելը նույն անհասանելի ցանկությունն է, սուրճ, ծխախոտ, ալկոհոլ, որ կարողանում եմ առնել էլի՛ մի բան է, արդյունքը կա` քեֆ արա.դե եթե նույնիսկ ամաչելով' ուրիշների նծխախոտը ծխեմ, երբեմն էլ փողոցներում փող գտնեմ կամ կողոպտեմ մեր հարևան Միդասին, էլի ոսկե շղթան լինելու բան չէ: Լինելու բան չէ ոսկե շղթան:


Լուսարփի Գնունին, Գնունի Լուսարփին մի աղջիկ է աստվածընծա, նա ժամանակին, երբ դեռ սիրում էր ինձ, սիրուց` երակներն էր բացել իրենց տոհմական պղնձե թասի մեջ' գոլ ջրով լի, ու հազիվ-հազ փրկել էին իմ մշուշոտ, թունավոր օրերի պուպրիկին.այդպիսի աղջիկ երազում են նոր-նոր անկողին կեղտոտող' արբունքի տղերքը կամ հայ բանաստեղծ Չարենց Եղիշեն, երբ ասում էր, թե իբր արդեն անցել է, ուրեմն, ճանապարհը երկրային բոլոր հույզերի:


   Լուսարփի Գնունին հիմա երևի իր ննջասենյակում,ուր ընկնելը հեռավոր, քաղցր երազ է մնալու աշխարհի բոլոր խելքը գլխին տղամարդկանց համար, անմեղ թատերական մեղկությամբ, լրիվ մաքուր չհամբուրած,կարճ գիշերանոցը հագին, ոտքերը մի ճեփ-ճերմակ սավանով ծածկած' փռվել է անկողնում ու անտաղանդ, անատամ, սենտիմենտալ ու լավ ոտանավորներ է կարդում' հավերժական սիրո, մոր, թշվառ անտեր հայրենիքի. Մասիս սարի ու հերոսական երջանկության մասին: Թող ցրտահարվի իմ մարմինը պահպանող մայրական ջերմությունը, թող իմ չգնած տանկը պայթի, միայն թե Լուսարփի Գնունին իր ննջասենյակում հավատա, որ ես իրեն սիրուն, աննման ոսկե շղթա եմ երբևէ նվիրելու:


Հարբած կինը արդեն քանի ձևի քողարկված արդարանում էր: Աստված չանի' իր մասին չափից դուրս վատ բաներ մտածեմ: Ես դեռ բան չէի խմել, կնոջ բերանից փչող էժան գինու ու խինկալու հոտը տհաճ էր, շատ էր տհաճ: Կինը ասում էր, որ ինքը մի փոքրիկ աղջիկ ունի, ու այդ փոքրիկ աղջիկը, ես պիտի՛ իմանամ, այնքա՜ն սիրուն է, այնքա՜ն պստլիկ, այնքա՜ն խելացի, մե՜ծ դերասանուհի է դառնալու, Բրիջիդ Բարդոյի պես, իսկ ես տենդագին ճգնում էի այստեղից-այնտեղից փող ավելացնել այն դեռ անգո գումարին, որ պիտի վերածվեր ոսկե շղթայի`  Լուսարփի Գնունու համար:


Երբ նրա տուն մտանք, նրա աղջիկը եկավ լուռ կանգնեց ու նայեց ինձ:


  «Անունդ ի՞նչ է»` հարցրի: «Մարիամ»` ասաց, ու նման էր մանուշակի:


  «Դու մամայիդ սիրո՞ւմ ես»:


  «Հա»:


  «Չորս տարեկա՞ն ես»:


«Հինգ»:


 «Վաղը ես քեզ համար կախարդական տիկնիկ կբերեմ»:


«Կախարդական տիկնիկը աստված պապիկի տանն է ապրում»:


   «Մի հատ էլ մեր տանն է ապրում,վաղը կբերեմ»:


   «Սո՛ւտ ես ասում»:


   «Ի՛մ արև»:


   «Սո՛ւտ ես ասում»:


   «Մամայիս-պապայիս արև,կբերե՛մ»:


  Նա չպատասխանեց, չհավատաց նա: Ես վաղը մի զարմանալի տիկնիկ եմ բերելու,ի՛մ արև, մեռնեմ էլ` պիտի ճարեմ. Հանկարծ հիշեցի Լուսարփի Գնունուն ու խոստացածս ոսկե շղթան: Ես համբուրեցի երեխայի մազերը: Ինչ-որ անհանգստություն, գրեթե` վախ զգացի:


  Կինը սկուտեղի վրա բերեց երշիկ,պանիր, հաց ու մի շիշ օղի:


   «Քաղցա՞ծ ես», - դստերը հարցրեց:


   «Հա...», - աղջիկը ժպտաց: Կինը ծիծաղեց ,ու ու երբ նա ծիծաղեց, ինձ թվաց' անտեր մի շուն պատահած դուռն է ճանկռտում: Խոժոռվեց.«Քաղցած չես, քնե՛լ չես ուզում, ախր ես հո քեզ գիտեմ»: Հետո դարձավ ինձ.«Օգնի՛ր' երեխայի մահճակալը խոհանոց տանենք' քնի, ո՛ւշ է»: Մենք մահճակալը տարանք խոհանոց: Կինը հանեց աղջնակի կանաչ շորը պառկեցրեց, ծածկեց նախշուն վերմակով ու համբուրեց: Էժան գինու զզվելի հոտից երեխան ծամածռվեց ու ժպտաց:


   «Հեքիաթ պատմե՞մ քեզ համար»,- հարցրի:


   «Ի՞նչ հեքիաթ գիտես»,-գլուխը բարձրացրեց երեխան:


   «Կախարդական տիկնիկի մասին»:


   «Պատմի՛ր»:


   «Քեռին դեռ հաց չի կերել,-մեջ ընկավ կինը,-դու պառկիր, քեռին հաց կուտի, կգա հեքիաթ կպատմի»:


   Աղջիկ լռեց:


   Ես կնոջ ետևից ետ եկա սենյակ,վերցրի օղու շիշը ու ատամներով բացեցի, բաժակները լցրի, իմ օղին գլխիս քաշեցի,հետո էլի լցրի խմեցի:


   «Մի բան կեր», - ասաց կինը:


   Խոհանոցում աղջնակը սկսեց երգել: Ես մի կտոր դեղնած պանիր կերա: Կինը էլի լցրեց բաժակս:


   Երեխան երգում էր.


                     ...Դու խենթ ես,խենթ աղջիկ մի լուսե,

                           Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել...               


   «Իմ սիրած երգն է, -ասաց կինը, -այս երգը շատ եմ սիրում»:

   Քաղցած փորիս խմեցի' միանգամից գլխիս խփեց, թուլացա հանկարծ: Ուտել չէի ուզում իսկի:  


   «Արի խմենք մեր կենացը», - խնդրեց կինը: «Արի լակենք մեր կենացը»,- ժպտացի ես:


   Խմեցինք: Կինը կնճռոտվեց. «Շատ եմ գինի խմել»: «Ետ չտաս»` զգացի` թմրում եմ:


   Նա իմ տուփից ծխախոտ հանեց, ծխեց : Մի քիչ ծխեց ծխախոտը հանգցրեց իր ափսեի մեջ, գրկեց ինձ, վիզս համբուրեց, վերնաշապիկիս կոճակները արձակել սկսեց:


   Նա հանվեց ու կանգնեց իմ դեմ մերկ ու լիքը: Այդ պահին էլ ես տեսա ոսկե շղթան' նրա վզին, հրաշալի ու հաստատ շատ հին մի բան, որ անշուշտ կխենթացներ' Լուսարփի Գնունուն. Գնունի Լուսարփուն, օղու շիշը վերցրի, խմեցի երկու մեծ կում, հետո հմայված, ոտս թեթև ու մուժի մեջ առաջ գնացի ու գրկեցի ոսկե շղթան, հետն էլ այդ լխտիկ ու հարբած մսագունդը: Նա ձեռքը մեկնեց, լույսը հանգցրեց: Ես նայեցի ու տեսա,որ խոհանոցի լույսը վառվում է:


  Մենք թավալվեցինք բազմոցի վրա, որը սկսեց ճռճռալ:


  Դու պիտի՛ քնես, լեշի պես պիտի մեկնվես: Հետո ո՞վ պիտի ինձ խանգարի,վզիցդ ոսկե շղթան կհանեմ, փասա-փուսես կհավաքեմ,կգնամ: Թող գան,գտնեն երախը բաց քաղաքի անոթի ոհմակներում, բոլոր փնտրողներին կուլ են տալիս բոգի տղերքը: Վաղը Լուսարփի գնունին ոսկե շղթա կունենա:Պիտի՛ քնես: Ես քեզ կեղտաջրով լի տակառ կդարձնեմ: Դու պիտի՛ քնես,լխտիկ բոզ:


  Կինը ձեռքը սահեցրեց կրծքիս վրայով:Խոհանոցի լույսը խփում էր աչքերիս: Լսվում էր երեխայի երգը` մշուշի ու քրտնահոսքի մեջ.


                       ...Դու խենթ ես,խենթ աղջիկ մի լուսե,

                              Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել...    


 

Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1986թ. Ամառ, Սովետական բանակ          


Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica