«Անհավատ երկիրը արտաքնոցի կը նմանի...»" />
close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաջի Հակոբ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

1 Օգոստոսի 2013, 14:47
 Հաջի Հակոբ. Սպարտակ Ղարաբաղցյան

…Բոյաջյանների ընտանիքի ՖՐԱՆՍԻԱ Վերադառնալուց հետո  Մեր թաղում վերադասավորումներ եղան..  նոր Թաղային նշանակվեց, նոր Խանութպան, նոր Փոստատար: Նոր թաղայինը դեմքին  սպի ուներ, նոր խանութպանը կոճկված  մարդ էր, երևում էր, որ առևտրի հետ այնքան էլ կապ չունի, նոր փոստատարը  ռումինահայ էր,  քաղցրախոս, օձին բնից հանող լեզու ուներ: Մի քանի օր փակ մնալուց հետո, վերջապես բացվեց վարսավիրանոցը, որի  տերը նույնն էր  մնացել՝  Հակոբը…    Ամենամեծ նորությունը, որն աչք ծագեց, խանութի կողքին հայտնված թիթեղեա կրպակն էր հետևյալ մակագրությամբ. «ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԿԵՏ»: ԿԵՏԻ  տերը մարդանման մեկն էր…  Մեր թաղում ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԸ շատ էին ու այս «պաշտոններում» պատահական մարդիկ չէին կարող նշանակվել… Խանութի նորանշանակ վարիչը Կիրովաբադից /Գանձակ/ էր. պատերազմի տարիներին թիկունքում էր մնացել, բայց տոնական օրերին  հագած կոստյումին այնքան շքանշաններ էին  լինում կախ տված, որ կասկածում էիր՝ այս մարդը քանի՞ պատերազմի է մասնակցել… Վարսավիր Հակոբը  առաջվա պես  պարծենում էր, որ հայրը Բուլղարիայում  մասնակցել է ՆԺԴԵՀԻ ձերբակալմանը… Նորանշանակ թաղայինին ավելի արդյունավետ աշխատելու  համար հատուկ աշխատասենյակ տրամադրեցին, որն  ավելի մեծ ու լուսավոր էր, քան բեյրութից ներգաղթած  հավատավոր  համայնավար Մարգար Մարգարյանի  բազմանդամ  ընտանիքին  հատկացված կացարանը:

 

Խանութի հարևանությամբ հայտնված   կրպակի   տիրոջ ոչ անունն էր հայտնի, ոչ էլ ծագումը:  Նրա ամենաառաջին ու ակտիվ հաճախորդներից մեկն էլ ես եմ եղել.  Երբ մեր տան եղած-չեղած դատարկ  տարաները մորիցս թաքուն նրան հանձնելու  տարա, որ  «ՊԱՐՈՆ 420»   կինոյի տոմսը առնեմ,  նա վախվորած հարցրեց. «Հո չե՞ս գողացել»:
«Չէ, հա»,-պատասխանել եմ ես, ու զարմացել,  որ մարդանման այդ արարածը  խոսել գիտի»:
Նրա թավ հոնքերի տակ ոչ թե աչքեր էին, այլ սև,պսպղուն գնդիկներ, որոնք անընդհատ շարժվում էին, ու թվում էր, թե վազում են իրար ետևից, և քիթն էր  մեղավոր,  որ չէին բախվում  միմիանց… Հաստ ու մսոտ շուրթերը ավելի շուտ Հաբեշստանցուն կվայլեր, իսկ սև, ասես քանոնով  գծած   բեղերը ծիծաղ էին առաջացնում…  Հա, մոռացա, անունը  Աբով էր…  Ընկերներիցս մեկը, ոչ թե հաճոյանալու,այլ ձեռ    առնելու համար ասել էր.
«Աբով ձյաձյա, էդ  բեղերով ոնց որ Հրաչ Կապուրը ըլնես»:
Աբովը շոյվել էր, որ իրեն աշխարհահռչակ կինո-դերասանի հետ են համեմատել,  բայց քիչ անց հիասթափվել՝ լսելով մեկ ուրիշի կարծիքը.
«Էդ վիծիկ-դանա բեղերդ Հակոբն ա՞  գծել…  Կասես մի քիչ հաստացնի, ամոթ ա …»:
Աբովը մանկատանն էր մեծացել, ծնողական սիրուց ու գորովանքից զուրկ:  Նրա  գլխին չէր իջել մայրական աստվածային քնքուշ շոյանքը: Զրկանքների  անողոք մտրակն էր եղել նրա և՛ հայրը, և՛ մայրը… Ճակատագիրը նմաններին  նետում է անհայտության գիրկը, որտեղից  դուրս են պրծնում երջանիկ  պատահականության շնորհիվ, կամ էլ, երբ  ճակատագիրը  որոշում է ուղղել սխալը...Թուրքիայում նմաններից  ենիչերիներ էին ձուլում, Սովետների երկրում Պավլիկ մորոզովներ, կամ էլ կիրովաբադցի  խանութպանների հետ, որպես օգնական գործուղում հայրենադարձների թաղերում գործելու  ...

 

Ամենարդյունավետ գործակալը  ռումինահայ նորանշանակ «փոստատարը» դուրս եկավ: Նա երուսաղեմցի Հաջի Հակոբի նամակն էր «բռնել» ու բացահայտել հակախորհրդային էլեմենտին…

 

Վարսավիր Հակոբից տարբերելու համար ու նաև երուսաղեմցի լինելու  պատճառով էինք նրան ՀԱՋԻ  ՀԱԿՈԲ ասում: Հաջին ոչ թե ածականի, կամ էլ մականունի պես էր սոսնձված նրա  անվանը, այլ Տիտղոսի, մեծարանքի պես: Կիրովաբադցի  խանութպանի  նկատմամբ այնքան մեծ էր նրա հակակրանքը, այնքան անթաքույց,  որ մի օր բացահայտ, հավաքվածների մոտ ասել էր.

 

«Այդ մարդու ճակատին գրված է ՝ «ԻՆՁ  ՄԻ  ՍԻՐԵՔ»»:
«Ինչպե՞ս կարդացիր, Հաջի Հակոբ, գաղտնիքը կասե՞ս…Այդ ինչի՞ց է, որ մենք չենք տեսնում, իսկ դու տեսնելուց զատ, դեռ կարդում էլ ես…»-   հարցնողը ռումինահայ քաղցրալեզու "փոստատարն" է եղել:
«Էհ, այդ էլ իմ գաղտնիքը թող մնա,  հո իզուր չէ՞, որ ԵՐՈՒՍԱՂԵՄ ծնած եմ, ու Հաջի Հակոբ կկանչեն զիս…  Ինչո՞ւ, օրինակ, Վարսավիր Հակոբին Հաջի չեք ըսեր...  Որովհետև  վարսավիր է միայն,  որովհետև  խանութպանին ամեն օր կըսափրե ու մեկէլ Աբովի բեղերը կըգծե…»:

 

Ափսոս, մեղք, որ Հաջի  Հակոբը  «փոստատարի» ճակտի  գիրը չէր ընթերցել,  թե չէ ինչո՞ւ պիտի գրեր այն չարաբաստիկ նամակը…

 

Հաջի Հակոբի  քույրերն ու  միակ եղբայրը արտասահմանում էին ապրում, ու անհամբեր սպասում  էին Սովետական Հայաստանից եկող լուրերին՝ Հաջի  Հակոբի  նամակին , որը կարող էր բախտորոշ լինել քույրերի ու եղբոր համար…   Այս անգամ որոշեց  արտասհմանում ապրող  փեսային՝ քրոջ ամուսնուն  գրել:

 

 Սովետների երկրի, ի մասնավորի՝ սովետական Հայաստանի մասին գովեստի ու հիացմունքի  խոսքեր չխնայեց…   Երուսաղեմի  Առաջնորդաց վարժարանում կրթություն ստացած Հաջի Հակոբը  իր շքեղ հայերենի  բառապաշարով գունազարդել էր մի ամբողջ գաղջություն  ու դրախտի վերածել թշվառական մի երկիր… Չէր մոռացել նույնիսկ մեր  թաղի մանրամասները նկարագրել. գրել էր, թե մեր խանութում օձի ձու էլ ուզես՝  կճարվի, իսկ  խանութպանի մասին ավելացրել. «... խանութի  տերը ազնվական  մարդ մն է, միշտ  սափրված, կոկիկ, ճեփճերմակ արտահագուստով…Խանութի քովը պստիկ կրպակ մը դրին, հոն դատարկ շշեր ու տարաներ կառնեն`լավ գնով. Հոս թափվելիք բան մը չկա. Փողոցները մաքո~ւր - մաքո~ւր, այնքա~ն մաքուր, որ յուղը թափես, կրնաս անկորուստ ետ հավքել: Հացի գի՞նը կուզեք. Ըսեմ՝ հացը էժա~ն-էժան, համարյա ձրի, մի՞սը` էժա~ն-էժա~ն,համարյա ձրի, սուրճի անհամար տեսակներ...»
Նամակը ծրարելուց առաջ Հաջի Հակոբը մի պահ մտորումների մեջ է ընկնում, մտածում է՝ "Բա որ հավատան ու շալկվեն գան, ես ինչպե՞ս պիտի նայեմ քույրերիս, փեսաներիս, եղբորս երեսին": Ու հանկարծ մի փայլուն միտք է ծագում նրա գլխում. Ետ է բացում նամակը ու վերջում ավելացնում չարաբաստիկ ճակատագրական տողը «ԵՍ ԱՍԱՆՔ ԸՍԻ, ԴՈՒՔ ԱՆԱՆՔ ՀԱՍԿՑԵՔ»
Ծանր տարավ Հաջի Հակոբը ռումինահայ քաղցրալեզու մտերիմ դարձած «փոստատարի» արարքը... որքան էլ աստվածատուր էր նրա`մարդու ճակտին գրածը ընթերցելու հատկությունը, այս անգամ վրիպել էր:

 

…Վերջին  անգամ Հաջի Հակոբին տեսա մեր թաղի հասարակական արտաքնոցից դուրս գալու պահին: Բարեւեցի: Չպատասխանեց: Երբ արդեն հեռացել էի, կանչեց.
«Ի՞նչ կա Հաջի Հակոբ»,- հարցրի:    
«Նեղվեցա՞ր»:
«Ինչի՞ց Հաջի Հակոբ»:
«Որ բարեւդ չառի»:
«Չէ»,- ժպտալով պատասխանեցի:
Քիչ դադար առնելուց հետո Հաջի Հակոբը ծանր ու մեծ խոսեց.
«Լսի’ր մանչս, արտաքնոցի մեջ չեն բարեւի,- հետո շարունակեց,- գիտե՞ս ինչու»:
«Ինչո՞ւ»-հարցրի:
«Դու բարեւ ըսիր, ես էլ պիտի պատասխանեի`Աստծո բարին, իսկ արտաքնոցին մեջ Աստծո անունը չի կարելի տալ,…հասկցա՞ր...»

… Յոթանասուն տարի Աստծո անունը շշուկով տվինք. ԻՄԱՍՏՈՒՆ ՄԱՐԴ ԷՐ ՀԱՋԻ ՀԱԿՈԲԸ.

« ԱՆՀԱՎԱՏ ԵՐԿԻՐԸ  ԱՐՏԱՔՆՈՑԻ  ԿԸ ՆՄԱՆԻ...»

 

 

28.07.2013,

Սպարտակ Ղարաբաղցյան 

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica