Կյանքը շարունակվում է
Միտք

Ամերիկուհի գրող եւ բանաստեղծուհի Մայա Անջելուի մտքերից
Ես հասկացել եմ, որ, անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե որքան շատ են վատ իրադարձությունները, կյանքը շարունակվում է, եւ վաղը այն ավելի լավն է դառնալու: Ես հասկացել եմ, որ մարդկանց մասին կարելի է կարծիք կազմել` հաշվի առնելով նրանց վերաբերմունքը անձրեւոտ եղանակի, կորած լեզուների եւ Ամանորի տոնածառի խճճված լույսերի հանդեպ: Հասկացել եմ, որ, անկախ ծնողներիդ հետ եղած վատ հարաբերություններից, դու նրանց կկարոտես, երբ հեռանան կյանքիցդ:
Ես հասկացել եմ, որ ապրուստ հայթայթելը ապրելու հետ կապ չունի: Հասկացել եմ, որ կյանքը երկրորդ հնարավորությունն է տալիս: Ես հասկացել եմ, որ չես կարող ապրել բռունցքներդ փակ, անպայման պետք է ինչ-որ մի բան նետես: Ես հասկացել եմ, որ բաց սրտով որոշում կայացնելը սովորաբար ճիշտ է լինում:
Ես հասկացել եմ, որ անգամ, երբ ցավեր ունեմ, ինքս չպետք է ցավ դառնամ: Հասկացել եմ, որ յուրաքանչյուր օր պետք է ձգտել ու հասնել ինչ-որ մեկին: Մարդիկ սիրում են ջերմ գրկախառնությունը կամ հասարակ հպումը: Ես հասկացել եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու: Ես հասկացել եմ, որ մարդիկ կմոռանան այն ամենը, ինչ արել ես իրենց համար կամ ինչ ասել ես, բայց նրանք երբեք չեն մոռանա այն զգացողությունները, որ պարգեւել ես նրանց:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ