close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույսս դրել եմ իմ հեղինակության վրա. Մհեր Սեդրակյան

Հարցազրույց

29 Ապրիլի 2013, 17:14
 Հույսս դրել եմ իմ հեղինակության վրա. Մհեր Սեդրակյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:

 

Պարո'ն Սեդրակյան, օրերս մամուլում հրապարակում եղավ, ըստ որի` Դուք հանդիպել եք նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանի հաղթանակը, մեղմ ասած, դրված է Ձեր ուսերին: Որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, իրո՞ք նման պատասխանատվություն է դրված Ձեզ վրա:

- Ես նախագահի հետ, բնական է, հանդիպումներ կարող եմ ունենալ, բայց որ ինձ վրա նման հանձնարարական, պարտականություն դրվի, նման բան չկա: Ես ընդամենը, որպես ՀՀԿ անդամ եւ Տարոն Մարգարյանի հետ աշխատած մարդ, մոտ ընկերներ` Տարոն Մարգարյանն էլ Էրեբունու ծնունդ է, ու ,որպես թաղի տղա, իրա հորն էլ հարգել ու հարգում եմ, պարտավորվել եմ, որ իմ մասով ինչքան կարող եմ` օգնեմ:

 

- Ամբողջ Երեւանո՞ւմ եք հաղթանակ ապահովելու Տարոն Մարգարյանի համար, թե՞ սահմանափակվելու եք միայն Էրեբունի վարչական շրջանով:

-Երեւան քաղաքում, եթե ես ունեմ լավ ընկերներ, իմ խոսքն ընդունվում է իրենց մոտ: Ինչի՞ պետք է չասեմ որ, ի՞նչ տարբերություն: Ինձ համար կապ չունի Էրեբունի, Կենտրոն կամ Արաբկիր, մեր քաղաքն ա, մեր թաղը:

 

- Այսինքն` ամեն ինչ անելու եք:

- Իմ հնարավորության սահմաններում ես ամեն ինչ անելու եմ, որ Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետ:

 

-Դուք կարծում եք, որ նա լա՞վ քաղաքապետ է:

-Շա՜տ:


- Ի՞նչն է Ձեզ այդքան դուր գալիս նրա մեջ, բացի նրանից, որ երկուսդ էլ կուսակից ընկերներ եք:

- ՀՀԿ-ն կապ չունի այստեղ: Ինքը, որպես մարդ, շատ լավ մարդ ա, իր հետ շատ հեշտ է շփվելը, շատ հեշտ է ընդհանուր լեզու գտնելը, ամբիցիաներ չունի, կարող է օգնել, ընդառաջել: Հետո ահագին աշխատանք է կատարել. այսօր անգամ մայթերն են ասֆալտապատվում, կամ խաղահրապարակներ են սարքվում, նորմալ ա աշխատանքը, իմ դուրը գալիս ա իրա աշխատանքը:


- Որոշ ՀՀԿ-ականներն ասում են, որ նա Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: Դուք է՞լ եք համամիտ այս կարծիիքն, եւ կասե՞ք, թե ինչ է արել Տարոն Մարգարյանը, որ չեն արել նախկին երկու քաղաքապետերը:

- Դե, ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում արել է, տարբեր ժամանակահատվածներ են, տարբեր հնարավորություններ: Ենթադրենք ինչ-որ մեկի օրոք գումարներ չեն եղել, այսօր այդ գումարները հայթայթվում են: Բարի կամք է պետք ստեղ, որ ինքն ունի:


- Նախկին երկուսը չունեի՞ն բարի կամք:

- Դե, ունեին, կարող ա հնարավորություն չունեին անելու, բայց այսօր ահագին աշխատանք է արվել:

 

-Մի խոսքով, Դուք էլ եք կարծում, որ նա լավագույնն է:

- Լավ քաղաքապետ է, չեմ ասում մեկը մյուսից լավն է, բայց ինքը, որպես քաղաքապետ, իմ դուրս շատ ա գալիս:


- Պարո'ն Սեդրակյան, ինչպիսի՞ լծակներով, ինչպիսի՞ միջոցներով եք աջակցելու Տարոն Մարգարյանին: Ճնշումներ կլինե՞ն:

- Չեմ կարծում տենց ճնշումներ լինեն, հետո էլ ես, ձեր լրատվության ասելով, հեղինակազրկված մարդ եմ, ո՞նց եք այդ հարցը տալիս, որ` հաղթանակը դրված է Ձեզ վրա: Եթե մարդը հեղինակություն չունի, իրա վրա ո՞նց են նման բան դնում:


- Բայց ո՞վ է նման բան ասել, ընդհակառակը, ասում են, որ նման պարտականություն են դրել Ձեզ վրա, քանի որ հեղինակություն ունեցող մարդ եք:

- Այսօր իրան պետք ա տենց ասել, էտենց ա ասում, բայց որ գալիս ա պահը, ասում ա` ի՞նչ հեղինակություն ունի, զոռով ա ընտրվել կամ ծեծ ու ջարդով: Եթե ես ծեծ ու ջարդով պետք է պատգամավոր դառնամ…

 

- Դե, Էրեբունիում Ձեր հեղինակության մասին բոլորը գիտեն…

- Ես ոչ միայն Էրեբունիում, այլ ամեն տեղ էլ հեղինակություն ունեմ: Ուր ուզում եք` գնանք, ուզում եք հանրապետությունից դուրս գնանք` կտեսնեք: Եթե մարդը նորմալ մարդ է, հեղինակություն հո վախացնելով չեն դառնում, հեղինակությունը պետք է վաստակես, երկար տարիների փորձ ա, ապրել ենք էս քաղաքում, էս հանրապետությունում, ինչքան մարդկանց ենք լավություն արել, այ տենց ա մարդը հեղինակություն ստեղծում:

 

- Բայց ամեն դեպքում տպավորությունը կա, որ Դուք վախի մթնոլորտ եք սերմանում, ճնշումներ եք գործադրում:

- Գիտեք, աննորմալ մարդկանց մասին եք Դուք ասում, եթե մարդը նորմալ մարդ ա, ինչից պետք ա վախենա, եթե աննորմալ մարդ ա, բնական ա, կարա նաեւ վախենա: Հիմա Դուք վախենո՞ւմ եք, եթե վախենայիք ինձանից հարցազրույց չէիք վերցնի, ուրեմն Դուք նորմալ մարդ եք, իսկ եթե մարդն աննորմալ մարդ է, թող նաեւ վախենա, ի՞նչ ա եղել որ:

 

 -Լավ, եթե վերցրել եք Տարոն Մարգարյանի հաղթանակն ապահովելու` նման բարդ պատասխանատվությունը, ուրեմն ինչ-որ բանի վրա եք հույս դրել: Ինչի՞:

- Իմ հույսը դրել եմ իմ հեղինակության վրա:

 

Վախի մթնոլորտ սերմանելո՞վ:

- Տենց բան չի կարա լինի: Մեր քաղաքապետը, որը պետք ա վերընտրվի, ինքն էլ չի ուզենա ինչ-որ մարդկանց վախացնելով քաղաքապետ ընտրվել: Ինքն էլ պատվախնդիր մարդ ա, ինքն էլ նորմալ մարդ ա, ո՞նց կարելի ա մարդուն վախացնելով պատգամավոր ընտրվել, քաղաքապետ ընտրվել կամ էսիմ ինչ, չի կարելի տենց մտածել: Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում ա ` խակ ա, հիմա սրանցն ա: Կարող եք, դուք էլ արեք, ունեք տենց Մհեր Սեդրակյան, հանեք փողոցները գցեք, թող գնա խնդրի բոլորին, մենք խնդրում ենք, չէ՞, հո չենք հրամայում:

 

- Դուք է՞լ եք խնդրում:

- Անպայման: Բայց ո՞նց կարելի ա չխնդրել: Տարոն Մարգարյանի համար մենք ասելու բան ունենք: Ժողովրդի ասած` լեզուներս երկար գա, գնում ես, ասում ես, մի հատ էլ խնդրում ես, եթե քեզ հարգում են, քո խոսքն արժեք ունի իրանց մոտ, ընդունվում ա:


-Տարոն Մարգարյանի համար ամեն ինչ անելու` Ձեր քայլերն ինչ-որ անձնական շահ հետապնդո՞ւմ են: Ասում են, հաղթանակի դեպքում Ձեր որդուն լավ պաշտոն է սպասվում:

-Իմ որդին քաղաքապետարանում հաստատ չի աշխատի, ոչ էլ ավագանի ա պետք իրան:

 

- Իսկ որպես շնորհակալություն հնարավո՞ր է` նրան այլ` ավելի բարձր պաշտոն տան:

- Դե եթե պաշտոն տան, ի՞նչ ա եղել, իմ տղան էդքան տեղեր ա ավարտել` համալսարանի տնտեսագիտականը, իրավաբանականը, Լոնդոնում է սովորել: Խի էդ ո՞րն է իմ տղուց ավելի խելացի եւ գրագետ: Եթե կտան, թող մի պաշտոն էլ իմ տղային տան, ի՞նչ ա եղել:

 

- Իսկ պաշտոնի շուրջ պայմանավորվածություն կա՞:

- Ես չեմ պայմանավորվում, ես չեմ սիրում տենց բազար անել: Եթե, որպես խելացի մարդ, կգնահատեն, ուրեմն թող աշխատանք տան, չեն գնահատի` իրանց խնդիրն ա:

 

- Ինչպիսի՞ արդյունքներ եք կանխատեսում, կհաղթի՞ Տարոն Մարգարյանը:

- Բացարձակ առավելությամբ: Կարծում եմ 60-70 տոկոս կհավաքի:


-Եվ վերջին հարցս, քարոզարշավը գրեթե ավարտվում է, բայց ամբողջ ընթացքում շեշտը դրվեց Տարոն Մարգարյանի անվան վրա` չնայած սրանք համամասնական ընտրակարգով ընտրություններ են, եւ մարդիկ ընտրելու են ոչ թե Տարոն Մարգարյանին, այլ ՀՀԿ-ին: Պատճառն այն է, որ ՀՀԿ-ն վարկաբեկվա՞ծ կուսակցություն է:

- Եթե ՀՀԿ-ն վարկաբեկված լինի, մնացածը ոչ մեկն էլ Հանրապետականից առավելություն չունեն: Ստեղ Տարոն Մարգարյանի անձն է դրվում, որովհետեւ բոլորն էլ նրան որպես լավ անձնավորություն ընդունում եւ հարգում են, ի՞նչ կապ ունի` որ կուսակցությունից ա:

 

Զրուցեց Ագնես ԽԱՄՈՅԱՆԸ

Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica