close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրությունները նույնպես ստեղծագործական աշխատանք են. Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու

Հարցազրույց

26 Ապրիլի 2013, 18:28
 Ընտրությունները նույնպես ստեղծագործական աշխատանք են. Երեւանի ավագանու ՀՅԴ թեկնածու

Yerkir.am-ի զրուցակիցն է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանը:

 

- Ավագանու ընտրություններին մասնակցելու Ձեր հիմնական նպատակը, շարժառիթը ո՞րն է:

- Երեւի ես հասել եմ այն մտավոր հասունությանը, որ կարող եմ օգուտ տալ իմ երկրին, քաղաքին, եւ հավանաբար իմ կուսակցությունը, այդ նկատառումներից ելնելով, որոշեց, որ համամասնական ցուցակում առաջադրի նաեւ իմ թեկնածությունը: Ծնվել եմ Երեւանում եւ գիտեմ իմ թաղամասի` Աջափնյակի առջեւ ծառացած բոլոր խնդիրները, ընդհանրապես` Երեւանի բոլոր խնդիրները:

 

- Ի՞նչ խնդիրներ են դրանք, որոնք, հատկապես, Դուք եք կարեւորում:

- Առաջին հերթին կուզեի ավտոկայանատեղիների հարցը լուծել Երեւանում: Երկրորդ` ամեն առումով պահպանության խնդիրները, սրճարանների, աննորմալ շինարարությունների խնդիրները` հենց Երեւանի կենտրոնում. Կենտրոնը ծանրաբեռնել են, իսկ քաղաքի ծայրամասերը վերացնում են կամաց-կամաց, ինչո՞ւ, որովհետեւ ոչ մի մշակութային, հասարակական, զբաղմունքի տարածք, ոչ մի նորմալ այգի չկա: Ես, որպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչ, կառաջարկեի, որ բոլոր այգիներում գործեն նվագախմբեր:

 

- Նշեցիք` «որպես մշակույթի ներկայացուցիչ». ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցություններ իրենց նախընտրական ցուցակներում ընդգրկել են մշակութային գործիչների, եւ նրանք նույնիսկ առաջնային տեղ են զբաղեցնում ցուցակներում: Ձեր կարծիքով` նպատակը, այդ մարդկանց հեղինակությունն օգտագործելով, առավել շատ քվե ստանա՞լն է, թե՞ իսկապես անհրաժեշտ է, որ Երեւանի ավագանիում լինեն մշակութային գործիչներ:

- Իսկապես պետք է, որ քաղաքապետարանում լինեն նման մարդիկ, պետք է լինեն տնտեսագետներ, ֆինանսիստներ, ճարտարապետներ եւ այլն, նաեւ` մշակույթի գործիչներ, քանի որ քաղաքապետարանն ունի յոթ բաժին, որոնցից մեկն էլ հենց մշակույթին վերաբերող հարցերով է զբաղվում: Ես այստեղ կկարեւորեմ, որ մտավորականությունը կտրվել է ժողովրդից: Ես կուզեի տեսնել կամ լսել, թե թեկուզ այն մտավորականները, որ ՀՀԿ հին ցուցակով Երեւանի ավագանու անդամներ էին, ինչ են արել մինչ օրս: Որովհետեւ բյուջեի քննարկմանը մասնակցել եւ կողմ քվեարկելն այլ բան է, խնդիրներ առաջադրելը` այլ:

 

- Ի՞նչ հարցեր կան, որ մշակութային գործիչները կարող են լուծել Երեւանի ավագանու կազմում:

- Օրինակ` ինչո՞ւ մինչեւ հիմա օպերային թատրոնի տարածքը չի վերահսկում հենց թատրոնը: Օպերային թատրոնը, նաեւ մնացած թատրոնները, դարձել են փոքրիկ կղզիներ` շրջապատված ամեն ինչով: Համագործակցության եզրեր պետք է գտնել, որ, օրինակ, այն օրերին, երբ օպերային թատրոնում պետք է «Տրավիատա» բեմադրվի, թատրոնի շրջապատի բոլոր սրճարանները գոնե մեկ օր գովազդեն դա: Մեր քաղաքում մշակութային միջոցառումների, մշակութային կյանքի գովազդը շատ քիչ է. այս կամ այն ընկերությունների, ֆիրմաների անուններ, «Ես քեզ սիրում եմ» գրառումներ` ինչքան ուզեք, բայց մշակութային գովազդ, կարելի է ասել, չկա:

 

- Ձեր կարծիքով` մշակութային գործիչը Երեւանի ավագնու կազմում միայն մշակութայի՞ն հարցերով պետք է զբաղվի, թե՞ այլ հարցերով եւս:

- Իհարկե, այլ հարցերով եւս: Երբ մի խնդիր փորձում ես լուծել, պետք է այդ խնդրի միջից դուրս գաս, կողքից նայես: Գուցե պատմաբաններն են զբաղվում ֆինանսներով, որ Երեւանի վիճակն այսօր այսպիսին է, բայց մշակութային գործիչը, երբ խառնվեց այդպիսի հարցերին, հաստատ կհամոզի տնտեսագետներին կամ այլ մասնագետների, որ` ընկերնե’ր, եկեք մի քիչ էլ ներդրում անենք Զեյթունում, Քանաքեռում, ՀԱԹ-ում… Ավագանին պետք է անընդհատ շփվի բնակչի հետ, կուզեի` հեռուստացույցով ցույց տան, թե ավագանու որ անդամն ինչ խնդիր է բարձրացնում: Ոչ թե հենց ընտրությունների նախաշեմին սկսեն ասֆալտապատել: Բա որ այդքան փող ունեիք, ինչո՞ւ շուտ չէիք անում այդ գործերը:

 

- Ինչպե՞ս եք պատկերացնում այս քաղաքի ապագան մի քանի տարի հետո:

- Ես լավատես եմ: Երեւանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, բայց արդյո՞ք ունենք արտասահմանցիներին ցույց տալու բան, չունենք` քանդեցին: Գոնե ինչ ունենք, այն պետք է պահպանենք ու փորձենք վերականգնել:

 

- Այսինքն` Ձեր պատկերացրած Երեւանում ինչ-որ բան կլինի՞ ցույց տալու, եւ ի՞նչ կլինի:

- Իմ պատկերացրած Երեւանում կկարողանանք ցույց տալ հին Երեւանը` ոչ միայն քարտեզով: Կարմիր բլուրն իր կողքերով կարող ենք այնքան գրավիչ սարքել. Էրեբունի թանգարանի կողքերը վախենում ես գնալ: Վախենում ես գնալ Նուբարաշեն, Չարբախ, ի՞նչ է, դրանք քաղաք չե՞ն: Իմ պատկերացրած Երեւանում կերեւա համատիրությունների աշխատանքը, թե չէ ո՞ւր են համատիրությունները: Ինչո՞ւ չեն ծառայում քաղաքացիների շահերին, այլ դարձել են անիմաստ փող ուտող ու ընտրակեղծիքներ անող մարմիններ: Եվ երբ բնակիչը պահանջի, որ իրեն լավ ծառայություններ մատուցեն, կատարեն իրենց պարտականությունները, տեսնեմ` էլ ո՞վ կուզի ընտրվել ավագանի, համատիրության նախագահ կամ թաղապետ դառնալ: Կուզեն նրանք, ովքեր կհասկանան, որ իրենք են տերը եւ իրենք պետք է լուծեն այդ խնդիրները:

 

Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica