close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիլիթ Պիպոյանին չե՞ն տեսնում ավագանու կազմում

Հարցազրույց

16 Ապրիլի 2013, 15:35
 Լիլիթ Պիպոյանին չե՞ն տեսնում ավագանու կազմում

Yerkir.am-ի զրուցակիցն է երգահան, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:


-Ավագանու անդամներն ի՞նչ պետք է անեն մշակութային ոլորտում, որ դրսից եկողը հասկանա` մենք նաեւ մշակութային քաղաք ենք:

- Նախ` պետք է մի հատ լավ դահլիճ կառուցվի` նորը: Մենք չունենք լավ ակուստիկայով դահլիճ, պիտի մի լավ նոր, ժամանակակից, պարզ ու հստակ, առանց «ֆինտուֆլուշկաների», նեոկլասիցիստական կամարների, մոտ 500 տեղանոց դահլիճ ունենանք: Երեւանի ավագանի ասվածը ֆիկտիվ կառույց է, որտեղ բոլորը գլուխները կախ աշխատում են մեկ ուղղությամբ` հանկարծ վատամարդ դուրս չգան:

 

- Կուզեի՞ք լինել ավագանու անդամ:

- Այո, ես կուզեի, քանի որ ես անկախ ու ազատ մարդ եմ, ոչ մեկից կախում չունեմ եւ չեմ վախենում իմ կարծիքը հայտնել, կորցնելու ոչինչ չունեմ: Ես երեւանցի եմ, ինձ համար Երեւանը հարազատ տան պես է, եւ ինչպես իմ տան կենցաղային հոգսերով եմ զբաղվում, այնպես էլ քաղաքի համար հոգ կտանեի: Բայց ինձ ոչ ոք չի առաջարկել, հավանաբար` ինձ չեն տեսնում այդ պաշտոնում:


- Նկատե՞լ եք, որ մտավորականները, որոնք քաղաքական դաշտ են մտնում, միանգամից նրանց տեսակետները փոխվում են:

- Չեմ հետեւել այդ «աճին»: Ես անձնավորություններին չեմ սիրում հետեւել, շատերին անունով չեմ ճանաչում, նրանց կենսագրությունները չգիտեմ:

 

- Այդ դեպքում չէի՞ք դժվարանա` ավագանու կազմում լինելով, թե՞, ընդհակառակը, այդ հատկությունն ավելի կհեշտացներ Ձեր աշխատանքը:

- Ինչո՞ւ պետք է դժվարանամ: Ընդհակառակը` ինձ համար միեւնույն է` ով ինչ պաշտոն ունի: Դա ավելի կօգներ. այնտեղ պետք է լինեն մարդիկ, որ չիմանան, չճանաչեն, ինչ-որ մարդկանց հետ կապերի մեջ չլինեն:

 

- Արտասահմանյան երգիչներին Հայաստան բերելու համար միշտ հովանավոր գտնվում է, իսկ այդ ինչպե՞ս է, որ նույն մարդիկ չեն հովանավորում մեր կատարողներին:

- Իհարկե, շատ լավ կլինի, որ խթանվի մեր արվեստը: Նախագահական ընտրություններից առաջ վարչապետը հրավիրել էր մտավորականներին` նրանց հետ խորհուրդ նստելու: Ներկաներից մեկը հարցրեց` մեզ մոտ արվեստն անկում է ապրում, եւ ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի խթանվի արվեստի զարգացումը: Իսկ վարչապետը պատասխանեց` ոնց թե, իհարկե, մենք աջակցում ենք արվեստի զարգացմանը, տեսեք` մենք հրավիրում ենք անվանի արտիստների` աշխարհի տարբեր ծայրերից: Այսինքն` նա կարծում է` հրավիրելով դրսի երգիչներին` խթանում է մեր արվեստի զարգացմանը: Սա սարսափելի սխալ է, քանի որ իրականում մենք այդքան կարիք չունենք, որ «Պավարոտիները» գան Հայաստան. դա ծայրահեղ շքեղություն է մեզ համար: Երբ դու աղքատ ես, պետք չէ սոված նստել ու ամբողջ գումարը հավաքել ու ադամանդե մատանի գնել: Պետք է միջոցներ ներդնել, քանի որ փայլուն տաղանդներ կարող են ծնվել ու զարգանալ մեր երկրում: Ո՞վ ասաց, որ մենք մյուսներից պակաս ենք, ուղղակի մեր երգիչներին աջակցություն է պետք: Դու չես կարող ե՛ւ արվեստ ստեղծել, ե՛ւ սոված մնալ: Այլ երկրներում մարդուն ապահովում են ամեն ինչով, որ նա ուղղակի նստի եւ ստեղծագործի, իսկ մեզ մոտ ինչպե՞ս է:

 

- Լավ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար է շեշտը դրվում ավելի շատ դրսի երգիչներին Հայաստան բերելու վրա, ցուցադրակա՞ն է արվում ամեն ինչ:

- Դա գալիս է սարսափելի տգիտությունից, տգետ, ցուցամոլ, պոռոտախոս մարդու պահվածք է դա: Միգուցե, որ ցույց տան, որ, այ, տեսեք, մենք էլ կարող ենք: Հնարավոր է, որ բիզնեսի առումո՞վ է շահեկան: Ես չեմ ասում` ընդհանրապես թող ոչ մի արտասահմանյան կատարող չգա Հայաստան, այլ` թող տարվա մեջ լինի երկու-երեք համերգ, որ մենք էլ սիրով գնանք: Կուզեի Հայաստանում տեսնել Չեչիլիա Բարտոլիին, Ջեսսի Նորմանին: Մեզ մոտ կազմակերպված ռոք համերգներն էլ են լավը: Այ, օրինակ, Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը եկել էր Հայաստան, եւ ես մեծ հաճույքով կգնայի համերգին, բայց չեմ ուզում օթյակից լսել նրանց, սակայն, մյուս կողմից, 100 000 դրամ էլ չեմ տա` պարտերում նստելու համար:

 

- Հեղինակ-կատարողները վերջին շրջանում սկսել են մինի համերգներով հանդես գալ ակումբներում, ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

- Լավ են անում, ի՞նչ անեն, ուրիշ ձեւ չկա: Ակումբում ելույթ ունենալու համար ինձ պետք է խումբ, բայց իմ առջեւ փակված են ճանապարհները: Ես հրավիրում եմ երաժիշտների, վճարում նրանց, բայց այդքան եկամուտ չեմ ստանում, որ ծախսերս փակեմ: Հիմա այն իրավիճակն է, որ ես նույնիսկ զրոյի վրա չեմ կարողանում բերել: Գովազդի, դահլիճի եւ երաժիշտների ծախսերը իմ եկամուտը չեն փակում: Գալիս-կանգնում ենք մեկենասության խնդրի առջեւ: Ինչո՞ւ, օրինակ, բացօթյա համերգներ չունք ունենում: Բոստոնի նվագախումբն ամեն կիրակի բոստոնցիների համար անվճար համերգ է կազմակերպում, իսկ մեզ մոտ նման բան չկա: Գոնե ամսվա մեջ մեկ օր նման համերգներ ունենանք:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica