close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔԵՌԻ Դ`ԳՈԼ. Ս. Ղարաբաղցյան

Թուղթուգիր

16 Ապրիլի 2013, 15:02
 ՔԵՌԻ  Դ`ԳՈԼ. Ս. Ղարաբաղցյան

...Ֆրանսիայից ներգաղթած Բոյաջյանների ընտանիը  նման չէր մյուսներին. նրանք, ավելի շուտ, հիշեցնում էին երամին պատահականորենխառնված թռչունների, որոնք ճարահատ վայրէջք էին կատարել մեր թաղում՝ Փոսում: Վահե Բոյաջյանի կինը՝ Ժաննետը, զտարյուն ֆրանսուհի էր. թաղեցիները նրան «Մադամ Բոյաջյանով» էին դիմում ու որպես հարգանի տուրք՝ նրա մայրենի լեզվով բարևում՝ «Բոնժուղ Մադամ Բոյաջյան»: Մեր իմացած ֆրանսերենն այսքանն էր, բայց այդ մի հատիկ բառից տիկին Ժաննետը ավելի ժպտերես էր դառնում, մենք դրանից ավելի լավ էին զգում: Ամուսնուն՝ «Մսյո Վահե» էինք ասում. նա միշտ բերետ էր կրում, օձիքին՝ կապված շարֆ, ծխամորճից՝ անբաժան: Պատրիկն ու Ժան-Պոլը նրանց արու զավակներն էին, մեր խաղընկերները, դուստրը՝ Ժակլինը՝ մեր թաքուն երազների տիրուհին: Անթերի գեղեցկուհի էր Ժակլինը: Բոյաջյաններն էլ, մյուս հայրենադարձների պես քիչ էին շփվում տեղացիների հետ. միայն Բեյրութից եկած մի քանի ընտանիքների հետ էր նրանց շփումը…

 

Տարիներ էին անցնում, Մադամ Բոյաջյանը, սակայն, ոչ մի կերպ չէր համակերպվում..Նրան տեսնողը չէր մտածի, որ այդ կինը հոգս ունի, կռիվ…Շուկա գնալիս անգամ,այնպես էր շպարվում ու հագնվում, որ թվում էր, թե կինո կամ թատրոն է գնում...Տեղացի հոգսաշատ հայ կանայք բամբասում ու չարախնդում էին նրան. «ինչի՜դ վրա ես հրճվում... », նրանց հայացքներում կանացի քեն կար ու նախանձ...Մոռանում էին, որՄադամ Բոյաջյանը ֆրանսուհի էր, ու նրա ներսում տոն կա,հրավառություն, կանացի մնալու անբացատրելի գաղտնիք...Փոխանակ սերտելու, սովորելու,իրանցով անելու անբացատրելի գաղտնիքը, հրավառությունը, տոնը, անպտուղ քչփչում, բամբասում էին... Ո՜նց էի ուզում, որ  Սուրմալվեցի Մարգուշը, Կողբեցի Հայկանուշը, Սոլակցի Արաքսին…մի քիչ մադամ Բոյաջյան լինեին…

 

Մադամ Բոյաջյանը ոչմեկի հետ չէր կիսվում. խելացի կանայք ցավն ու գաղտնիքն էլ շպարի տակ պահելու հնարքը  գիտեն: Միակ մարդը, որ տեղյակ էր Բոյաջյանների անցուդարձից, թաղայինն էր, որին հրահանգվել էր՝ «խիստ գաղտնի»՝ դրսի հետ կապ ունեցող հայրենադարձների գրագրություններին՝ նամակներին հետևել, բովանդակության մասին ահազանգել...

 


Բոյաջյանների նկատմամբ հոգատար  հսկողությունը հատուկ էր. նրանք ֆրանսահպատակ էին ու կարող էին վերադառնալ Ֆրանսիա, եթե, իհարկե, ցանկություն ունենային: Ֆրանսահպատակ Մադամ Բոյաջյանը մի քանի անգամ նամակ էր ուղարկել Մոսկվա՝ Ֆրանսիայի դեսպանին, վերադարձի խնդրանք-պահանջով:Թաղայինը գերազանց էր կատարում իր վրա դրած պարտականությունը. նամակները կես ճամփին էին մնում, ու զարմանալի զուգադիպությամբ՝ ամեն նամակից հետո, միքանի օր անց Բոյաջյաններին այցելում էին 2-3 անծանոթ մարդիկ, զրուցում նրանց հետ ու անհետանում…

 


Վերջին անգամ, երբ նամակը կրկին կես ճամփին էր մնացել, Բոյաջյաններին ավելի բարձրաստիճան պաշտոնյաններ այցելեցին: Նրանցից մեկը, նույնիսկ, վարժ ու մաքուր ֆրանսերենով փորձել էր համոզել տիկին Ժաննետին՝ խոստանալով ամեն ինչ, միայն թե Բոյաջյանները հրաժարվեին վերադառնալու մտքից:

 


-Մեր հայրենիքն, ախր,Ֆրանսիան է, ծննդավայրը՝ Փարիզը, մենք այստեղ ամուսնուս՝ Վահեի սիրոյն եկանք…,-հետո,կտրուկ տոնը փոխելով ավարտել զրույցը՝ ասելով,- ստիպված եմ Դ՛Գոլին գրել…:

 

-Ձեր իրավունքն է,- քաղաքավարի պատասխանել է պաշտոնյան, ու համոզվել, որ այս կնոջը հետ պահել վերադարձի մտքից՝ անհնար է..

 

Ճանապարհին պաշտոնյային ուղեկցող թաղայինը հարցրել է.

-Դ՛Գոլն ո՞վ է...

 

-Մադամ Բոյաջյանի քեռին,- հեգնանքով պատասանել է պաշտոնյան:

 

 

Պետությունները իրենց անվտանգությունն ապահովելու համար անհասանելի աչքեր ու ականջներ են պահում...թվում էր,թե նրանց նվիրվածությունից ավելի հզոր ու անխոցելի է դառնում պետությունը...Բայց ճիշտ հակառակն է եղել…Ամեն տեղ աչք ու ականջ պահող պետությունները, մեկ է, մի տեղ ճաք են տալու, ի՜նչ ուզում ես արա, միևնույնն է, մի աչք կգտնվի, որ կույր ու  մի ականջ, որ խուլ կձևանան…Մադամ Բոյաջյանը գտելէր կույր ու խոլ ձևացող աչքն էլ, ականջն էլ…

 

Նամակը Դ՛Գոլին էր հասել…


 

 

…Այդ գիշեր թաղայինի գրասենյակում լույսը երկար վառվեց: Ծանոթ պաշտոնյաններն էին այստեղ… «Հույժ գաղտնի» կնիքով ծրար էին ստացել. «24 ժամվա մեջ ապահովել Բոյաջյանների ելքը երկրից, չթույլատրե լոչ մի շփում ծանոթների, հարևանների, բարեկամների հետ»:

 

Մադամ Բոյաջյանին խնդրեցին անաղմուկ պատրաստվել մեկնելու երկրից: Անասելի ուրախության հետ Բոյաջյաններին տխրություն էլ պատեց՝ ոչ  մեկին հրաժեշտ տալու իրավունք չունեին: Լուսադեմին,երբ մեր թաղը դեռ անուշ քնի մեջ էր, հատուկ մեքենաներով Բոյաջյաններին դուրս հանեցին Փոսից: Այս ամենի ականատեսը միայն հասարակական արտաքնոց վազող Անդոն էր եղել,բայց բնական կարիքը նրան թուլ չէր տվել ոտքը կախ գցել... Հետո, երբ Անդոն իմացել էր կատարվածի մասին, ասելէր. «Մինչև մտա, դուրս եկա (արտաքնոցը ի նկատի ուներ) Մսյո Վահեն ու Մադամ Բոյաջյանը Փարիզ էին հասել...»

 

Բոյաջյանների անակնկալ անհետանալը խոսք ու զրույցի տեղ բացեցին: Թաղեցիներից մեկը ենթադրեց.

 

-Սիբիր են քշել...

 

Մյուսը հակադրեց.

 

-Քո իմացած տեղը, բառը, անունը,մենակ Սիբիրն ա էլի. ուրիշ տեղ չկա՞ աշխարհում…:

 

-Բա որ ասում էի...Մսյո Վահեն լրտես էր,շպիոն,- իր հեղինակավոր եզրակացությունն արեց «պաժառնիկ» Հարութը...

 

-Բա գլուխ էր գովում, թե Միսաք Մանուշյանի ընկերն է եղել…:

 

-Միամի՜տ, բա հո չէր ասելու՝ Հիտլերի ընկերն է...:

 

...Հաջորդ օրը մերթաղի հանրային արտաքնոցի պատին ինչ որ մեկը ածուխով, մեծ-մեծ տառերով գրել էր. «Ես Դ՛Գոլի…»

 

Սա էլ, հաստատ, Ժակլինի անպատասխան սիրուց վառված ձեռքն էր գրել..

 

Դ՛Գոլն ի՞նչ մեղքուներ… Դ՛Գոլն իր հպատակների ճակատագրով մտահոգ աշխարհի հզորներից մեկն էր, կամ էլ,պարզապես՝ Մադամ Բոյաջյանի քեռին…


 

 

15.04.2013թ

Երեւան

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica