close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդկանց ցուցակ տված՝ ուղարկում են տնետուն

Հարցազրույց

16 Ապրիլի 2013, 12:25
 Մարդկանց ցուցակ տված՝ ուղարկում են տնետուն

Yerkir.am-ի հարցազրույցը Երեւանի ավագանու թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի հետ:

 

- Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:

- Ես ինձ տեսնում եմ այդ աշխատանքում, գիտեմ, որ անելիք ունեմ եւ կարող եմ օգտակար լինել ե’ւ վարչական շրջանին, ե’ւ քաղաքին: Միեւնույն ժամանակ, ասեմ, որ ՀՅԴ-ն պատկերացնում է Երեւանի միջոցով նաեւ քաղաքական փոփոխության գնալու հնարավորությունները, եւ այս ամենից ելնելով՝ պատրաստակամություն եմ հայտնել լինել ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակում: Համամիտ եմ կուսակցության այն կուրսի հետ, որ սա հաջողության հասնելու միակ ճանապարհն է: Հայաստանում խաթարված է ընտրական գործընթացը, բայց քանի որ ընտրությունը միակ ճիշտ ճանապարհն ենք դիտարկում, որը ժողովրդին չի տանի արյունահեղության կամ հերթական հիասթափության, պետք է ամեն ինչ անել օրինական` ընտրական ճանապարհով հաջողության հասնելու համար: Ես պատկերացնում եմ, թե որքան բան կփոխվի, եթե Երեւանն ունենա ընդդիմադիր քաղաքապետ:

 

- Ձեր կարծիքով` այսօր հրատապ լուծում պահանջող ի՞նչ խնդիրներ կան Երեւանում:

- Դաշնակցության ծրագրում հստակ շարադրված են այդ խնդիրների առաջնահերթությունները: Չկա մի կետ, որի հետ համամիտ չլինեմ: Առաջինը` Երեւանը պետք է համաչափ զարգանա: Պետք է փորձենք Կենտրոնը բեռնաթափել: Դրա համար պետք է հասարակական կյանքն ակտիվացնենք նաեւ վարչական մյուս շրջաններում: Օրինակ` ինչո՞ւ պետք է գրեթե բոլոր բուհերը լինեն Կենտրոնի տարածքում: Իմ պատկերացրած ամենակարեւոր խնդիրներից մեկը սոցիալական բնակարանաշինության խնդիրն է: Ինքս, օրինակ, պետական աշխատող եմ եւ կխնդրեի, որ մեկնումեկն ինձ պատասխաներ, թե ինչպե՞ս կարող եմ օրինական ճանապարհով բնակարան ձեռք բերել, երբ ոչ մի մեխանիզմ չկա` ստանալու, իսկ դու ստանում ես ընդամենը 100-120 հազար դրամ աշխատավարձ: Այսինքն` ոչ մի բանկ քեզ մոտ չի թողնի նման եկամուտով: Հետեւաբար` մարդիկ, ովքեր նման խնդիր ունեն, լուծման տարբերակ չեն գտնում, թողնում ու հեռանում են Հայաստանից: Դրա հետևանքով քաղաքային մշակույթը փչանում է, քանի որ Երեւանը լքողների տեղը երբեք բաց չի մնում…

 

- Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

- ՀՅԴ-ն առաջարկում է սոցիալական բնակարանաշինություն` քաղաքապետարանի բյուջեի միջոցով Երեւանում բնակարաններ կառուցել, որոնցում մարդկանց անհատույց մշտական ապրելու հնարավորություն տրվի, բայց ոչ սեփականության իրավունք: Սա նաեւ արտագաղթի առաջը կփակի, որովհետեւ եթե պայման դրվի, որ վեց ամսից ավելի այդ տանը չապրելու դեպքում քաղաքապետարանը կարող է այդ բնակարանը հետ վերցնել եւ տալ այլ կարիքավորի, բնականաբար, այդ տունը դատարկ չի մնա:

 

Ամենակարեւոր խնդիրներից է նաեւ տրանսպորտային ծանրաբեռնվածության բեռնաթափումը: Իսկ դրա լուծման համար կարեւորագույնը մետրոյի նոր կայարաններ կառուցելն է, հատկապես` արվարձանային մեծ թաղամասերում` ՀԱԹ-ում, Նոր Նորքում, Էրեբունիում, Դավիթաշենում եւ այլն: Եվ արդեն կարիք չի լինի քաղաքը փոքր ավտոբուսներով և երթուղային այլ փոխադրամիջոցներով խեղդել, որը, կարծում եմ, ավելի շատ մարդկանց «գծի տեր» սարքելուն է ուղղված, քան քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծելուն: Իրատես ենք` այնպես չէ, որ մեկ շաբաթում մետրոյի նոր կայարաններ ենք բացելու, բոլորս էլ հասկանում ենք, որ դա շատ թանկ հաճույք է, բայց ինչ-որ մի պահից պետք է սկսել:

 

- Իսկ ի՞նչ միջոցներով եք պատրաստվում սկսել այդ ծրագրերը:

- Օրինակ` այսօր քաղաքապետրանը լիցենզիայի հիման վրա երթուղիները մրցույթով տալիս է կառավարողներին, որոնք մրցույթում հաղթում ու աշխատում են: Կարծում եմ` ավելի լավ է քաղաքապետարանի ենթակայության պարկեր ձեւավորվեն, որպեսզի այդ ոլորտից ստացվող գումարները, որ գնում են ինչ-որ պատգամավորի, թաղի տղու կամ չգիտեմ, թե ում գրպանը, հավաքվեն: Եթե նայում ենք, որ յուրաքանչյուր գծատեր ամսական մի քանի հազար դոլար եկամուտ է ստանում, իսկ գծերը շատ են, ապա այդ գումարները, մեկ տեղում հավաքվելով, ամսվա կտրվածքով լուրջ գումար կկազմեն: Այսինքն` ամսական հնարավոր կլինի մետրոյի` մի քանի մետր նոր գիծ կառուցել, իսկ մի քանի տարվա կտրվածքով` դա արդեն նոր կայարան է:

 

- Ինչպե՞ս եք գնահատում գործող ավագանու եւ քաղաքապետի գործունեությունը եւ այն նախընտրական «հաշվետվությունները», որ այսօր ներկայացնում են քաղաքի գործող կառավարիչները:

- Առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ ծրագրեր են իրագործվել: Ես, բնակչության հետ շփվելով, մեկ հարց եմ տալիս` իսկ դուք ճանաչո՞ւմ եք մեր ավագանու անդամներին` անկախ կուսակցական պատկանելությունից: Պարզվում է` բնակիչները տեղյակ չեն, ընդհանրապես, թե ովքեր են ավագանու անդամները: Իսկ եթե տեղյակ չեն, էլ ինչպե՞ս պետք է տեղյակ լինեն նրանց գործունեությունից: Եթե աշխատեին, անպայման շփում կլիներ բնակչության հետ: Ծրագրերի մասին պետք է նշեմ, որ որոշ կոսմետիկ ծրագրեր իրականացվում են` կանաչապատում են որոշակի տարածքներ, ծաղիկ են ցանում: Բայց ես չեմ հասկանում, թե որոշ դեկորատիվ զիզի-բիզի բաներն ինչի համար են, օրինակ` կապույտ ու վարդագույն արհեստական ծառեր են տեղադրում, երբ դրա փոխարեն կարելի էր մտածել քաղաքը իրական ծառերով կանաչապատելու մասին… Այդ ուղղությամբ, օրինակ, մենք նախատեսում ենք երկու մեծ զբոսայգիներ հիմնել` Նորքի բարձունքի տարածքը գործող զբոսայգու վերածել եւ Դալմայի այգիների տարածքում մեծ զբոսայգի հիմնել:

 

- Դուք բազմիցս ահազանգել եք ներկայումս ընթացող քարոզարշավի բացասական դրսեւորումների մասին, ի՞նչ բացասական միտումներ կան այժմ:

- Այո’, մարդիկ կորցրել են իրենց դերը: Ուսուցիչն արդեն սկսել է մոռանալ, որ իր միակ դերը ՀՀ ապագա քաղաքացի կրթելն ու դաստիարակելն է: Ու այսօր ոչ մի տարբերություն չկա ուսուցչի եւ մի ինչ-որ համատիրության փող հավաքողի միջեւ` երկուսին էլ, ցուցակ տված, ուղարկում են տնետուն` ընտրողներ հավաքելու, հատկապես` երբ պարզվում է որ դիմացինն ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդ է, դա էլ են հաշվառում` «դու, փաստորեն, ՀՀԿ-ին ձայն չես տալիս, հա՞»… Ու նշում են, թե ինչ են նշում, չգիտեմ, բայց դիմացինի վրա դա հոգեբանորեն ազդում է: Սա կեղտոտ տեխնոլոգիա է: Մի քանի օր առաջ ուսուցիչներ էին եկել իմ հայրական տուն: Մենք բնակվում ենք նույն թաղամասում: Այդ մարդկանցից մեկն ինձ լավ է ճանաչում, որովհետեւ ես այն դպրոցում, որտեղ ներկայումս աշխատում են այդ ուսուցիչները, եղել եմ ե’ւ աշակերտ, ե’ւ ուսուցիչ, ե’ւ ծնող: Եվ ցավալին այն է, որ մարդիկ արդեն չեն գիտակցում, թե ինչ են անում. եկել են մեր տուն ու փորձել մորս համոզել, որ իր քվեն տա ՀՀԿ-ին: Ու ասել են, թե ի՞նչ կապ ունի, որ Ձեր տղան ՀՅԴ-ի ցուցակում է ընդգրկված, գուցե ընտրեք ՀՀԿ-ի՞ն:

 

- Ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ տեսախցիկներով Ձեր շտաբը տեսահսկում են, ի՞նչ դեպք էր դա:

- Երկու օր առաջ քաղաքացիներից մեկը տեղեկացրեց մեզ, թե մեզ տեսախցիկներով հետեւում են` ով է մտնում շտաբ, ով է դուրս գալիս եւ այլն: Ճիշտն ասած` մենք որոշ տեսախցիկներ նկատել էինք շտաբի դիմացի խանութների պատերին, բայց ոչ մի վատ բան չէինք մտածել: Իսկ այդ ահազանգից հետո ուշադրություն դարձրեցինք, թե ինչ տեսախցիկների մասին է խոսքը: Եվ նկատեցինք, որ իսկապես, մեր շտաբին հարող տարածքում` «Գրին Մարկետ»-ի եւ դրա կողքի խանութի պատերին տեղադրված են մի քանի տեսախցիկներ, որոնք, ճիշտ է, խանութների տեսախցիկներ են` խանութների տարածքում տեղադրված, բայց այդ տեսախցիկների դիրքն այնպիսին է, որ նաեւ մեր մուտքը կարող է երևալ: Այսինքն` մտնող-դուրս եկողին կարող են ֆիքսել: Հիմա ես չեմ մեղադրում, թե կոնկրետ մեզ հսկելու համար են այդ տեսախցիկները: Որովհետեւ խանութատերերը միշտ կարող են հակափաստարկներ բերել, թե իրենց խանութն են տեսահսկում: Բայց այժմ մենք այդ խնդրով պետք է զբաղվենք, որ այն տեսախցիկները, որոնք նայում են մեր մուտքին, այնպիսի դիրքում տեղադրվեն, որ իրենց խանութների պահպանությանը ծառայեն, այլ ոչ թե քաղաքացիների ազատ տեղաշարժը տեսանկարահանեն ու դրանով խախտեն մարդկանց` անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

 

- Արդյո՞ք սա հոգեբանական միջոց կամ ինչ-որ կերպ ներազդելու մեխանի՞զմ է:

- Ընտրությունների պրոցեսում ազդման միջոցներն այնքան շատ են, որ մեկն էլ կարող է սա լինել: Որովհետեւ երբ ինչ-որ մեկը գիտի, որ քո տարածքը վերահսկում են, մարդ կա, որ չի ուզում իր անձը երեւա, ու նաեւ մարդիկ կան, որ աշխատանքի բերումով չեն կարող բացահայտ ցույց տալ, որ քո կողքին են` թաքցնում են, ու երբ գիտեն, որ այդ տարածքը տեսահսկվում է, այլեւս չեն գա շտաբ` թեկուզ ծրագրերին ծանոթանալու կամ շփվելու: Որովհետեւ, էլի եմ կրկնում, հոգեբանական ազդեցության միջոցներ շատ են կիրառում` սկսած անձնագիր հավաքելուց եւ այլն: Իրականում ոչինչ չի տալիս անձնագրերի հավաքումը, քանի որ որեւէ մեխանիզմ գոյություն չունի, որով կարողանան տեսնել, թե ով ում օգտին քվեարկեց: Բայց մարդկանց վախեցնում են տարբեր ձեւերով: Ու շատ դեպքերում մարդկանց` օրենք չիմանալը, պարզամտությունը օգտագործվում է, որ նրանց վրա հաջողությամբ կիրառվեն այդ հոգեբանական տեխնոլոգիաները:

 

- Այս ամենով հանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը եւ ի՞նչ արդյունք եք ակնկալում:

- Որպես քաղաքական ուժ, բնականաբար, գնում ենք առավելագույնի` հաղթանակին: Բայց թե ինչ կլինի ընտրության արդյունքում, ինչքանով բնակչությունը մեզ կվստահի, ինչքանով ոչ օրինական մեխանիզմները հնարավոր կլինի զսպել, որի արդյունքում ճիշտ արտահայտվի ժողովրդի դիրքորոշումը, սա այլ հարց է: Ամեն դեպքում` ուզում ենք, որ երկրում ստեղծվի առողջ մթնոլորտ, այս վիճակից դուրս գանք, մեր ժողովրդի մոտ այս հիասթափությունը, արտագաղթը կանգ առնի, մտածենք մեր երկիրը հզորացնելու, շենացնելու մասին, այլ ոչ ուրիշ բաների: Երազում եմ ունենալ այնպիսի պետություն, որտեղից զավակներս հետագայում արտագաղթելու մասին չմտածեն անգամ ...

 

Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica