close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արվեստի հետ շփվողը չի կարող բացասական կերպար լինել

Հարցազրույց

4 Ապրիլի 2013, 16:15
 Արվեստի հետ շփվողը չի կարող բացասական կերպար լինել

Կոնտրաբասիստ Կարեն Խաչատրյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ է 1981 թվականից: Սակայն նրա ստեղծագործական ճանապարհը չի սահմանափակվում ֆիլհարմոնիկով` ուսման տարիներին` 1979-1981թթ., աշխատել է օպերային թատրոնի նվագախմբում, այնուհետեւ` Երեւանի կամերային նվագախմբում, ինչպես նաեւ` «Սերենադ»-ում: Խաչատրյանը կարծում է, որ ամեն օր արվեստի հետ շփվելիս ավելի ես մաքրվում, եւ հնարավոր չէ շփվել արվեստի, մշակույթի հետ ու բացասական կերպար լինել:

 

-Երբ եկաք ֆիլհարմոնիկ, բեմի, հանդիսատեսի հետ շփման անհարմարություն չէի՞ք զգում, քանի որ օպերային թատրոնի նվագախմբում երաժիշտները ներքեւում են, չեն երեւում:

-Անկեղծ ասած` չեմ հիշում: Այդ ժամանակ ես շատ երիտասարդ էի եւ սկզբնական շրջանում առանձնապես ուշադրություն չէի դարձնում հանդիսատեսին, քանի որ ավելի շատ կենտրոնացած էի գործս ճիշտ կատարելու վրա: Հավանաբար` այնքան օրգանական է եղել այդ մասը, որ չեմ զգացել:

 

-1985-1988թթ. Մասիս գյուղում երաժշտություն եք դասավանդել: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ է պետք անել, որ երիտասարդները նույնպես թեկուզ կարճ ժամանակով գյուղում դասավանդեն:

-Գիտեք` իմ պարագայում մի քիչ այլ էր: Այդ տարիներին ես ֆիլհարմոնիկում էի աշխատում էի եւ առաջ եկավ իմ` բանակ գնալու հարցը: Սակայն ո՛չ ես եւ ո՛չ էլ ղեկավարությունն առանձապես չէինք ուզում, որ թողնեի աշխատանքս, դրա համար էլ գյուղում սկսեցի դասավանդել /այն ժամանակ օրենք կար, ըստ որի, կոնկրետ իմ դեպքում, գյուղում դասավանդելը փոխարինում էր բանակի ծառայությանը: Չնայած գյուղերում հիմա չկան երաժշտական դպրոցներ, մնացել են միայն մարզկենտրոնները: Կարծում եմ, որ եթե ինչ-որ ձեւով դա հովանավորվի, քանի որ այնտեղ գնալ-գալու համար բավականին ժամանակ ու գումար է անհրաժեշտ, հաստատ մի շարք երաժիշտներ կսկսեն թեկուզ սկզբի համար, ասենք, մեկ ամսով վարպետության դասեր տալ: Ի դեպ, նման աշխատանք է տանում մեր նվագախմբի թավջութակահար Կարեն Քոչարյանը, ով նաեւ Խաչատրյանի տրիոյի անդամ է. նրանք մարզերում համերգներ են տալիս եւ զուգահեռաբար վարպետության դասընթաց անցկացնում:

 

-Սովորելու տարիներին նաեւ աշխատել եք օպերային թատրոնի նվագախմբում. ներկայիս ուսանողների գիտելիքները հնարավորությո՞ւն կտան, որ սովորելուն զուգահեռ աշխատեն:

-Դե, դա հիմնականում անհատից է գալիս: Բայց, մյուս կողմից, գաղտնիք չէ, որ կրթական ընդհանուր մակարդակն իջել է: Հիմա հատուկենտ մարդիկ, անհատներ կարող են սովորելուն զուգահեռ աշխատել:

 

-Դուք նաեւ Բաքվում մասնակցել եք «Երիտասարդ կատարողների անդրկովկասյան մրցույթին»՝ արժանանալով 3-րդ մրցանակին: Այս առումով` արդյո՞ք մշակութային ոլորտում նույնպես պետք է Ադրբեջանի հետ «սահմանները փակ լինեն»:

-Չես կարող նրանց հետ շփվել, ինչպես մյուսների, քանի որ հաճախ նրանք են այդ հարաբերությունների հիմքը դնում: Իսկ, մյուս կողմից, կարծում եմ, որ լավ կլիներ` ինչ-որ կերպ մարդիկ կարողանային շփվել, քանի որ ես նաեւ լավ օրինակներ գիտեմ, երբ մեր երաժիշտները շփվում եւ համագործակցում են թե՛ ադրբեջանցի եւ թե՛ թուրք երաժիշտների հետ: Աքրամ Այլիսլին ադրբեջանցի գրող է, չէ՞: Բայց նա մեզ համար արեց այն, որ նույնիսկ շատ հայեր չեն անի. նա խախտեց իր երկրի օրենքը` մեզ համար: Կարծում եմ, որ Այլիսլիի նման էլի մարդիկ կլինեն, մարդիկ, ովքեր նույնիսկ մեղա են գալիս եւ ընդունում իրենց անցյալը: Հենց նման մարդկանց հետ շփվելու առումով պետք է ոչ մի խոչընդոտ չլինի:

 

-Այսինքն` մտավորականությունն այս առումով ավելի մաքուր է՞:

-Իհարկե, քանի որ եթե ամեն օր արվեստի հետ ես շփվում, մաքրվում ես: Օրինակ` ես չեմ պատկերացնում, որ մեր ասպարեզում մարդն այդ տեսակ վերերկրային երաժշտություն է նվագում, ինչպե՞ս կարող է վատ մարդ լինել, եթե, իհարկե, սիրում է իր գործը: Հնարավոր չէ ամեն օր շփվել արվեստի, մշակույթի հետ եւ բացասական կերպար լինել:

 

-Ասում են, որ վերջին շրջանում /պայմանավորված հասարակական-քաղաքական մի շարք դրսեւորումներով/ Հայաստանում մտավորականները համախմբված չեն, ի՞նչ կասեք այս մասին:

-Դա բնական է, քանի որ բոլորը չեն կարող ինչ-որ բանի շուրջ նույն կարծիքն ունենալ: Սակայն կա մի խնդիր, որն ինձ ավելի է մտահոգում. ինձ դուր չի գալիս, որ «իրար ուտում» են: Կարելի է բոլոր հարցերի շուրջ բանավիճել, բայց մնալ չափերի մեջ: Սեւ ու սպիտակի նման չպետք է լինի` եթե ես լավն եմ, ուրեմն` մյուսը վատն է: Մի քիչ ծայրահեղությունը կա, որն այնքան էլ ցանկալի չէ:


-Ի՞նչ է սա` հայի բնավորությո՞ւն, չէ՞ որ նշեցիք, որ եթե մարդը շփվում է արվեստի հետ, բացասական կերպար չի կարող լինել:

-Գիտեք` եւ անհատից է գալիս, եւ, կարծում եմ, ավելի շատ օբյեկտիվ է պատճառը: Կրկին գալիս եմ այն մտայնության, որ սոցիալական պայմաններն են պատճառը: Երբ մարդու ուղեղը հանգիստ է, ինքն էլ է հանգիստ, եւ այդ դեպքում նա չի սկսում հաշվել դիմացինի փողերը ու սկսում ատամ սրել նրա դեմ:

 

-Կարելի՞ է եզրակացնել, որ կենցաղը խանգարում է, որպեսզի լիարժեք ապրեք ստեղծագործական կյանքով:

-Իհարկե: Քանի դեռ մենք մեր երկրում չենք ապահովել արվեստագետներին, որ նրանք զբաղվեն իրենց սիրելի գործով եւ միայն դա բավարարի ընտանիք պահելու համար, կենցաղը կխանգարի նրանց: Հիմա մարդիկ աշխատանքից հետո իրենց ազատ ժամանակը իրենց հանգստի եւ ինքնակրթման վրա ծախսելու փոխարեն այլ աշխատանք են անում, որպեսզի կարողանան հոգալ իրենց ծախսերը:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica