close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

''Լավագույն, ամենալավ'' ձեւակերպումներով այլեւս չես խաբի երեւանցիներին. ԲՀԿ-ական

Հարցազրույց

29 Մարտի 2013, 16:45
 ''Լավագույն, ամենալավ'' ձեւակերպումներով այլեւս չես խաբի երեւանցիներին. ԲՀԿ-ական

Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանի կարծիքով` ավագանու առաջիկա ընտրությունները կլինեն մրցակցային, եւ բոլորն էլ հաղթելու իրական հնարավորություն ունեն: Սերգեյ Բագրատյանը պատասխանել է Yerkir.am-ի հարցերին:

 

- Պարո'ն Բագրատյան, ի՞նչ եք կարծում` դժվար չի՞ լինելու վարչական լծակների եւ ֆինանսական միջոցների տնօրինող ՀՀԿ-ի դեմ պայքարը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանը գործող քաղաքապետն է:

- Կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, երբ ֆինանսական կամ վարչական լծակներով հնարավոր է լուրջ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ հիմնական գործող ուժերն էլ ունեն բավարար մարդկային ռեսուրսներ, որպեսզի չեզոքացվեն ֆինանսական եւ վարչական ռեսուրսները: Իսկ Երեւանում դա ավելի հեշտ է, որովհետեւ եթե մարզերում, գյուղական համայնքներում, մարդիկ միմյանց ճանաչելով, հարաբերություններ չփչացնելու խնդիր ունեն, ապա մայրաքաղաքում կապերն այդքան ընդգծված չեն: Կարծում եմ, որ այս ընտրությունները պետք է լինեն եզակի, որովհետեւ վարչական եւ ֆինանսական գործիքներն այս ընտրություններում ամենաքիչ ազդեցությունը կունենան, չեն աշխատի ո'չ իրենց ծավալով, ո'չ էլ արդյունավետությամբ:

 

-Այսինքն` երեւանցին ավելի անկախ է եւ ազատ:

-Բոլոր մեծ քաղաքներում է այդպես, Երեւանն էլ բացառություն չէ: Երեւանցիներն առավել ակտիվ են, առավել համարձակ եւ առավել անկախ:

 

- Լավ, բայց ինչպե՞ս եք պատկերցնում պայքարը, ՀՀԿ-ականներից մեկի գնահատմամբ, «Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետի» դեմ:

- Նախ` Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետ հասկացությունը շատ հարաբերական է, եւ բոլոր երեւանցիների համար այդ գնահատականը կարող է շատ տարբեր լինել, այսինքն` տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ նախկինում աշխատած քաղաքապետերի վերաբերյալ: Սա մեկ: Երկրորդ` կարծում եմ, որ, նման գնահատական տալով, վիրավորում են իրենց կուսակցական նախկին քաղաքապետերին, առավել եւս, երբ ընդամենը կարծիք ես ասում եւ չես բերում փաստեր ու հիմնավորումներ: Մենք կարող ենք համեմատել աշխատանքները, երեւույթները, անձերին, եթե մենք համեմատում ենք կոնկրետ փաստացի կատարված աշխատանքներ: Տնտեսագիտական խոր վերլուծության արդյունքում մենք միայն կարող ենք նման գնահատական տալ: Բացի այդ` չեմ կարծում, որ Երեւան քաղաքն իդեալական վիճակում է, շատ անելիքներ կան, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը թույլ կտա իրեն ասել, որ ինքը լավագույնն է: Վստահ եմ, որ Տարոն Մարգարյանն իր մասին այդ կարծիքին չէ, վստահ եմ, որ նա իր նախորդներին հարգանքով է վերաբերվում:

 

Կարծում եմ` մենք մի սխալ ենք թույլ տվել: Մեզ թվում է, որ եթե մենք մեր նախորդներին քննադատում ենք` մենք ավելի լավն ենք: Բայց սա թյուր կարծիք է, որովհետեւ, ի վերջո, մեր հանրությունը շատ հստակ կողմնորոշվում է իր ընտրության հարցում, եւ հաճախ քարոզում են մարդկանց` չհասկանալով` օգնում ենք նրանց, թե` ոչ: Ենթադրենք X գործիչը հանրային շրջանում մեծ հեղինակություն չունի, եւ ինչ-որ տեղ` բացասական, եւ տվյալ անձը փորձում է ինչ-որ քաղաքական գործչի դրվատել առանց հիմնավորվածության` լավն է, շատ լավն է, ամենալավն է: Հանրությունը դրանից կարող է գրգռվել եւ բացասաբար արձագանքել: Այսինքն` որքանո՞վ է ճիշտ, երբ մենք քարոզարշավը կառուցում ենք որակումներով, որոնք ոչինչ չեն ասում: «Լավագույն, ամենալավ» ձեւակերպումներով այլեւս չես խաբի երեւանցիներին: Այդ ձեւակերպումները երբեմն ավելի շատ վնաս են տալիս, քան օգուտ: Քարոզիչներն իրենց գնահատականներում զուսպ եւ կոռեկտ պետք է լինեն:

 

- Տարոն Մարգարյանի` ամենալավը լինելու մասին արտահայտությունն արել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:

- Գիտեք, դա ՀՀԿ-ի գնահատելու խնդիրն է: Դա ներկուսակցական խնդիր կարող է լինել, որովհետեւ իրենք իրենց քաղաքապետերի միջեւ են համեմատություն անցկացնում, բայց դա հանրային շրջանում լայն լսարան չի ապահովելու: Այսինքն` դա չի նշանակում, որ դրանով Տարոն Մարգարյանի վարկանիշը խիստ կբարձրանա:

 

-Լավ, իսկ, ըստ Ձեզ, ԲՀԿ-ն կհաղթի՞ այս ընտրություններում, հաղթանակի համար ռեալ հնարավորություններ կան:

- Ճիշտ չի լինի ասելը, որ ԲՀԿ-ն անպայման հաղթելու է: Բայց վստահ եմ, որ ամեն ինչ կարվի` հավուր պատշաճի քարոզարշավ կազմակերպելու համար: Ես ընդունում եմ, որ, նախագահական ընտրություններին չմասնակցելով, հեղինակության տեսանկյունից որոշակի կորուստ ունեցել ենք, բայց նաեւ վստահ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում մենք կապացուցենք, որ ԲՀԿ-ն հզոր ուժ է: Կարծում եմ, որ ամեն ինչ արվելու է հաղթանակի համար, բայց որեւէ մեկը, եթե ինքնագովությամբ է զբաղվում, թուլության եւ ոչ պարկեշտության նշան է:

 

-Իսկ հնարավոր համարո՞ւմ եք հետընտական կոալիցիան ոչ իշխանական ուժերի միջեւ:

-Կարող է ձեւավորվել եւ իմաստ կունենա, եթե ընդդիմադիր ուժերը եւ այլընտրանքային ուժը 50 տոկոսից ավելի ձայն հավաքեն: Այդ դեպքում իմաստ ունի խորհրդակցել, քննարկել, գտնել համագործակցության եզրեր, իսկ եթե 50 տոկոսից ավելի ձայն չհավաքեն` իմաստ չունի:

 

-Ի դեպ, Արագածոտնի եւ Կոտայքի մարզպետերը, առանց թաքցնելու, մեզ հետ զրույցում հայտարարել են, որ ամեն ինչ անելու են` ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար: Որպես նախկին մարզպետ` ինչպե՞ս կգնահատեք նրանց այս հայտարարությունները:

- Երկուսն էլ մեր գործընկերներն են, ինչ-որ չափով իմ ընկերները: Մի քիչ կոռեկտ չէր լինի, որ ես մեկնաբանեի: Թույլ տվեք այս հարցին չպատասխանել:

 

Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica