close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+4°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիկոսը վերադարձավ. դիմել գրախանութներ

Թուղթուգիր

22 Մարտի 2013, 12:40
 Կիկոսը վերադարձավ. դիմել գրախանութներ

Երեկ BOBS pub-club-ում տեղի ունեցավ արձակագիր Արմեն Օհանյանի առաջին գրքի` «Կիկոսի վերադարձի» առաջին` ոչ ֆորմատ շնորհանդեսը: Գիրքն ընդգրկում է 10 ինտերակտիվ, եւ հրատարակվել է «Անտարես» հրատարակչության «XXI» մատենաշարով:

 

Արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Օհանյանի ստեղծագործություններին ծանոթ է վաղուց, այսինքն` այն օրվանից, երբ նա սկսել է գրել: Թեքգյոզյանի կարծիքով` Օհանյանը միանգամայն նոր ոճ է բերում, եւ նա այն բացառիկ հեղինակներից է, ով կարող է հավակնել 21-րդ դարի գրող լինելուն:

 

«Արմենի ստեղծագործությունների մեջ ինձ հատկապես դուր է գալիս անցյալի վերաիմաստավորումը միանգամայն նոր, ինտերակտիվ հնարքների միջոցով, նրա` գենետիկ կոդերի բացահայտումը` արված նորովի, թարմ եւ ինքնատիպ: Արմենն այն հեղինակն է, որին կարդալիս զգում ես ժամանակի արագացումը, տենդենցները, ճյուղավորումը, մտածելակերպի ինքնատիպությունը` առանց ավելորդ սեթեւեթանքների, որեւէ իզմ-ի հարելու եւ կեցվածքի»,- ասաց Թեքգյոզյանը` հավելելով, որ իր համար շատ կարեւոր է, երբ գրականությունն այդքան անկեղծ է, եւ գրողը կարողանում է «մերկանալ»«Արմենը «մերկացող» գրողներից է»:

 

Գրքի խմբագիր, կինոգետ եւ թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էլ նշեց, որ գրքում կան նաեւ Արամ Պաչյանի եւ Լիլիթ Կարապետյանի համահեղինակությամբ գրված պատմվածքներ: Համահեղինակության սկզբունքը, ինչպես նշեց Բոյաջյանը, Օհանյանի համար շատ կարեւոր է, քանի որ նույնիսկ այն պատմվածքները, որոնք համահեղինակությամբ չեն` ինտերակտիվ են, այսինքն` ենթադրում են եթե ոչ զուգահեռ հեղինակի գոյություն, այլ` ընթերցողի համահեղինակցություն:

 

«Անտարեսի» «XXI» մատենաշարով տպագրված շարքի մեջ ընդգրկված են ժամանակակից գրողներ, սակայն նույնիսկ այդ ֆոնին, Արմենի գիրքը խիստ առանձնանում է նախորդներից: Կուզեի ասել, որ Արմենը` որպես արձակագիր, իր մտածողությամբ եւ ընտրած ձեւերով, շատ յուրօրինակ է: Նա «XXI» մատենաշարով տպագրված ամենաժամանակակից հեղինակն է, որը հաշվի է նստում մեր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ եւ իրականությունը պատկերում այսօրվա երիտասարդի աչքերով»,- ասաց Բոյաջյանը:

 

Ըստ նրա` ժողովածուն բոլոր առումներով կարող է նորություն համարվել մեր գրականության մեջ, քանի որ ներկայացնում է բոլորովին նոր գրական տարածք:

 

Հարցին, թե` արդյո՞ք Օհանյանի գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, Բոյաջյանը պատասխանեց, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հոգնած են կամ այսօր իրենց համար ավանդական գրելաոճը ձանձրալի եւ անցած փուլ է, Արմենի գործերը շատ մեծ հետաքրքրությամբ կկարդան. «Ուրախ եմ, որ մեր ժանակակակից գրական դաշտում կան հեղինակներ, ովքեր հաշվի են նստում այսօր աշխարհում կատարված փոփոխությունների հետ եւ գերադասում են պատկերել այն նորը, որը հայտնվել է մեր կյանքում, այլ ոչ թե ապավինել հին ձեւերին, հին գրական մոտիվներին եւ թեմաներին»:

 

Իսկ թե ինչ անակնկալներ էին սպասվում ընթերցողներին գրքի շնորհանդեսի ժամանակ, դիտեք տեսանյութում:

 

Նյութը եւ լուսանկարը` Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica