close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անավարտ վեճ

Թուղթուգիր

16 Մարտի 2013, 19:49
 Անավարտ վեճ

 

Զանգահարողը ընկերս էր՝ Մոսկվայից: Ձայնը տխուր էր, կերկերուն, գրեթե անճանաչելի: Մի կերպ հասկացրեց, որ մայրը՝ տիկին Մարթան, վախճանվել է: Աճյունը Հայաստան էր փոխադրելու, հոր՝ քեռի Վարդանի կողքին ամփոփելու: Խնդրեց կարգի բերել գերեզմանոցը: Հիշողությանս մեջ տիկին Մարթայի բարեհամբույր դիմագծերը արթնացան, նրա հնամենի կարի մեքենան,որ 1947-ին հետն էր բերել Սիրիայից՝ մի կտոր հաց վաստակելու համար: Նրա ձևած ու կարած հագուստները ոչ մի տեղ չէիր գտնի: Պատվիրատուին գոհացնելու համար աչք էր կուրացնում, գիշերներ լուսացնում: Տիկին Մարթան պատվիրատուների մի նեղ շրջանակ էլ ուներ՝ պաշտոնյաների կանայք էին. նրանց համար հատուկ գին էր սահմանված: Տեսնես վերջին անգամ ո՞ւմ համար էր հագուստ կարել:

 

... Քեռի Վարդանը թղթախաղի մոլի սիրահար էր: Ես նրա խաղընկերն էի: Ծանր էր տանում, նեղվում էր, երբ պարտվում էինք.

 

-Ոչինչ, քեռի Վարդան, միշտ հո մենք չենք հաղթելու,- փորձում էի հանգստացնել նրան:

 

-Էս թույլիկների՞ն էլ պարտվենք,-հեգնանքով ասում էր նա:

 

-Թղթախաղի մեջ թույլ, ուժեղ չկա. ում լավ թուղթ եկավ, նա էլ կհաղթի,- եզրակացնողը նրա որդին էր՝ Վազգենը, ով կյանքում ոչ մի անգամ թուղթ չէր խաղացել:

 

-Դու մի՛ փիլիսոփայիր, գնա մորդ ասա՝ սուրճ թող եփի:

 

Վազգենը հլու, հնազանդ գնում էր խոհանոց. մենք նոր խաղ էինք սկսում:

 

-Քեզ տեսնեմ, փաշաս, ռեպիկոն պիտի անենք,-ոգևորված ասում էր քեռի Վարդանն ու դողդոջուն մատներով վերցնում խաղաթղթերը...

 

Թղթախաղից չէինք կշտանում: Օր էր լինում տիկին Մարթան կարի մեքենայի մոտ էր լուսացնում, մենք՝ թղթախաղի սեղանի շուրջ... Տիկին Մարթան գոնե պատվիրատու ուներ, մենք ի՞նչ  ունեինք...

 

Քեռի Վարդանն ու տիկին Մարթան Քեսապից էին եկել: Սիրիայի ու Թուրքիայի սահմանագլխին ծվարած մի գողտրիկ աշխարհ է Քեսապը՝ բնակեցված զուտ հայերով: Փոքրիկ Հայաստան էր հիշեցնում Քեսապը: 1947-ին հարյուրավոր հայեր Քեսապից գաղթեցին խորհրդային Հայաստան: Վարդան և Մարթա Գազազյանների նորաստեղծ ընտանիքն էլ նրանց մեջ էր: Եկան, շատերի նման հուսախաբ եղան, բայց լռեցին: Մի քանի տարի Ալավերդիում բնակվեցին, հետո տեղափոխվեցին Կիրովական(Վանաձոր), այնտեղից էլ՝ մայրաքաղաք՝ Երևան: Մեր թաղում գնեցին Ամերիկա մշտականբնակության մեկնող բեյրութցի Նշանի տունը:

 

-Մի ախպարը գնաց, մյուս ախպարը եկավ,- կատակել էր թաղեցիներից մեկը:

-1947-ին երբ եկանք, մեզ հայրենադարձ էին ասում. մենք ի՞նչ հայրենադարձ,- թաքուն բողոքում էրքեռի Վարդանը,-իմ հայրենիքը Քեսապն է, Հարութի հայրենիքը՝ Խարբերդը, Ասատուրի հայրենիքը՝Տիգրանկերտը... :

 

Քեռի Վարդանի  թվարկած տեղանունները եթե կողք կողքի դնեիր, կստանայիր մի մեծ կորսվածհայրենիք՝ Արևմտյան Հայաստան անունով:

 

Քեսապցի Վարդանի ու բեյլանցի Հարությունի տները կողք կողքի էին, մի թափանցիկ ցանկապատ էրբաժանում նրանց:     Ջերմ ու հարեհաս հարևաններ էին, բայց տարին մեկ- երկու անգամ մի վեճ էրթեժանում Վարդանի ու Հարութի միջև, որը շատերի համար անհասկանալի էր ու այդպես էլ մութմնաց: Լեզվակռիվ էր, վեճ՝ իրենց անհասկանալի բարբառներով՝ Քեսապի ու Բեյլանի: Նա սրաՔեսապն էր փնովում, սա՝ նրա Բեյլանը... Մի օր հերթական վեճից հետո Հարութը որոշել էր քարեպատ շարել թափանցիկ ցանկապատի փոխարեն, ու երբ բանվորները մի երկու շարք պատել էինարդեն, փոշմանել էր՝ ասելով.

 

-Վարդան, եթե կուզես, մնացածը դու շարե, իմ հերսը անցավ:

 

Պատն այդպես անավարտ էլ մնաց. Բեյլանցի Հարությունն էլ բռնեց Ամերիկայի ճամփան: Քեսապցի Վարդանը տխրեց, գնաց բարիճանպարհ ու մնաս բարով ասելու Հարութին: Գնաց ու որքան ուզեց զսպել, սեղմել, ցույց չտալհուզմունքը, չստացվեց. դեմքի ակոս-կնճիռներով արցունքի անթաքույց առվակներ հոսեցին...

 

***

 

Տասնամյակներ անց, Նյու Յորքում, երբ մանկությանս ընկերոջը՝ Վարուժին, հարցրի.

 

-Ի՞նչն էր հորդ ու Վարդանի վեճի պատճառը:

 

-Դեռ հիշո՞ւմ ես,- զարմացավ Վարուժը:

 

-Մոռանալո՞ւ բան է:

 

-Հորս ու Վարդանի վեճը չէր միայն, Բեյլանի ու Քեսապի վեճն էր նաև: Աշխարհի որ ծայրում էլ լինիքեսապցին ու բեյլանցին երբ հանդիպեն, կողջագուրվեն, սեղան կնստեն, կուտեն-կխմեն ու կհիշենկորուստները, կհիշեն ու կվիճեն, կվիճեն ու կմեղադրեն միմյանց, բայց դե ի՞նչ օգուտ՝ եղածը եղած է...:

 

-Պատճա՞ռը... պատճառը ո՞րն է...,-այրվող հետաքրքրությամբ հարցրի ես: Ընկերս շարունակեց.

 

-Թուրքի դեմ կռվելու համար բեյլանցիները զենք են խնդրել քեսապցիներից:

 

-Չե՞ն տվել:

 

-Տվել են,- ծիծաղելով շարունակեց Վարուժը: -Տվել են. հրացաններ են տվել՝ առանց փամփուշտի...:

 

Հարությունը իր կորսված հայրենիքի համար մեղադրում էր Վարդանին, Վարդանը՝ գարադուրանցի հնչակ Վահեին, Վահեն՝ դաշնակցական Հրայրին, Հրայրը՝ պոլսեցի Արթինին, Արթինը՝ ուրֆացիՆշանին... Այսպես իրար մեղադրելով, քով-քովի  չգալու արդյունքում կորցրինք մի մեժ Հայրենիք, որիանունն Արևմտյան Հայաստան է...

 

***


... Քեռի Վարդանը հիվանդացել, անկողին էր ընկել: Գնացի տեսության: Ասացի, որ մի քանի օրիցՍիրիա եմ գնում՝ գործուղման:

 

-Ի՞նչ բերեմ քեզ համար, քեռի Վարդան,- հարցրի:

 

-Քեսապ կգնա՞ս,- քեռի Վարդանի հարցի մեջ խնդրանք կար :

 

-Կգնա՛մ,-պատասխանս բուժիչ դեղահաբ էր նրա համար:

 

-Երանի՜ աչքերիդ,-կարոտով ասաց նա ու շարունակեց,- ինձ համար Քեսապից հող բեր, մի բուռ հող...ուրիշ բան չեմ ուզում...:

 

-Մեր տունը «Սևան» ճաշարանի կողքին էր. տես դեռ կանգո՞ւն է...,-սա էլ կնոջ՝տիկին Մարթայի խնդրանք-ապսպրանքն էր...

 

 

... Վերադարձիս Դամասկոսի օդանավակայանում մաքսային ստուգում էի անցնում:

 

-Արգելված ապրանք ունե՞ք,-հարցրեց մաքսավորը:

-Չունե՛մ,- անվարան պատասխանեցի:

 

Մաքսավորը ձևի համար բացեց ճամպրուկս, տափ-տափեց իրերս, ու այն է ՝ հետ պիտի փակեր, երբափը հպվեց հողով լի տոպրակին: Դուրս քաշեց.

 

- Սա ի՞նչ է,- խուզարկու հայացքով նայեց տոպրակին:

 

-Հող,- պատասխանեցի:

 

-Հո՞ղ,-զարմացած ասաց նա ու բացեց տոպրակի բերանը:

 

-Ո՞ւր ես տանում,-հարցրեց:

 

-Հայաստան, քեսապցի Վարդանի խնդրանքն է:

 

-Հողը Քեսապի՞ց է...:

 

-Այո, Քեսապից... Չի՞ կարելի...:

 

Մաքսավորը կամուկացի մեջ էր: Տեսնելով, որ ստուգումը երկարում է, մի ուրիշ մաքսավոր մոտեցավ՝բարձրաստիճան ուսադիրերով:

 

-Հողէ տանում  Քեսապից,- զեկուցեց աշխատակիցը, հետո շրջվելով ինձ՝  հարցրեց,- ո՞ւմ համար է ասացիր... :

 

-Վարդանի, քեսապցի Վարդանի...:

 

-Քեսապցի Վարդանը քո ի՞նչն է,- հետաքրքրվեց բարձրաստիճան սպան:

 

-Իմ քեռին է:

 

Սպան խորհրդավոր, բայց բարի ժպիտ ուներ այդ պահին:

Շատ եմ ճամփորդել, ժպտադեմ մաքսավորների գրեթե չեմ հանդիպել. Բոլորն էլ խուզարկու, ինչ-որբան գտնելու մարմաջով տառապող մարդիկ են: Այս մի ժպիտը մինչև հիմա էլ հիշում եմ:

 

-Իմ մեծ մայրն էլ հայ էր, անունը՝ Աղավնի, այնպես որ Վարդանը ոչ միայն քո, այլև իմ քեռին է...:

 

1915-1923 թվերի ցեղասպանության տարիներին մազապուրծ հայերի խլյակները Տեր-Զորից հասնումեն Հալեպ, Դամասկոս, Լաթաքիա՝ ցրվելով Սիրիայով մեկ... Արաբները հաց ու ջուր են տալիս,ապաստան, դեղ ու ճար անում փրկվածներին, իրենց ընտանիքներում պահած հայուհիներիցշատերին ամուսնացնում իրենց որդիների հետ: Նրանցից մեկն էլ մաքսատան պաշտոնյայի մեծ մայրնէ եղել՝ Աղավնին:

 

***


... Խորհրդային տարիներին մեր բոլոր ճանապարհները Մոսկվայով էին անցնում: Այնպես որ, այստեղէլ պիտի մաքսային մաքսային ստուգման ենթարկվեի: Մոսկվայում չստուգեցին, այլ քրքրեցին իրերսու... «գտան» չհայտագրված արգելված իրը՝ Քեսապի հողը...

 

-Սա ի՞նչ է:

 

-Հող:

 

-Ձե՞ռք ես առնում:

 

Հողով լի տոպրակը հայտնաբերած մաքսավորը կանչեց օրվա հերթապահին:

 

-Ասում է՝ հող է,- դեմքին քմծիծաղ կար:

 

-Փորձաքննության տար,-առաջարկեց հերթապահը:

 

-Տարե՛ք,-հանգիստ, անտարբեր տոնով ասացի ես ու սկսեցի անշտապ, հատ-հատ հավաքելճապրուկիս՝ սեղանին թափվածպարունակությունը:

 

Քիչ անց, տոպրակը ձեռքին՝ վերադարձավ շիկահեր, կարմրաթուշ հերթապահ մաքսավորը:

 

-Ստուգեցի՞ք,-հարցրի:

 

-Ստուգեցինք... բայց պիտի խոստովանես ՝ մեջն ի՞նչ կա, որ տանոմ ես:

 

-Կարոտ... Հիշողություն... արգելվա՞ծ է...:

 

Մաքսավորը քար կտրեց. Նրան թվաց, թե ձեռք եմ առնում: Չհասկացավ...Ախր՝  նրա մեծ մոր անունը Աղավնի չէր...

 

 

 Սպարտակ Ղարաբաղցյան



 

 


Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica