close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր ուժերը պարտավոր են շփման եզրեր գտնել. Վահան Հովհաննիսյան

Հարցազրույց

16 Մարտի 2013, 14:53
 Ընդդիմադիր ուժերը պարտավոր են շփման եզրեր գտնել. Վահան Հովհաննիսյան

Հայաստանի նախագահի ընտրությունների օրվանից անցել է գրեթե մեկ ամիս, մեկ ամսից էլ քիչ է մնացել Սերժ Սերգսյանի երդման արարողությանը, բայց ներքաղաքական լարվածությունը երկրում չի նվազում: Այն մասին, թե դա ինչի կվերածվի՝ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների շրջանում տարբեր, երբեմն իրարամերժ տեսակետներ են հնչում՝ լուրջ փոփոխությունների իրական ակնկալիքներից սկսած՝ մինչև հեգնական ու ծաղրական մեկնաբանությունները և ռեպլիկները: Բայց գրեթե բոլորը համակարծիք են, որ ստեղծված իրավիճակը եզակի է՝ ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկին առայսօր չէր հաջողվել ստանալ կեսմիլիոնանոց ընտրազանգվածի աջակցությունը: Կկարողանա՞ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կապիտալն օգտագործել ի նպաստ մեր երկրի, որն իրական փոփոխությունների կարիք ունի, իր ղեկավարած շարժումը տանել կառուցողական հունով: Թե՞ ընդդիմության հերթական ձախողումը մեր հասարակությանը կգցի վերջնական հուսալքության և հիասթափության մեջ: 

 

 

Իրավիճակի վերաբերյալ իր տեսակետներն է   sobesednik.am-ին  հայտնել  ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանին:

 

 - Ինչպե՞ս կնկարագրեք Հայաստանում ստեղծված հետընտրական իրադրությունը: 

 

 -Հայաստանի ներքաղաքական իրավիճակը կարելի է նկարագրել որպես կանխատեսելի ու անկանխատեսելի գործոնների շաղախ: Այսինքն քաղաքականությունը միշտ էլ եղել է այդ երկու կատեգորիաների շաղախը, և պետք է կարողանալ կանխատեսել այն, ինչը հնարավոր է կանխատեսել և պատրաստ լինել նրան, ինչն անհնար է կանխատեսել և ինչը կարող է անսպասելի լինել: Իրականում ի՞նչ է կատարվել: Մի քանի խոշոր կուսակցություններ հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելուց՝ իրենց որոշումը պատճառաբանելով նրանով, որ Հայաստանում չկան հուսալի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլիներ ապահովել ընտրությունների արդյունքների հավաստիությունը, այսինքն որպեսզի պաշտոնապես հայտարարված արդյունքներն ընդունելի լինեն բոլորի համար: Հաճելի՞ են դրանք բոլորի համար, թե ոչ՝ դա այլ խնդիր է, բայց պետք է ընդունելի լինեն ամբողջ հասարակության համար: Այդ մեխանիզմները գոյություն չունեն: Եվ այդ պատճառով էլ այսօր անիմաստ է խոսել այն մասին, թե ընտրությունները նորմալ են անցել, խաղաղ պայմաններում, որ դրանք եղել են ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրություններն արտաքինից անցել են նման մթնոլորտում, քանի որ եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ դրանց մասնակցել է ընտրողների ընդամենը 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը, ովքեր կարող էին քվեարկել բոլորին դեմ (եթե այդ տողը հանված չլիներ քվեաթերթիկից) կամ էլ բոլորին կողմ (այսինքն դարձյալ բոլորին դեմ), զլացել են գալ ընտրատեղամասեր: Այդ պատճառով ժողովուրդը զուտ բնազդորեն գտել է մի թեկնածուի և նրան տվել իր այն ձայները, որոնք ոչ մի ընտրակաշառքի դիմաց չէր տա գործող իշխանություններին: Տվյալ դեպքում այդ թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ինչը միանգամայն բնական էր, քանի որ մնացած հնարավոր ընդդիմադիր թեկնածուների՝ թե իրենց թեկնածությունը առաջադրածների, թե չառաջադրածների (օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի) հենքին նա, իհարկե, որպես դրական կերպար է ընկալվում: 

 

 -Քանի որ ի տարբերություն քաղաքական մյուս գործիչների՝ նա նախորդ տարիներին իրեն ոչնչով չի՞ արատավորել: 

 

 - Համենայնդեպս այդ մարդը չի արել ոչ մի այնպիսի բան, ինչի համար ամաչեր: Եվ ամենագլխավորը՝ Հովհաննիսյանը երբեք ատելություն չի քարոզել ու ինքն էլ ատելի չի եղել ոչ մեկի համար: Դա արդեն ինքնին դրական գործոն է: Այդ պատճառով էլ Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է հավաքել, քան առայսօր կարողացել է անել ցանկացած ընդդիմադիր թեկնածու, ինչը կարելի է միայն ողջունել: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես պետք է տնօրինել այդ կապիտալը: Իշխանությունը պատրաստակամություն է հայտնել գնալ որոշ զիջումների, օրինակ ստեղծել հակակոռուպցիոն մարմին՝ ապահովելով ընդդիմության իրական մասնակցությունը, ընդդիմությանը տրամադրել վերահսկողական լայն գործառույթներ և ինչը կարծում եմ ամենակարևորն է՝ ստեղծել սահմանադրական հանձնաժողով, որը կղեկավարի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նման կերպարանափոխություններ մեր իշխանության հետ միշտ տեղի են ունենում, երբ նրա ոտքը տրորում է որևէ ընդդիմադիր թեկնածու կամ կուսակցություն. նման դեպքերում իշխանությունը հանկարծ գիտակցում է բարեփոխումների անհրաժեշտությունը: Բայց եթե ընդդիմությունը հիմա չստիպի, որ իշխանավորներն իրականացնեն այդ՝ վաղուց հասունացած բարեփոխումները, որոշ ժամանակ անց իշխանությունները նորից կհայտնվեն իրենց բնորոշ երանելի վիճակում՝ վստահ, որ երկրում ամեն ինչ լավ է: Ցավոք, առայժմ ընդդիմությանը չի հաջողվում դա անել: Ես հասկանում եմ, որ բախումներից, երկրի համար վտանգավոր որևէ վիճակից խուսափելու նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանն իր վրա է վերցնում ամբողջ հարվածը և հացադուլ սկսում: Նախընտրում է ինքն իրեն զոհաբերել՝ մշտապես հնչեցնելու համար այն ահազանգը, որը իշխանությունները պետք է լսեն: Բայց բանն այն է, որ դա երկար հնչել չի կարող, քանի որ կառուցված է զգացմունքների, ոչ թե կազմակերպված պայքարի վրա: Իսկ պայքարը կազմակերպված հուն ուղղելու մեր բոլոր փորձերը, ցավոք, դեռ չեն հասկացվում: Միայն կազմակերպված պայքարը կարող է հաջողությամբ պսակվել: Օրինակ՝ անձամբ ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներում ով ասես կարող է ելույթ ունենալ: Այդ հանրահավաքները վարողը փաստորեն չգիտի, թե ով և ինչ պետք է խոսի: Իսկ դա այնքան էլ ճիշտ չէ և վկայում է միայն այն մասին, որ պայքարն ընթանում է զուտ զգացմունքային ալիքի վրա:  

 

 -Գուցե դրա պատճառն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական գործչի փորձի որոշակի պակա՞ս ունի: 

 

 -Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ նա չի ցանկանում իրեն կաշկանդել կազմակերպչական շրջանակներով: 

 

 -Բայց ուրիշ ինչպե՞ս. մի՞թե քաղաքական պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ կան: 

 

 -Իսկ դա արդեն ոչ թե ինձ հարցրեք, այլ իմ ազգանվանակցին: Կարծում եմ, որ հենց պայքարի ուղիների մասին անորոշ պատկերացումներն են պատճառ դարձել, որ հացադուլ սկսելու այդքան արմատական որոշում է կայացվել: Մինչդեռ պետք էր վերցնել այն, ինչ առաջարկում էին: Դա ողորմություն չէ, չէ՞ որ իշխանությունները լավ կյանքից չէ, որ զիջումների գնալու պատրաստակամություն են հայտնել:  

 

 -Բայց վտանգ չկա՞, որ իշխանության կողմից առաջարկվող վերոհիշյալ կառույցները կենսունակ չեն լինի:  

 

 -Վտանգը միշտ էլ կա, բայց... Եթե դու այդ դիմակայության մեջ տեսնում ես պլացդարմ և հրաժարվում ես զբաղեցնել այն՝ հայտարարելով, թե մինչև այս ժամկետը իշխանությունները պետք է հանձնվեն, թե չէ վատ կլինի... Իսկ ո՞ւմ համար վատ կլինի: Մի խոսքով՝ պետք էր զբաղեցնել այդ պլացդարմը և շարունակել ճնշում գործադրել իշխանությունների վրա:  

 

 -Կարծում եք՝ հիմա ո՞ւշ է: 

 

-Հիմա այնպիսի արտասովոր իրավիճակ է ստեղծվել, որ ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Կար հազվագյուտ հնարավորություն, որպեսզի մի քանի՝ համենայնդեպս երկու ընդդիմադիր կուսակցություններ Երևանի ավագանու գալիք ընտրություններում միավորեին իրենց ուժերը:

 

  -Կա՞ր, թե դեռ կա այդ հնարավորությունը: 

 

 -Նման լավատեսություն ես չունեմ, կարծում եմ, որ այդ հնարավորությունն արդեն բաց է թողնված: Կարող եմ միայն ասել, որ Դաշնակցությունն արել է բոլոր հնարավոր զիջումները: Բանակցությունների ընթացքում ՀՅԴ-ն նույնիսկ չի էլ փորձել պնդել, որ ընդունվեն իր համար ձեռնտու պայմաններ և պատրաստ էր միասնական ցուցակի հարցում շատ բան զիջել: Քաղաքային իշխանությունների ընտրություններում շատ կարևոր է, թե ով է այդ ցուցակի առաջին տեղում. հենց նա էլ հաղթանակի դեպքում քաղաքապետ կդառնա: Ավագանու ընտրությունների տրամաբանությունը մի փոքր այլ է՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների համեմատ դրանք նվազ քաղաքականացված են: Եվ այդ ընտրությունները կարելի էր քաղաքականացնել միայն միասնական հզոր ցուցակով: Իսկ այդ ցուցակը պետք է գլխավորեր հենց այն մարդը, ում պատահաբար, թե գիտակցաբար տրվել են այդ ձայները: Այլ տարբերակներ չկան: Հասկանալով դա՝ ՀՅԴ-ն պատրաստ էր (հիմա էլ է պատրաստ) զիջել ցուցակի առաջին տեղը և ոչ թե ինչ-որ պատահական մեկին, այլ հենց Րաֆֆի Հովհաննիսյանին:  

 

 -Դե, իսկ նա՞: 

 

 -Դե, իսկ նա հրապարակում է... Այնքան էլ հասկանալի չէ նաև մյուս կուսակցության դիրքորոշումը, որը ներկայանում է որպես այլընտրանքային: Միանգամայն բնական է ԱԺ-ում թվաքանակով երկրորդ խմբակցությունն ունեցող այս կուսակցության` ցուցակի առաջին տեղում իրենց ներկայացուցչին տեսնելու ցանկությունը: Սակայն, երբ հայտարարում են, որ միավորումը հնարավոր է միայն իրենց առանցքի շուրջ, դա այդքան էլ հասկանալի չէ, և նման է տերմինաբանական շփոթի: 

 

 -Վերադառնանք նախագահական ընտրություններին: Ի՞նչ եք կարծում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բավականաչափ հիմքեր ունի՞ միանշանակ պնդելու, որ ընտրություններին հենց ինքն է հաղթել:  

 

 -Ես չեմ կարող դա հաստատել, բայց հակառակն էլ չեմ կարող հաստատել: Եթե ընտրակեղծիքներն իրոք կարող էին ազդել արդյունքի վրա, ուրեմն այդ հարցի պատասխանը մենք չենք կարող ունենալ: Այդ պատճառով էլ կողմերից ոչ մեկը չի կարող միանշանակ հայտարարել իր հաղթանակի մասին: Չկան մեխանզիմներ, որոնք կօգնեին հանել մեր աչքերի փառը և ցույց տալ իրական պատկերը: Եվ այս իրավիճակը վկայում է այն մասին, որ մեր երկիրը լուրջ փոփոխությունների կարիք ունի:  

 

 - Ի դեպ, դուք հիմա՞ էլ եք համարում, որ ընտրություններին Դաշնակցության չմասնակցելն արդարացված էր:  

 

 -Ինչպես ասում են՝ հայի հետին խելքն է լավ: Բայց ես հիմա էլ եմ այն կարծիքին, որ դա արդարացված որոշում էր: Եթե մենք մասնակցեինք՝ բողոքավոր ընտրազանգվածի ձայները կբաժանվեին, և Րաֆֆի Հովհաննիսյանը չէր հավաքի ձայների այս կրիտիկական քանակը, որը նրան այսօր հնարավորություն է տալիս ինչ-ինչ պահանջներ ներկայացնել: Եվ այդ առումով մենք նրան լավ ծառայություն ենք մատուցել:

 

 -Դուք համամի՞տ եք այն տեսակետին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, մասնավորապես խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը, անիրատեսական են:  

 

 - Ես կարծում եմ, որ այդ պահանջները միանգամայն հիմնավորված են. նրա քաղաքական բողոքի հիմքում հենց երկրում ստեղծված իրավիճակն է: Այլ հարց է, որ նպատակներին հասնելու համար ընտրված մարտավարությունը ոչ միշտ կարող է ճիշտ լինել:  

 

 - Այդ հարցն այսօր բոլորին է մտահոգում` ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը, թույլ չտալ, որ վերածվի քաղաքական լուրջ ճգնաժամի: 

 

 -Ես կարծում եմ, որ իշխանությունները նախևառաջ պետք է շարունակեն բանակցել ընդդիմության հետ և ոչ թե զանազան պատճառաբանություններ փնտրեն՝ իբր «բանակցությունները ձախողվեցին՝ ուրեմն վերջ»:  

 

 -Օրերս իշխանություններն ի դեմս նախագահի մամուլի քարտուղարի հայտարարեցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի՝ «բոլոր հարցերը մանրակրկիտ ու բազմակողմանի քննարկելու նպատակով» հանդիպելու առաջարկը: Իսկ «Ժառանգության» մամուլի քարտուղարն իր հերթին հայտարարեց, որ Հովհաննիսյանը չի հրաժարվել այդ առաջարկից, այլ «ընդամենը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ազատության հրապարակում»: 

 

 -Նման ամբիցիաներն ինձ համար անհասկանալի են: Եթե հանդիպումը կարևոր է՝ այն պետք է կայանա, և այնքան էլ կարևոր չէ, թե որտեղ... Նախ բանակցությունները պետք է շարունակել: Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերը պարզապես պարտավոր են շփման եզրեր գտնել: Չէ՞ որ այսօրվա ամենամեծ վտանգն այն է, որ ժողովուրդը կտեսնի՝ նույնիսկ բարենպաստ պայմաններում ընդդիմությանը չի հաջողվում ընդհանուր լեզու գտնել: Դա շատ լուրջ բացասական հետևանքներ կունենա:

 

 Հարցազրույցը` Միքայել ԲԱՐՍԵՂՅԱՆի


 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica