close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայում հայանպաստ դիրքորոշումն առավել ծանրակշիռ է

Հարցազրույց

9 Մարտի 2013, 12:39
 Ֆրանսիայում հայանպաստ դիրքորոշումն առավել ծանրակշիռ է

Վերջերս Ֆրանսիայի Սենատում` Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառման ժամանակ, միջադեպ էր տեղի ունեցել միջոցառման կազմակերպիչներից Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի եւ երկու ադրբեջանցիների միջեւ, ովքեր, գաղտագողի մտնելով Սենատ, փորձել էին սադրանքների միջոցով տապալել միջոցառումը: Դրանից հետո սկսվել են դատական գործընթացներ` մի կողմից` երկու ադրբեջանցիներին դատի են տվել Հայ Դատի ներկայացուցիչները, մյուս կողմից` Ադրբեջանի դեսպանատուը դատի է տվել միջոցառման կազմակերպիչներին: Այդ միջադեպով պայմանավորված գործընթացների մասին yerkir.am-ը զրուցեց Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանի հետ:

 

 

- Պարո'ն Վարժապետյան, ի՞նչ փուլում է ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ պայքարը: Գիտենք, որ որոշակի պրոցեսների մեջ եք, այժմ այդ պրոցեսները ո՞ր փուլում են:

-Այդ պրոցեսը տակավին շարունակվում է: Դատական պրոցեսների մեջ ենք, Ադրբեջանի դեսպանատան կողմից մեր դեմ` Հայ Դատի դեմ բացված դատի հարցերով ենք զբաղված: Դատը կարող է մինչեւ 15 օր շարունակվել:

 

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ դատը շահելու եւ հայանպաստ դիրքորոշման հասնելու համար:

- Անշուշտ, փաստաբանների միջոցով են կատարվում աշխատանքները, եւ հարցը փոխանցվել է դատախազություն` անցել է ոստիկանության սահմանից: Նախաքննությունն ավարտված է, եւ հետաքննության արդյունքները ամփոփվել են փաթեթով: Այն, կարող եմ արդեն ասել, ավարտված է հօգուտ մեզ եւ ի վնաս ադրբեջանական կողմի, որովհետեւ այնտեղ եղել է ադրբեջանական հստակ ոտնձգություն` հստակ, կանխամտածված եւ նախատրամադրված` այս ձեռնարկը խանգարելու` առանց արտոնության ներս թափանցած լինելու հանցակազմով: Հիմա սպասում ենք դատախազի առջեւ երկու կողմերի ելույթներին: Ադրբեջանցիները փորձելու են հարցը քարոզչամիջոցների ճանապարհով այլ դաշտ տեղափոխել եւ քաղաքականացնել:

 

Հարցը համայնքային բնույթ չունի, ինչպես իրենք են փորձում ներկայացնել ֆրանսիական մամուլում, այլ ֆրանսիական օրենքի խախտում է եւ հայության նկատմամբ ժխտողական քաղաքականության դրսեւորում: Իսկ այս երկրում ժխտողականության դեմ մենք հստակ պայքար ենք մղել տարիներ ի վեր եւ վստահ ենք, որ թուրք-ադրբեջանական ժխտողական քաղաքականության դեմ մեր ջանքերը, վերջիվերջո, պետք է հաջողություն ունենան` ֆրանսիական օրենքների սահմաններում, եւ մենք վստահում ենք ֆրանսիական դատախազության արդարադատությանը:

 

- Պարո'ն Վարժապետյան, այս հարցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ջանքերը համատե՞ղ են:

- Այո, այս դատական պրոցեսի իմաստով համակարծիք ենք եւ միասնական նաեւ Հայաստանի դեսպանության հետ: Դեսպանատան հետ գործակցությունը առավել չափով դրական է, եւ միասին ենք ընթանում այս պայքարում, ինչը, բնականաբար, շատ ավելի ուժ է տալիս մեր արդար պահանջին:

 

- Ադրբեջանական դեսպանատունը կազմակերպեց այս սադրանքը` կանխամտածված գործողությունների գնալով, եւ այժմ որոշակի դիվանագիտական ճնշումներ կփորձի գործադրել դատական գործընթացը հօգուտ իրեն շեղելու համար: Հայկական դեսպանատունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ եւ ի՞նչ դիվանագիտական լծակներով է փորձում օգնել Ձեզ:

- Հայկական դեսպանատունը, բնականաբար, օրենքի, դիվանագիտական կարգերի ճանապարհով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հետ իր աշխատանքներն է տանում եւ շատ ճիշտ ձեւով` ոչ ազերիական ոճով, որն ուղղակիորեն փորձում է միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին: Հայաստանի դեսպանությունը նույնիսկ չի միջամտում ֆրանսահայ համայնքի ներքին գործերին, բարեբախտաբար:

 

Եվ այստեղ է, որ մեր աշխատանքները համադրվում են եւ շատ ճիշտ ուղղությամբ են ընթանում: Յուրաքանչյուրս` հայ համայնքն իր հերթին՝ իբրեւ տուժած կողմ, Հայաստանի դեսպանությունը` իր հերթին, իբրեւ դիվանագիտական կողմ, աշխատանքները համակարգված ձեւով առաջ ենք տանում` առանց խանգարելու այս ընթացքին, եւ այստեղ է մեր հաջողության հիմնական գրավականը: Որովհետեւ Ադրբեջանի դեսպանությունը այս աշխատանքները տանում է ուղղակիորեն, եւ մենք մտածում ենք, որ դա Ֆրանսիայի ներքին հարցերին միջամտելու, ֆրանսիական քաղաքականության ներքին կյանք ներթափանցելու փորձ է, որն ապօրինի է:


- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս համադրված ջանքերի գործադրումից, ինչպիսի՞ արդյունք կարձանագրվի` ըստ Ձեզ:

- Մենք հավատում ենք, որ համադրված ջանքերով այս դատը, վերջին հաշվով, բարվոք լուծում պետք է գտնի հօգուտ մեզ: Մեզ համար կարեւոր է այս դատը անպայմանորեն շահելը` հիմնականում ապագայում նմանօրինակ հարցերի առաջն առնելու եւ նման կրկնությունները կանխելու համար: Որովհետեւ վստահ ենք, որ ադրբեջանցիները Ֆրանսիայի տարածքում պետք է փորձեն իրենց ոտնձգությունները շարունակել հայ համայնքի դեմ:

 

Եվ թույլ տվեք այստեղ եւս մի հարց բարձրացնել ու պատասխանել` ինչո՞ւ ազերիներն ու թուրքերը իրենց ամբողջ գրավը դրել են եւ ամբողջ աշխատանքը տանում են հենց Ֆրանսիայում եւ ոչ այլ երկրում` Եվրոպայի այլ տարածքում եւ այլ քաղաքներում: Պարզապես այստեղ կա քաղաքական հիմնական խնդիր: Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր ջանքերն ուղղված են եղել նրան, որ Ֆրանսիան դուրս մղվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից եւ  Ֆրանսիայում փորձում են տանել այս աշխատանքները: Բայց վստահ ենք, որ չպետք է հաջողվի թուրք-ազերիական այս քաղաքականությունը: Նաեւ չպետք է հաջողվի, որովհետեւ այստեղ հայ համայնքն իր ասելիքն ունի` ի նպաստ եւ հօգուտ Ֆրանսիա պետության: Որովհետեւ, վերջին հաշվով, մենք այստեղի քաղաքացիներն ենք, ազերիների պես եկվոր չենք, այստեղ հարյուր տարվա կյանք ունենք, Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ ենք, եւ մենք նաեւ պարտականություններ ունենք` Ֆրանսիան պաշտպանելու միջազգային քաղաքականության մեջ: Նաեւ այստեղ է, որ հայ համայնքը չպետք է թույլ տա, որ թուրքական այդ քաղաքականությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբից Ֆրանսիան դուրս բերելու ուղղությամբ, հաջողվի:

 

- Իսկ ինչպիսի՞ն է, Ձեր դիտարկմամբ, ֆրանսիական հասարակության եւ քաղաքական շրջանակների դիրքորոշումն այս հարցում:

- Ֆրանսիական հասարակության դիրքորոշումը, ինչպես միշտ, այս անգամ եւս երկու ուղղություն ունի` բոլորովին չեզոք եւ չհետաքրքրված կողմեր եւ հետաքրքրվածներ: Ընդհանրապես, ֆրանսիական քաղաքական շրջանակներում հայանպաստ դիրքորոշում ունեցող երեսփոխանների, հայանպաստ քաղաքական անձնավորությունների կամ մտավորականների թիվը շատ ավելի մեծ է, քան թուրքանպաստ կամ ազերիանպաստ` չնայած դա նույն մեդալի երկու երեսներն են, եւ կան քարոզչական` մեդիայի շրջանակներ, որոնք տարօրինակորեն լուռ մնացին հարցի առնչությամբ, շատ հպանցիկ ակնարկ նետեցին, եւ դա եւս քաղաքականություն է:

 

Մեդիան, չնայած քաշվեց այս պայքարի մեջ, բայց քաղաքական պայքարի դաշտ է փոխադրվել հարցը: Իսկ քաղաքական դաշտում հայանպաստ քաղաքական անձնավորությունների եւ հայանպաստ քաղաքական ուղղությունը առայժմ շատ ավելի ծանրակշիռ է, քան ազերիանպաստ կամ թուրքանպաստ ուղղությունը, որ հետզհետե սկսել է խամրել: Քաղաքական անձնավորությունների ձայնը շատ ավելի լսելի է դառնում այս կետում` վերջին միջադեպի առիթով: Պատճառն այն է, որ ադրբեջանցիները գործեցին իրենց հիմնական սխալը` հայտարարելով, որ ֆրանսիացի պատգամավորները եւ ֆրանսիացի քաղաքական գործիչները մասնակից են դարձել, այսպես կոչված, այդ հակաադրբեջանական միջադեպին եւ օգնել են հայկական կողմին: Սա թուրք-ադրբեջանական կողմի հիմնական սխալն էր, որովհետեւ նման բան գոյություն չունի, եւ Ֆրանսիայի Ազգային ժողովում ֆրանսիացի պատգամավորներին` իբրեւ տանտեր, ամբաստանելը մեծագույն սխալ է:

 

-Շնորհակալություն, պարո'ն Վարժապետյան, Ձեր պայքարում մաղթում ենք հաջողություններ եւ հաղթանակ հայանպաստ դիրքորոշումների, լուծումների հասնելու ճանապարհին:

 

Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica