close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

"Թափթփված սենյակներով" անցած "Լուսնոտ բառերով" աղջիկը

Թուղթուգիր

7 Մարտի 2013, 19:46

Այսօր բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի ծննդյան օրն է:

Տպագրել է  «Լուսնոտ բառեր» /2005թ./ եւ «Թափթփված սենյակներ» բանաստեղծությունների ժողովածուն: Սիմոնյանի ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ նաեւ այստեղ:

                                                   ***

                                          ԾՈՎԱԳՈՒՅՆ ՄԻ ԱՐԵՎ ԱՅՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԻՆ

Երբ կիսատված են մայրամուտները,
ու ծովագույն են ճայերը փոքրիկ պատուհանիդ մոտ...,
երբ քո թափանցիկ, մի քիչ երկնագույն
այն վարագույրին ասեղնագործ
ծովաստղիկները հիշեցնում են քեզ...,
երբ վազվզում եմ ինչ-որ կիսամութ քարանձավներում,
ուր մամռակալած աստիճանները 
տանում են ինչ-որ փակ դռների մոտ,
որտեղ պատերը հիշողությունն են լուսանկարի...,
օվկիանը հանկարծ փորձում է խոսել
ինձ ու քեզ ծանոթ նկարի միջից...
իսկ շրջանակը, որ կոչվում էր սեր,
լուսանկարի աղջկա համար մի մայրամուտ էր,
այն էլ' կիսատված...

Երբ հիշում եմ քեզ,
օվկիանը լոկ խորանարդիկ է,
այն էլ' խաղալիք...
երբ հիշում եմ քեզ...

-Դու ինձ հիշում ես,
չէ որ մենք ունենք միայն մի անուն...
Ավազահատիկ...


*
Երբ անվստահ են 
գույների միջից ծնված աչքերը...
երբ անավարտ է դիմանկարը...
երբ նկարիչը շրջում է զվարթ 
ներկապնակը... ու մերկանում են 
դիմագծերը...
կակտուսի ճյուղը' վաղուց չորացած,
կարող է հանկարծ ծաղկել ու լացել,
փողոցը հանկարծ
կարող է պատմել խանութի մասին
և աղջիկների,
օրը պարզապես կարող է շնչել,
ձմռան երեկոն կարող է հանգիստ
բանջարեղենի խանութից գնել
հինգ կիլո գարուն կամ էլ ոչ մի բան:
Երբ անվստահ են շնչում աչքերը,
ու երբ կակտուսի չորացած ճյուղը
բուրում է հանկարծ երկչոտ համբույրով...
Եվ օրը կարող է ժպտալ հիացած'
առանց փողոցի ծանոթ զույգերի,
առանց խանութից գնված գարունի ու հայացքների:
Երբ անվստահ է շնչում ապակին,
ու լուսամուտը կարոտում է քեզ,
ինչ-որ մեկը դես սպասում է ինձ,
ինչ-որ մեկը դես սպասում է քեզ...


*
Երբ կարմիր ու դեղին երկու ստվերներ
կիջնեն թաց-կապույտ քո վարագույրից'
իբրև տեսիլներ' թափանցիկ ու մերկ...
...ճերմակ երեկո...

...լուսնի շուրթերից կսահեն բառեր'
Իբրև տեսիլներ' թափանցիկ ու մերկ, 
թափանցիկ ու մերկ,
կարմիր ու դեղին երկու ստվերներ հանկարծ կմրսեն...

ու դաշնամուրի սպիտակ ու սև թելերի միջից,
ստեղներից բարակ կսահի մի ձեռք,
ու կգլորվի գունատ այտերից երեկոն թախծոտ,
թափանցիկ ու մերկ,
գույների տխուր մազերից անձրև...
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ'
թրջված այտերից կկաթեն բառեր...
ծրարված գարնան աչքերի նման...
աղոթքի նման կփակվեն դանդաղ...
թափանցիկ ու մերկ...
...թախծոտ երեկո...

...իսկ հետո երկու կարմիր ու դեղին ստվերներ կիջնեն
գիշերվա ճերմակ, թափանցիկ ուսից...
ու առավոտվա թելերից կախված
բարակ ստեղներից կիջնի ճերմակած հայացքը լուսնի...
կիսատ մի կարմիր օտար շուրթերից 
բառեր քեզ կասի, անծանոթ բառեր,
թաց-կապույտ մոմի փակված աչքերից
խոսքեր կծորան սպիտակ ու սև, բարակ ստեղներին...

...և ուշաթափված քամին կճչա...
իսկ հետո ինչ-որ ձեռքեր կսահեն
դատարկ սեղանի և նմանատիպ բառերի վրա...

...իսկ ավելի ուշ' կարմիր ու դեղին երկու ստվերներ'
իբրև թաց-կապույտ, թաց-կապույտ տեսիլ,
կծորան անտես աչքերի միջից'
իբրև արցունքներ' թափանցիկ ու մերկ,
թափանցիկ ու մերկ...
...ճերմակ երեկո...


*
Երբ գիշերվա խառնաշփոթը արթնանում է
միայն կեսօրին' 
շնչելու մայրամուտով հագեցած տառերը,
ես վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից...

...և դու գրում էիր քեզ, թե կանաչ աչքերով 
լապտերիկը հիշեցնում է միայն
սիրահարված աշնան կիսահաս խաղողից 
պոկված երկու թաց գիշերների,
հեռացար հիշողությունից, որն արևից 
տաքացած կրիայի նման
հաճույքով լիզում էր կանաչ լույսը...
հետո փշրեցիր հայելին, որն ամեն ինչ
կիսատ էր ցույց տալիս:
Փշուրներից ամենահամարձակը 
փորձեց քեզ համբուրել,
իսկ դու սուրճի երկու կանաչ հատիկի հետ միասին
նրան փակեցիր կոտրված դռնակով վանդակում.
ուզում էիր թռչել սովորեն:

Լուսամուտից շպրտվող տիկնիկները, որ 
խելագարվում էին,
պոկվեցին կաթնագույն ստվերներից
ու հիմա անհետանում են աչքերի լարված գծերում...
...անհետացող մարդկանց նման, որոնք
սկսում են արտասվել...
...տերևաթափ է լինում քաղաքում,
մարդկանց տերևաթափ ու ստվերների...

...իսկ սենյակում պտտվում են թրջված լապտերիկները,
փշրվում է աչքերը արցունքոտելու չափ
ժպտացող ապակին...
պայթյուները երկուսն էին' ինքը, ես, 
մենք...
լռում են բոլորը' տիկնիկները, մենք, բառերը...
և լռությունը' կիսաբաց աչքերով, ու 
անփույթ հագնված, խառնված մազերով
գիշերը, որ արթնացավ կեսօրին,
շնչում է սպասումի խոնավ շուրթերը...

իսկ ես...
վախենում եմ լույսի մատնահետքերից,
որ դառնում են ձեռքեր ու շոյում խենթացնելու չափ 
ցրված բառերը,
որ սուրճի հատիկների նման գլորվում են
մատների արանքից...
...դու գրում էիր քեզ, 
հետո որոշեցիր թռչել սովորել և 
նստեցիր կոտրված դռնակով վանդակի մեջ,
որտեղ հայելու մի փշուր ամեն ինչ
կիսատ է ցույց տալիս,
անգամ սուրճի երկու հատիկներից մեկը...


*
Երբ ուզում ես մի քիչ գժվել,
ու երբ ամեն ինչ չափից դուրս լուռ է,
փշրիր հայելիները, փշրիր,
թող ճչա սիրահարված գնացքը,
թող պայթի խելագարված ապակու սիրտը,
թող ներվաթելը դողա ցավազրկված հաճույքից,
մինչև որ կարմիր բծերով մի զատիկ
կանգնի փողոցի խաչմերուկում ու 
զարմացած հորանջի...
...խուլ ու համր մի զատիկ...
թող, թող, թող...
...սևացած կոպերից թող պոկվի ցավը
ու փշուր-փշուր լինի ապակու նման,
շրջանակները թող սեղմեն իրենք իրենց մարմինները
վաճառված դրամի նման...
թող, թող, մինչև որ արցունքը սահի այտից...
...արդուկված մի երկինք
թող խաղա ինքնասպանի իր դերը
մայրամուտի արյան կրակների օվկիանում...
թող ներարկեն թափանցիկ հրայրքը
սև ու սպիտակի գունավոր մարմնում...
երակները թող ուռչեն պայթելու չափ
ծխախոտի հետ պարելու ցանկությունից...
...պատառոտված վարագույրը թող մերկանա,
ու թող, թող, թող,
մինչև որ լուսնոտ ուրվականները
քայլեն փշրված հաճույքի միջով,
մինչև բորբոքվի խենթ գինարբուքից ծնված գիշերը...
...ու կատաղի, ու բորբոքված հնչյունները
Խելագարված արյան փոխարեն թող պարեն...
թող, թող, թող,
մինչև որ արյունը զառանցանքի պես
կախվի սարսափի չռված բիբերից...
մինչև մեղավոր ու անմեղ կիրքը
կասկածի հևքով շշունջներ փնտրի,
մինչև որ նիրհող թմրանյութերը
թմրամոլ կնոջ աչքերից հոսեն
անարժեք ցավի հիվանդոտ խանդով և անբուժելի...
...թող, մինչև անձրևը
սև ու սպիտակի գունավոր մարմնով
լռություն ներարկի...
կարմիր բծերով զատիկի համար...


 

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica