close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2019
USD1476.10
GBP1590.36
EUR1524.47
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հ1-ի առաջիկա երեկոները խաղաղ չեն լինի

Թուղթուգիր

6 Մարտի 2013, 12:50
 Հ1-ի առաջիկա երեկոները խաղաղ չեն լինի

Չար մահը մարդկությունից վերջապես խլեց Ուգո Չավեսին: Ինչ արած, բոլորի վերջն էլ դա է: Ով մնա, թող նա պարծենա: Ողորմի իրեն, Աստված հոգին լուսավորի:

 

Չնայած այդ տխուր լուրին` մարտի 5-ի երեկոյան Հ1-ում բոլորովին այլ տրամադրություն էր: Այդ օրը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նոր նախագահ էր ընտրել և, հավանաբար, հենց այդ կապակցությամբ «Ուրախների և հնարամիտների» մրցույթ էր ցույց տալիս մեծահասակների համար:

 

Հիմա կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի Չավեսի մահը Հ1-ի հետ: Բնականաբար, ոչ մի կապ, ուղղակի այդ երկու իրադարձությունները համընկան, և Հ1-ի այդ երեկոն հիշարժան կմնա հենց Չավեսի մահով:

 

Չէ, այսպես իրար չենք հասկանա: Երևի ես մի քիչ ավելի հեռվից գամ: Այդ նույն օրը, մինչև Հ1-ով «Ուրախների և հնարամիտների» մրցույթի ցուցադրությունը, նախ կայքերից տեղեկացանք, որ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը նոր նախագահ ունի՝ ի դեմս Ռուբեն Ջաղինյանի, ապա՝ 1in.am կայքը հրապարակեց Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Վիկտոր Դալլաքյանի, Արթուր Բաղդասարյանի և Հայկ Բաբուխանյանի 3-ը 4-ի վրա լուսանկարները մեկ կոլաժում ու գրեց, որ, իր հավաստի աղբյուրների համաձայն, նախագահականից այս մարդիկ առանձնացվել են Սերժ Սարգսյանի հետընտրական PR-ի համար և փորձելու են վերականգնել նախագահի զգալիորեն անկում ապրած վարկանիշը: Յա՛ա՛ա՛, մտածեցի, ուրեմն նախագահի վարկանիշն այդքան ընկե՞լ է: Մի՞թե չէր կարելի Ադիբեկյանին մի հատ խոսեցնել ու թեման փակել: Չէ, բայց դու տես` ինչ են արել: Հատուկ ընտրել են այնպիսի մարդկանց, որոնց կողքը կանգնելն անգամ ինքնասպանության պես մի բան է, էլ ուր մնաց՝ նրանց արած PR-ով ընկած տեղից մարդ բարձրանա:

 

Բայց 1in.am-ի նույն հաղորդագրության մեջ կար նաև մի փոքրիկ նախազգուշացում այն մասին, որ մեզ՝ հեռուստադիտողներիս, ծանր երեկո է սպասվում, քանի որ տարբեր կանալներով և տարբեր ժամերի սկսելու են խոսել Արթուր Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը: Այդ նախազգուշացումից, մեղքս ինչ թաքցնեմ, ես վատ նախազգացումներ ունեցա, ու, խնդրեմ, մարտի 6-ի լուսադեմին իմացանք, որ Չավեսը մեզնից ընդմիշտ հեռացավ: Աստված իմ, որքան պայքարեց մարդկությունը նրան մահվան ճիրաններից փրկելու համար, բայց... ապարդյուն:

 

Հիմա գանք Հ1-ի ուրախությանը: Հեռուստաընկերության կյանքում նշանակալից իրադարձություն էր տեղի ունեցել ու պետք էր դա նշել: Նկատենք՝ Չավեսի վատ լուրը այդ ուշ ժամին դեռ չէր եկել: Ահա և  «Հարցազրույցի» տաղավարը: Նվեր Մնացականյանը հիանալի տրամադրության մեջ մեզ իրազեկում է, որ իր հյուրը Արտաշես Գեղամյանն է: Էդ ասելն էր, ու Մամիկոնովիչը միացավ: Իսկ որ միացավ, այլևս կանգ չառավ: Նվերի բոլոր հորդորներն ու ջանքերը զուր էին այլևս... Այդպես էլ հնարավոր չեղավ հյուրին մտցնել հաղորդման շրջանակների մեջ: Հ1-ում Գեղամյանի բարձրացրած աղմուկը թերևս կարելի էր համեմատել մեկ էլ Մոսկվայի «Մոլոդյոժնի» համերգասրահի աղմուկի հետ, որ տիրում էր դահլիճում, երբ ժյուրին «զասուդիտ» էր անում Երևանի բժշկական ինստիտուտի ուրախ ու հնարամիտ տղերքին՝ ուուուուո՛ւ.... Գեղամյանը խոսում էր առանց շնչելու...

 

Կինս, որ խոհանոցում ինչ-որ գործով էր զբաղված, ձայն տվեց.

 

-Էդ ի՞նչ է, էլի բռնություն են ցույց տալի՞ս...

 

-Չէ, նոր հաղորդում է, մեկ հոգու КВН...

 

Նա շատ նորմալ ընդունեց իմ պատասխանը և շարունակեց իր գործը: Ու մեկ էլ դուռը թակեցին: Գեղամյանի կարմրատակած դեմքից ստացածս ապրումները քիչ էին, հիմա էլ` այս տարաժամ թակոցը: Բացեմ՝ հարևանս է, Շմավոնը՝ զոլավոր պիժամայով:

 

-Հը, Շմավոն, ի՞նչ կա:

 

-Դու տելեվիզր չես նայո՞ւմ:

 

-Նայում եմ:

 

-Ու ըտենց հանգիստ ասում ես՝ նայում ե՞մ:

 

-Բա ո՞նց ասեմ:

 

-Այ մարդ, երկիրը ձեռքից գնաց, Հյուսիսային Աֆրիկայի արաբները Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքներից վրա են տվել, ներսում էլ լիքը համախոհներ ունեն, բոլորն անցնում են նրանց կողմը...

 

-Շմավո'ն, սպասիր, Շմավո'ն...

 

-Դու ինձ մի լռեցրու, վերջը սա էր լինելու...

 

-Շմավո'ն, ստոպ, այդպես չի, սա երգիծական հաղորդում է, հանգստացիր...

 

-Բոլորդ գժվել եք, ի՞նչ երգիծանք, բանը բանից անցել է...

 

-Հա՞, բա որ թուրքն արդեն Հայաստան է մտել, ինչո՞ւ ես պիժամայով,- հարձակման անցա ես:

 

Զգացի, որ շփոթվեց:

 

-Գյումրին, Իջևանը, Գորիսը կանգուն ե՞ն դեռ, Շմավո'ն:

 

Լրիվ թրջվածի տեսք ընդունեց հարևանս: Խղճացի նրան:

 

-Ուժեղ ֆուտբոլ կա, Շմավո'ն, արի միասին նայենք: «Մանչեսթեր»-«Ռեալ»` Ռոնալդուն իր թիմի դեմ: Գարեջուր էլ ունեմ:

 

-Հիմա կգամ, մերոնց հանգստացնեմ, շոր հագնեմ, կգամ:

 

Միջանցքում էի դեռ, երբ լսեցի կնոջս ձայնը.

 

-Էդ ո՞վ էր:

 

-Շմավոնը:

 

-Էլի ֆուտբոլ կա՞:

 

-Հա, մեծ ֆուտբոլ:

 

Մենք բարձր էինք խոսում, որովհետև տունը լիքն էր Հ1-ի աղմուկով:

 

-Գոնե դրա ձենը իջեցրու, գլուխներս գնաց:

 

-Ես իջեցնում եմ, չի իջնում:

 

Ի վերջո, էկրանին հայտնվեց Նվեր Մնացականյանն ու ասաց, որ ուրախների և հնարամիտների այս համարը, որ կոչվում էր «Տնային հանձնարարություն», ավարտվեց:

 

-Օ՛ֆ, է,- լսվեց խոհանոցից:

 

Միացրեցի «Արմենիան»: Սկսվել էր: Թիմերն արդեն դաշտում էին: «Օլդ Թրաֆորդը՚» գվվում ու երգում էր` ինչքան ուժ ուներ: Բայց դու ասա էն աղմուկի տասը տոկոսը դո՞ւրս էր գալիս, որ Գեղամյանն էր բարձրացրել...

 

Իսկ առավոտյան իմանալու էինք, որ մարդկությանը չհաջողվեց մահվան ճանկերից փրկել Հուգո Չավեսին: Տնից-տեղից հեռու: Ջահել էր, 59 տարեկան...

 

Շմավոնը ուշանում էր: Հաստատ իջել էր գարեջրի «զակուսկի» առնելու:

 

Էդիկ Անդրեասյան


Անկախության երթ՝ Երևանում
18 Սեպտեմբերի 2019, 15:06 Անկախության երթ՝ Երևանում
Ախուրյան գետի կամուրջը (Անի)
18 Սեպտեմբերի 2019, 13:18 Ախուրյան գետի կամուրջը (Անի)
Ջրանջատում՝ Նոր Նորքում
18 Սեպտեմբերի 2019, 12:52 Ջրանջատում՝ Նոր Նորքում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica