close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրիոյից ֆիլհարմոնիկ` մեկ քայլ

Հարցազրույց

1 Մարտի 2013, 11:35
 Տրիոյից ֆիլհարմոնիկ` մեկ քայլ

Թավջութակահար Կարեն Քոչարյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում է արդեն 15 տարի: Երաժշտի ծնողները հավաստիացնում են, որ նա, 3 տարեկանից սկսած, դաշնամուր է նվագել եւ փորձել վերարտադրել այն, ինչ լսել է: Սակայն, երբ Քոչարյանը փորձել է Չայկովսկու անվան դպրոց ընդունվել, ծնողներին տեղի ուսուցիչներից համոզել են, որ նրան ոչ թե դաշնամուրի, այլ թավջութակի բաժինն ընդունեն, ինչի համար շնորհակալ է «համոզողներին»: Քոչարյանը նաեւ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հիմնադիրներից է:

 

-Թավջութակը հատկապես ո՞ր երաժշտական գործիքի համադրությամբ է Ձեզ դուր գալիս:

-Քանի որ ես նվագում եմ Խաչատրյանի դաշնամուրային տրիոյում, դաշնամուրի եւ թավջութակի համադրությանը ես սովոր եմ: Չնայած, մյուս կողմից, չեմ կարող ասել, թե այդ համադրությունն ինձ դուր է գալիս միայն ականջիս սովոր լինելու համար, քանի որ դաշնամուրը թավջութակի հետ, իրոք, գեղեցիկ է հնչում:

 

-Երիտասարդներին դասական երաժշտությունը մատչելի դարձնելու համար ի՞նչ է պետք անել:

-Օրինակ` Խաչատրյանի տրիոյում մենք նման մի ծրագիր ենք իրականացնում. Խաչատրյանի տուն-թանգարանում պարբերաբար DVD-ների ցուցադրություն ենք անում, իսկ ցուցադրվում են շատ լավ համերգներ: Ի դեպ, մուտքն ազատ է: Իսկ ֆիլհարմոնիկի դեպքում` շատ ուրախ եմ, որ մեր համերգներին մեծ թվով երիտասարդներ են գալիս, անգամ լինում են դեպքեր, երբ երիտասարդները գալիս են տոմս գնելու, եւ արդեն տոմս չի լինում: Կասեի, որ հիմա դասական երաժշտությունը մեծ թվով երիտասարդ ունկնդիր ունի: Հուսանք` մեզ շատ լավ ապագա է սպասվում այդ առումով, քանի որ շատ կարեւոր է ճաշակի կրթումը երաժշտության միջոցով:

 

-Մի շարք ոլորտներում իրենց փոխարինողներին «չեն տեսնում», այսինքն` ասում են, որ տարիներ հետո կարող ենք կանգնել փաստի առաջ` նոր /լավ/ մասնագետներ չունենալու պաըճառով: Այս առումով` թավջութակահարների մասին ի՞նչ կասեք:

-Ես մի քիչ մտավախություն ունեմ` երիտասարդ սերնդի հետ կապված, քանի որ երբ մարզերում համերգներ կամ վարպետության դասեր եմ տալիս, տեսնում եմ, որ ջութակահարը եւ դաշնակահարը, այո, գործ ունեն, իսկ ես այնտեղ այնքան էլ անելիք չունեմ, քանի որ 60-70 տոկոս մարզերում մոտ թավջութակահարներ չկան:

 

-Ձեր կարծիքով` ինչո՞վ է սա պայմանավորված:

-Անկեղծ ասած, չգիտեմ. գուցե ջութակը, դաշնամուրն ավելի ճանաչված գործիքներ են, իսկ թավջութակը` ոչ այնքան: Սակայն մենք այս բացը լրացնելուց հետո ձեռնարկել ենք մի քայլ` յուրաքանչյուր երեխա, ով կնախընտրի ընդունվել թավջութակի դասարան, կստանա կրթաթոշակ` հենց առաջին դասարանից: Պետք է նշեմ նաեւ, որ վերջերս Վանաձորում ստեղծվեց թավջութակահարների դասարան, որտեղ արդեն 5-6 երեխա է սովորում: Շուտով Գավառում եւ Կապանում էլ կստեղծվեն նման դասարաններ:

 

-Գաղտնիք չէ, որ մարզերում մշակութային կյանքն այնքան էլ զարգացած չէ, ի՞նչ պետք է անել մշակույթը Երեւանից «տարհանելու» համար:

-Ինչքան հնարավոր է, պետք է շատ այցելել մարզեր, համերգներով հանդես գալ: Ես գիտեմ, թե այնտեղ ինչ ծարավ են մշակույթի: Ինձ համար շատ հաճելի է նվագել մարզերում, ավելի հաճելի` քան Երեւանում: Այն ուշադրությունը, շնորհակալական զգացումները, որ այդ մարդիկ են ապրում միայն նրա համար, որ դու գնացել ես իրենց մոտ նվագելու, շատ թանկ բան է ինձ համար: Մենք սովոր ենք, որ ամբողջ Հայաստանը կենտրոնացել է Երեւանում, բայց չպետք է այդպես լինի:

 

-Տրիոյում երաժիշտների թիվն ավելի քիչ է, քան ֆիլհարմոնիկում, անցում կատարելիս խորթություն չե՞ք զգում:

-Չէ, ես արդեն սովորել եմ այդ տարբերությանը: Յուրաքանչյուր ժանր ինձ օգնում է, եւ ես շուտ կարողանում եմ փոխվել մի ժանրից մյուսը: Այն կտավի գործերը, որոնք գոյություն ունեն սիմֆոնիկ երաժշտության մեջ, բնականաբար, տրիոյում` կամերային երաժշտության մեջ, դրանք չկան: Այն հաճույքը, որ ես կստանամ Բրուքների 4-րդ սիմֆոնիան կատարելիս, լրիվ այլ զգացողություն է, սակայն նույն հաճույքը ես ստանում եմ նաեւ Մենդելսոն կատարելիս:

 

-Մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ բողոքում են, որ իրենց գործերը չեն կատարվում, արդյոք այդպե՞ս է:

- Միշտ կարելի է բողոքել, եւ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կբողոքեն: Կարծում եմ, որ ժամանակակիցներն ունեն հիանալի գործեր, որոնք կատարվում են: Տարբեր կոմպոզիտորների կողմից գրված գործեր տրիոյով մենք թե՛ կատարել ենք, թե՛ պատրաստվում ենք կատարել: Իսկ ֆիլհարմոնիկի դեպքում մի քիչ այլ է. չէ՞ որ այն Հայաստանի թիվ մեկ նվագախումբն է, եւ նրա ցանկացած քայլն ուշադրության կենտրոնում է: Այն, ինչ գրվում է, չի կարող կատարվել, կատարվում է այն, ինչ արժանի է, որ հնչի: Ֆիլհարմոնիկ նվագախումբը ֆիզիկապես չի կարող հասցնել կատարել բոլոր հայ կոմպոզիտորների գործերը՝ միաժամանակ անդրադառնալով համաշխարհային դասականներին:


-Վերջերս որոշ երաժիշտներ քննադատաբար էին հանդես եկել ֆիլհարմոնիկի նոր երաժիշտների մասին, ըստ որի` երաժիշտներից մեկը համերգի ժամանակ ջուր է խմում, իսկ մյուսը նաեւ ֆալշ է նվագում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ոչ մի զարհուրելի բան չեմ տեսնում, երբ որևէ փողային գործիք նվագող երաժիշտ խնդիր է ունենում ջուր խմելու: Ես ինքս շատ համերգների ժամանակ /տարբեր երկրներում/ տեսել եմ, որ ջուր են խմում, քանի որ, կա'մ խախտելով մեր հայկական սովորույթը, թե բեմի վրա ջուր խմել չի կարելի, երաժիշտը ջուր է խմում եւ շարունակում նվագել, կա'մ էլ` չի խմում եւ չի նվագում: Իսկ ինչ վերաբերում է ֆալշ նվագելուն, ապա դա մեր «իրավունքն» է, անսխալ մարդ չկա: Վատն այն է, որ մենք մեր երկրում ինչ-որ բան անելուց հետո փորձում ենք ապացուցել, որ վատ բան չենք անում, ժողովուրդ ջան: Էնրիկն ու Սառան փայլուն երաժիշտներ են: Թողեք տեսնենք՝ հետոն ինչ է լինում, ոչ թե միանգամից անուն կպցրեք` ջուր է խմում, «ֆալշ» է նվագում: Հնարավոր է, որ մարդ մեկ անգամ սխալվում է, բայց դա չի նշանակում, որ նա չի տիրապետում գործիքին: Ի վերջո, ամոթ է պրոֆեսիոնալ երաժիշտին մեղադրել այդպիսի փոքրիկ հարցերում:

 

-Նման խոսակցություններն ինչի՞ց են սկիզբ առնում եւ, առհասարակ, ո՞ւմ են պետք:

-Լորիս Ճգնավորյանի օրոք մի կարգախոս կար` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհում միակ` մեկ ազգից բաղկացած նվագախումբն է. գուցե մենք սովորել ենք այդ կարգախոսին, բայց դա պարծենալու բան չէ, քանի որ նվագախումբը հուշանվեր չէ, այլ գործող օրգան: Արդյոք գերմանացիները շեղ աչքեր ունե՞ն: Իհարկե ոչ: Սակայն երբ նայում ենք տեղի նվագախմբին, երաժիշտների մեծամասնությունը շեղաչք է` ճապոնացի, չինացի, կորեացի: Միգուցե հիմա մարդիկ վախենում են, թե ֆիլհարմոնիկը կկորցնի՞ իր դեմքը… Սակայն դրսից մեր նվագախմբում երաժիշտներ ունենալը պարզապես նախ անհրաժեշտություն է եւ հետո` պարծանք:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica