close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+14°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք չէինք կարող մանկապարտեզի երեխաների բերանից կտրել. Արամ Դանիելյան

Հարցազրույց

23 Փետրվարի 2013, 12:25
 Մենք չէինք կարող մանկապարտեզի երեխաների բերանից կտրել. Արամ Դանիելյան

Հանրապետության բոլոր քաղաքները, այդ թվում` Հրազդանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար, բնականաբար անհրաժեշտ է ժամանակ և  պետական այրերի հետևողական  աշխատանք: Արդյո՞ք այսօր հրազդանցին ապրում է ապահով կյանքով, որո՞նք են քաղաքի հրատապ խնդիրները, ի վերջո, ընտրություններից հետո ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում քաղաքում, yerkir.am-ը փորձեց պարզել Հրազդանի քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանից:

 

- Ընտրություններից հետո ի՞նչ նոր ծրագրեր ունեք` Հրազդանի սոցիալ-տնտեսական զարգացմանը միտված:

- Հրազանում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Առաջիկայում կլուծենք  քաղաքաշինական խնդիրը՝  բազմաբնակարան շենքերի պահպանում, բարեկարգում, ինչպես նաև ավարտին կհասցնենք  ջրամատակարարման ծրագիրը: Այժմ քաղաքում  հողահատկացումներ են կատարվում: Կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանը կապել իր հող ու ջրի հետ:

 

- Ինչպիսի՞ն է Հրազդանում երիտասարդության զբաղվածության մակարդակը:

- Մեզ մոտ երիտասարդության  զբաղվածությունը նույնն է,  ինչպես բոլոր քաղաքներում: Այդ առումով` Հրազդանում յուրահատուկ խնդիր կա. մոտ լինելով մայրաքաղաքին`  մեր երիտասարդները ձգտում են իրենց զվարճանքներն այնտեղ անցկացնել: Բայց մենք այսօր երիտասարդությանը մեծ զբաղվածություն ենք ապահովում՝ ունենք մշակութային տներ, երեք մարզահամալիր, երաժշտական դպրոցներ:

 

- Ո՞րն է Հրազդանի թիվ մեկ հրատապ խնդիրը:

- Քաղաքում թիվ մեկ խնդիր գոյություն չունի, բոլոր խնդիրներն էլ առաջնային են,  որոնց լուծումներն աստիճանաբար գտնում ենք: Այս ամենը կապված է ֆինանսական խնդիրներից, մեր քաղաքի բյուջեն ձևավորվում է գույքահարկի և հողահարկի մուծումներից: Այսօր ունենք ջրամատակարարման խնդիր, որն ինչպես նշեցի լուծում ենք,  փողոցների բարեկարգման խնդիր կա, երբ ձմեռն անցնի, բնականաբար, ճանապարհները կքայքայվեն, և ջրափոսեր  կառաջանան, դրանք պետք է նորոգվեն: Բազմաբնակարան շենքերի տանիքների մոտ 80%-ը վերանորոգված է, պետք է մտածենք հետագա վերանորոգումների մասին:

 

- Ի՞նչն է պատճառը, որ քաղաքի գրեթե բոլոր մանկապարտեզներում բացակայում է լոկալ ջեռուցման համակարգը, ե՞րբ հնարավոր կլինի այն ստեղծել:

- Հրազդանն այն եզակի քաղաքներից է, որտեղ գործում է 13 մանկապարտեզ: Լոկալ ջեռուցում չի եղել, քանի որ եղել են առաջնային խնդիրներ, որոնցից էր ջրամատակարարման, քաղաքի բարեկարգման, շենքերի պահպանության, ինչպես նաև աղբահանության խնդիրը: Մենք նախատեսել ենք այս տարվա ընթացքում քաղաքի  մանկապարտեզներից 5-ը ջեռուցել:  Մեր բյուջեի մեջ արդեն արտացոլել ենք այդ գումարների չափը:

 

- Հրազդանի երկաթի հանքի հնարավոր շահագործումը  լուրջ հետևանք կարող է թողնել քաղաքին մատակարարվող ջրի, օդի մաքրության վրա: Որպես քաղաքապետ` Ձեզ չի՞ անհանգստացում այդ խնդիրը:

- Ինչպես հանրապետության նախագահն, այնպես էլ մենք բնապահպանների առաջարկությամբ խնդիր ենք դրել տվյալ ձեռնարկության առջև, որ պետք է առաջին հերթին մեզ ներկայացնեն բնապահպանական լուծումներ, առանց որի մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքում  երկաթի հանք շահագործվի:

 

- Մինչ այժմ նման լուծումներ առաջարկվե՞լ են:

- Ոչ, այդ իսկ պատճառով մենք համապատասխան ծրագիր ենք ներկայացրել իրենց: Մենք նրանց  պարտադրում ենք, որ պետք է բնապահպանական խնդիրները լուծվեն: Այդ առնչությամբ հանրային քննարկումներ լինեն, ապա նոր կշահագործեն:

 

- Ե՞րբ ավարտին կհասցվի քաղաքապետարանի դիմացի շատրվանների պուրակի և Հրազդանի մուտքի հուշակոթողի շինարարությունը: Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այն կիսատ է, չէ՞ որ խոստացել էիք` հնարավորինս արագ ավարտին հասցնել: 

- Միանշանակ կարող եմ ասել, որ այս տարի ավարտում ենք: Այս տարի լրանում է մեր քաղաքի հիմնադրման 50-ամյակը, այդ կապակցությամբ մենք ֆինանսական միջոցներ ենք ներդնելու: Ավարտին չհասցնելու հիմնական պատճառը ֆինանսական միջոցներ չունենալն է:  Մենք չէինք կարող մանկապարտեզի երեխաների բերանից կտրել և այդ շինարարությանը հատկացնել, քանի որ դա առաջնային խնդիր չէ: Շատրվանների պուրակի շինարարության  80%-ն ավարտել ենք, այս տարի ամբողջությամբ կավարտենք: 

 

-Ինչպիսի՞ն է մշակությային կյանքը Հրազդանում: 

-Ամեն շաբաթ Հրազդանում մշակութային միջոցառումներ են տեղի ունենում` մեր մշակութային  գերատեսչությունների մասնակցությամբ: Լինում են ևաև մշակութային փառատոներ: Մեր շնորհալի երեխաներն ինչպես հանրպետությունում, այնպես էլ արտերկրում իրենց շնորհալի մոտեցումներով մեծ տեղ են գրավում  տարբեր  հարթակներում:

 

- 2009թ. մարտին Հրազդանի քաղաքային պատկերասրահից 18 նկարների գողությունը լուրջ մտահոգություն առաջացրեց բնակչության շրջանում: Ի՞նչ աշխատանքներ են տարվում հանցագործների բացահայտման ուղղությամբ, չէ՞ որ դա Հրազդանի մշակութային հարստության մասնիկն էր:

- Այդ խնդրով զբաղվում են համապատասխան իրավաբանական մարմինները:  Մեր պատկերասրահը համայնքային  ենթակայության գերատեսչություն չէ և մեր լիազորությունների տակ չի գտնվում:

 

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր համաքաղաքացիներին:

- Մեր համաքաղաքացիներին և համերկրացիներին ցանկանում եմ, որ միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն, իրար սիրեն,  հարգեն, համբերատար լինեն և ապագայի նկատմամբ հավատ ունենան, իմացեք, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica