close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խանութպանը. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

18 Փետրվարի 2013, 12:15
 Խանութպանը. Սպարտակ Ղարաբաղցյան

Բազմալեզու մի մեծ ընտանիք էր հիշեցնում մեր Հին թաղը. Սպահանից ներգաղթած Սերոժենք Օմար Խայամի երգեցիկ պարսկերենն էին բերել, Արգենտինայից քեռի Լևոնենք`իսպաներենը, Սիրիայից ու Լիբանանից եկածները` արաբերենն ու թուրքերենը, Աթենքից ներգաղթած Զմբոյանների գերդաստանը` հունարենը… Այս բոլորին, սակայն, Հայաստանն ու հայերենն էր հավաքել այստեղ…Ի~նչ փառահեղ էր պոլսահայ Ասատուրի արևմտահայերենը… Զմբոյանների հայերենում ծովի հանդարտություն ու նաև փոթորիկ կար, իսկ հալեպցի Հակոբի հայերենը համեմված էր սասունցու խրոխտ բարբառով…

 

 Սեփական տներից բացի մեր թաղում իրար նման, կողք կողքի շարված տներ կային, ավելի շուտ` կացարաններ, որոնք կառուցել էին գերմանացի ռազմագերիները: Այդ կացարաններում էլ տեղավորել էին հայրենադարձ հայության բեկորներին,թեև նրանց իսկական Հայրենիքն ուրիշ տեղ էր` Արարատից այն կողմ… բայց այն տարիներին ո՞վ կարող էր բարձրաձայն խոսել դրա մասին:

 

Հիմա ո՛չ նրանք կան, ո՛չ էլ գերմանացի ռազմագերիների կառուցած տուն-կացարանները… Փոխարենը` հարթ, տեղ-տեղ տնամերձերի վերածված հողակտորներ, ուր լոլիկ ու վարունգ են աճեցնում թաղի հնաբնակ սեփականատերերը… Օր օրի մարում, փոքրանում է հիշողության տարածքը…

 

 Առաքելի խանութն էի փնտրում,ավելի ճիշտ` խանութի տեղը, որի հենց հարևանությամբ մեր տունն էր: Ամայության մեջ ձայն լսեցի. նման պահին այն նման է երկնքից ցած ընկած պարգևի.

 -Խեր լինի, ի՞նչ ես կորցրել էս կողմերում…

 Շրջվեցի: Արդեն ծերացած, ձեռնափայտին հենված`մեր թաղի փոստատար Ժիրոն էր…

 - Առաքելի խանութի տեղն եմ փնտրում,- ասացի:

 Ժիրոն քա~հ-քա~հ ծիծաղեց ու ձեռնափայտն առաջ պարզելով ասաց.

 - Հենց էդ կանգնածդ տեղում էլ նրա խանութն էր:

Հետո հետաքրքրվեց.

- Ինչո՞ւ ես հենց Առաքելին հիշել. ո՛չ տեսել ես նրան, ո՛չ էլ….

 -Չեմ տեսել, բայց խանութը նրա անունով էինք միշտ հիշում:

 -Հիշո~ւմ…,- բազմանշանակ ասաց փոստատարն ու շարունակեց,- ես տեսել եմ նրան. կարգին մարդ էր` աչքը կուշտ, խիղճը մաքուր… Խանութը նրա բանը չէր… 1946 թվականն էր … Ա ՛յ էդ դատարկ հողերը տեսնո՞ւմ ես, դրանց վրա տներ կային, գերմանացիներն էին կառուցում: Մենք որ եկանք,(Ժիրոյենց ընտանիքը Բեյրութից էր եկել) դեռ էդ գերմանացի ռազմագերիները կային, աշխատում էին... Խանութն էլ նոր էր բացվել: Առաջին խանութպանը ֆրոնտից վերադարձած Առաքելն էր` մի թևանի, բայց պինդ մարդ էր: Շատերն էին երանի տալիս նրան. թեկուզ մի թևանի, բայց եկել ու կանգնել էր ընտանիքի գլխին:

 Ժիրոն մի պահ ընդհատեց խոսքն ու շշուկով, որ մարդ չլսի, ասաց.

 -Առաքելի գլուխը «կլյաուզնիկ» Լենդրոշը կերավ...

 Նայեցի չորս կողմս. մեզնից բացի ոչ ոք չկար այդ տխուր տարածքում, ու զարմացած դիմեցի նրան.

 - Մեզնից բացի ուրիշ մարդ կա՞, ումի՞ց ես վախենում...

 - Ի՞նչ իմանամ, Լենդրոշի թոռները կան. պապի գործը շարունակում են...

- Հիմա ո՞ւմ դեմ են գրում,- քմծիծաղով հարցրի նրան:

 - Առաքելի թոռների,- խորիմաստ ձայնով ասաց նա ու լրացրեց,- Աստված եթե կավից Առաքել է հունցում, Սատանան էլ ցեխից պիտի Լենդրոշ շինի...

 - Ո՞րն էր Առաքելի  մեղքը,- հետաքրքրվեցի:

 - Գնա՛նք, կասեմ:

 Զրուցակցիս հետ քայլ-քայլ գնում էինք դատարկ ու ամայի տարածքով, ուր մի ժամանակ կյանք էր եղել, ժխոր, աղմուկ, երգ, պար, հարսանիք, նաև  տխրություն ու թաղում... Բարու  ու Չարի կռիվ էր եղել...

 

 Քամուց բարձրացող փոշին ուրվականի էր նման. ո՞ւմ ուրվականն էր ընկերացել մեզ` գուցե Առաքելի՞, կամ էլ պոլսահայ Ասատուրի, թե՞ հալեպցի դերձակ Հակոբինն էր, կամ էլ գերմանացի ռազմագերու...

 

 - Առաքելի մեղքը բարությունն էր: Լսած կլինես, պատերազմից հետո հացն էլ, շաքարն էլ քաշով ու չափով էին տալիս: Էս մարդը` Առաքելը, գերմանացի ռազմագերուն մի քանի անգամ հաց ու շաքար է տալիս: Լենդրոշը թաղում հազար ու մի աչք ու ականջ ուներ: Դրանից էլ լավ առի՞թ. վերցնում,տեղը տեղին զեկույց է գրում Առաքելի դավաճան արարքի մասին, «տեսնողներիցե  մի երկուսն էլ ստորագրում են Լենդրոշի հորդորով, ու... մի թևանի Առաքելին ո՞ւր տարան, ի՞նչ արին, ոչ ոք չիմացավ... Գիտե՞ս քանի մարդ բերին նրանից հետո... Բայց ո՞վ է հիշում նրանց անունները. մինչև թաղի քանդվելը խանութն Առաքելի անունով էին հիշում...

 

 - Հիմա էլ են հիշում, երբ առիթ է լինում...

 - Դե հիմա լսի՛ր, ամենահետաքրքիր բանը պատմեմ քեզ. մի երկու ամիս առաջ էր, երեք անծանոթ մարդիկ էին եկել մեր թաղ: Հարցուփորձով եկել, կանգնել էին մեր տան գլխին: Ի՞նչ պարզվի` Առաքելի խանութն էին փնտրում: Ասացի` չկա, քանդել են վաղուց` 20-25 տարի առաջ: Տեսա, որ ասածներս նրանցից մեկը  թարգմանում է շիկահեր, բարձրահասակ տղամարդու համար: Զգացի, որ մարդը շատ տխրեց, հարցրեցի` ո՞վ եք, ի՞նչն է ձեզ էս մոռացված տարածքը բերել, Առաքելի խանութը ձեր ինչի՞ն է պետք: Նա, ով թարգմանչի դերում էր, ասաց` մեր հյուրը Գերմանիայից է` Դրեզդենից: Եկել է պապի խնդրանքը կատարի` Առաքելին կամ էլ նրա հարազատներին գտնի... Փշաքաղվեցի,- ասաց Ժիրոն ու շարունակեց,- էս մարդկանց ուղիղ Լենդրոշենց տուն տարա` հիմա թոռն է ապրում այնտեղ, հյուրեր ունեք`ասացի...

 Թող Լենդրոշի թոռն էլ պատասխան տա գերմանացի ռազմագերու թոռանը`

- Ո՞ւր է Առաքելը...


 

                                            Սպարտակ Ղարաբաղցյան

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica