close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր համեմատ այնքան մանր են այս ընտրությունները եւ թեկնածուները…

Հարցազրույց

16 Փետրվարի 2013, 12:55
 Ձեր համեմատ այնքան մանր են այս ընտրությունները եւ թեկնածուները…

Yerkir.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:

 

- Պարո'ն Բաբայան, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում կա'մ ընդհանրապես անդրադարձ չի կատարվում մշակութային ոլորտին, կա'մ էլ շատ պաթետիկ եւ ընդհանուր են նշված անելիքները: Արդյոք թեկնածուները չպե՞տք է քննարկում կազմակերպեին արվեստագետների հետ եւ նոր միայն ծրագիր ներկայացնեին:

- Ցավոք, նման հանդիպումներ լինում եւ անցնում շատ անարդյունք: Այստեղ ես մեր մեղքն եմ տեսնում, քանի որ մենք չենք բարձրացնում ինչ-որ հարցեր, այլ փորձում ենք հարմարվել: Շատերը, իմանալով, որ որոշումները, որոնք պետք է կայացվեն, սխալ են, չեն բերելու այդ ասպարեզի զարգացմանը, ավելին` ինչ-որ տեղ անգամ խոչընդոտ են հանդիսանալու, չեն արձագանքում: Մշակութային ոլորտում, առհասարակ, չի խոսվում ավելի գլոբալ հարցերի մասին: Հանդիպումների ժամանակ բարձրացվող հարցերը շատ տեղայնացված են. յուրաքանչյուրը խոսում է կոնկրետ իր թատրոնի, իր նվագախմբի, իր ոլորտի գործունեության մասին: Մենք գլոբալ չենք կարողանում հասկացնել չինովնիկներին` ինչո՞ւ է պետք մշակույթը մեր երկրին, ժողովրդին: Պետք է հասկանալ, թե որն է մշակույթի դերը` երկրի պաշտպանության, քաղաքակիրթ հասարակության հարցում մենք դերակատարո՞ւմ ունենք, թե՞ ոչ: Եթե չունենք, ապա պետք է մտածել` ի՞նչ անել, որ ունենալ, ինչպե՞ս պետք է անել, որ ապահովենք բնական ընթացքը, սերնդափոխությունը: Պետք է այնպես անենք, որ մեր մշակույթն այս ժամանակին համահունչ լինի, որպեսզի մեր մշակույթն առանձնացված չլինի աշխարհի մշակույթներից, որ մենք հասկանանք` ընդհանուր պրոբլեմ ենք լուծում` մենք, պարսիկները, անգլիացիները, ճապոնացիները: Երբ դու հասկանում ես, որ առանձնացված չես, եւ այդ բոլոր խնդիրները քեզ էլ են անհանգստացնում, դու ստեղծում ես ազգային մշակույթ, իսկական արվեստ, որը հասկանալի է բոլորին: Նարեկացին, Կոմիտասը, Խաչատրյանը, Թումանյանը, Մաթեւոսյանը հասկանալի են աշխարհին, քանի որ համաշխարհային երեւույթների մեջ էին, իսկ մեզ մոտ, ցավոք, առավել եւս` այս նախընտրական շրջանում, որեւէ լուրջ հարց, որը կվերաբերի մշակույթին եւ կրթությանը, չի արծարծվում:

 

- Այ, անդրադարձաք նաեւ կրթությանը, այս առումով` ի՞նչ կասեք մեր այսօրվա կրթական համակարգի մասին, եւ որքանո՞վ պետք է փոխկապակցված լինեն կրթական եւ մշակութային ծրագրերը:

- Ես այս երկու ոլորտներն իրենց կարեւորության տեսակետից չեմ կարող անջատել: Այն, ինչ կատարվում է մեզ մոտ կրթության ոլորտում, զուտ ձեւական բնույթ է կրում: Սա շատ վտանգավոր է, մեզ մոտ խախտված է մի շատ կարեւոր կապ: Կրթական համակարգի տարբեր մոտեցումներ կան` գերմանական, հետո եկավ ռուսականը, հետո սովետական, կառլո-սաքսոնական... Տարբեր մոտեցումներ կան, բայց բոլոր այդ համակարգերի հիմքում դրված են ուսուցիչ-աշակերպ հարաբերությունները, հիմնաքարը սա է: Երբ մենք նվաստացնում ենք ուսուցչին, ստիպում ենք նրան զբաղվել ուսուցչին ոչ վայել գործունեությամբ, մենք խախտում ենք կրթական համակարգը հիմքից, մենք ուսուցչի հեղինակության վրա ստվեր ենք գցում, եւ կապ չունի` Բոլոնիայի՞, թե՞ ռուսական կրթական համակարգի «ժամանակներում» է:

 

- Ընտրվելիք նախագահը մշակութային ոլորտում առաջին հերթին ի՞նչ փոփոխություններ պետք է անի:

- Մշակույթը պետք է դառնա մրցակցային, պետք է գտնել ճանապարհները, միացնել մշակույթը եւ բիզնեսը, պետք է մշակույթը կապել առեւտրականին, արդյունաբերողին: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր բնակչության ամենալայն խավերը, առավել եւս` երեխաները, կապված լինեն մշակույթի հետ, քանի որ թե ինչպիսի հասարակություն կունենանք վաղը, կապված է այսօրվանից, մշակույթից: Կան բազմաթիվ ձեւեր, հեծանիվ հնարել պետք չէ, ուղղակի դրանք պետք է հարմարեցնել մեր պայմաններին: Բոլոր այն օրինագծերը, մոտեցումները, որոնք փորձում են մշակույթը հավասարեցնել առեւտրին, արդյունաբերությանը, դրանք վնասակար են ի սկզբանե, դա նշանակում է չհասկանալ, թե մշակույթի կենտրոնին ինչ կարեւոր հատկություն է տրված` ստեղծագործող մարդու` ազատ մարդու գոյությունը եւ գործունեությունը: Մենք հռչակել ենք ազատություն եւ ուզում ենք, որ զուտ այդ օրենքով երկիրը ազա՞տ լինի: Դրա համար այստեղ պետք է ապրեն ազատ մարդիկ, իսկ ազատ քաղաքացի դառնում են` ապրելով որոշակի շրջապատում: Ազատությունը գալիս է մտավոր կարողություններից, ոչ թե` ֆիզիկական:

 

-Մեր մտավոր ունակությունները եւ մեր շրջապատը մեզ ազատ լինելու հնարավորություն տալի՞ս  են:

-Որոշակի չափով, մնացածը կախված է քեզնից: Սերգեյ Փարաջանովն ազատ մարդ էր` անգամ բանտում: Ավելին` Բերթհոլդ Բրեխտն իր «Գալիլեո Գալիլեյ» պիեսում մի հիանալի հատված ունի. երբ Գալիլեյը հրաժարվում է իր «պաշտոնից», նրա աշակերտը դատարանում ասում է` դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս: Սրան ի պատասխան` Գալիլեյը նշում է` ո'չ, դժբախտ է այն երկիրը, որին պահանջվում են հերոսներ:

 

- Քարոզարշավի օրերին վախով եմ նայում հեռուստացույց` հերթական մտավորականին` իշխանական այս կամ այն լծակի «զոհի» դերում չտեսնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ինձ տեսե՞լ եք:

 

-Ձեզ որ տեսնեմ էլ` չեմ հավատա:))

-Ես դատավոր չեմ, որ ասեմ, թե ով ինչ անի: Սակայն, երբ տեսնում ես այդ հրաշալի արվեստագետներին այս քաղաքական անցուդարձի գլխավոր դերերում, ասում ես` ախր, դուք այնքան մեծ բան եք տվել, այնքան մեծ դեր ունեք եւ այնքան մանր են ձեր համեմատ այս ընտրությունները եւ թեկնածուները…

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica